Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

24.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.2016  -ից մինչեւ   24.04.2017  -ը:
 

(Օրենքն ուժը կորցրել է 25.04.2017 թվականից` 16.12.16 ՀՕ-21-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

i

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) պատվիրատու`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,

դ. պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,

ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներ (միություններ),

զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,

է. հանրային կազմակերպություններ.

2) հանրային կազմակերպություններ`

ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում,

բ. հանրային ծառայությունների ոլորտի այլ կազմակերպություններ, որոնք հատուկ կամ բացառիկ իրավունքով իրականացնում են սույն հոդվածով սահմանված` մեկ կամ մեկից ավելի համապատասխան գործունեության տեսակ, եթե գնումը կատարվում է համապատասխան գործունեության տվյալ տեսակն իրականացնելու նպատակով,

գ. կազմակերպություններ, որոնց հանդեպ պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կամ պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունն ունի գերիշխող ազդեցություն: Գերիշխող ազդեցություն ունենալու հանգամանքը կիրառվում է նաև բոլոր այն դեպքերում, երբ պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կամ պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է նշանակել կազմակերպության վարչական կամ կառավարման կամ վերահսկողական մարմնի անդամների կեսից ավելին.

3) գնում` պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում: Սույն օրենքի իմաստով`

ա. ծառայության ձեռքբերում է նաև լիզինգը.

բ. գնում է նաև`

- պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը,

- փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը,

- պետական և մասնավոր հատվածների գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքները.

4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) շրջանակային համաձայնագիր` պայմանագիր կնքելու նպատակով կնքվող նախնական պայմանագիր.

6) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր (շրջանակային համաձայնագիր) կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

7) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր (շրջանակային համաձայնագիր).

8) հրավեր` պայմանագիր (շրջանակային համաձայնագիր) կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

9) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

10) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

11) պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով (շրջանակային համաձայնագրով) ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

12) էլեկտրոնային աճուրդ` գնումների կատարման ժամանակ, էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ նոր` նվազեցված գների և (կամ) նոր ոչ գնային առաջարկների ներկայացման կրկնվող գործընթաց, որը հաջորդում է հայտերի նախնական ամբողջական գնահատմանը և հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը.

13) էլեկտրոնային միջոցներ` մալուխային, ռադիո, օպտիկական միջոցներով կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով փոխանցված, տեղափոխված և ստացված տվյալների մշակման ու պահպանման համար անհրաժեշտ նպատակով էլեկտրոնային, այդ թվում` ծրագրային և ապարատային միջոցներ.

14) լիազորված մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.

15) գնումների աջակցման կենտրոն` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնող իրավաբանական անձ.

16) տեղեկագիր` լիազորված մարմնի կողմից հրապարակվող «Գնումների էլեկտրոնային տեղեկատու».

17) հատուկ կամ բացառիկ իրավունք` իրավունք, որը բխում է իրավական կարգավորման կամ վարչական նորմով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների և որով էապես սահմանափակում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը.

18) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

19) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.

20) խորհրդատվական ծառայություններ` ծառայություններ, որոնց մատուցման արդյունքում ստեղծվում են ոչ նյութական` ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ).

21) խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

22) ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների պայմանագիր.

23) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

24) համապատասխան գործունեություն` հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության ներքոհիշյալ տեսակներ, որոնց շրջանակում կատարվող գնումների վրա տարածվում է սույն օրենքը: Դրանք են`

ա. էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդումը (փոխադրումը) և բաշխումը, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայությունների իրականացումը, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցումը կամ վերականգնումը, էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցումը,

բ. խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,

գ. էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային ցանցի շահագործումը,

դ. փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու բնագավառներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները,

ե. տրանսպորտային ոլորտում հասարակական ծառայությունների մատուցման համար նախատեսված (գոյություն ունեցող) ցանցերի տրամադրում կամ շահագործում: Տրանսպորտային ծառայությունների մատուցման ցանցը համարվում է գոյություն ունեցող, երբ շահագործման պայմանները, այդ թվում` սպասարկման ենթակա երթուղիները կամ տրամադրվելիք տարողունակությունը կամ սպասարկման հաճախականությունը սահմանում է իրավասու պետական մարմինը,

զ. աշխարհագրական տեղանքի շահագործում`

- նավթի, գազի, ածուխի կամ այլ կոշտ վառելիքի հետախուզման կամ արտազատման նպատակով,

- օդային կամ ջրային ուղիներով փոխադրումներ իրականացնողներին օդանավակայանների կամ այլ տերմինալային օբյեկտների տրամադրման նպատակով.

25) գնման գործընթաց` գնում կատարելու վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`

1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.

2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակի իրագործման համար, գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող գնումների վրա: Գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում և դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա`

1) արբիտրաժի (նաև հաշտարարի) ծառայությունների ձեռքբերում.

2) աշխատանքային պայմանագրեր.

3) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում.

4) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնաբաժնի ձեռքբերում.

5) արժեթղթերի ձեռքբերում և արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ:

 

i
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն oրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

i

3. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազորված մարմինն ընդունում են գնումների մասին իրավական այլ ակտեր: Գնումների մասին իրավական այլ ակտերը հրապարակվում են նաև տեղեկագրում:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.

2) էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը.

3) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը.

4) պետական և մասնավոր հատվածների գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը.

5) սույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը.

6) գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

7) հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները.

8) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.

9) սույն օրենքով նախատեսված գնումների բողոքարկման խորհրդի անդամների`

ա. գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման կարգը,

բ. վարձատրության չափը և կարգը:

i

5. Լիազորված մարմինը հաստատում է`

1) գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը.

2) սույն օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները.

3) շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը:

 

Հոդված 5. Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

 

1. Բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն անձինք`

1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով.

3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում`

ա. ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

բ. գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ,

գ. որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց,

դ. օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ կայացվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,

ե. երբ առկա է սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանգամանքը:

i

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ցուցակը հրապարակում է լիազորված մարմինը: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո, գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Անձը նշված ցուցակում ընդգրկվում է 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով` ելնելով սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված պայմանների խախտման ծանրությունից:

3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

2) մասնագիտական փորձառություն.

3) տեխնիկական միջոցներ.

4) ֆինանսական միջոցներ.

5) աշխատանքային ռեսուրսներ:

4. Չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

5. Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

 

Հոդված 6. Գնումներին մասնակցելու հավասարությունը

 

1. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

2. Գնումների գործընթացին որևէ անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է, որ հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է այդ սահմանափակման մասին:

4. Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ`

1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.

2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:

5. Պատվիրատուի (ներառյալ պետության կամ համայնքների) մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով և այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը և կիրառմանը:

 

Հոդված 7. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները

 

1. Համապատասխան (այդ թվում էլեկտրոնային) փաստաթղթեր կազմելով պետք է ապահովվեն գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը և պահպանումը:

2. Հրավերով` մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում, միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները: Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, ընդ որում`

1) հրավերը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով.

2) հրավերով նախատեսված դեպքում և կարգով հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

3. Էլեկտրոնային ձևով հաղորդակցության համար օգտագործվելիք միջոցները, ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերը պետք է լինեն ոչ խտրական, ընդհանուր առմամբ մատչելի լինեն հնարավոր ցանկացած մասնակցի և փոխգործակցող` տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ընդհանուր օգտագործման միջոցների հետ:

4. Հայտերի` էլեկտրոնային եղանակով փոխանցման և ստացման միջոցների նկատմամբ պարտադիր կարգով կիրառելի են հետևյալ կանոնները`

1) շահագրգիռ մասնակիցներին մատչելի են հայտերի էլեկտրոնային ձևով ներկայացման համար անհրաժեշտ հատկանիշներին (այդ թվում` կոդավորմանը) վերաբերող տեղեկությունները.

2) հայտերի` էլեկտրոնային ձևով ստացման էլեկտրոնային սարքերը պետք է երաշխավորեն ստացված տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունը` նվազագույնն ապահովելով հետևյալ պայմանները`

ա. հնարավոր է հստակ որոշել հայտերի ստացման ճշգրիտ ժամն ու ամսաթիվը,

բ. նախքան տվյալների փոխանցման համար սահմանված ժամկետները` փոխանցված տվյալները մատչելի չեն ոչ ոքի համար,

գ. այն դեպքում, երբ խախտվել է փոխանցված տվյալների մատչելիության արգելքը` հնարավոր է հստակ պարզել չարտոնված մուտքը,

դ. ստացված տվյալների բացման ժամկետները կարող են սահմանել կամ փոփոխել միայն լիազորված անձինք,

ե. գնումների ընթացակարգի տարբեր փուլերում` ստացված տվյալներին մուտք գործելը հնարավոր է առնվազն երկու լիազոր անձանց (համակարգերի) համաժամանակյա գործողությամբ և միայն սույն մասի 2-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետից հետո,

զ. սույն մասի պահանջներին համապատասխան ստացված և բացված տվյալները պետք է մատչելի մնան միայն դրանց ծանոթանալու լիազորություն ունեցող անձանց համար.

3) նախքան հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը` մասնակիցները ներկայացնում են փաստաթղթեր, հավաստագրեր, հայտարարագրեր և այլ փաստաթղթեր, եթե դրանք մատչելի չեն էլեկտրոնային ձևաչափով:

 

i
Հոդված 8. Գնման ընթացակարգի արձանագրությունը և գնումների հաշվետվությունները

 

1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է`

1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.

2) գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը.

3) հրավերը և դրանում կատարված փոփոխությունները.

4) գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.

5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.

6) հայտերով ներկայացված գները.

7) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.

8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.

9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.

10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.

11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները.

12) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով, պետական բյուջեի միջոցների հաշվին պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` յոթ օրացուցային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` գնման գործընթացի մասին:

3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը:

4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ օրացուցային օրվա ընթացքում:

5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու և հրապարակելու նպատակով պատվիրատուները լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ:

 

Հոդված 9. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները

 

1. Բաց ընթացակարգի ձևով գնում կատարելու դեպքում, մինչև պայմանագիր կնքելը, պատվիրատուն հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին: Այդ մասին կարող է հայտարարվել`

1) արդյունքների ամփոփման նիստում` հանրային իրազեկման միջոցով, որին հրավիրվել են գնումների գործընթացի բոլոր մասնակիցները.

2) նման հայտարարությունը էլեկտրոնային ձևով կամ ֆաքսով կամ փոստով` պատվիրված նամակով, կարող է ուղարկվել գնումների գործընթացի բոլոր մասնակիցներին.

3) նման հայտարարությունը տեղադրվում է լիազորված մարմնի, իսկ հնարավորության դեպքում` նաև պատվիրատուի ինտերնետային կայքում:

2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:

3. Անգործության ժամկետը գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում առնվազն 10 օրացուցային օր է, իսկ չգերազանցող գնումների դեպքում` առնվազն 5 օրացուցային օր:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե`

1) սույն օրենքով չի պահանջվում պայմանագիր կնքելու մասին հայտարարության հրապարակում.

2) միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր:

5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից գնումների բողոքարկման խորհրդում չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կնքած պայմանագիրն առոչինչ է:

6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

 

Հոդված 10. Կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը

 

1. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն` տեղեկագրում հրապարակելու նպատակով, պայմանագիրը կնքելու օրվանից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում, լիազորված մարմին է ներկայացնում այդ մասին հայտարարություն, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:

2. Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.

2) պատվիրատուի անվանումը և հասցեն.

3) պայմանագրի կնքման ամսաթիվը.

4) ընտրված մասնակցի (մասնակիցների) անվանումը և հասցեն.

5) մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները և պայմանագրի գինը.

6) մասնակիցների ներգրավման նպատակով սույն օրենքի համաձայն իրականացված հրապարակումների մասին տեղեկությունները (եթե կիրառելի են).

7) կիրառված գնման ընթացակարգը և դրա ընտրության հիմնավորումը:

3. Պատվիրատուն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարությունը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում հրապարակում է նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

(10-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-157-Ն օրենք)

 

Հոդված 11. Մասնակիցների հակաօրինական գործողությունների հետևանքները

 

Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հակաօրինական գործողություն, ապա դրա հիմքերն ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին տեղեկացնում է իրավապահ մարմիններին` վերջիններիս և այդ մասնակցին ներկայացնելով նման որոշման հիմքը:

 

Հոդված 12. Գնման առարկայի բնութագրերը

 

1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

2. Գնման առարկայի բնութագրերը`

1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար.

2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը.

3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.

4) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:

3. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից, դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

4. Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաև որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:

5. Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:

 

Հոդված 13. Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն

 

1. Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ բաց ընթացակարգի գնումների հայտարարությունները` նաև անգլերեն և ռուսերեն:

2. Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հրավերով նախատեսված դեպքերում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև անգլերեն և (կամ) ռուսերեն:

 

Հոդված 14. Գնման պլանավորումը և ֆինանսավորումը

 

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատվում է բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ:

2. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

3. Այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատում է պատվիրատուն:

4. Գնումների պլանները հաստատվում են ըստ գնման առարկայի, քանակի, ընդհանուր գնի, գնման ձևի: Դրանք հրապարակվում են տեղեկագրում, բացառությամբ պետական, ծառայողական և բանկային գաղտնիք պարունակող գնումների պլանի:

5. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա, պայմանագիր կնքվելու դեպքում, տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար (եթե ժամանակավոր դադարեցումը պահանջում է ֆինանսական միջոցներ):

7. Մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Սույն մասի համաձայն կնքված պայմանագիրը լուծարվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցները չեն նախատեսվել: Սույն մասը կարող է կիրառվել եթե`

1) պատվիրատուն չի կարողանում նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը.

2) ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

8. Պատվիրատուն պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:

9. Գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Արգելվում է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ հոդվածներով, եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ:

 

ԲԱԺԻՆ 2
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 15. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը

 

1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների:

i

2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը`

1) համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք հաստատման.

2) իրականացնում է գնումների գործընթացի մեթոդական ղեկավարումը և դրա շրջանակում պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում.

3) ապահովում է պատվիրատուների գնումների համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայությունը.

4) կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը.

5) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

6) հաշվառում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.

7) հրապարակում է`

ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,

բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը:

3. Պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանվում է գնումների համակարգող, որը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`

1) համապատասխան ստորաբաժանումը.

2) պաշտոնատար անձը կամ անձինք.

3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:

i

5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնագետների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են գնումների մասին Հայասատանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով լիազորված մարմնի կազմակերպած քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո:

 

Հոդված 16. Գնումների աջակցման կենտրոնը

 

i

1. Գնումների աջակցման կենտրոնը`

1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումը ու շարունակական վերապատրաստումը.

2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.

3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`

ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,

բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.

4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում եզրակացություններ.

6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմնին.

7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.

8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`

ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,

գ. հրապարակում է խորհրդի որոշումները.

9) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:

 

i

ԲԱԺԻՆ 3
ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Գնում կատարելու ընթացակարգերը

 

1. Գնում կատարելու ընթացակարգերն են`

1) բաց ընթացակարգ.

2) մրցակցային երկխոսության.

3) սահմանափակ ընթացակարգ.

4) բանակցային ընթացակարգ:

2. Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես սույն օրենքով նախատեսված դեպքերում:

3. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր:

4. Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:

5. Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:

6. Գնումները կարող են կատարվել ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից` ձեռքբերման ընթացակարգով:

 

Հոդված 18. Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման պայմանները

 

1. Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջներին բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:

2. Գնումը կարող է կատարվել մրցակցային երկխոսության ընթացակարգով`

1) եթե պատվիրատուն ճշգրիտ (օբյեկտիվորեն) չի կարող սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը.

2) եթե հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ.

3) եթե գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկություններ հստակեցնելու նպատակով մասնակիցների հետ բանակցելու անհրաժեշտություն է առաջացել.

4) պետական և մասնավոր հատվածների գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների կնքման դեպքերում:

 

Հոդված 19. Սահմանափակ ընթացակարգի կիրառման պայմանները

 

1. Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

2. Սահմանափակ ընթացակարգի դեպքում`

1) բանակցություններ չեն կազմակերպվում.

2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակի հայտարարման պահից:

3. Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:

 

Հոդված 20. Բանակցային ընթացակարգի կիրառման պայմանները

 

1. Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն պայմանագրի պայմանների շուրջ բանակցում է նախապես որակավորված մասնակիցների հետ և կնքում պայմանագիր:

2. Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`

1) գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կամ

2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

3. Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`

1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով.

2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պատվիրատուն`

1) կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ և նախաորակավորված մասնակիցների հետ բանակցում է վերջիններիս ներկայացրած հայտերի շուրջ` լավագույն առաջարկը ընտրելու նպատակով.

2) երաշխավորում է մասնակիցների իրավահավասարությունը.

3) կարող է բանակցային ընթացակարգ իրականացնել հաջորդական փուլերով` կիրառելով հրավերով նախատեսված չափանիշները:

i

5. Բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե`

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.

2) ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել.

3) ձեռք են բերվում ապրանքների լրացուցիչ քանակություններ, որոնք նախատեսված են մատակարարի կողմից նախապես մատակարարված սարքավորումները (կառուցվածքները) փոխարինելու կամ լրացնելու համար, և սկզբնական մատակարարի փոփոխությունը կպարտադրի պատվիրատուին ձեռք բերել այլ հատկանիշներ ունեցող ապրանքներ, ինչը շահագործման ու պահպանման առումով կառաջացնի անհամատեղելիություն կամ անհամաչափ տեխնիկական բարդություններ: Այս պայմանը կարող է կիրառվել միայն սկզբնական պայմանագրի կնքմանը հաջորդող երեք տարվա ընթացքում.

4) պատվիրատուն, որևէ անձից կատարելով աշխատանքների կամ ծառայությունների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն չնախատեսված հանգամանքներից ելնելով սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`

ա. լրացուցիչ աշխատանքների կամ ծառայությունների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, և

բ. դրա գինը չգերազանցի սկզբնական գնման պայմանագրի գնի քսան տոկոսը: Միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ.

5) ապրանքները ձեռք են բերվում իր ձեռնարկատիրական գործունեությունը վերջնականորեն դադարեցնող կազմակերպությունից կամ անվճարունակության գործով լուծարողներից կամ կառավարիչներից, վարկատուների հետ պայմանավորվածության հիման վրա կամ նմանօրինակ ընթացակարգի միջոցով` պատվիրատուի համար առանձնակի նպաստավոր պայմաններով.

6) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:

 

Հոդված 21. Նախաորակավորման ընթացակարգեր

 

1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում`

1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.

2) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսանհինգ օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից:

2. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ու պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) գնման ընթացակարգի ծածկագիրը.

3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.

5) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

6) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը.

7) մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը.

8) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:

3. Պատվիրատուն պետք է երեք օրացուցային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից հինգ օրացուցային օր առաջ: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է տեղեկագրում, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում, պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

4. Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ նախաորակավորման հրավերում կարող են կատարվել փոփոխություններ:

Փոփոխություն կատարելու դեպքում`

1) այդ մասին տեղեկությունները շրջանառվում են նույն եղանակով, ինչպես որ շրջանառության մեջ են դրվել նախաորակավորման սկզբնական հայտարարությունը և հրավերը.

2) նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից:

Փոփոխություններ կատարելու օրվան հաջորդող 3 օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում:

5. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ:

6. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:

7. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժան մաս է, և մասնակցի նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփելու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում ուղարկվում է նախաորակավորման մասնակիցներին:

8. Եթե նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել մինչև երեք մասնակից, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`

1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.

2) կազմակերպվել նախաորակավորման նոր ընթացակարգ.

3) նախաորակավորման ընթացակարգը չեղյալ հայտարարվել:

 

Հոդված 22. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

 

1. Գնման առանձին ընթացակարգ անցկացնելուց խուսափելու նպատակով արգելվում է`

1) գնումը բաժանել առանձին չափաբաժինների` բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել գնման պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը:

2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները որպես մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են ներկայացվել գնման նույն ընթացակարգի առանձին չափաբաժիններով:

 

ԲԱԺԻՆ 4
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Հոդված 23. Գնահատող հանձնաժողովը

 

1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է մինչև ինն անդամից կազմված գնահատող հանձնաժողով, որը`

1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում հրավերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):

2. Հանձնաժողովն ունի նախագահ և քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ:

Քարտուղարը`

1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) ստանում և հաշվառում է հայտերը.

3) կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.

4) տրամադրում է հրավեր.

5) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում և սղագրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.

6) կազմակերպում է գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը.

7) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.

8) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել անձնապես իրենց հայտնի դարձած` հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 24. Գնումների հայտարարությունը և հրավերը

 

1. Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:

2. Բաց ընթացակարգի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման պահից:

3. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) բաց ընթացակարգի ծածկագիրը.

3) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

4) մասնակիցների` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) թղթային ձևով հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.

8) հաղթող մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.

9) հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.

10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը և բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.

11) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

12) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

4. Հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելու օրվա ընթացքում թղթային ձևով ստանալ հրավեր:

5. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հիսնապատիկը, ապա մասնակիցն իրավունք ունի նաև պահանջելու ռուսերենով և անգլերենով հրավեր:

6. Բաց ընթացակարգի դեպքում փաստաթղթային ձևով հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել հրավերի պատճենահանման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Ռուսերենով և անգլերենով հրավերի տրամադրման, այդ թվում` գանձվող վճարի չափի հաշվարկման կարգը սահմանվում է հրավերով:

7. Սույն հոդվածով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքը:

(24-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-157-Ն օրենք)

 

Հոդված 25. Հրավերի բովանդակությունը

 

1. Հրավերը պետք է պարունակի`

1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

2) հայտերի պատրաստման հրահանգները.

3) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.

4) գնման առարկայի բնութագրերը.

5) հայտերի գնահատման և հաղթողի ընտրության կարգը.

6) պայմանագրի նախագիծը.

7) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով և մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

8) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը.

9) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.

10) հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները.

11) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.

12) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.

14) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

15) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.

16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը.

18) հայտը մերժելու հիմքերը.

19) պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հրապարակման տարբերակը.

20) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

2. Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը`

1) գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին:

 

Հոդված 26. Հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում:

2. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրվան հաջորդող օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները:

3. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից:

4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Բաց ընթացակարգի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում, իսկ սահմանափակ ընթացակարգի դեպքում փոփոխությունները տրամադրվում են հրավեր ստացած անձանց:

5. Բաց ընթացակարգի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ սահմանափակ ընթացակարգի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այդ դեպքում մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած հայտի ապահովման գործողության ժամկետը կամ ներկայացնել հայտի նոր ապահովում:

6. Սույն հոդվածի համաձայն կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅՏԵՐԸ

 

Հոդված 27. Հայտերի ներկայացումը

 

1. Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) հայտի ապահովումը.

4) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ), եթե հրավերով նախատեսված է.

5) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

2. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) բաց ընթացակարգի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Հայտերը քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք:

5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

6. Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները.

3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն:

Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգը սահմանվում է հրավերով:

(27-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-75-Ն օրենք)

 

Հոդված 28. Հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Հայտը վավեր է մինչև սույն օրենքին համապատասխան պայմանագրի (շրջանակային համաձայնագրի) կնքումը, մասնակցի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

2. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:

3. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը, մինչև հայտերը բացելը, ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում:

 

Հոդված 29. Հայտի ապահովումը

 

1. Մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում և որոշում է հայտի ապահովման չափը, որը չի կարող պակաս լինել հայտով առաջարկվող գնի երկու տոկոսից: Հայտի ապահովումը ներկայացվում է մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով:

2. Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

3. Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 30. Հայտերի բացումը

 

1. Հայտերը բացվում են հրավերում նշված պահին` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Սահմանափակ ընթացակարգի հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:

2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).

2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.

6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:

3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`

1) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.

7) տվյալներ` առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ.

8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը և (կամ) մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:

5. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարտավոր է ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների:

6. Հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում նրան բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը: Եթե տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունի հանձնաժողովի նախագահը, ապա նա հայտնում է ինքնաբացարկ` բացառելով իր մասնակցությունը տվյալ ընթացակարգին, իսկ տվյալ ընթացակարգում նրան փոխարինում է հանձնաժողովի մեկ այլ անդամ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն:

7. Հայտերի բացման նիստի օրվան հաջորդող օրացուցային օրվա ընթացքում հայտերի բացման նիստի արձանագրության պատճենները տրամադրվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:

 

Հոդված 31. Հայտերի գնահատումը

 

1. Հայտերը գնահատվում եմ հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

2. Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է`

1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս, հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ, որոնք հնարավոր է չափել դրամական արտահայտությամբ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ:

3. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը: Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հրավերով սահմանված փոխարժեքով:

4. Հրավերով նախատեսված դեպքում և կարգով, սույն օրենքով սահմանված կարգով, կազմակերպվում է էլեկտրոնային աճուրդ:

5. Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցներին որոշելուց հետո` հրավերով սահմանված ժամկետում`

1) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հանձնաժողովին է ներկայացնում իր` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հանձնաժողովը գնահատում է սույն մասի 1-ին կետի համաձայն ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին, և, հրավերով սահմանված դեպքերում ու կարգով, գնահատում է տվյալ մասնակցի գնային և ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը:

6. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները: Նման դեպքում մասնակիցը հայտարարվում է ընտրված:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն գնահատման արդյունքում հայտը անբավարար գնահատվելու դեպքում հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

8. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

 

i
Հոդված 32. Պայմանագրի ապահովումը

 

1. Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:

2. Պայմանագրի ապահովման չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի հինգ տոկոսից և չի կարող գերազանցել պայմանագրի գնի տասը տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը նախապես պատվիրատուին է ներկայացնում կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ օրացուցային օրվա ընթացքում:

 

i
Հոդված 33. Գնման պայմանագրի կնքումը

 

1. Պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:

2. Ընտրված մասնակիցը հայտարարվելուն հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:

3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հրավերով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի, իսկ պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից:

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, ներառյալ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը:

 

Հոդված 34. Արդյունքների ամփոփումը

 

1. Պայմանագիր կնքվելու, իսկ բաց ընթացակարգի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում այդ հանգամանքը հայտնի դառնալու օրվան հաջորդող օրացուցային օրը հրավիրվում է արդյունքների ամփոփման նիստ, որի ընթացքում հայտարարվում են բաց ընթացակարգի արդյունքները:

2. Ամփոփման նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

3. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը և (կամ) մասնակիցը ամփոփման նիստի վերաբերյալ ցանկանում է արտահայտել ամփոփման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությանը:

 

Հոդված 35. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելը

 

1. Գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.

3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

4) պայմանագիր չի կնքվում:

2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:

3. Տեղեկագրում հրապարակելու նպատակով, գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Պետական, ծառայողական և բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում հայտարարությունը չի հրապարակվում:

 

Հոդված 36. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը, տնտեսական մրցակցության սահմանափակման դեպքերը բացահայտելը և կանխարգելելը

 

1. Գնահատող հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են, բացառությամբ`

1) երբ բաց ընթացակարգին մասնակցել է մեկ մասնակից, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ: Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը և (կամ) վճարման պայմանների փոփոխությանը.

2) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի:

2. Գնումների գործընթացում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման նպատակով, լիազորված մարմինը համագործակցում է իրավասու այլ մարմինների հետ:

3. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցվել է մասնակցի` գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորման փաստը, ապա տվյալ մասնակիցը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ցուցակում:

 

Հոդված 37. Պայմանագրի գնի հաշվարկը

 

1. Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և շահույթը:

2. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Հակառակ դեպքում պայմանագրի գինը կայուն է և կողմերը պարտավոր են պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով կատարել պայմանագրի գնի շրջանակում:

 

ԳԼՈՒԽ 4
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ

 

Հոդված 38. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները

 

1. Հրավերով նախատեսված դեպքում պայմանագրի կնքմանը պետք է նախորդի էլեկտրոնային աճուրդ:

2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է`

1) բացառապես գների վրա, եթե պայմանագիրը կնքվում է նվազագույն գին առաջարկող մասնակցի հետ, կամ

2) գների և (կամ) հրավերում նշված ոչ գնային չափանիշների (առաջարկների) վրա, եթե պայմանագիրը կնքվում է չափանիշներով, որոնք, բացի գնից, ներառում են նաև ոչ գնային չափանիշներ:

 

Հոդված 39. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու սահմանափակումները

 

1. Պատվիրատուն չի կարող ոչ պատշաճորեն դիմել էլեկտրոնային աճուրդի կիրառմանը կամ կիրառել այն այնպիսի եղանակով, որը`

1) կանխում, սահմանափակում կամ խեղաթյուրում է մրցակցությունը.

2) փոփոխում է գնումների հայտարարության և հրավերի պահանջները:

2. Խորհրդատվական ծառայությունների գնումը չի կարող էլեկտրոնային աճուրդների առարկա լինել:

3. Եթե պատվիրատուն նպատակ ունի կիրառել էլեկտրոնային աճուրդ, ապա հրավերը պետք է ներառի նաև հետևյալ մանրամասները`

1) էլեկտրոնային աճուրդի անցկացման պայմանները (հատկանիշները), նկատի ունենալով, որ սակարկման ենթակա առաջարկը հնարավոր է չափել քանակապես, և դրանք արտահայտել թվերով կամ տոկոսներով.

2) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.

3) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները և այդ տեղեկությունները նրանց պատշաճ տրամադրելու պահը.

4) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.

5) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները, մասնավորապես` սակարկելու ընթացքում պահանջվող նվազագույն տարբերությունները (եթե կիրառելի են).

6) տեղեկություններ` օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին և կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը:

 

Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը

 

1. Պատվիրատուն, նախքան էլեկտրոնային աճուրդի անցկացումը, կատարում է հայտերի լիարժեք նախնական գնահատում` հրավերով սահմանված չափանիշներով:

2. Բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին միաժամանակ ուղարկվում է էլեկտրոնային ձևով նոր (վերանայված) գներ և (կամ), կոնկրետ դեպքերում, նոր (վերանայված) ոչ գնային առաջարկներ ներկայացնելու պահանջ:

3. Նման պահանջը ներառում է նաև տեղեկություններ` էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին:

4. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով:

5. Էլեկտրոնային աճուրդը սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց:

6. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային աճուրդի (սակարկության) առարկա են հանդիսանում գնից բացի այլ հատկանիշներ, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը ներառում է նաև տեղեկություններ հետևյալի վերաբերյալ`

1) համապատասխան մասնակցի լիարժեք գնահատման արդյունքը.

2) էլեկտրոնային աճուրդում կիրառվելիք մաթեմատիկական բանաձևը` ներկայացված նոր գների և (կամ) նոր ոչ գնային առաջարկների հիման վրա ավտոմատ վերավարկանշումը որոշելու համար: Այդ մաթեմատիկական բանաձևը ներառում է հաղթող մասնակցին որոշելու համար հրավերի մեջ սահմանված չափանիշների կշիռը:

7. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը:

8. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում նոր գները կամ ոչ գնային նոր առաջարկները կամ դրանք ներկայացրած մասնակիցների ինքնությունը:

 

Հոդված 41. Էլեկտրոնային աճուրդի ամփոփումը

 

1. Էլեկտրոնային աճուրդը ամփոփվում (փակվում) է հետևյալ պայմաններից մեկի կամ դրանց համատեղ առկայության դեպքում`

1) հրավերում նշված կոնկրետ պահի.

2) սպառվել է աճուրդին մասնակցելու հրավերում նշված աճուրդի փուլերի քանակը.

3) նոր գներ և (կամ) ոչ գնային առաջարկներ այլևս չեն ներկայացվել: Այդ դեպքում աճուրդին մասնակցելու հրավերում պատվիրատուն նշում է վերջին առաջարկությունը ստանալուց մինչև էլեկտրոնային աճուրդի փակումն ընկած թույլատրելի ժամանակահատվածը:

2. Պատվիրատուն, սույն օրենքով սահմանված կարգով, պայմանագիրը կնքում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա` պատվիրատուի համար լավագույն առաջարկ ներկայացրած մասնակցի հետ:

 

ԲԱԺԻՆ 5
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 42. Խորհրդատուների ցուցակը

 

1. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է բաց կամ սահմանափակ ընթացակարգով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Խորհրդատվական ծառայության բաց կամ սահմանափակ ընթացակարգով գնման դեպքում խորհրդատուների ցուցակ կազմելու նպատակով սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած մասնակիցները:

 

Հոդված 43. Ընտրված խորհրդատուի որոշման կարգը

 

1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված`

1) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված կամ

2) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած կամ

3) առավելագույն` ֆիքսված գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության մեթոդով:

2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաև այն խորհրդատուին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին և (կամ) հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանին (պայմաններին) հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:

3. Խորհրդատուի ընտրության կարգը, այդ թվում` սույն հոդվածով նախատեսված` խորհրդատուի ընտրության մեթոդի կիրառման պայմանները, սահմանվում են հրավերով:

 

Հոդված 44. Բանակցություններ

 

1. Ընտրված խորհրդատուի հետ կարող են վարվել բանակցություններ գնման պայմանագրի նախագծի դրույթների վերաբերյալ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:

2. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ընտրված` ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված խորհրդատուի հետ վարվող բանակցությունները կարող են հանգեցնել առաջարկված գնի նվազեցմանը և (կամ) վճարման պայմանների փոփոխմանը:

 

ԲԱԺԻՆ 6
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 45. Բողոքարկելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի և գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:

2. Գնումների, այդ թվում բողոքարկումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

3. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն`

1) նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի որոշումները գնումների բողոքարկման խորհրդին.

2) դատական կարգով բողոքարկելու գնումների բողոքարկման խորհրդի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի որոշումները:

4. Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կամ գնումների բողոքարկման խորհրդի կողմից կատարած խախտման հետևանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջելու վնասների փոխհատուցում:

 

i
Հոդված 46. Գնումների բողոքարկման խորհուրդը

 

1. Գնումների բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամների ցուցակը հրապարակում է լիազորված մարմինը: Խորհրդի անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խորհրդի անդամները`

1) չպետք է դատապարտված լինեն տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

2) պետք է ունենան գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության բավարար մակարդակ:

2. Խորհուրդը անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող միավոր է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով, և իրենց պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ խորհրդի անդամները պաշտպանված են արտաքին ազդեցություններից: Խորհրդի անդամները բողոքներն ուսումնասիրում են պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Խորհուրդը և խորհրդի անդամները սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ են գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից: Բողոքի քննության ժամանակ նրանք չեն հանդիսանում քննվող գործի մասնակից կամ իր թեկնածությունն առաջադրած կազմակերպության ներկայացուցիչ և պարտավոր են բացառապես ղեկավարվել օրենքով և կիրառել այն:

3. Խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններից.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և լիազորված մարմին գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):

4. Անձինք ընդգրկվում են խորհրդի կազմում 5 տարի ժամկետով: Խորհրդի անդամի լիազորությունները կարող են երկարացվել մինչև 5 տարով` խորհրդի կազմում ընդգրկման նույն կարգով:

5. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) նրա դիմումի համաձայն.

2) նրա` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում.

4) նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում.

5) նրա մահվան դեպքում.

6) դատավորի, դատախազի, դատավորի կամ դատախազի օգնականի պաշտոն ստանձնելու դեպքում.

7) նրա` դատական կարգով մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

8) խորհրդի անդամի պարտականությունները խախտելու դեպքում: Խախտում է համարվում`

ա. խորհրդի անդամի պարտականությունների խտրական իրականացումը, այդ թվում` բողոքարկման գործերում բողոքարկման մասնակիցների շահերի միակողմանի պաշտպանությունը,

բ. այնպիսի գործերին չմասնակցելու դիմում չներկայացնելը, որոնց հանգմանքներն անհնար են դարձնում խորհրդի անդամի կողմից իր պարտականությունների իրականացումը:

 

Հոդված 47. Խորհրդի գործունեությունը

 

1. Ստացված յուրաքանչյուր բողոքը քննելու համար խորհրդի անդամներից ձևավորվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով: Յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովի կազմի ընտրությունը կատարվում է ռոտացիոն կարգով` պատահական ընտրությամբ:

2. Հանձնաժողովի նախագահը որակավորված իրավաբան է, որը պետք է ունենա առնվազն 5 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Հանձնաժողովի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ:

3. Հանձնաժողովը քննում է բողոքը և խորհրդի անունից որոշում ընդունում` ղեկավարվելով սույն օրենքով և իրավական այլ ակտերով: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ, ընդ որում, դրա բոլոր անդամները, այդ թվում` նախագահը, ունեն մեկ ձայնի իրավունք: Առանձին ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող խորհրդի անդամները ինքնաբացարկ են հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում նրանց բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը: Եթե առանձին ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունի հանձնաժողովի նախագահը, ապա նա բացառում է իր մասնակցությունը տվյալ ընթացակարգին և տվյալ ընթացակարգում նրան փոխարինում է խորհրդի մեկ այլ անդամ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն:

4. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, հանձնաժողովի անդամները վարձատրվում են:

5. Սույն օրենքի հիման վրա և դրա պահանջների կատարման նպատակով խորհուրդը հաստատում է իր գործունեության կարգը` անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 48. Խորհուրդ բողոքարկելու կարգը

 

1. Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, ստորագրված, դրանում ներառելով`

1) բողոքը ներկայացրած անձի անունը (անվանումը) և հասցեն.

2) պատվիրատուի անվանումը և հասցեն.

3) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.

4) վեճի առարկան և բողոքը ներկայացրած անձի պահանջը.

5) բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները.

6) բողոքարկման վճարը կատարած լինելը հիմնավորող փաստաթղթի պատճենը.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

2. Եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է պայմանագիր կնքելու որոշումը, ապա բողոքը կարող է ներկայացվել միայն սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում:

3. Եթե բողոքը չի բավարարում սույն հոդվածի պահանջներին, ապա գնումների աջակցման կենտրոնը խորհրդի անունից այդ մասին տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին` նրան տալով արձանագրված թերությունները վերացնելու հնգօրյա ժամկետ:

4. Բողոքի վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ընթացակարգով, որի համաձայն բողոքը ներկայացրած անձը, պատվիրատուն և ներգրավված բոլոր կողմերն իրավունք ունենան ներկա գտնվելու խորհրդի նիստերին և ներկայացնելու իրենց տեսակետները:

5. Բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմնավորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան քսան օրացուցային օրվա ընթացքում: Խորհրդի որոշումն իրավապարտադիր է:

6. Խորհուրդն իրավունք ունի ընդունել հետևյալ որոշումները`

1) որպես միջանկյալ ընթացակարգ` կիրառելու ժամանակավոր միջոցներ, որոնք ուղղված են ներկայացված խախտման վերացմանը կամ առնչվող շահերին հասցվելիք հետագա վնասների կանխմանը, այդ թվում` գնումների ընթացակարգը կամ պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կայացրած որևէ որոշման իրականացումը կասեցնելուն ուղղված միջոցներ.

2) դադարեցնելու գնումների ընթացակարգի ընթացքում պատվիրատուի կամ գնահատող հանձնաժողովի կայացրած առանձին որոշումներ, այդ թվում` սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում պայմանագիր կնքելու մասին որոշումը.

3) չեղյալ հայտարարելու կնքված պայմանագիրը`

ա. եթե պատվիրատուն պայմանագիրը կնքել է առանց սույն օրենքի պահանջների համաձայն պայմանագրի մասին ծանուցում հրապարակելու,

բ. սույն օրենքի 9-րդ հոդվածի կամ 49-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու դեպքում, եթե նման խախտումը զրկել է շահագրգիռ մասնակցին նախքան պայմանագրի կնքումն իրավական պաշտպանության միջոցների դիմելու հնարավորությունից, և եթե նման խախտումը համադրված է պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ պահանջների խախտման հետ, և եթե վերջին խախտումն ազդել է պայմանագիր կնքելու շահագրգիռ մասնակցի հնարավորությունների վրա.

4) եթե, սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակառակ, հանձնաժողովը բոլոր համապատասխան փաստերը քննելուց հետո գտնում է, որ ընդհանուր գերակա շահերը պահանջում են ուժի մեջ թողնել պայմանագիրը, ապա կիրառում է այլընտրանքային պատժամիջոցներ`

ա. պայմանագրի կատարման սահմանափակումը` դրա կատարման ժամկետը կրճատելու միջոցով, և (կամ)

բ. պատվիրատուի հանդեպ պայմանագրի գնի առավելագույնը 10 տոկոսի չափով տուժանքի կիրառում.

5) բոլոր այն դեպքերում, երբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չեղյալ հայտարարելու պատժամիջոցը չի կարող ունենալ հետադարձ ուժ (քանի որ անհնար է վերացնել կատարված պայմանագրային պարտավորությունները), հանձնաժողովը, ի հավելումն, կիրառում է սույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պատժամիջոցը.

6) հայտարարելու պատվիրատուի գնումների ընթացակարգի օրինական կամ ապօրինի լինելու մասին` պայմանագիրը կնքելուց հետո: Նման որոշումը հիմք է հանդիսանում դատական կարգով ներկայացվելիք վնասի փոխհատուցման հայցի համար.

7) որոշում կայացնելու մասնակցին գնումների գործընթացին մասնակցության իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին:

7. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար:

8. Բողոքի բանավոր քննությունը բաց է հանրության համար և բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում: Պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների գործընթացների վերաբերյալ ներկայացված բողոքների դեպքում հայտարարությունն ուղարկվում է բոլոր հնարավոր մասնակիցներին:

9. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցելու բողոքարկման ընթացակարգին` մինչև բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է գնումների բողոքարկման խորհուրդ համանման բողոք ներկայացնելու իրավունքից:

10. Գնումների բողոքարկման խորհրդի որոշումն այն կայացնելու օրվանից` 5 օրացուցային օրվա ընթացքում, հրապարակվում է տեղեկագրում և ուղարկվում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին:

 

Հոդված 49. Գնումների ընթացակարգի կասեցումը

 

1. Խորհուրդը կայացնում է բողոքը ներկայացրած անձի պահանջած ժամանակավոր միջոցը կիրառելու մասին որոշում, եթե նման միջոցը պատշաճ և անհրաժեշտ է ակնկալվող վնասը մինչև բողոքի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կանխելու համար:

2. Խորհուրդը հաշվի է առնում ժամանակավոր միջոցի հնարավոր հետևանքները բոլոր այն շահերի, այդ թվում` հանրային շահի համար, որոնք կրելու են վնասներ, և կարող է կայացնել նման միջոց չկիրառելու մասին որոշում, եթե դրա բացասական հետևանքները կարող են գերազանցել օգուտը: Ժամանակավոր միջոց չկիրառելու մասին որոշումը չի կարող ազդել նման միջոցի դիմած անձի որևէ այլ հայցի վրա:

3. Բողոքը ինքնաբերաբար չի կասեցնում պայմանագրի կնքման ընթացակարգը, սակայն մինչև խորհրդի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որոշման ընդունումը պատվիրատուն իրավունք չունի պայմանագիր կնքելու:

 

ԲԱԺԻՆ 7
ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 50. Հանրային կազմակերպությունների գնումների ընդհանուր առանձնահատկությունները

 

1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`

1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.

2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաև տեղեկագրում.

3) բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիթորինգ):

 

Հոդված 51. Հանրային կազմակերպությունների գնումների հատուկ բացառությունները

 

Սույն օրենքի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հանրային կազմակերպությունը նպատակ ունի ձեռք բերել`

1) ապրանքներ, որոնք վերավաճառվելու կամ վարձակալությամբ են տրամադրվելու երրորդ կողմի, պայմանով որ տվյալ կազմակերպությունը չունի նման պայմանագրերի առարկան վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու հատուկ կամ բացառիկ իրավունք, իսկ այլ կազմակերպություններ կարող են տվյալ կազմակերպության հետ նույն պայմաններով ազատ իրացնել (վաճառել) կամ վարձակալությամբ տրամադրել նմանօրինակ ապրանքներ.

2) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` երրորդ երկրում համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով և այնպիսի պայմաններով, որոնք չեն ենթադրում Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց շահագործումը.

3) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` համապատասխան գործունեությունից տարբերվող գործունեություն իրականացնելու համար: Այն դեպքերում, երբ պայմանագիրը ներառում է գործունեության տարբեր տեսակներ և դրանցից առնվազն մեկը հանդիսանում է համապատասխան գործունեություն, սակայն օբյեկտիվորեն հնարավոր չէ որոշել, թե գործունեության որ տեսակի համար է հիմնականում նախատեսված պայմանագիրը, գնումներն իրականացվում են սույն օրենքի դրույթների համաձայն:

 

Հոդված 52. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման առանձնահատկությունները

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

4) սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գնումների վրա.

5) սույն օրենքով նախատեսված`

ա. գնումների աջակցման կենտրոնին ներկայացվող, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները չեն գործում,

բ. բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

գ. գնումների աջակցման կենտրոնը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ծառայություններ մատուցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում:

 

Հոդված 52.1. Ընտրական գործընթացների համար գնումների կատարման առանձնահատկությունները

 

Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու, ինչպես նաև ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացներ (ստուգարքներ) կազմակերպելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(52.1-ին հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-61-Ն օրենք)

 

Հոդված 53. Պետական կամ համայնքային ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման առանձնահատկությունները

 

Պետական կամ համայնքային ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների դեպքում սույն օրենքով նախատեսված նորմերը չեն գործում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված են նման բացառություններ:

 

ԲԱԺԻՆ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 54. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 55. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կատարման պահին գործող իրավական ակտերով:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքը:

3. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 56. Եզրափակիչ դրույթներ

 

Սույն օրենքով նախատեսված գնումների հայտարարությունները`

1) տեղեկագրում հրապարակելուց բացի, պատվիրատուն, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը, հրապարակում է նաև տպագիր մամուլում.

2) լիազորված մարմինը հրապարակված հայտարարությունների մասին տեղեկությունները հրապարակում (գովազդում) է զանգվածային լրատվության միջոցներով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-206-Ն

 

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-206-Ն օրենք