Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                          ԵԱՆԴ/0122/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՆԴ/0122/01/12

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    Դատավորներ`        Մ. Ռեհանյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

մասնակցությամբ

 

    ամբաստանյալ                               Ա. Առաքելյանի

 

    մեղադրող                                  Լ. Գրիգորյանի

 

    տուժողի իրավահաջորդ                       Ա. Հովսեփյանի

 

    2013 թվականի սեպտեմբերի 13-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արթուր Սերգեյի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ մեղադրող Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է թիվ 60122512 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Արթուր Սերգեյի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

2012 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Առաքելյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:

3. Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Լ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ մեղադրող Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ա.Առաքելյանը դատապարտվել է այն բանի համար, որ «2012թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 01:10-ի սահմաններում, «Մեծն Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան-Սանի» մակնիշի Լ 1997 պետհամարանիշի մեքենան վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի կողմից Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի փողոցի ուղղությամբ, շուրջ 65 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի ձախ եզրային գոտով, բետոնե միջնապատից 0,5-0,6 մետր հեռավորությամբ: Չհասած «Վենեցիա» ռեստորանային համալիրին` թույլ է տվել ՃԵԿ-ի 65, 67 և 129 կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է` ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող մոտ 65 կմ/ժամ արագությամբ, իր երթևեկության համար վտանգ առաջացրած` հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հեռահար լույսերից շլանալու սկզբնապահից սկսած չփոխելով երթևեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, չի համոզվել երթևեկության անվտանգության, մասնավորապես ճանապարհի երթևեկելի մասում առկա խոչընդոտների ու վտանգի աղբյուրների բացակայության մեջ, շարունակել է երթևեկությունը նույն արագությամբ և ուղղությամբ, շլացումն ավարտելուց հետո տեսել է իր ավտոմեքենայի ձախ ընթացագոտում կանգնած հետիոտն Ալեքսանդր Սանասարի Հովսեփյանին, չի հասցրել արգելակել կամ մանևրել, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս և անզգուշությամբ պատճառել մահ:

Այնուհետև Ա.Առաքելյանը ՃԵԿ-ի պահանջները խախտելու հետևանքով վրաերթ կատարելուց հետո` ավտոմեքենան թողել է դեպքի վայրում և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից հեռացել» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 208):

6. Դատաբժշկական փորձագետի թիվ 782 եզրակացության համաձայն` «Փորձաքննությունը սկսված է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը` 11:30-12:30 [ընկած ժամանակահատվածում], (...) [Ա.Հովսեփյանի] մահը վրա է հասել փորձաքննությունից մոտ 12-14 ժամ առաջ: (...) դիակի [ստացած] վնասվածքները կենդանի անձանց մոտ դասվում են առողջության ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների շարքին, որոնցով էլ պայմանավորված է եղել մահը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 95-97):

7. Դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձագետի թիվ 32011202 եզրակացության համաձայն` «(...) ինչ վերաբերում է Ա.Հովսեփյանի մահվան պատճառ հանդիսացող մարմնական վնասվածքներին, ապա վերջիններս պատճառվել են «NISSAN» մակնիշի ավտոմոբիլի կողմից, որը հիմնավորվում է դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված կենսական կարևոր օրգանների վնասվածքներով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 135):

8. Ա.Առաքելյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որի համաձայն` «(...) [վրաերթից հետո մեքենան] կանգնեցրեցի աջ մասում, իջա ավտոմեքենայից, վախեցած և շփոթված էի, հետո վազքով մոտեցա վրաերթի տեղը, տեսա, որ տուժող տղամարդն ընկած է հանդիպակաց ուղեմասում բաժանարար բետոնե միջնապատի մոտ, [նրա] գլխից արյուն էր հոսում և գտնվում էր անշարժ վիճակում, հասկացա, որ մահացել է, ավելի վախեցա, գնացի ավտոմեքենայի մոտ և մոտ տասը րոպե մնալուց հետո, մի պատահական ավտոմեքենայով եկա Հարավարևմտյան թաղամաս, ընթացքում կապվեցի մեր տնօրեն Էդգար Օխոյանի հետ և ասացի, որ նշված տեղը վրաերթ եմ կատարել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 155):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է «(...) Ամբաստանյալ Ա.Առաքելյանի [նկատմամբ] պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը: Դատարանն ամբաստանյալ Ա.Առաքելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա նախկինում դատված չի եղել, մեղայականով ներկայացել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական բաժին, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, բնութագրվում է դրական, ամբողջությամբ հատուցել է տուժողին պատճառված վնասը, խնամքին ունի մինչև 14 տարեկան երեխա, 3-րդ կարգի հաշմանդամ մայր: Դատարանն ամբաստանյալ Ա.Առաքելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

Հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Առաքելյանի կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև այն, որ վերջինիս մեղսագրվել է նաև միջին ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով` դատարանը գտնում է, որ նրա ուղղվելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 205-209):

10. Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված է հետևյալ կերպ. «(...) Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատճառաբանված ու հիմնավորված է գործի փաստական հանգամանքներով, ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներով, այդպիսիք ծանրացնող հանգամանքների բացակայությամբ, որոնց պայմաններում դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 10, 48, 61 հոդվածների պահանջները, Արթուր Առաքելյանի նկատմամբ նշանակել է պատիժ` երկու տարի ժամկետով ազատազրկում, նույն ժամկետով զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչը համապատասխանում է կատարված հանցանքի բնույթին ու ամբաստանյալի անձնավորությանը, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու ու նոր հանցագործությունները կանխելու համար: Վերոնշյալ հանգամանքները և հանցանքի վտանգավորության աստիճանը հաշվի առնելով` վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ուղղվելու համար առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժն ամբաստանյալ Առաքելյանը պետք է կրի, և վերաքննիչ բողոքում մատնանշված հանգամանքները, որոնք նաև հաշվի են առնվել պատիժ նշանակելիս, բավարար հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` Արթուր Առաքելյանին պայմանականորեն դատապարտելու համար, ուստի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ:(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 42-45):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, ինչի հետևանքով չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը, վկայակոչելով Է.Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, այնուհետև նշել է, որ պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել Ա.Առաքելյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքի հետ կապված հարցերը: Մասնավորապես, հաշվի չեն առել, որ կոնկրետ իրադրությունում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունն Ա.Առաքելյանի համար քիչ հավանական, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և դրա արդյունքում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը ոչ ակնհայտ է եղել:

Ըստ բողոքաբերի` դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նաև Ա.Առաքելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և հանցագործության կատարումից հետո նրա դրսևորած վարքագիծը, այն, որ վերջինս կատարել է պատճառված նյութական վնասը հարթելուն ուղղված գործողություններ: Բացի այդ, թեև վրաերթից հետո, համոզված լինելով, որ տուժողը մահացել է, Ա.Առաքելյանը հեռացել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից, սակայն դեպքի վայրում է թողել ավտոմեքենան, նույն օրը մեղայականով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, որպիսի պայմաններում ամբաստանյալը նպաստել է դեպքի հանգամանքների բացահայտմանը:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, քանի որ պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկվել այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելու համար:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողած (ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած) անձանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը լուծելու ընթացքում դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ և պատճառաբանվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

15. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելու ընթացքում դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09 և այլ որոշումներում:

Ա.Սահակյանի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված] հանցակազմի սուբյեկտիվ կողմի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ հանցանք կատարող անձը հասկանում է, որ իր գործողությունների (անգործության) արդյունքում կարող է հանրության համար վտանգավոր հետևանքներ առաջանան, այսինքն` նա գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում հնարավոր է տեղի ունենա վթար և մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանը հասցվի վնաս, սակայն, ցուցաբերելով հանցավոր անզգուշություն, այնուամենայնիվ, թույլ է տալիս նշված խախտումը` հույս ունենալով խուսափել հնարավոր ծանր հետևանքների առաջացումից:

Օբյեկտիվ կողմից նշված արարքը դրսևորվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, որոնցից առավել կոպիտ խախտումներն ամրագրված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: Նշված հանգամանքի կարևորումը պայմանավորված է նրանով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված` ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտումները (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն) վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար» (տե՛ս Արամ Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 19-20-րդ կետերը):

16. Զարգացնելով Ա.Սահակյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Է.Ասատրյանի գործով որոշման մեջ շեշտել է, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու համար պետք է առանձնակի ուշադրություն դարձվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին:

i

(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի] վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հետևանքների նկատմամբ դրսևորվող անզգույշ մեղքի ձևը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Այսպես` հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է իր արարքի (գործողության կամ անգործության) պոտենցիալ վտանգավորությունը, նախատեսում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և չնայած դրան, հույսը դնելով իր հմտությունների, անձանց, սարքավորումների և այլնի վրա` թույլ է տալիս սահմանված անվտանգության կանոնների խախտում` առանց բավարար հիմքերի հույս ունենալով, որ վտանգավոր հետևանքները կկանխվեն:

Հանցավոր անփութության օրենսդրական բնորոշումը ցույց է տալիս, որ անզգուշության այս տեսակը բնութագրվում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը չնախատեսելով: Այլ խոսքով` անփութությամբ գործող անձը, իրական հնարավորություն և պարտավորվածություն ունենալով նախատեսել վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարար շրջահայացություն, ուշադրություն և հոգատարություն չի ցուցաբերում այդ հետևանքների առաջացումը թույլ չտալու համար:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի վերոգրյալ տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել: Բացի այդ, դատարանները պետք է գնահատեն, թե տվյալ խախտման արդյունքում, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը և որքանով էր ակնհայտ տրանսպորտային միջոցը վարողի համար իր կողմից թույլ տրված խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը: Այլ խոսքով` համապատասխան գնահատականի պետք է արժանացվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգամանքների գնահատման հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին (տե՛ս Էդմոն Գարասիմի Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 15-18-րդ կետերը):

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելու վերաբերյալ դատարանի որոշումը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան և այլն) պետք է հիմնված լինի կատարված հանցագործության առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմել և որպես հետևանք` քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառել հնարավոր չէ, առանց բացահայտելու թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը և կատարված հանրորեն վտանգավոր արարքի, դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Բացի այդ, պատժի նպատակների իրագործման տեսանկյունից Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումից անմիջապես հետո հանցավորի դրսևորած վարքագծի գնահատումը:

Վերոգրյալով հանդերձ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ քրեաիրավական հետևանքներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ մեղադրվող անձին միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մեղսագրումն ինքնին նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը բացառող հանգամանք չէ:

i

18. Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել[ու համար] տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից` սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ելնելով ճանապարհային երթևեկության մասնակիցների շահերից, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով պայմանավորված նրանց փոխադարձ պարտավորությունների ապահովման անհրաժեշտությունից, տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձանց քրեական պատժի սպառնալիքի տակ պարտավորեցնում է մնալ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, եթե դրա արդյունքում մարդու (մարդկանց) առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է մարդու (մարդկանց) մահ:

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը նպատակ է հետապնդում պատժել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված այն անձանց, ովքեր, թողնելով դեպքի վայրը, խուսափել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց, չեն ցանկացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին և աջակցել կատարված արարքի, դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանը:

i

19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողած (ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած) անձանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը լուծելու ընթացքում դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է պարզի, թե ինչ դրդապատճառներով է անձը թողել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և արդյոք դրանով փորձել է խուսափել պատահարի փաստով պայմանավորված իր պարտավորությունների կատարումից:

Հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության մասին ճիշտ պատկերացում կազմելու համար դեռևս բավարար չէ այն հանգամանքի պարզաբանումը, որ տրանսպորտային միջոց վարող անձն առանց ծայրահեղ անհրաժեշտության թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նման իրավիճակներում անձի նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու համար անհրաժեշտ է պարզել և համապատասխան գնահատականի արժանացնել այն, թե արդյոք հանցավորը, դեպքի վայրը թողնելով, փորձել է խուսափել`

ա) ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց,

բ) ճանապարհատրանսպորտային պատահարի մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելուց,

գ) կատարված արարքի և դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանն աջակցելուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով, կարող է փորձել թաքցնել հանցագործության կատարման փաստը, խուսափել իր պարտավորությունների կատարումից, և հակառակ դրան` հանցավորը կարող է նման նպատակներ չհետապնդել, միջոցներ ձեռնարկել տուժած անձանց օգնություն ցույց տալու, պատահարի մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու իրավիճակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, հետևաբար պետք է իրենց արտացոլումը գտնեն քրեաիրավական ներգործության միջոցի ընտրության ժամանակ, այլապես կխախտվեն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները:

20. Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Առաքելյանը 2012 թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը` ժամը 01:10-ի սահմաններում, «Մեծն Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան-Սանի» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի փողոցի ուղղությամբ, իր ուղեմասի ձախ եզրային գոտով: Այդ ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է` ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող մոտ 65 կմ/ժամ արագությամբ, իր երթևեկության համար վտանգ առաջացրած` հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հեռահար լույսերից շլանալու սկզբնապահից սկսած չի փոխել երթևեկության գոտին, ժամանակին կատարած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, չի համոզվել երթևեկության անվտանգության, մասնավորապես ճանապարհի երթևեկելի մասում առկա խոչընդոտների ու վտանգի աղբյուրների բացակայության մեջ, շարունակել է երթևեկությունը նույն արագությամբ և ուղղությամբ, շլացումն ավարտելուց հետո տեսել է իր ավտոմեքենայի ձախ ընթացագոտում կանգնած հետիոտն Ա.Հովսեփյանին, որից հետո չի հասցրել արգելակել կամ մանևրել և ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս` անզգուշությամբ պատճառելով մահ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ամբաստանյալ Ա.Առաքելյանը դեպքից հետո կանգնեցրել է ավտոմեքենան, մոտեցել է տուժողին և համոզվելով, որ տուժողը մահացել է, կատարվածի մասին տեղեկացրել է իր վարած տաքսի ծառայության կենտրոնական մարմնին, ապա ավտոմեքենան թողել է պատահարի վայրում, իսկ ինքը հեռացել է: Նույն օրը` ժամը 16:40-ի սահմաններում, Ա.Առաքելյանը մեղայականով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանն Ա.Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով և արձանագրելով վերջինիս անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև դատավճռում ամրագրելով, որ հաշվի է առնում կատարված հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը և այն, որ Ա.Առաքելյանին մեղսագրվել է նաև միջին ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով, գտել է, որ պատժի նպատակների իրագործման համար անհրաժեշտ է հանցավորի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ, իր դատական ակտում արձանագրել է, որ Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանում է կատարված հանցանքի բնույթին ու ամբաստանյալի անձնավորությանը, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու համար: Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ ամբաստանյալ Ա.Առաքելյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 15-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է. սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ուշադրություն չեն դարձրել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին և այն պատշաճ գնահատականի չեն արժանացրել, ինչպես նաև որևէ միջոց չեն ձեռնարկել պարզելու թույլ տրված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ Ա.Առաքելյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Բացի այդ, ստորադաս դատարանները որևէ վերլուծության և գնահատման չեն արժանացրել Ա.Առաքելյանի դրսևորած վարքագիծն անմիջապես ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Մասնավորապես, գործի նյութերը վկայում են այն մասին, որ Ա.Առաքելյանը, դեպքի վայրից հեռանալով, չի խուսափել պատահարի հետևանքով տուժած անձին օգնություն ցույց տալուց, քանի որ նախքան հեռանալը նա համոզվել է, որ անձը մահացել է և նման օգնության անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, Ա.Առաքելյանը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին և աջակցել է կատարված արարքի, դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանը, այդ մասին են վկայում ավտոմեքենան պատահարի վայրում թողնելը և նույն օրը քննչական բաժին ներկայանալը: Այլ կերպ` Ա.Առաքելյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, չի փորձել թաքցնել իր կողմից հանցագործության կատարման հանգամանքը, խուսափել իր պարտավորությունների կատարումից:

22. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ չեն գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները: ՈՒստի, Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները չեն կարող համարվել հիմնավորված և պատճառաբանված:

23. Վերը նշված խախտումը, որը կարող էր ազդել պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի դատական ակտերը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Սերգեյի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.09.2013
N ԵԱՆԴ/0122/01/12
Որոշում