ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԳԴ4/0253/02/11
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0253/02/11 2015 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ի. Վարդանյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2015 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի »»Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Արայիկ Հայրապետյանի և երրորդ անձ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ու ըստ Արայիկ Հայրապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կազմակերպության` պայմանագիրը լուծելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Արայիկ Հայրապետյանից բռնագանձել 14.176.050 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արայիկ Հայրապետյանը պահանջել է 01.10.2010 թվականից լուծել 07.04.2006 թվականին իր և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մանուկյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2014 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն` վճռվել է Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.624.822,80 ՀՀ դրամ, որից 1.756.233,50 ՀՀ դրամը` որպես ապառք, իսկ 1.868.589,30 ՀՀ դրամը` որպես տույժ, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, լուծել 07.04.2006 թվականին Սևանի քաղաքապետարանի և Արայիկ Հարապետյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը, պարտավորությունները դադարած համարել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից. մնացած մասերով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.09.2014 թվականի որոշմամբ Արայիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության 1.868.589,30 ՀՀ դրամ` որպես տույժ բռնագանձելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցն այդ մասով մերժվել է, Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության 1.756.233,50 ՀՀ դրամ` որպես ապառք, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, բռնագանձելու մասերով, բեկանվել և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության. մնացած մասերով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածը և 210-րդ հոդվածի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննության կարգով գործի վերանայման հիմքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում ներկայացված վերաքննիչ բողոքն է կամ այդ ժամկետներից հետո ներկայացված բողոքը, եթե պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերաքննիչ բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի է ճանաչվել, չանդրադառնալով բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին, Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու փոխարեն` այն վերանայել է 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստից (նշված օրը դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 10.09.2014 թվականին) հետո` 09.09.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի լրացման հիմքերի և հիմնավորումների սահմաններում` իր կողմից 17.09.2014 թվականին կայացված որոշման հիմքում բացառապես դնելով «լրացուցիչ վերաքննիչ բողոքի» բովանդակության շարադրանքը և հիմքերը, այսինքն` ըստ էության, բավարարել է «լրացուցիչ վերաքննիչ բողոքը»:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, իսկ վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել կամ լրացվել բողոքի քննության ընթացքում:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը և մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, իսկ որոշման պատճառաբանական մասում չի նշել, թե որ իրավական ակտերով է ղեկավարվել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժելիս:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականին կայացված որոշմանը:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 417-րդ, 447-րդ, 466-րդ, 467-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ, 617-րդ, 620-րդ, 623-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որի հետևանքով ջրածածկ է եղել վարձակալությամբ տրամադրված հողամասը, չի կարող դիտվել որպես անհաղթահարելի ուժի առկայություն, քանի որ պայմանագիրը կնքելու ժամանակ գործող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է եղել նման հնարավորություն, և պայմանագիրը կնքելիս կողմերը գիտեին դրա առկայության մասին:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը քննելով նաև այն հիմքով, որ Արայիկ Հայրապետյանի համար անհնար է դարձել վարձակալված գոտին ըստ նշանակության օգտագործելը, քանի որ առկա է եղել անհաղթահարելի ուժ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախատեսվածից ավելի, անտեսել է, որ դրա վերաբերյալ վերջինս առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չի հայտնել` զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ մինչ օրս ուժի մեջ է և գործում է 470.000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը, վարձավճար վճարելու պարտավորությունը ծագել է ոչ թե հողատարածքի փաստացի օգտագործման փաստի ուժով, այլ` բացառապես պայմանագրի հիման վրա, իսկ Արայիկ Հայրապետյանը երբևէ չի դիմել Կազմակերպությանը` պայմանագրով սահմանված և վերջինիս տրամադրված հողամասից ավելի պակաս հողատարածք օգտագործելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը վճիռը կայացրել է 28.04.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 46-54).
2) Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն Արայիկ Հայրապետյանը փոստային առաքման եղանակով բերել է 15.05.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 69-81).
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ.թ. 103, 104).
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն Արայիկ Հայրապետյանն ստացել է 12.06.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 111-113).
5) Արայիկ Հայրապետյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է 19.06.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 7-12).
6) 23.06.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին` գործի քննությունը նշանակելով 10.07.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 13, 14).
7) 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանի միջնորդությունը բավարարելու և գործի քննությունը հետաձգելու մասին` միաժամանակ որոշելով գործի քննության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել լրացուցիչ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.09.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 44, 45, 47, 50, 53, 56, 59).
8) Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 09.09.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 67-78).
9) «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթղթում որպես Դատարանի կողմից խախտված նյութական իրավունքի նորմ նշվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, որը չի նշվել Արայիկ Հայրապետյանի կողմից փոստային առաքման եղանակով 19.06.2014 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում (հատոր 6-րդ, գ.թ. 8-10, 67-78).
10) Վերաքննիչ դատարանն Արայիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու, Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը մասով բեկանելու և փոփոխելու, իսկ մյուս մասով բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը (հատոր 6-րդ, գ.թ. 88-95).
11) Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև Կազմակերպության ներկայացուցիչը: 11.06.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նաև որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հատոր 5-րդ, գ.թ. 85-102, հատոր 6-րդ, գ.թ. 3-5).
12) Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշման ներածական մասում նշվել է, որ քննվում է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բողոքը, իսկ նկարագրական մասում նշվել են նաև այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը: Նույն որոշման պատճառաբանական մասում որևէ նշում չկա Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բողոքի քննության ընթացքում պարզված և այդ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի մասին, ինչպես նաև վկայակոչված չեն այն իրավական ակտերը, որոնցով Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է նշված բողոքը մերժելու մասին որոշում կայացնելիս (հատոր 6-րդ, գ.թ. 88-95):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությունը (արտահայտված Վերաքննիչ դատարանի գործողություններում) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
i
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածը, 210-րդ հոդվածի 5-րդ կետը և 219-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի 1-ին և 2-րդ հիմքերում բարձրացված հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ խնդիրներին`
1) արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավունք ունի հիմք ընդունելու «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթն այն դեպքում, երբ այն ներկայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո, և այդ փաստաթղթում նշված նյութական իրավունքի նորմի խախտման հիման վրա վերանայել դատական ակտը.
2) արդյո՞ք վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտը վերանայելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը ենթադրում է վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացրած դատական ակտում վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրի վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականություն:
Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ տնօրինչականության սկզբունքի համատեքստում անդրադարձել է վկայակոչված իրավանորմերի վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով: Դատական ակտերի վերանայման վարույթներում, սակայն, պայմանավորված այդ վարույթների առանձնահատկություններով, քաղաքացիական դատավարության վերը նշված սկզբունքը ենթարկվում է որոշակի սահմանափակման:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև տնօրինչականության սկզբունքի դրսևորումներին մինչև վերաքննիչ վարույթի հարուցումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը) և վերաքննիչ վարույթի հարուցումից հետո, նշել է, որ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը ներառում է վերաքննիչ բողոքարկման և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու շրջանակներում իրականացվող դատավարական գործողությունները: Վերաքննիչ վարույթի հարուցումը պայմանավորված է օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացմամբ, որը ենթադրում է օրենսդրի կողմից ամրագրված ժամկետում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վերաքննիչ բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան: Պայմանավորված բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով` գործն ըստ էության լուծող, թե միջանկյալ, օրենսդիրը նախատեսել է բողոքարկման իրավունքի իրացման տարբեր ժամկետներ: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի և 140-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում այդ ժամկետը մեկ ամիս է: Նշված մեկամսյա ժամկետն օրենսդրի տեսանկյունից այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Այդ ժամանակահատվածում բողոքարկման իրավունքի սուբյեկտն օժտված է իրավունքների առավել լայն շրջանակով, քան վերաքննության մյուս փուլերում, և հակառակը` վերաքննիչ վարույթի հարուցման փուլում վերաքննիչ դատարանի մասնակցությունը դատավարական իրավահարաբերություններին կրում է պասիվ բնույթ` ի տարբերություն վերաքննության մյուս փուլերի: Վերոգրյալով պայմանավորված` վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքն առավել լայն դրսևորում ունի, քան վերաքննության մյուս փուլերում: Վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքը կարող է դրսևորվել նաև վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները փոփոխելով կամ լրացնելով, ինչը, սակայն, կարող է կատարվել մինչև բողոքարկման իրավունքի իրականացման համար սահմանված մեկամսյա ժամկետի ավարտը, որպիսի եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, համաձայն որի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Նշված մեկամսյա ժամկետի ավարտից հետո կայացնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում` վերաքննիչ դատարանը հարուցում է վերաքննիչ վարույթ, իսկ վերաքննիչ վարույթի հարուցմամբ սկսվում է բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, որի ընթացքում գործում է վերաքննիչ բողոքի հիմքերը փոփոխելու, լրացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված արգելքը: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը կարող են փոփոխվել և (կամ) լրացվել բացառապես վերաքննության հարուցման փուլում` մինչև բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալը (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը վճիռը կայացրել է 28.04.2014 թվականին, Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն Արայիկ Հայրապետյանը փոստային առաքման եղանակով բերել է 15.05.2014 թվականին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար: Այդ որոշումն Արայիկ Հայրապետյանն ստացել է 12.06.2014 թվականին և դրանում նշված ժամկետում` 19.06.2014 թվականին, վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է 23.06.2014 թվականին, իսկ գործի քննությունը նշանակել է 10.07.2014 թվականին: 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանի միջնորդությունը բավարարելու և գործի քննությունը հետաձգելու մասին` միաժամանակ որոշելով գործի քննության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել լրացուցիչ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.09.2014 թվականին: Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 09.09.2014 թվականին: Այդ փաստաթղթում որպես Դատարանի կողմից խախտված նյութական իրավունքի նորմ նշվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը և որպես հիմնավորում` որ Արայիկ Հայրապետյանը պարտավորությունը չկատարելու հարցում անմեղ է և չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ դրա կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, մինչդեռ բողոքի նշված իրավական և փաստական հիմքերը չեն նշվել Արայիկ Հայրապետյանի կողմից փոստային առաքման եղանակով 19.06.2014 թվականին կրկին ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքում: Այսինքն` Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքի իրավական հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով, իսկ փաստական հիմքը` վերը նշված հիմնավորմամբ լրացրել է վերաքննության հարուցման փուլից հետո` բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալուց հետո:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքը, անդրադարձել է այդ հիմքին և Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը բեկանել է այդ հիմքով:
Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ բողոք բերած անձի տնօրինչական գործողություններն օրենսդրորեն սահմանափակված լինելու պայմաններում 09.09.2014 թվականին ներկայացված «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը և դրանում նշված նյութական իրավունքի նորմի խախտումների վերաբերյալ հիմքերն ու հիմնավորումները չէին կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ, ուստի և դրանք ենթակա չէին քննության Վերաքննիչ դատարանում:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե`ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ գործով արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե`ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշման ներածական մասում նշվել է, որ քննվում է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ նկարագրական մասում նշվել են նաև այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, մինչդեռ նույն որոշման պատճառաբանական մասում որևէ նշում չկա Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պարզված և այդ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի, ինչպես նաև այն իրավական ակտերի մասին, որոնցով ղեկավարվել է Վերաքննիչ դատարանը Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացնելիս:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բերած վերաքննիչ բողոքին, ըստ էության քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորորումները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Բողոքի առաջին և երկրորդ հիմքերի բավարարման ենթակա լինելու, այն է` բողոք բերած անձի դատավարական իրավունքների նման խախտումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ բողոքում նշված երրորդ հիմքին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է Վերաքննիչ դատարան` նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան