05.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`
1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.
2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.
3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.
4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:
Հոդված 2. |
Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը |
Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Հոդված 3. |
Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները |
Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:
Հոդված 4. |
Պետական մշակութային քաղաքականության նպատակները |
Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`
1) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.
2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.
3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:
i
Հոդված 5. |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.
մշակույթ` հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը.
մշակութային գործունեություն` մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.
մշակութային արժեքներ` մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).
մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).
մշակութային ոչ առևտրային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.
ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.
ստեղծագործական աշխատող` մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.
ստեղծագործական աշխատողների միություն` ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.
Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն` անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն` մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում` մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.
պետական մշակութային քաղաքականություն` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:
Հոդված 7. |
Սույն օրենքի գործողության ոլորտները |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է`
1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,
2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,
3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,
4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,
5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,
6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,
7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),
8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,
9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,
10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,
11) միջազգային մշակութային համագործակցության,
12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,
13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:
Հոդված 8. |
Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը |
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:
ԳԼՈՒԽ II
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 9. |
Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 10. |
Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:
Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և՛ մասնագիտորեն, և՛ ոչ մասնագիտորեն (սիրողաբար):
Հոդված 11. |
Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու:
Հոդված 12. |
Կրթություն ստանալու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:
Հոդված 13. |
Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:
Հոդված 14. |
Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:
Հոդված 15. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
ԳԼՈՒԽ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. |
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:
Հոդված 17. |
Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները |
Հայաստանի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:
ԳԼՈՒԽ IV
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողները |
Պետությունը`
1) խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.
2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.
3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը:
Հոդված 19. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները |
Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս:
ԳԼՈՒԽ V
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 20. |
Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում |
Պետությունը`
1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.
2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.
4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:
ԳԼՈՒԽ VI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
i
Հոդված 21. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
i
2) մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.
3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ. ↩
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները:
(21-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 07.02.24 ՀՕ-55-Ն օրենքներ)
Հոդված 22. |
Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները |
Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև` լիազորված պետական մարմին):
Լիազորված պետական մարմինը`
1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու, մշակույթի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ. ↩
6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև` մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
11) ներկայացնում է մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Ազգային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն:
(22-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 28.02.24 ՀՕ-121-Ն օրենքներ)
Հոդված 23. |
Մարզպետի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Մարզպետը`
1) ապահովում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
3) կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.
4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:
(23-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-100-Ն օրենք)
Հոդված 24. |
Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Համայնքի ղեկավարը`
1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) որպես պարտադիր լիազորություն` կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.
3) որպես պատվիրակված լիազորություն` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.
4) որպես կամավոր լիազորություն` աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
5) որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ VII
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն օրենք)
Հոդված 25. |
Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը |
Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26. |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության տեսակները |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:
Հոդված 26.1. |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը |
1. Մշակութային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
i
2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`
1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.
2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության:
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով:
(26.1-ին հոդ. լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VIII
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 27. |
Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները |
Հայաստանի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:
Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:
(27-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)
Հոդված 28. |
Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը |
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:
(28-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)
Հոդված 29. |
Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում |
Հայաստանի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:
ԳԼՈՒԽ IX
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 30. |
Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար |
Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ X
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. |
Պետական ծրագրերը ներկայացնելը |
Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հոդված 32. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. դեկտեմբերի 18 Երևան ՀՕ-465-Ն
|