Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՅՑԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ  

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/7047/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/7047/05/16        2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Ն. Տավարացյանի

                                              Ա. Մկրտումյանի

 

2018 թվականի ապրիլի 18-ին

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Լուսակերտ Սարգսյանի ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսակերտ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 որոշումը, պարտավորեցնել Կադաստրին կատարել Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում և որպես հետևանք` անվավեր ճանաչել Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0,0414 հա մակերեսով հողամասի և 49,14 քմ մակերեսով շինության պետական գրանցումը` Լուսակերտ Սարգսյանի անվամբ կատարված պետական գրանցման մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2016 թվականի որոշմամբ Լուսակերտ Սարգսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսակերտ Սարգսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լուսակերտ Սարգսյանը դիմել է Կադաստր` խնդրելով գրանցել վերջինիս սեփականության իրավունքը Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, սակայն Կադաստրը 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 որոշմամբ մերժել է Լուսակերտ Սարգսյանի դիմումը: Սույն գործով Լուսակերտ Սարգսյանը ներկայացրել է պարտավորեցման հայց` պահանջելով պարտավորեցնել Կադաստրին ընդունել դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտը, այսինքն` կատարել սեփականության իրավունքի պահանջվող պետական գրանցումը: Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 որոշումը միջամտում է Լուսակերտ Սարգսյանի իրավունքների իրականացմանը, որպիսի պարագայում ներկայացված պարտավորեցման հայցը ենթակա էր քննության դատարանում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք վարչական դատարանը հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով մերժել հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկին:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի` դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը` որպես իրավաբանական գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից` դատարանի, իսկ մյուս կողմից` իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ` վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումը օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

i

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի` դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմելու դատարան: Հակառակ դեպքում, այսինքն` գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցելու դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը: Ընդ որում, հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, նաև Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսակերտ Սարգսյանն իր ներկայացուցչի միջոցով 09.09.2016 թվականին Կադաստր ներկայացված դիմումով խնդրել է գրանցել իր սեփականության իրավունքը Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (գ.թ. 17-19): Նշված դիմումին ի պատասխան` Կադաստրը 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությամբ հայտնել է Լուսակերտ Սարգսյանին, որ վերջինիս պահանջը չի կարող բավարարվել Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքն այլ անձանց պատկանող անշարժ գույքի հետ համադրվելու, ինչպես նաև իրավահաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով (գ.թ. 20-21): Փաստորեն, Կադաստրը 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությամբ ըստ էության մերժել է Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ Լուսակերտ Սարգսյանի դիմումը:

Դիմելով դատարան` Լուսակերտ Սարգսյանը ներկայացրել է հետևյալ հայցապահանջները.

1) անվավեր ճանաչել Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունը,

2) պարտավորեցնել Կադաստրին կատարել Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում,

3) որպես հետևանք` մասնակիորեն անվավեր ճանաչել Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0,0414 հա մակերեսով հողամասի և 49,14 քմ մակերեսով շինության պետական գրանցումը (գ.թ. 5-13):

Ընդ որում, վերը թվարկված 1-ին և 2-րդ հայցապահանջները Լուսակերտ Սարգսյանը ներկայացրել է որպես հիմնական պահանջ, իսկ 3-րդը` որպես ածանցյալ պահանջ:

i

Դատարանը 20.10.2016 թվականի որոշմամբ մերժել է Լուսակերտ Սարգսյանի հայցադիմումի ընդունումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունը վարչական ակտ չէ, ուստի ներկայացված հիմնական հայցապահանջներից 1-ինը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակին, իսկ 2-րդը չի համապատասխանում նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցատեսակին (գ.թ. 27-31):

Վերաքննիչ դատարանը 20.12.2016 թվականի որոշմամբ մերժել է Լուսակերտ Սարգսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 20.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` համաձայնելով Դատարանի այն դիրքորոշման հետ, որ տվյալ դեպքում բացակայում են վիճարկման և պարտավորեցման հայց ներկայացնելու հիմքերը, քանի որ Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունը վարչական ակտ չէ (գ.թ. 58-62):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Նախ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել` գտնելով, որ Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկին: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կադաստրը 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությամբ ըստ էության մերժել է Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լուսակերտ Սարգսյանի սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ վերջինիս դիմումը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ: Նմանատիպ իրավական դիրքորոշում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է Սիսիանի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Սարգսյանի թիվ 3-1920 (ՎԴ) քաղաքացիական գործով դեռևս 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ` նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ անշարժ գույքի գրանցամատյանում կատարված գրանցումը (գրառումը) վարչական ակտ է: Փաստորեն, մերժելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումը, վարչական մարմինը մերժում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը` միջամտելով անձի սեփականության իրավունքի իրականացմանը: Հետևաբար անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին վարչական մարմնի որոշումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում միջամտող վարչական ակտ է, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի հասկացությանը բնորոշ բոլոր հատկանիշներին (վարչական ակտի հասկացության մասին առավել մանրամասն տե՛ս Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրը, 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությամբ ըստ էության մերժելով Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լուսակերտ Սարգսյանի սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ վերջինիս դիմումը, ընդունել է միջամտող վարչական ակտ: Այլ կերպ ասած` Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում միջամտող վարչական ակտ է` անկախ այն հանգամանքից, որ այն ձևակերպված է ոչ թե որոշման, այլ` գրության տեսքով:

i

Նման պայմաններում անդրադառնալով սույն գործով Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցապահանջներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նկարագրված` (1) Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունն անվավեր ճանաչելու և (2) Կադաստրին Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու հայցապահանջները միասին համապատասխանում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորեցման հայցատեսակին, որի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Ընդ որում, 1-ին պահանջն օրենքի ուժով ներառված է Կադաստրին Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ պարտավորեցման հայցում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը: Իսկ (3) Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0,0414 հա մակերեսով հողամասի և 49,14 քմ մակերեսով շինության պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցապահանջը Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացվել է որպես ածանցյալ պահանջ: Հետևաբար Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորեցման հայցատեսակին չհամապատասխանելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն գործով Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցը ենթակա է դատարանի քննությանը, քանի որ այդ հայցի հիմքում ընկած է իրավական վեճ, որը վերաբերում է Լուսակերտ Սարգսյանին ենթադրյալ պատկանող անշարժ գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի գրանցման ենթակա լինելու կամ չլինելու իրավաչափության հարցին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուսակերտ Սարգսյանը, (1) Կադաստրի 29.09.2016 թվականի թիվ ԱՄ/5256-16 գրությունն անվավեր ճանաչելու, (2) Կադաստրին Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 61/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու և (3) Ասյա և Վարդգես Հայրապետյանների անվամբ գույքագրված 0,0414 հա մակերեսով հողամասի և 49,14 քմ մակերեսով շինության պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջներով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնելու իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը: Այնուհանդերձ, տվյալ դեպքում ստորադաս դատարանները Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցի ենթակայության հարցը լուծելիս առաջնորդվել են ներկայացված հայցապահանջների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այս կամ այն հայցատեսակին համապատասխանելու չափանիշով: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը դատարանի քննությանը ենթակա չլինելը կապված է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակի սխալ ընտրության հետ, այլ դատարան դիմող սուբյեկտի մոտ հայց հարուցելու իրավունքի և դատարանի մոտ իր առջև բարձրացված տվյալ վեճը քննելու և լուծելու իրավասության բացակայության հետ: Այսինքն` հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը: Հետևաբար Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այս կամ այն հայցատեսակին չհամապատասխանելու հանգամանքը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ ներկայացված հայցը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ եզրահանգում կատարելու համար:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չեն այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու Լուսակերտ Սարգսյանի կողմից դատարանի առջև բարձրացված հարցը: Ավելին, Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցապահանջների բնույթի ու բովանդակության վերաբերյալ վերոգրյալ դատողությունները ցույց են տալիս, որ սույն գործով ներկայացված հայցի հիմքում ընկած վեճը ոչ միայն ենթակա է դատարանի քննությանը, այլ նաև ընդդատյա է վարչական դատարանին, քանի որ այն բխում է հանրային իրավահարաբերություններից (հանրային և մասնավոր իրավահարաբերություններից ծագող գործերի ընդդատության տարանջատման վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Փաստորեն, սույն գործով Լուսակերտ Սարգսյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 20.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

Ա. Մկրտումյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.04.2018
N ՎԴ/7047/05/16
Որոշում