i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0232/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0232/02/08
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սվետլանա Ժուլիկյանի ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և վերանորոգման աշխատանքների դիմաց կատարված ծախսերի փոխհատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սվետլանա Ժուլիկյանը պահանջել է ճանաչել իր և երեխաների բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Բաբաջանյան փողոցի 18-րդ շենքի թիվ 14-րդ բնակարանի նկատմամբ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ Դատարանի 12.07.2005 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` նոր քննության:
Վերաքննիչ դատարանի 01.02.2008 թվականի որոշմամբ գործն ըստ ընդդատության հանձնվել է Դատարանի քննությանը:
Դատաքննության ընթացքում Սվետլանա Ժուլիկյանը ավելացրել է հայցապահանջը և պահանջել Անահիտ Խաչատրյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել գույքը կամ փոխհատուցել դրա արժեքը, ինչպես նաև հատուցել իր կողմից նշված բնակարանում իրականացված վերանորոգման աշխատանքների, նախապես վճարված պետական տուրքի և փորձաքննության հետ կապված ծախսերը:
Դատարանի 23.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Անահիտ Խաչատրյանից բռնագանձել 1.861.833 ՀՀ դրամ, որպես վերանորոգման աշխատանքների հետ կապված ծախսերի հատուցում, հայցապահանջը մնացած մասով մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 23.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջներն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով, հայցը մասնակիորեն բավարարելու համար որպես ապացույց հիմք է ընդունել Սվետլանա Ժուլիկյանի բանավոր բացատրությունն այն մասին, որ նա իր միջոցներով է կատարել վերանորոգումը ու հաշվի չի առել գործում առկա գրավոր ապացույցները (բանկային փոխանցումների փաստաթղթերը), բնակարանի վերանորոգման համար կատարված ծախսերի գումարներն իր և ամուսնու կողմից ուղարկվելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի չուսումնասիրելով և չգնահատելով` հանգել է սխալ եզրակացության այն մասին, որ Սվետլանա Ժուլիկյանը բնակարանը վերանորոգելու ժամանակ բարեխիղճ տիրապետող է, այդ իսկ պատճառով էլ իր կատարած անհրաժեշտ ծախսերը պահանջելու իրավունք ունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` Սվետլանա Ժուլիկյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 15.04.2005 թվականի թիվ 426 գրության համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է Անահիտ Խաչատրյանի անվամբ, մինչ այդ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Լուսինե Հովսեփյանի անվամբ (գ.թ. 111, հ. 1-ին):
2) «Մուշ» համատիրության կառավարիչ Ա. Հովհաննիսյանի գրության համաձայն` Սվետլանա Ժուլիկյանն իր երկու երեխաների և ամուսնու հետ միասին 1998 թվականից մինչև 2004 թվականի նոյեմբեր ամիսը բնակվել են Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում: Ըստ հարևանների բանավոր վկայության` տվյալ ժամանակահատվածում կատարվել է նշված բնակարանի վերանորոգում: Վերանորոգման ֆինանսավորման մասին չեն հայտնվում տեղեկություններ (գ.թ. 125, հ. 1-ին):
3) «Բանկ Պոլսկա Կասա Օպեկի» բաժնետիրական ընկերության 09.04.2008 թվականի գրության հավելվածի համաձայն` 03.01.2002 թվականից մինչև 11.06.2004 թվականը Ռաֆիկ Հովսեփյանը Լեհաստանի Վարշավա քաղաքից Երևան է փոխանցել ընդհանուր` 2850 ԱՄՆ դոլար գումար, որը ստացել է Սվետլանա Ժուլիկյանը (գ.թ. 119, հ. 1-ին):
4) ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի 03.07.2008 թվականի թիվ 13110807 շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում ակնադիտական տեղազննմամբ հաշվարկված և ճշտված, կատարված շինարարական աշխատանքների շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակամիջոցի ընթացքում շուկայում գործող գների միջին արժեքներից ելնելով, կարող է կազմել 1.861.833 ՀՀ դրամ (գ.թ. 138-150, հ. 1-ին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար, դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Հետևաբար, սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որո՞նք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և որ կողմը պետք է կրի այդ փաստերի ապացուցման դատավարական բեռը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իրավունք ունեն սեփականատիրոջից պահանջել հատուցելու գույքի վրա կատարված այն անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվել են իրենց կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Սվետլանա Ժուլիկյանի կողմից վիճելի բնակարանի նկատմամբ անհրաժեշտ ծախսերի կատարված լինելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանի սեփականատերն է Անահիտ Խաչատրյանը, Սվետլանա Ժուլիկյանը երկու երեխաների և ամուսնու հետ միասին 1998 թվականից մինչև 2004 թվականի նոյեմբեր ամիսը բնակվել են վիճելի բնակարանում, 03.01.2002 թվականից մինչև 11.06.2004 թվականը Ռաֆիկ Հովսեփյանը Սվետլանա Ժուլիկյանին փոխանցել է 2850 ԱՄՆ դոլար գումար, ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի 03.07.2008 թվականի թիվ 13110807 եզրակացության համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանում կատարված շինարարական աշխատանքների շուկայական արժեքը կարող է կազմել 1.861.833 ՀՀ դրամ:
Այսինքն` հայցվորի կողմից ապացուցվել է միայն Երևանի Բաբաջանյան փողոցի 18 շենքի թիվ 14 բնակարանը վերանորոգված լինելու փաստը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Սվետլանա Ժուլիկյանի կողմից վիճելի բնակարանի վերանորոգման ծախսերի կատարված լինելու փաստը, միաժամանակ, այդ փաստի ապացուցման պարտականությունը դրել է Անահիտ Խաչատրյանի վրա:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է Սվետլանա Ժուլիկյանը, այսինքն` այն կողմը, որի վրա օրենքով սահմանված կարգով դրված է կատարված ծախսերն ապացուցելու պարտականությունը:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով թիվ 9 և թիվ 17 բնակարանների բնակիչների հայտարարությունները, հաստատված է համարել, որ Սվետլանա Ժուլիկյանը ժամանակ առ ժամանակ բնակվելով վիճելի բնակարանում, կատարել է վերանորոգման ծախսեր, մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարևանների հայտարարությունները` վերանորոգումը Սվետլանա Ժուլիկյանի անձնական միջոցներով կատարված լինելու փաստը ապացուցելու համար, վերաբերելի ապացույցներ չեն:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սվետլանա Ժուլիկյանը Դատարանին չի ապացուցել Երևանի Բաբաջանյան փողոցի 18-րդ շենքի թիվ 14-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքների դիմաց վճարված գումարներն անձնական միջոցներից կատարված լինելու փաստը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Սվետլանա Ժուլիկյանի հայցը մերժել:
2. Սվետլանա Ժուլիկյանից բռնագանձել 114.946 (հարյուր տասնչորս հազար ինը հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան