Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆ ...

 

 

020.1076.050313

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ, 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 մարտի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Ն. Մկրտչյանի, նրա ներկայացուցիչ Տ. Սարգսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 24-րդ հոդվածի, 38-րդ հոդվածի 7-րդ մասի, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 80-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ն. Մկրտչյանի` 30.01.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողների գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ ընտրական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011թ. մայիսի 26-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2011թ. հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 26-ին:

Սույն գործով վիճարկվող նորմերը համապատասխանաբար սահմանում են.

օրենսգրքի` «Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 3-րդ մասում.

«3. Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարում ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալու մասնավոր բանկերից կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները: Վարկը կամ ընտրական գրավների հատուկ հաշվեհամարից օգտագործված միջոցները կառավարությունը եռամսյա ժամկետում վերականգնում է».

օրենսգրքի` «Ընտրական գրավը» վերտառությամբ 24-րդ հոդվածում.

«1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`

1) ընտրվելու կամ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչև թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր ընտրություն նշանակվելու դեպքերում և

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում».

օրենսգրքի` «Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը» վերտառությամբ 38-րդ հոդվածի 7-րդ մասում.

«7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրապարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար».

օրենսգրքի` «Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը» վերտառությամբ 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում.

«2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը».

օրենսգրքի` «Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը» վերտառությամբ 80-րդ հոդվածում.

«Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8000-ապատիկի չափով»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին նշանակված էին ՀՀ Նախագահի ընտրություններ: Դիմողն իր լիազոր ներկայացուցչի միջոցով 2012թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը` դիմում առաջադրման մասին (վավերացված նոտարական կարգով), լիազոր ներկայացուցչի տվյալները, տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Չի ներկայացվել ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է վերոհիշյալ փաստաթղթերը և 2013թ. հունվարի 8-ին գումարված իր նիստում, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ, կայացրել է թիվ 4-Ա որոշումը` դիմողի դիմումին կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու, այն է` ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագրով լրացնելու համար քառասունութ ժամ ժամանակ տալու մասին: Նշված ժամանակահատվածում դիմողն ընտրական գրավի վճարման անդորրագիր չի ներկայացրել: 2013թ. հունվարի 14-ին հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 79, 80 և 82-րդ հոդվածների դրույթները, կայացրել է 22-Ա որոշումը, որով մերժել է դիմողի գրանցումը որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:

Դիմողը 2013թ. հունվարի 17-ին, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ և 146-րդ հոդվածներով, ՀՀ ԿԸՀ թիվ 22-Ա որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: Վերջինս, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-114-րդ, 150-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, մերժել է հայցը: Քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, Ն. Մկրտչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

3. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ ընտրական օրենսգրքի 24-րդ և 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի` «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6, 14.1. և 50-րդ հոդվածներին` հետևյալ հիմնավորումներով:

Դիմողի կարծիքով, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու և դրա նորմերի անմիջականորեն գործելու, ինչպես նաև օրենքների նկատմամբ միջազգային պայմանագրերի գերակայության սկզբունքը, ինչից բխում է, որ Սահմանադրության 14.1-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված դրույթները պետք է գործեն անմիջականորեն: Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի հիշյալ դրույթները հակասում են օրենքի նկատմամբ գերակա ուժ ունեցող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահ ընտրվելու համար նախատեսված չափորոշիչները և չի նախատեսում որևէ այլ արգելք, գրավ, գումարային կամ այլ սահմանափակումներ: Ավելին, ՀՀ ընտրական օրենսգրքի 82-րդ հոդվածը որպես թեկնածուի գրանցումը մերժելու հիմքերից մեկն է դիտում հենց Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Այսպիսով, դիմողի կարծիքով, վիճարկվող դրույթները պարունակում են Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակումներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի դրույթներին:

Ըստ դիմողի` այդ դրույթները հակասում են նաև Սահմանադրության 14.1-րդ հոդվածի դրույթներին, քանզի թեկնածուին ուղղակիորեն ֆինանսական (տվյալ դեպքում` գրավի տեսքով) պահանջի ներկայացումը, ըստ էության, պայմանավորում է թեկնածուի գրանցումը նրա գույքային դրությամբ և խտրական մոտեցում է կիրառում հնարավոր թեկնածուների միջև: Դիմողը նշում է, որ ճիշտ է, թեև ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով, սակայն այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեկնածուից ոչ թե պահանջվում է որոշակի ժամկետում հանգանակել որոշակի թվով ընտրողներից որոշակի գումար կամ ներկայացնել որոշակի քանակությամբ ստորագրություններ, կամ գործողությունների որևէ այլ հաջորդականությամբ և արդյունքով հիմնավորել իր առաջադրման հիմնավորվածությունը և թեկնածության լրջությունը, այլ պարզապես պահանջվում է վճարել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավ և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել վճարման անդորրագիր, ինչը թեկնածուին ներկայացվող նույնպիսի պահանջ է (և ոչ ընտրության կարգի բաղկացուցիչ), ինչպիսին վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ներկայացումն է կամ անձնագրի պատճենի ներկայացումը` թեկնածուի իրական տարիքը պարզելու համար: Դիմողի պնդմամբ, ինքնաառաջադրման պարագայում թեկնածուն զրկված է իր ընտրվելու հնարավորությունները գնահատելու որևէ էմպիրիկ և շոշափելի հնարավորությունից:

Դիմողի կարծիքով, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը որպես առաջադրման ձևերից մեկն է սահմանում ինքնաառաջադրումը, ինչը ենթադրում է, որ քաղաքացին առաջադրվում է իր ցանկությամբ, այլ ոչ թե ընտրողների նախաձեռնությամբ կամ որոշմամբ: Այդ առումով ընտրական գրավի 8 միլիոն դրամ սահմանված չափն ինքնին վերածվում է գույքային ցենզի, քանի որ, համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է երեսունհինգ հազար ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը` անկախ իրենց քաղաքական ակտիվությունից կամ վարկանիշից: Դիմողը գտնում է, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն» դրույթը, որպես ընտրությունների հիմունքներից մեկը, ևս ամրագրում է ընտրելու և ընտրվելու իրավունքը` անկախ անձի գույքային վիճակից, ուստի ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն բխում նաև ՀՀ ընտրական համակարգի հիմունքներից:

Դիմողը գտնում է, որ Սահմանադրության հիշատակվող հոդվածները ներառված չեն Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված օրենքով սահմանափակման ենթակա իրավունքների ցանկում:

Սահմանադրական դատարան ներկայացրած իր բացատրությունում` կապված ընտրական գրավի ինստիտուտի իրավաչափ լինելու, ստորագրահավաքի, ինչպես նաև գրավի չափի վերաբերյալ պատասխանող կողմի դիրքորոշումների և բերված փաստարկների հետ, դիմող կողմը շարադրում է իր մոտեցումները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների ԵԱՀԿ գրասենյակի համատեղ եզրակացությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և միջազգային այլ փորձի վերաբերյալ:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հետևյալ հիմնավորումներով:

Ընտրական գրավը դրամական գումար է, որը վճարվում է որոշ ընտրովի պաշտոններում որպես թեկնածու առաջադրվելիս: Ընտրական գրավը, որպես կանոն, չի վերադարձվում այն դեպքում, երբ թեկնածուն ընտրության արդյունքում չի ստանում ընտրողների ձայների օրենքով սահմանված նվազագույն քանակություն: Այն իրենից ներկայացնում է թեկնածուի գրանցման պայման և հանդես է գալիս որպես ընտրությունները ձևական թեկնածուներից զերծ պահելու լրացուցիչ միջոց:

Հայաստանի Հանրապետությունում ընտրական գրավը կիրառվում է ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:

Ըստ պատասխանող կողմի` ընտրական գրավի ինստիտուտը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրության 6, 14.1. և 50-րդ հոդվածներին հակասող, թեև ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից Հանրապետության Նախագահ ընտրելու, Հանրապետության Նախագահի լիազորությունների ժամկետի, Հանրապետության Նախագահի թեկնածուներին առաջադրվող պահանջների, նոր կամ արտահերթ ընտրությունների կարգի հետ կապված հարաբերությունները, արդուհանդերձ, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` «Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»:

Ըստ պատասխանողի` Սահմանադրությունը հասարակության իրավական համակարգի միջուկն է, այն սահմանում է հիմնարար իրավական դրույթներ, որոնք համարվում են ելակետային և որոշիչ իրավունքի առանձին ճյուղերի համար: Սահմանադրությունը կարգավորում է հասարակական կյանքի տարբեր ոլորտները կազմող առավել կարևոր, հիմնարար, առանցքային հասարակական հարաբերությունները: Ընտրական իրավունքը ևս բացառություն չի կազմում: Հանրապետության Նախագահի ընտրության կարգի առնչությամբ ՀՀ Սահմանադրության` «Հանրապետության Նախագահը» վերտառությամբ 3-րդ գլխով կարգավորվում են Հանրապետության Նախագահի լիազորությունների ժամկետի, ընտրությունների անցկացման ժամկետի, Նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակի, ընտրությունների երկրորդ փուլի անցկացման պայմանների, նոր կամ արտահերթ ընտրություն անցկացնելու հիմքերի և ժամկետների հետ կապված հարցեր:

Պատասխանողը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները, իսկ 51-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետները, ընտրվելու նախապայմանները և դրանց առնչվող այլ հարաբերություններ, որոնք կարգավորվում են օրենքով և կոնկրետացված են ՀՀ ընտրական օրենսգրքում: Այսինքն` Հանրապետության Նախագահի ընտրության կարգին վերաբերող մնացած հարցերի, այդ թվում` թեկնածուների առաջադրման, գրանցման ընթացակարգերի իրավական կարգավորումն իրականացվում է օրենքով` ՀՀ ընտրական օրենսգրքով: Առերևույթ, ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ընտրական գրավ վճարելու պայման չներառելով, կարծես թե ստեղծում է մի իրավիճակ` իբրև ընտրական գրավ վճարելը պարտադիր չէ: Մինչդեռ, ըստ պատասխանողի` ՀՀ Սահմանադրությունը բաղկացած չէ մեկ հոդվածից, և ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 79 և 80-րդ հոդվածներով սահմանված ընտրական գրավը, ինչպես նաև թեկնածուների առաջադրման, գրանցման ընթացակարգերը հանդիսանում են ընտրական կարգի բաղադրիչ` որպիսի կարգով էլ պետք է իրականացվի առաջադրումը, ինչ փաստաթղթերի ներկայացմամբ և այլն: Այդպիսով, ընտրական գործընթացը դիտելով իբրև պարտադիր կարգով միմյանց հաջորդող փուլերի ամբողջություն:

Պատասխանող կողմն իր հիմնավորումներում վկայակոչում է նաև միջազգային փորձը հիմնահարցի վերաբերյալ:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկան առաջին հերթին ընտրական գրավի ինստիտուտի սահմանադրականության հարցն է և ընտրական գրավի մեծության համաչափությունն իրավաչափ նպատակին: Մնացած բոլոր հարցադրումները, ինչպես վկայում է նաև դիմողը, ածանցյալ բնույթ ունեն այս հիմնահարցերից: ՈՒստի անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել ընտրագրավի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը և օրենքի հիման վրա դրա կիրառման իրավաչափությունը:

6. Ինչպես վկայում է միջազգային իրավական պրակտիկան, ներկայացուցչական ժողովրդավարության իրականացման համար ելակետային նշանակություն ունեցող հանգամանքներ են թե՛ ընտրական իրավունքի ճանաչումը և երաշխավորումը և թե՛ այնպիսի ընտրակարգի սահմանումը, երբ թեկնածուի ընտրությունը կատարվում է ոչ թե պատահականորեն, ինչը կարող է վտանգել հանրային շահը, այլ հանրային աջակցության որոշակի երաշխիքների առկայության պայմաններում:

Եթե առաջին խնդիրը լուծվում է անձի ընտրական իրավունքի ճանաչման և սահմանադրորեն ամրագրման միջոցով, ապա երկրորդ խնդրի լուծումն օրենսդրական կանոնակարգման առարկա է և, որպես կանոն, օրենսդիր մարմնի հայեցողության շրջանակներում է լուծվում:

Միջազգային փորձը նաև վկայում է, որ երկրորդ խնդրի լուծման ընդունելի ու լայն տարածում գտած միջոցները երկուսն են` որոշակի թվով նախնական ստորագրահավաքի միջոցով ընտրվել ցանկացողի նկատմամբ հանրային վստահության նվազագույն շեմի ապահովումը կամ նույն նպատակով` ընտրագրավը: Այս հարցում եվրոպական երկրների համար ելակետ են ընդունվում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 30 հոկտեմբերի 2002թ. CDL-AD (2002)023rev «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ և բացատրական զեկույց» փաստաթղթում ամրագրված մոտեցումները: Վերջինիս 1.3 /թեկնածուների առաջադրում/ կետով, մասնավորապես, փաստվում է, որ «Անհատական թեկնածությունների կամ թեկնածուների ցուցակների ներկայացումը կարող է ենթակա լինել ստորագրությունների նվազագույն քանակի հավաքագրման պահանջին»: Ապա շեշտված է նաև. «եթե կանխավճար է պահանջվում, ապա թեկնածուի կամ կուսակցության կողմից որոշակի միավորների հավաքագրման դեպքում այն պետք է փոխհատուցվի: Պահանջվող գումարը և միավորները չպետք է լինեն չափազանց մեծ»:

Այստեղ էականն այն է, որ նշված պահանջները չեն դիտարկվում որպես թեկնածուի ընտրական իրավունքի ճանաչման բաղադրատարր, ինչն ակնարկում է դիմողը, այլ այդ պայմաններն ընտրակարգի այնպիսի տարրեր են, որոնք անհրաժեշտ են անհատի ու հանրության շահերը ներդաշնակելու և ընտրական գործընթացն իր նպատակին ծառայեցնելու համար: Նման ընտրակարգն առաջին հերթին ակտիվ ընտրական իրավունքի իրացման կարևոր բաղադրատարր է` նկատի ունենալով ընտրողների կողմից իրենց ժողովրդաիշխանական լիազորությունների պատվիրակման ժամանակ այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, որին պատվիրակվում է դրանց իրացումը: Ժողովրդաիշխանության սկզբունքի իրավաչափ իրացման համար ոչ միայն կարևոր է պետության նախագահ դառնալ ցանկացողի սուբյեկտիվ կամքն ու ընտրվելու իրավունքը, այլև հանրային-քաղաքական նման գործառույթ իրականացնելու համար հայտ ներկայացնողի պատասխանատվության ու կարողունակության վերաբերյալ ժողովրդի նախնական վստահության որոշակի (կամ` նվազագույն) աստիճանը: Իսկ դա, որպես կանոն, որոշվում է վերոնշյալ երկու ինստիտուտների միջոցով` թույլ չտալով նաև ընտրական իրավունքի չարաշահում, ինչն առանձնապես կարևոր է համապետական ընտրությունների դեպքում: Միջազգային պրակտիկայում դա նաև ընդունված է անվանել, այսպես կոչված, «նախնական վստահության» միջոց:

7. ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է նաև նույն փաստաթղթում բերված բացատրություններն ընտրագրավի ինստիտուտի վերաբերյալ: Այսպես, բացատրական զեկույցի 8-րդ մասում նախ շեշտվում է, որ «Ընտրություններին առաջադրվելու համար ստորագրությունների որոշակի քանակ հավաքագրելու պարտավորությունը տեսականորեն համատեղելի է համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի հետ»: Իսկ 9-րդ մասում հետևություն է արվում, որ «Գոյություն ունի մեկ այլ ընթացակարգ, երբ թեկնածուները կամ կուսակցությունները պետք է կանխավճար ներդնեն, որը կփոխհատուցվի միայն, եթե տվյալ թեկնածուն կամ կուսակցությունը հավաքի ձայների նախատեսված տոկոսից ավելին: Այդօրինակ գործընթացներն ավելի արդյունավետ են, քան ստորագրությունների հավաքագրումը»:

Կատարված ընդգծումները հստակեցնում են երկու կարևոր հանգամանք: Նախ` ստորագրահավաքը և ընտրական գրավը ոչ այլ ինչ են, քան ընտրությունների ընթացակարգի բաղադրատարր: Երկրորդ` նախապատվությունը տրվում է ընտրական գրավի ինստիտուտին:

Այս մոտեցումներն են հիմք հանդիսացել Հայաստանում ընտրողների ստորագրահավաքի ինստիտուտից հրաժարվելու համար: Դրա մասին են վկայում նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի CDL (2011)020 և CDL(2011)081 փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Ընտրագրավի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունն աղճատվում է, երբ այն չի դիտարկվում իրավակարգավորման ամբողջականության մեջ: Այդ ինստիտուտի և ընտրողների երաշխավորական վստահության միջև փոխկապվածությունը, որպես ժողովրդաիշխանության իրականացման կարևոր բաղադրատարր, դրսևորվում է նաև այդ գրավի վերադարձնելիության հատուկ կարգի սահմանման միջոցով: Օրինակ` ՀՀ ընտրական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ ընտրական գրավը վերադարձվում է թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում: Ակնհայտ է, որ ընտրագրավը ոչ թե թեկնածուի ունեցվածքի գնահատման միջոց է կամ պասիվ ընտրական իրավունքի ճանաչման ցենզ, այլ որոշակի թվով ընտրողների վստահության երաշխիք է` նրանցից պետական իշխանության կրողի մանդատ հայցելու ու այդ նվազագույն վստահությունն ու անհրաժեշտ պատասխանատվությունը նախապես ունեցող կամ ակնկալող այլ թեկնածուների հետ ընտրական մրցակցությանը մասնակցելու համար: Յուրաքանչյուր թեկնածու, ով օբյեկտիվորեն է գնահատում իր հնարավորությունները, չի չարաշահում իր պասիվ ընտրական իրավունքը, պատասխանատվությամբ է վերաբերում համապետական ընտրություններին և ունի ընտրողների գոնե ավելի քան 5 տոկոսի կողմից ակնկալվող մանդատն ստանալու վստահություն, նույն կերպ պետք է վստահ լինի, որ ընտրագրավը վերադարձվելու է և իր նյութական վիճակի վրա այն որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

Վեճի առարկա հիմնախնդրի տեսանկյունից ուշադրության են արժանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն ընտրագրավի ինստիտուտի վերաբերյալ, մասնավորապես` Սուխովեցկին ընդդեմ ՈՒկրաինայի գործով /թիվ 13716/02, 28.03.2006թ./: Այս գործով վեճի առարկան դարձյալ եղել է ընտրական գրավի ինստիտուտի իրավաչափությունը: Անդրադառնալով ընտրական գրավի վերաբերյալ ՈՒկրաինայի սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին /ընդհուպ վկայակոչելով նաև Հայաստանում ընտրական գրավի որոշման օրենսդրական կարգը/, ներկայացնելով տարբեր երկրների մոտեցումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ.

- ընտրական գրավը կիրառվում է Եվրոպայի խորհրդի անդամ շատ երկրներում և հետապնդում է իրավաչափ նպատակ,

- այն չի հասցեագրված կոնկրետ անձանց և խտրականություն չի ենթադրում,

- այն հանրային և մասնավոր շահերի ներդաշնակման միջոց է,

- դրա սահմանումը, չափի որոշումը երկրի օրենսդիր իշխանության հայեցողության սահմաններում է:

Արդյունքում` Եվրոպական դատարանը հանգել է այն հետևությանը, որ Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում առկա չէ:

i

8. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ երկրում համապետական ընտրություններն առաջին հերթին հենվում են հասարակության քաղաքական կառուցակարգերի վրա: 2009թ. հունիսի 30-ի ՍԴՈ-810 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Կուսակցությունների մասին ցանկացած դասական սահմանում ելնում է այն ակնհայտ ճշմարտությունից, որ տվյալ միավորման գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է, քաղաքական իշխանության մաս կազմելը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ու այն իրականացնելը: Անառարկելի է, որ չի կարող լինել ժողովրդավարական պետական համակարգ` առանց անհրաժեշտ քաղաքական կառուցակարգերի: Չի կարող լինել նաև հասարակական կայունություն` առանց կարողունակ քաղաքական ուժերի կողմից երկրի այսօրվա ու վաղվա համար ժողովրդավարական եղանակներով քաղաքական պատասխանատվություն ստանձնելու: Կուսակցությունն իր հանրային առաքելությունը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ ոչ միայն ծրագրային ցանկություն, այլև անհրաժեշտ ու բավարար կարողունակություն ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար, և դա տեսանելի ու գնահատելի է ընտրողի կողմից»:

ՀՀ Սահմանադրության մակարդակով է ամրագրված կուսակցությունների սահմանադրական գործառույթը, այն է` ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելը (7-րդ հոդվածի 2-րդ մաս): Իրենց այդ առաքելությունը կատարելու համար կուսակցությունները ժողովրդի կողմից վստահության քվե ստանում են բոլոր կարգի ընտրությունների ժամանակ: Առավել ևս` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ, եթե կուսակցությունները նախորդ ընտրությունների արդյունքներով ու իրենց գաղափարախոսական-ծրագրային կողմնորոշումներով նախապես վաստակել են ժողովրդի վստահության համապատասխան աստիճան, ապա ժողովրդից պետության գլխի մանդատ ակնկալող ինքնաառաջադրվող անհատը չի կարող միայն իր պասիվ ընտրական իրավունքի ուժով կուսակցությունների կողմից առաջադրված ու երաշխավորված թեկնածուների հետ ընթացակարգային միևնույն պայմաններում գրանցվել որպես նախագահի թեկնածու: Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ պետությունների մեծ մասում, որտեղ առկա է ինքնաառաջադրման ինստիտուտը, նման հայտ ներկայացնող անձը նախապես ձևավորում է որոշակի թվով ընտրողների խումբ կամ առաջադրող կոմիտե /Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Բուլղարիա, Լեհաստան և այլն/ թեկնածությանն աջակցելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ տարբերակների ընտրությունը ՀՀ Ազգային ժողովի իրավասության հարցն է, սակայն պետության ժողովրդավարական կառուցակարգերի բնականոն զարգացման շահերից ելնելով կարող է ընդհուպ տարբերակային մոտեցում դրսևորվել ընտրագրավի ու ստորագրահավաքի ինստիտուտների առանձին-առանձին կամ համակցված կիրառման հարցում /ինչպես, օրինակ, Բուլղարիայում/` պառլամենտական խմբակցություններ ունեցող, այդպիսին չունեցող կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրման ու ինքնաառաջադրումների դեպքերում: Ի դեպ, ԱՄՆ գերագույն դատարանը 1972 թվականին ըստ էության իրավական դիրքորոշում է արտահայտել, որ նույնիսկ անհրաժեշտ է ստորագրահավաքի ու ընտրագրավի համակցված կիրառումը: ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես գտնում է, որ համադրելի չէ այն իրողությունը, երբ առանձին կուսակցություններ, որոնք արդեն իսկ ունեն ընտրողների 5 տոկոսից ավելիի վստահությունը և ժողովրդավարական ընթացակարգերով ու իրենց երաշխավորությամբ թեկնածու են առաջադրում, հայտնվում են հավասար վիճակում մեկ առանձին` հաճախ հանրությանը բացարձակապես անհայտ ու առաջադրող խումբ, կոմիտե կամ այլ մարմին չունեցող անհատի հետ: Միայն ընտրագրավն այս պարագայում կարող է նաև ոչ իր իրավական բնույթին համարժեք դերակատարություն ունենալ, քանի որ այն համեմատաբար քիչ թափանցիկ է ու որոշակի իրավական ու քաղաքական մշակույթի պակասի պայմաններում կարող է առանձին ուժերի կողմից քաղաքական պատվերի ու ոչ իրավաչափ գործընթացների տեղիք տալ:

Մյուս կողմից` ինչպես բազմիցս նշել են Եվրախորհրդի դիտորդները /օրինակ` 2012թ. մարտին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների արդյունքներով ներկայացված զեկույցում/ միայն ստորագրահավաքը նույնպես խնդիրներ է բովանդակում, երբ այդ հարցում հատկապես ընդդիմադիր թեկնածուների համար արհեստական դժվարություններ են ստեղծվում: Ժամանակին այս հանգամանքը շեշտադրվում էր նաև Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի կողմից: Այս ամենը հաշվի առնելով` հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար ցանկալի տարբերակն այդ երկու ձևերի համակցումը կարող է լինել, երբ ինքնաառաջադրման դեպքում կամ ընտրողների առնվազն 5 տոկոսի քվեն չստացած կուսակցությունների կողմից թեկնածու առաջադրելու դեպքում նախապես հավաքվելիք ստորագրությունների` օրենքով սահմանված պահանջը չի գերազանցում ընտրողների թվի 1 տոկոսը, իսկ ընտրագրավ սահմանվում է այն հաշվով, որ այն ոչ միայն կաշկանդի թեկնածության «հետաքրքրությունից դրդված» առաջադրումը, այլև ընտրողներն ունենան դրա ձևավորմանը որոշակի մասնակցություն` որպես ինքնաառաջադրվողի նկատմամբ հանրային վստահության արտահայտություն: Հօգուտ այդ տարբերակի է, մասնավորապես, վկայում նաև այն փաստը, որ 2013թ. ՀՀ Նախագահի ընտրության հրապարակված արդյունքներով թեկնածուների կեսը չհավաքեցին ընտրողների ձայների նույնիսկ 1 տոկոսը:

9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում դիմողի հղումները Սահմանադրության 6, 14.1, 43, 50 և 51-րդ հոդվածներին կամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին` ակնհայտ անհիմն են: ՀՀ ընտրական օրենսգրքի ողջ 15-րդ գլուխը, որով սահմանվում են Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման իրավունքը և դրա իրացման կարգը, ընտրական գրավը, թեկնածուի գրանցման ու դրա ուժը կորցնելու կարգը, օրենսգրքի մյուս բոլոր դրույթների հետ մեկ միասնականության մեջ ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի հիմքով նախագահի ընտրության` օրենքով սահմանված կարգը: Ի դեպ, երկրների գերակշիռ մասում սահմանադրաիրավական համանման իրավակարգավորումների պայմաններում նույն օրենքով սահմանված կարգի շրջանակներում, այսպես կոչված, «զուտ անձնական ցանկության վրա հիմնված» ինքնաառաջադրում չի նախատեսվում: Սահմանվում է, որ պասիվ ընտրական իրավունքն իրացնելի է միայն կուսակցությունների, որոշակի թվով ընտրողների կամ պատգամավորների կողմից թեկնածու առաջադրվելու պայմանով:

Չնայած եվրոպական և այլ երկրների ընտրանքային օրինակների վկայակոչմանը, դիմողը, այդուհանդերձ, հիմնավոր կերպով չի ամրապնդում իր փաստարկները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրոք գրավի «պահանջվող գումարը չպետք է լինի չափազանց մեծ», ինչպես նշված է նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի /ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ/ մոտեցումներում: Սակայն այն չի կարող լինել նաև «սիմվոլիկ»` կորցնելով իր իրավական իմաստն ու կանխարգելիչ նշանակությունը: Այս շրջանակներում համապատասխան գումարի չափի որոշումը Ազգային ժողովի իրավասության հարցն է և քննության առարկա գործի իրավական փաստարկների առումով սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Դատարանը միաժամանակ գտնում է, որ տվյալ համակարգը հետագա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն ունի` հաշվի առնելով սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 80-րդ հոդվածը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 մարտի 2013 թվականի

ՍԴՈ-1076

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.03.2013
N ՍԴՈ-1076
Որոշում