Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/2010/05/14   2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/2010/05/14
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
                    Դատավորներ` Ա. Աբովյան
                                                  Ա. Բաբայան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարիամ Բադալյանի ընդդեմ Դատախազության, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության` Դատախազության աշխատակազմի ղեկավարի 03.04.2014 թվականի թիվ 6-1396ա գրությունը վերացնելու և Դատախազությանը 18.03.2010 թվականից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն կամ կենսաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիամ Բադալյանը պահանջել է վերացնել Դատախազության աշխատակազմի ղեկավարի 03.04.2014 թվականի թիվ 6-1396ա գրությունը և պարտավորեցնել Դատախազությանն ընդունելու Մարիամ Բադալյանին 18.03.2010 թվականից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ կամ ապահովել Մարիամ Բադալյանի կենսաթոշակի իրավունքի իրականացումը 18.03.2010 թվականից:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դիլանյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2016 թվականի որոշմամբ Մարիամ Բադալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.03.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիամ Բադալյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մարիամ Բադալյանի կողմից առաջին դիմումը ներկայացնելու` 18.03.2010 թվականի դրությամբ գործող իրավական ակտերը դատախազների իրավական կարգավիճակը կենսաթոշակային հարաբերություններում չեն հավասարեցրել զինծառայողների կարգավիճակին, ինչն իրավացիորեն արձանագրել է Դատարանը, ուստի 18.03.2010 թվականի դրությամբ դատախազների կենսաթոշակային իրավահարաբերությունների նկատմամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը սխալմամբ է վկայակոչել 18.03.2010 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավանորմերը և դրանց հիման վրա հանգել է ոչ իրավաչափ եզրակացության, որ այն ժամանակահատվածում, երբ Մարիամ Բադալյանն առաջին անգամ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով Դատախազության աշխատակազմ դիմում է ներկայացրել երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ էր ընդամենը 8 տարվա զինվորական ծառայության ստաժ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի պատճառաբանել, թե 18.03.2010 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքն ինչ կապ ունի դատախազների թոշակավորման հարաբերությունների հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.03.2015 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Դատախազության կողմից վկայակոչված կենսաթոշակային իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերի կիրառության հարցերը Դատարանի կողմից չեն պարզվել, չեն հստակեցվել և չեն հիմնավորվել, հետևաբար դրանք հնարավոր է պարզել միայն գործի նոր քննության ժամանակ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ սույն գործի արդարացի և օբյեկտիվ լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը պարզելու համար այն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարիամ Բադալյանի աշխատանքային գրքույկի համաձայն` վերջինս ծնվել է 1954 թվականին և 23.07.1997 թվականից մինչև 08.06.2009 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.

- 23.07.1997 թվականից մինչև 17.10.1997 թվականը` ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում օրենքների կատարման վրա հսկող բաժնի ստաժոր-դատախազ,

- 17.10.1997 թվականից մինչև 13.01.1999 թվականը` ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում օրենքների կատարման վրա հսկող բաժնի դատախազ,

- 13.01.1999 թվականից մինչև 05.05.2009 թվականը` Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ,

- 05.05.2009 թվականից մինչև 08.06.2009 թվականը` Երևան քաղաքի դատախազության դատախազ (հատոր 1-ին, գ.թ. 57-64):

2) Մարիամ Բադալյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ քաղվածքի համաձայն` վերջինիս ընդհանուր մասնագիտական ստաժը (ծառայությունը ՀՀ դատախազության մարմիններում) կազմում է 11 տարի 10 ամիս 15 օր: Ըստ նույն քաղվածքի` Մարիամ Բադալյանը 12.07.2011 թվականին նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ, սակայն պաշտոնում նշանակվելու օրվանից աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով ՀՀ գլխավոր դատախազի 12.03.2012 թվականի թիվ 44 հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 50):

3) Դատախազության աշխատակազմի գլխավոր հաշվապահի 28.03.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Մարիամ Բադալյանը 12.07.2011 թվականից մինչև 12.03.2012 թվականը հրամանագրված է եղել որպես Երևան քաղաքի դատախազության դատախազ, սակայն նշված ժամանակահատվածում նրա համար աշխատավարձ չի հաշվարկվել և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն փոխանցվել (հատոր 1-ին, գ.թ. 48):

4) Մարիամ Բադալյանը 18.03.2010 թվականին և 28.12.2012 թվականին դիմումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կենսաթոշակ նշանակելու խնդրանքով, իսկ 28.02.2014 թվականին` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 51, 53, 56):

5) ՀՀ դատախազությունից կենսաթոշակների նշանակման հանձնաժողովի 28.03.2014 թվականի եզրակացության համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու մասին Մարիամ Բադալյանի 28.02.2014 թվականի դիմումը մերժվել է, քանի որ վերջինիս մասնագիտական աշխատանքային ստաժը կազմում է 11 տարի 10 ամիս 15 օր, ինչը չի բավարարում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված զինծառայության ստաժի համար սահմանված պահանջներին: Ընդ որում, 12.07.2011 թվականից մինչև 12.03.2012 թվականն ընկած ժամանակահատվածը չի կարող համարվել աշխատանքային ստաժ` համաձայն ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածի 9-րդ կետի (հատոր 1-ին, գ.թ. 49):

6) Դատախազության աշխատակազմի ղեկավարի 03.04.2014 թվականի թիվ 6-1396ա գրության համաձայն` Մարիամ Բադալյանը տեղեկացվել է ՀՀ դատախազությունից կենսաթոշակների նշանակման հանձնաժողովի 28.03.2014 թվականի եզրակացության մասին (հատոր 1-ին, գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատախազների մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գոյություն ունեցած իրավական նախադրյալների և պայմանների, ինչպես նաև դրանց գոյության ժամանակագրության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ի՞նչ իրավական նախադրյալների, չափանիշների և պայմանների առկայության դեպքում դատախազը կարող է ունենալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք` տարբեր ժամանակահատվածներում գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ՀՀ Ազգային ժողովին է պատկանում կենսաթոշակների ծավալները և ձևերը, դրանց նշանակման պայմանները և կարգը սահմանելու լիազորությունը: Կենսաթոշակի նշանակման պայմանները բավարարելու դեպքում անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք, իսկ պետության վրա դրվում է այդ իրավունքի իրականացումն ապահովելու պարտականություն:

i

Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է:

Կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է նաև ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):

Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia (59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, իր նախկին որոշումներում արձանագրել է, որ կենսաթոշակի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային իրավունք է (տե՛ս, Թերեզա Գևորգյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

01.07.1998 թվականին ընդունված, 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 01.05.2007 թվականին ուժը կորցրած «Դատախազության մասին» թիվ ՀՕ-245 ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` (...) դատախազների (...) թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով (...):

27.10.1998 թվականին ընդունված և 30.11.1998 թվականին ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` (...) զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների (...) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը դատախազի կենսաթոշակի իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է 56-րդ հոդվածի միջոցով, որն օրենքի ընդունման պահից ի վեր ենթարկվել է մի շարք փոփոխությունների և լրացումների:

Այսպես, 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի` 01.05.2007 թվականից մինչև 09.01.2011 թվականը գործող խմբագրությամբ 56-րդ հոդվածի համաձայն` դատախազությունում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Թեև 01.07.1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 01.05.2007 թվականին, սակայն այդ օրենքի 40-րդ հոդվածի վկայակոչված դրույթը պահպանել է իր ուժը մինչև 09.01.2011 թվականը` 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն և ուժը կորցրել է միայն 22.12.2010 թվականին ընդունված ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-291-Ն ՀՀ օրենքով: 01.07.1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթի գործողությունը շարունակվելու մասին նշել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 10.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ համակարգային մոտեցում չցուցաբերելով, «Դատախազության մասին» 22.02.2007 թվականի օրենքն ընդունելուց հետո պահպանվել է 1998 թվականի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի այն դրույթի իրավաբանական ուժը, համաձայն որի` «Դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով»:

i

Ընդ որում, 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի վկայակոչված խմբագրությունների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն այդ օրենքով 01.05.2007 թվականից մինչև 09.01.2011 թվականը դատախազի կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ որևէ հատուկ իրավակարգավորում չի նախատեսել և սահմանել է, որ այդ հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 01.07.1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով ամրագրված` դատախազի կենսաթոշակի իրավունքին վերաբերող դրույթը շարունակել է գործել մինչև 09.01.2011 թվականը:

Փաստորեն, 12.01.1999 թվականից մինչև 09.01.2011 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն` դատախազի կենսաթոշակի իրավունքի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում էին ներքին գործերի մարմինների ղեկավար ծառայողների կենսաթոշակի իրավունքը կարգավորող նորմերով սահմանված պայմանները:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ներքին գործերի հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական (ղեկավար) անձնակազմի ծառայողները նշված օրենքի իմաստով համարվում են «զինվորական ծառայողներ»: Իսկ զինվորական ծառայողների զինվորական կենսաթոշակի իրավունքի հետ կապված հասարակական հարաբերությունները 30.11.1998 թվականից մինչև 01.01.2011 թվականը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարգավորվել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը» վերտառությամբ 2-րդ գլխով, որն ուժը կորցրած է ճանաչվել ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 22.10.2010 թվականի թիվ ՀՕ-248-Ն օրենքով:

Այսպիսով, 01.07.1998 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով, 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 9-րդ մասով, նույն օրենքի` 01.05.2007 թվականից մինչև 09.01.2011 թվականը գործող խմբագրությամբ 56-րդ հոդվածով, 22.12.2010 թվականին ընդունված ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-291-Ն ՀՀ օրենքով, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով և նույն օրենքի` 30.11.1998 թվականից մինչև 01.01.2011 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ գլխով սահմանված իրավական նորմերի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 12.01.1999 թվականից մինչև 01.01.2011 թվականը դատախազների մոտ կարող էր ծագել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք` ներքին գործերի հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական (ղեկավար) անձնակազմի զինվորական ծառայողների նմանությամբ և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում: Այլ կերպ ասած` 12.01.1999 թվականից մինչև 01.01.2011 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն` դատախազները ևս կարող էին ունենալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք` այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական (ղեկավար) անձնակազմի զինվորական ծառայողները, եթե բավարարում էին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմաններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի հիմքում ընկած է Մարիամ Բադալյանի և Դատախազության միջև ծագած այնպիսի հանրային-իրավական վեճ, որը վերաբերում է Մարիամ Բադալյանի մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության կամ բացակայության հարցին: Այսպես, սույն վարչական գործի փաստական կողմի ուսումնասիրությունը վկայում է, որ ըստ Մարիամ Բադալյանի աշխատանքային գրքույկի տվյալների` վերջինս ազատվել է դատախազի պաշտոնից 08.06.2009 թվականին և այդ պահի դրությամբ դատախազի պաշտոնում նրա ունեցած ստաժը կազմել է 11 տարի, 10 ամիս և 15 օր:

Մարիամ Բադալյանը 18.03.2010 թվականին և 28.12.2012 թվականին դիմումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կենսաթոշակ նշանակելու խնդրանքով, իսկ 28.02.2014 թվականին` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: Մինչդեռ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու մասին Մարիամ Բադալյանի 28.02.2014 թվականի դիմումը ՀՀ դատախազությունից կենսաթոշակների նշանակման հանձնաժողովի 28.03.2014 թվականի եզրակացությամբ մերժվել է, որի մասին վերջինս տեղեկացել է Դատախազության աշխատակազմի ղեկավարի 03.04.2014 թվականի թիվ 6-1396ա գրությամբ:

Այնուհետև Մարիամ Բադալյանը, ցանկանալով իրացնել իր` որպես նախկին դատախազի, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի ենթադրյալ իրավունքը, պարտավորեցման հայցով դիմել է վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել Դատախազությանը ընդունելու Մարիամ Բադալյանին 18.03.2010 թվականից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ կամ ապահովել Մարիամ Բադալյանի կենսաթոշակի իրավունքի իրականացումը 18.03.2010 թվականից:

Դատարանը մերժել է Մարիամ Բադալյանի պարտավորեցման հայցը` պատճառաբանելով, որ այն ժամանակահատվածում, երբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ էր ընդամենը 8 տարվա զինվորական ծառայության ստաժ, դատախազները կենսաթոշակային հարաբերություններում դեռ չէին հավասարեցվել զինծառայողներին: Իսկ այն ժամանակ, երբ դատախազները կենսաթոշակի իրավունքի հետ կապված հարաբերություններում հավասարեցվել են զինվորական ծառայողներին, այդ պահին արդեն անհրաժեշտ է եղել ոչ թե 8 տարվա, այլ առնվազն 12 օրացուցային տարվա և 6 օրացուցային ամսվա աշխատանքային ստաժ, որը Մարիամ Բադալյանը չունի:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Մարիամ Բադալյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Մարիամ Բադալյանի կողմից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու վերաբերյալ առաջին դիմումը ներկայացնելու պահին` 18.03.2010 թվականին, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար պահանջվել է 8 տարվա զինվորական ծառայության ստաժ, իսկ մյուս դիմումները ներկայացնելու ժամանակ` 12 օրացուցային տարվա և 6 օրացուցային ամսվա ստաժ: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման, հայցվող վարչական ակտի իրավաչափության նախադրյալների առկայության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել Մարիամ Բադալյանի երկարամյա ծառայության «կենսաթոշակի իրավունքի» և «կենսաթոշակ ստանալու իրավունքի» ծագման պահը և ըստ այդմ` համապատասխան իրավական ակտերի կիրառելիության հարցը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կապված է որոշակի հանգամանքների հետ, որոնց օրենքը տալիս է իրավական նշանակություն (իրավաբանական փաստեր): Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Մասնավորապես` կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը` կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված` համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում: ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքը այդպիսի կենսաթոշակի իրավունք ունեցող անձի մոտ ծագում է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին դիմելու հիմքով կենսաթոշակ նշանակելու պարագայում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, թե՛ նախկին («Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք), թե՛ ներկա («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք) կարգավորումներով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է զինվորական ծառայությունից անձին արձակելու հետ (տե՛ս, Արարատ Ափոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության թիվ ՎԴ/6690/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախևառաջ գտնում է, որ Մարիամ Բադալյանի` որպես նախկին դատախազի մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի ենթադրյալ իրավունքի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզվի` հիմք ընդունելով դատախազի պաշտոնից Մարիամ Բադալյանի ազատվելու պահին, այսինքն` 08.06.2009 թվականին գործող օրենսդրությունը: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` 08.06.2009 թվականին Մարիամ Բադալյանը` որպես պաշտոնաթող դատախազ, կարող էր ունենալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք` այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական (ղեկավար) անձնակազմի զինվորական ծառայողները, եթե բավարարում էր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար 08.06.2009 թվականին գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմաններին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի` 08.06.2009 թվականին գործող խմբագրությամբ 10-րդ հոդվածի համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).

բ) տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են և ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի (...):

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը, իրացնելով կենսաթոշակների ծավալները և ձևերը, դրանց նշանակման պայմանները և կարգը սահմանելու իր լիազորությունը, 08.06.2009 թվականին գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում ամրագրել էր, որ համապատասխան զինվորական ծառայողի մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման երկու առանձին դեպքեր, որոնցից առաջինը գործում էր հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

- տվյալ զինվորական ծառայողը սահմանված կարգով արձակվել է ծառայությունից,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողն ունի առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ):

Իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման երկրորդ դեպքը գործում էր հետևյալ չորս պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

- տվյալ զինվորական ծառայողն արձակվել է ծառայությունից տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողն առնվազն 50 տարեկան է,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողն ունի առնվազն 25 տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողի աշխատանքային (ապահովագրական) ստաժում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիամ Բադալյանի մոտ 08.06.2009 թվականին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության կամ բացակայության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել 08.06.2009 թվականին գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերոգրյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը: Այլ կերպ ասած, Մարիամ Բադալյանը 08.06.2009 թվականին կարող է ունենալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք միայն այն դեպքում, երբ 08.06.2009 թվականի դրությամբ վերջինիս մոտ առկա լինեին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման վերոգրյալ դեպքերից որևէ մեկով նախատեսված բոլոր պայմանները:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերում առկա են տվյալներ այն մասին, որ Մարիամ Բադալյանը 08.06.2009 թվականից հետո կրկին պաշտոնավարել է որպես դատախազ, այս անգամ արդեն` 12.07.2011 թվականից մինչև 12.03.2012 թվականը: Մարիամ Բադալյանի կողմից դատախազի պաշտոնից վերջին անգամ ազատվելու պահին` 12.03.2012 թվականին, օրենսդիրը դատախազների կենսաթոշակի իրավունքի հետ կապված հատուկ իրավակարգավորումներ էր նախատեսել 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքում:

Այսպես, 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի` 09.01.2011 թվականից մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 2-րդ մասի համաձայն` մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 22.02.2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի` 09.01.2011 թվականից մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 56-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը 09.01.2011 թվականից մինչև 01.07.2014 թվականը դատախազի կենսաթոշակի իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվել է հետևյալ կերպ.

1) 01.01.1974 թվականին և դրանից հետո ծնված դատախազի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) մինչև 01.01.1974 թվականը ծնված դատախազի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում էր զինծառայողների համար սահմանված կարգով:

Այսինքն` 09.01.2011 թվականից մինչև 01.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածում այն դատախազների կենսաթոշակի իրավունքը, որոնք ծնվել են մինչև 01.01.1974 թվականը, հավասարեցված էր զինծառայողների կենսաթոշակի իրավունքին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես 09.01.2011 թվականից մինչև 01.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ներկայումս զինվորական ծառայողների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին (են) 22.12.2010 թվականին ընդունված և 01.01.2011 թվականից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է զինվորական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու, նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

i

Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում (...) ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (...), որը`

1) զինվորական ծառայությունից (...) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ.

2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

Փաստորեն, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթը նախատեսում է զինծառայողի մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման երեք առանձին դեպքեր, որոնցից առաջինը գործում է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

- տվյալ զինծառայողը սահմանված կարգով արձակվել է զինվորական ծառայությունից,

- զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ տվյալ զինծառայողն ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված երկրորդ դեպքը գործում է հետևյալ երեք պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

- տվյալ զինծառայողը սահմանված կարգով արձակվել է զինվորական ծառայությունից սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում),

- զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ տվյալ զինծառայողն ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողի աշխատանքային ստաժում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված երրորդ դեպքը գործում է հետևյալ չորս պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

- տվյալ զինվորական ծառայողն արձակվել է ծառայությունից հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողն առնվազն 45 տարեկան է,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողն ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ,

- ծառայությունից արձակվելու պահին տվյալ զինվորական ծառայողի աշխատանքային ստաժում զինվորական ծառայության ստաժը կազմում է 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիամ Բադալյանի` որպես մինչև 01.01.1974 թվականը ծնված դատախազի (ծնվել է 1954 թվականին) մոտ 12.03.2012 թվականին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության կամ բացակայության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերոգրյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը: Այլ կերպ ասած, Մարիամ Բադալյանը 12.03.2012 թվականին կարող է ունենալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք միայն այն դեպքում, եթե 12.03.2012 թվականի դրությամբ վերջինս բավարարեր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման վերոգրյալ դեպքերից որևէ մեկով նախատեսված բոլոր պայմաններին և չափանիշներին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալին.

1) Մարիամ Բադալյանի` թե՛ առաջին (08.06.2009 թվական), թե՛ երկրորդ (12.03.2012 թվական) անգամ դատախազի պաշտոնից ազատվելու պահին գործող օրենսդրության տեսանկյունից դատախազների կենսաթոշակի իրավունքը հավասարեցված էր զինվորական ծառայողների կենսաթոշակի իրավունքին,

2) Մարիամ Բադալյանի` առաջին անգամ դատախազի պաշտոնից ազատվելու պահի` 08.06.2009 թվականի դրությամբ վերջինիս մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության կամ բացակայության հարցը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք Մարիամ Բադալյանը 08.06.2009 թվականին բավարարել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար 08.06.2009 թվականին գործող խմբագրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և սույն որոշմամբ նկարագրված պահանջներին, թե` ոչ:

3) Մարիամ Բադալյանի` երկրորդ անգամ դատախազի պաշտոնից ազատվելու պահի` 12.03.2012 թվականի դրությամբ վերջինիս մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության կամ բացակայության հարցը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք Մարիամ Բադալյանը 12.03.2012 թվականին բավարարել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և սույն որոշմամբ նկարագրված պահանջներին, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը` Մարիամ Բադալյանի մոտ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայությունը կամ բացակայությունը, լուծելու համար Դատարանը նախևառաջ պարտավոր էր պարզել, թե Մարիամ Բադալյանի մոտ երբ կարող էր ծագել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք` 08.06.2009 թվականին, թե` 12.03.2012 թվականին: Այնուհետև Դատարանը պարտավոր էր անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Մարիամ Բադալյանը համապատասխանում է 08.06.2009 թվականին կամ 12.03.2012 թվականին գործող օրենսդրությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագման համար անհրաժեշտ պարտադիր պայմաններին ու չափանիշներին, թե` ոչ: Միայն վերոգրյալ հանգամանքները բացահայտելուց հետո Դատարանը կարող էր վճիռ կայացնել Մարիամ Բադալյանի պարտավորեցման հայցը` իրեն երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Դատախազությանը պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու միջոցով վերոգրյալ հարցերը պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործը նոր քննության ուղարկելով, ճիշտ չի որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և նոր քննության ընթացքում բացահայտման ենթակա հարցերի շրջանակը` բավարարվելով միայն Մարիամ Բադալյանի երկարամյա ծառայության «կենսաթոշակի իրավունքի» և «կենսաթոշակ ստանալու իրավունքի» ծագման պահը վերհանելու անհրաժեշտության վերաբերյալ ընդհանրական դատողություններով:

Վերը նշված պատճառաբանություններով հաստատվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, կայացրել է ճիշտ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում գործը, Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2016 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/2010/05/14
Որոշում