Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

դատարանի որոշում                            թիվ ՎԴ/1553/05/22

Վարչական գործ թիվ ՎԴ/1553/05/22             2023թ.

Նախագահող դատավոր                     Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Առաքելյանի և Խաչատուր Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Էդիկ Ալթունյանի և Կարինե Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք` Հայկ Ալթունյան, Գագիկ Առաքելյան և Խաչատուր Մանուկյան` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 6-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 67 հասցեում գտնվող անշարժ գույքից Էդիկ Ալթունյանին և Կարինե Հարությունյանին և նրանց գույքը վտարելուն և (կամ) ներխուժումը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էդիկ Ալթունյանը և Կարինե Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 6-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 67 հասցեում գտնվող անշարժ գույքից իրենց և իրենց գույքը վտարելուն և (կամ) ներխուժումը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնելուց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 15.08.2022 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է` մինչև թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2022 թվականի որոշմամբ երրորդ անձինք Գագիկ Առաքելյանի և Խաչատուր Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել երրորդ անձինք Գագիկ Առաքելյանը և Խաչատուր Մանուկյանը (ներկայացուցիչ` Կարինե Բաղդասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նույն հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում քննարկվում է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի հարց, այլ ոչ թե անշարժ գույքի օրինական տիրապետողի հետ կապված հարց, ընդ որում` նշված գործի շրջանակներում հայցվոր է հանդիսանում Հայկ Ալթունյանը, այլ ոչ թե սույն գործով հայցվորներ Էդիկ Ալթունյանը կամ Կարինե Հարությունյանը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման մեջ նշել է, որ թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործով ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հասցեի անշարժ գույքի օրինական տիրապետողի մասով կարող են հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար, սակայն չի նշել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հաստատման ենթակա իրավաբանական փաստերը, ցույց չի տվել գործի քննության անհնարինությունը, ինչպես նաև այն հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ գնահատականներ տալու անհնարինությունը, որոնք դուրս են տվյալ վարչական գործով դատարանների իրավասության շրջանակներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1553/05/22 վարչական գործով 31.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք ներխուժումը վերացնելու գործողություններից ձեռնպահ մնալուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջով վարչական գործի վարույթը կարող է կասեցվել այն հիմքով, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվում է տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետման շուրջ վեճ:

 

Վարչական գործի վարույթը կասեցնելու հիմքերը սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 94-րդ հոդվածով:

i

Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.

2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը.

3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`

1) նշանակել է փորձաքննություն.

2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է.

3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածն առանձնացնում է գործի վարույթը կասեցնելու երկու խումբ հիմք.

- պարտադիր հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանին հայեցողություն վերապահված չէ գործի վարույթը կասեցնելու կամ չկասեցնելու հարցում. գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերը գործի հետագա ընթացքն արգելափակող, տվյալ գործով հետագա վարույթի իրականացումն անհնարին դարձնող հանգամանքներն են, որոնց առկայության դեպքում դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը (1-ին մաս),

- ֆակուլտատիվ հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանի հայեցողությանն է թողնված որոշելու` արդյոք տվյալ հանգամանքը խոչընդոտում է գործի քննության հետագա ընթացքին, թե` ոչ (2-րդ մաս):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում խոսքը վերաբերում է ոչ թե տվյալ գործի` սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի հետ զուտ փոխկապվածությանը, առնչակցությանը, այլ հստակ սահմանվում է այդ փոխկապվածության, առնչակցության բնույթը, այն է` այնպիսի առնչակցություն, փոխկապվածություն, որն անհնարին է դարձնում, բացառում է տվյալ վարչական գործի հետագա ընթացքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքին` արձանագրելով, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, վերը նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս Մանուկ Ղազանչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի թիվ ՎԴ/0393/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքը ենթադրում է դատարանի կողմից քննվող գործի և սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի այնպիսի փոխկապվածություն, որի առկայության պայմաններում դատարանի վարույթում գտնվող գործի քննությունը հնարավոր չէ մինչև վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս գտնվող, սակայն տվյալ գործի համար պարտադիր նշանակություն ունեցող հարցի կարգավորումը սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում: Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով գործի վարույթի կասեցումը կարող է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով պետք է հաստատվեն այնպիսի իրավաբանական փաստեր, կամ պետք է հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր չէ, իսկ այդ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ գնահատականներ տալը դուրս է տվյալ գործով վարչական դատարանի իրավասության շրջանակներից (տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի վարույթը կասեցնելու հիմքն առկա է հետևյալ փաստակազմի առկայության դեպքում.

- առկա է քննվող վարչական գործի համար էական նշանակություն ունեցող կոնկրետ փաստ կամ իրավական հարց,

- տվյալ վարչական գործի լուծումը հնարավոր չէ առանց այդ փաստի հաստատման կամ իրավական հարցի լուծման,

- այդ փաստը չի կարող հաստատվել կամ այդ իրավական հարցը չի կարող լուծվել տվյալ վարչական գործի շրջանակներում, այսինքն` գտնվում է վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս,

- այդ փաստը կարող է հաստատվել կամ իրավական հարցը կարող է լուծվել միայն սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում:

 

«Ներխուժում» հասկացության բովանդակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ կետում: Ըստ այդ նորմի` «Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որևէ շարժական գույք (այսուհետ` ներխուժում):

Ներխուժում է համարվում նաև`

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են. «7. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ` ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի հիմքով ընդունվել է «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը (այսուհետ` Թիվ 797-Ն որոշում): Նշված որոշման 1-ին կետով սահմանվել են ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ` Թիվ 1 հավելված):

i

Ըստ Թիվ 797-Ն որոշման Թիվ 1 հավելվածի 1-ին կետի` անշարժ գույքի օրինական տիրապետող է այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթով (...):

Թիվ 1 հավելվածի 2-րդ կետի համաձայն` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության` հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու (այսուհետ` ֆիզիկական անձի ներխուժում) կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության որևէ շարժական գույք տեղադրելու պարագայում (այսուհետ նաև` շարժական գույքով ներխուժում) կամ ֆիզիկական անձի և շարժական գույքով ներխուժման դեպքերում (այսուհետ նաև` ներխուժում) անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:

i

Թիվ 1 հավելվածի 4-րդ կետը սահմանում է. «Սույն հավելվածի 3-րդ կետում սահմանված դեպքում ոստիկանությունը, անշարժ գույքի տարածք ներկայանալով, ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները, այդ թվում` օրինական տիրապետողի տարածքում շարժական գույք տեղադրելու հիմքերը»:

i

Թիվ 1 հավելվածի 6-րդ կետով սպառիչ կերպով սահմանվում են այն դեպքերը, երբ ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ: Այն է` ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ`

1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`

2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ`

3) անձը բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան է կամ ամուսինը:

Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանությունը ֆիզիկական անձի ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկում է տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից տրված լիազորագրի հիման վրա. վերջինիս օրինական տիրապետող հանդիսանալու հանգամանքը հավաստվում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթով: Օրինական տիրապետողի կողմից տրված լիազորագրի հիման վրա ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողությունները կատարելու համար իրավական հիմք է տվյալ պահին օրինական տիրապետողի կարգավիճակը հավաստող համապատասխան իրավահաստատող փաստաթուղթը: Ընդ որում, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականի հիմքում ընկած իրավունքի պետական գրանցումը` որպես վարչական ակտ, օժտված է հավաստիության կանխավարկածով: Ըստ այդմ` ոստիկանը կրում է ՀՀ ոստիկանություն դիմած անշարժ գույքի օրինական տիրապետողի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերն ստուգելու պարտականություն (Թիվ 1 հավելվածի 4-րդ կետ): Ոստիկանն իրավասու է Թիվ 1 հավելվածով նախատեսված հաջորդական գործողությունները կատարել, եթե իր այս պարտականությունը կատարելու արդյունքում հավաստիանում է, որ ՀՀ ոստիկանություն դիմած անձի` տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող լինելու հանգամանքը հավաստվում է Թիվ 1 հավելվածով սահմանված համապատասխան իրավահաստատող փաստաթղթով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թիվ 1 հավելվածով միաժամանակ սպառիչ կերպով սահմանվում են այն դեպքերը, երբ ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ 01.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 21.01.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 79-Ն որոշմամբ (այսուհետ` Թիվ 79-Ն որոշում) սահմանվել է նշված դեպքերի ավելի սեղմ շրջանակ, քան սահմանված էր Թիվ 797-Ն որոշմամբ` մինչ Թիվ 79-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները գործած խմբագրությամբ: Մասնավորապես, մինչ 01.02.2021 թվականը գործած խմբագրությամբ Թիվ 797-Ն որոշման համաձայն` ոստիկանը, ի թիվս այլ դեպքերի, իրավունք չուներ կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում էր, որ անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն օրենքով սահմանված կարգով կողմերի միջև կնքված և տվյալ պահին գործող քաղաքացիաիրավական կամ այլ պայմանագրից կամ ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճ է: Նշված դեպքը` որպես ոստիկանի գործողությունները բացառող հանգամանք, այլևս նախատեսված չէ 01.02.2021 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 21.01.2021 թվականի թիվ 79-Ն որոշմամբ խմբագրված Թիվ 797-Ն որոշմամբ: Գործող իրավակարգավորումների համաձայն` որևէ վեճի առկայություն չի խոչընդոտում ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված ոստիկանի գործողությունների կատարմանը: Այսինքն` իրավակարգավորումների փոփոխության հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ ոստիկանը պարտավոր է համապատասխան գործողություններ ձեռնարկել տվյալ պահի դրությամբ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսացող անձի պահանջով, նույնիսկ եթե տվյալ գույքի օրինական տիրապետման փաստի շուրջ առկա է որևէ վեճ:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված` ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի քննության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատման է ենթակա ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվող գործողությունների իրավաչափությունը: Նշված պահանջի քննության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել` արդյոք ՀՀ ոստիկանությունը վիճարկվող գործողությունները ձեռնարկելիս գործել է (գործում է) Թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան, թույլ տվել է արդյոք նշված որոշմամբ սահմանված կարգի ու պայմանների որևէ խախտում, առկա են արդյոք որոշմամբ սահմանված` վիճարկվող գործողությունների կատարումն արգելող հանգամանքները: Ընդ որում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ոստիկանության գործողությունների իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար, ի թիվս այլնի, պարզման է ենթակա` արդյոք ոստիկանը կատարել է գույքի օրինական տիրապետողի կարգավիճակն ստուգելու պարտականությունը և արդյոք օրինական տիրապետողի կարգավիճակը հավաստվել է ոստիկանին ներկայացված` ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթով: Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության վարքագիծն իրավաչափ է, եթե ոստիկանը սահմանված կարգով ստուգել է դիմողի` անշարժ գույքի նկատմամբ օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, և օրինական տիրապետման հանգամանքը հավաստվել է տվյալ պահի դրությամբ իրավաբանական ուժ ունեցող համապատասխան իրավահաստատող փաստաթղթով: Ընդ որում` հաշվի առնելով, որ օրինական տիրապետման հետ կապված վեճի առկայությունը խոչընդոտ չէ ոստիկանի կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման վեճի առկայությունը որևէ կերպ չի կարևորվում ոստիկանի գործողությունների իրավաչափությունը գնահատելու տեսանկյունից և որևէ կերպ չի ազդում դիմողի` տվյալ անշարժ գույքի նկատմամբ օրինական տիրապետող հանդիսանալու փաստի հավաստիության վրա:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջի քննության շրջանակներում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, ի թիվս այլնի, հետևյալն է` ՀՀ ոստիկանությունը վիճարկվող գործողությունները ձեռնարկել (ձեռնարկում) է արդյոք տվյալ անշարժ գույքի նկատմամբ դիմողի օրինական տիրապետման փաստը հավաստող ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականի կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթի առկայության պայմաններում: Այս փաստի պարզումն ամբողջությամբ ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով վարչական գործը քննող ՀՀ վարչական դատարանի իրավասության տիրույթում է և որևէ կերպ չի պայմանավորվում օրինական տիրապետման շուրջ վեճի արդյունքներով: Ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի քննության շրջանակներում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված փաստը չի կարող հերքվել, եթե նույնիսկ օրինական տիրապետման շուրջ վեճի լուծման արդյունքում դիմողը կորցնի օրինական տիրապետողի իր կարգավիճակը: Ոստիկանի գործողությունները, որոնք կատարվել են դիմողի օրինական տիրապետողի կարգավիճակը հավաստող տվյալ պահին իրավաբանական ուժ ունեցող համապատասխան իրավահաստատող փաստաթղթի առկայության պայմաններում, իրավաչափ են, նույնիսկ եթե օրինական տիրապետման շուրջ վեճի լուծման արդյունքում դիմողը հետագայում կորցնի իր այդ կարգավիճակը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված` ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով վարչական գործի և տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետման շուրջ քննվող վեճի միջև առկա չէ այնպիսի փոխկապվածություն, որն օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում դիտարկել է որպես վարչական գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմք: Մասնավորապես, առկա չէ ՀՀ ոստիկանության գործողությունների իրավաչափության շուրջ վեճը լուծելու համար էական, պարտադիր նշանակություն ունեցող որևէ փաստ կամ իրավական հարց, որի պարզումը կամ լուծումը դուրս է ՀՀ վարչական դատարանի իրավասության տիրույթից և կարող է պարզվել կամ լուծվել տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետման շուրջ քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում:

Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ խնդրո առարկա իրավիճակում վարչական գործի վարույթի կասեցումն ինքնին կհակասի 01.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 21.01.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 79-Ն որոշմամբ Թիվ 797-Ն որոշման իրավակարգավորումներում կատարված փոփոխությունների տրամաբանությանը, ըստ որի` տվյալ պահի դրությամբ անշարժ գույքի օրինական տիրապետողի և ենթադրյալ ներխուժողի միջև որևէ վեճի առկայության փաստը չի կարող խոչընդոտել ոստիկանին ձեռնարկել վտարումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններ:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներխուժումը կանխելու կամ վերացնելու գործողություններից ձեռնպահ մնալուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջով վարչական գործի վարույթը չի կարող կասեցվել այն հիմքով, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվում է տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետման շուրջ վեճ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Էդիկ Ալթունյանը և Կարինե Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 6-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 67 հասցեում գտնվող անշարժ գույքից իրենց և իրենց գույքը վտարելուն և (կամ) ներխուժումը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնելուց:

Դատարանը 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ որոշել է թիվ ՎԴ/1553/05/2022 վարչական գործի վարույթը կասեցնել` մինչև թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը: Դատարանի պատճառաբանությունը, մասնավորապես, հանգում է հետևյալին. «(...) առանց օրինական հիմքերի անշարժ գույքի տարածք մուտք գործելը կանխելու կամ այն վերացնելու համար Ոստիկանությանը լիազորելու իրավունքը վերապահված է բացառապես տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետողին, իսկ անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում նաև անշարժ գույքի սեփականատերը, ինչից էլ հետևում է, որ օրինական տիրապետողի հետ կապված` նրա սեփականության իրավունքի վիճարկման պայմաններում առնվազն վիճելի է մնում օրինական տիրապետողի հարցը, որպիսի դեպքում Դատարանը նման վեճի ընթացքում զրկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշումից բխող Ոստիկանության գործողությունների իրավաչափության որոշման հնարավորությունից:

(...) Խաչատուր Մանուկյանը (տվյալ պահին գույքի սեփականատերը) 15.02.2022 թվականի դիմումով Ոստիկանությանը խնդրել է կատարել վիճելի հասցեի գույքի ապօրինի տիրապետումը վերացնելուն և ապօրինի տիրապետողներին վտարելուն ուղղված գործողություններ, սակայն տվյալ պահին վերոնշյալ քաղաքացիական գործի շրջանակում քննարկվում է նաև Հայկ Ալթունյանի և Գագիկ Առաքելյանի միջև 07.03.2018 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի` որպես առոչինչ գործարքի և դրանից բխող հետևանքների անվավերության հարցը, այսինքն` ըստ էության նաև` երրորդ անձ Խաչատուր Մանուկյանի սեփականության իրավունքի իրավաչափությունը, որպիսի գործը տվյալ պահին դեռևս գտնվում է դատական քննության ընթացքում, իսկ այդ հանգամանքն առնվազն կասկած է հարուցում երրորդ անձի` գույքի նկատմամբ օրինական տիրապետող լինելու հարցում, ուստի մինչև նման կասկածի հաղթահարումը` թիվ ԵԴ/26052/02/21 գործի քննության ավարտը (օրինական տիրապետողի հետ կապված վեճով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը), անհնարին է որոշել պատասխանողի գործողությունների իրավաչափությունը»:

Վերաքննիչ դատարանը, 31.10.2022 թվականի բողոքարկվող որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, արձանագրել է. «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու իրավական կառուցակարգի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ առանց օրինական հիմքերի անշարժ գույքի տարածք մուտք գործելը կանխելու կամ այն վերացնելու համար ՀՀ ոստիկանությանը լիազորելու իրավունքը վերապահված է բացառապես տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետողին, ապա` նկատելով, որ թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում քննվում է Հայկ Ալթունյանի և Գագիկ Առաքելյանի միջև 07.03.2018 թ. կնքված «Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի»` որպես առոչինչ գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցը, իսկ նշված պայմանագրի առարկա` ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հասցեի հողամասի նկատմամբ Խաչատուր Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած է նրա և Գագիկ Առաքելյանի միջև 28.12.2020 թ. կնքված «Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը», գտնում է, որ թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործով ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հասցեի անշարժ գույքի օրինական տիրապետողի մասով կարող են հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար:

Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ ՀՀ ոստիկանությանը դիմելու պահին օրինական տիրապետողի հետ կապված վեճ առկա չի եղել` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի, թե ՀՀ ոստիկանությանը դիմելու պահին օրինական տիրապետողի հետ կապված վեճ եղել է, թե` ոչ, քանի որ հայցվող գործողության իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա, որպիսի պահանջով գործողության կատարման հայցի քննությունն անհնարին է, եթե տվյալ պահին առկա է օրինական տիրապետողի հետ կապված վեճ»:

 

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24022016-07-0034 վկայականի համաձայն` Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հողամասի նկատմամբ 24.02.2016 թվականին գրանցվել է Հայկ Ալթունյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ. թ. 45):

Հայկ Ալթունյանի և Գագիկ Առաքելյանի միջև 07.03.2018 թվականին կնքված «Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի» համաձայն` Հայկ Ալթունյանը պարտավորվել է նույն պայմանագրով նշված գնի դիմաց Գագիկ Առաքելյանի սեփականությանը հանձնել Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հողամասը (0,051 հա) (հատոր 1, գ. թ. 46):

Գագիկ Առաքելյանի և Խաչատուր Մանուկյանի միջև 28.12.2020 թվականին կնքված «Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի» համաձայն` Գագիկ Առաքելյանը պարտավորվել է նույն պայմանագրով նշված գնի դիմաց Խաչատուր Մանուկյանի սեփականությանը հանձնել Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հողամասը (0,051 հա) (հատոր 1, գ. թ. 47):

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29122020-07-0028 վկայականի համաձայն` Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հողամասի նկատմամբ 29.12.2020 թվականին գրանցվել է Խաչատուր Մանուկյանի սեփականության իրավունքը (հատոր 2, գ. թ. 25-26):

Խաչատուր Մանուկյանի և Էդիկ Ալթունյանի միջև 29.12.2020 թվականին կնքված «Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի» համաձայն` Խաչատուր Մանուկյանը պարտավորվել է վճարի դիմաց մինչև 31.05.2021 թվականը Էդիկ Ալթունյանի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 67 հողամաս հասցեի անշարժ գույքը (0,051 հա): Պայմանագրի գործողության ժամկետն է 31.05.2021 թվականը (հատոր 2, գ. թ. 26-27):

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վ. Խաչատրյանին 15.02.2022 թվականին հասցեագրված դիմումով Խաչատուր Մանուկյանը (ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյան) խնդրել է դիմումի հասցեատիրոջ աջակցությունը և ցուցումը ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, 67 հողամաս հասցեի անշարժ գույքի ապօրինի տիրապետումը վերացնելու և ապօրինի տիրապետողներին վտարելու վերաբերյալ` խնդրելով նաև վտարմանն ուղղված գործողությունները կատարել անհապաղ (հատոր 2, գ. թ. 19-21):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Հայկ Ալթունյանի հայցադիմումն ընդդեմ Գագիկ Առաքելյանի և Խաչատուր Մանուկյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին (հիմք` «DataLex» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործ):

Սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցնելու հիմքի առկայության վերաբերյալ` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործի քննության շրջանակներում Դատարանի կողմից գնահատման է ենթակա ՀՀ ոստիկանության` վտարումը կանխելուն և (կամ) վերացնելուն ուղղված գործողությունների իրավաչափությունը, և հաշվի առնելով, որ ոստիկանն իրավասու է որոշմամբ նախատեսված գործողություններն իրականացնել անկախ որևէ վեճի, այդ թվում` տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետման շուրջ վեճի առկայությունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական տիրապետողի վիճելի լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող կարևորվել ՀՀ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը գնահատելու նպատակի տեսանկյունից:

i

Սույն վարչական գործի քննության շրջանակներում Դատարանի խնդիրն է ՀՀ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը գնահատելու նպատակով, ի թիվս այլնի, պարզել` արդյոք երրորդ անձ Խաչատուր Մանուկյանի օրինական տիրապետող լինելու հանգամանքը հավաստվում է ՀՀ կառավարության Թիվ 797-Ն որոշմամբ սահմանված որևէ իրավահաստատող փաստաթղթով, որպիսի փաստի պարզումն ամբողջությամբ Դատարանի իրավասության տիրույթում է:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա վարչական գործով առկա չէ ՀՀ ոստիկանության գործողությունների իրավաչափության շուրջ վեճը լուծելու համար էական, պարտադիր նշանակություն ունեցող որևէ փաստ կամ իրավական հարց, որի պարզումը կամ լուծումը դուրս է ՀՀ վարչական դատարանի իրավասության տիրույթից և կարող է պարզվել կամ լուծվել միայն թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի քննությունը հնարավոր է անկախ թիվ ԵԴ/26052/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում քննվող վեճի լուծումից, և Դատարանը 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ գործի վարույթը կասեցրել է, իսկ Վերաքննիչ դատարանը նշված որոշումն անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքի բացակայության պայմաններում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 15.08.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809970850

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.12.2023
N ՎԴ/1553/05/22
Որոշում