i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6502/05/14
2017 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/6502/05/14 |
|
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
Դատավորներ` Ա. Բաբայան
Գ. Ղարիբյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
|
|
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտեմ Մարգարյանի ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.03.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտեմ Մարգարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Արթուր Սաֆարյանի` Ծառայության 17.11.2014 թվականի թիվ ԱԹ 019086 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արտեմ Մարգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 17.11.2014 թվականի թիվ ԱԹ 019086 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 23.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2016 թվականի որոշմամբ Արտեմ Մարգարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.07.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտեմ Մարգարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Դատարանների համար ակնհայտ է եղել համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը, ինչից, սակայն, դատարանները ձեռնպահ են մնացել` մասնավորապես պատճառաբանելով, որ փորձաքննության անհրաժեշտություն չի եղել: Նման մոտեցումը հակասում է վարչադատավարական օրենսդրությամբ երաշխավորված փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի էությանը, համաձայն որի` դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ, իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Վերաքննիչ դատարանը, ըստ էության, Արտեմ Մարգարյանին զրկել է իր դիրքորոշումը հիմնավորելու հնարավորությունից` խախտելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը կարող են պարզվել միայն դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում, քանի որ, ի տարբերություն այլ ապացույցների, տվյալ պարագայում փորձագետի եզրակացություն ներկայացնելու հնարավորություն Արտեմ Մարգարյանը չի ունեցել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
i
1) Ծառայության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Պողոսյանի կողմից 14.11.2014 թվականին կազմված, 17.11.2014 թվականին նույն բաժնի պետի կողմից հաստատված եզրակացության համաձայն` պարզվել է, որ «24.10.2014 թվականին` ժամը 17:30-ի սահմաններում, քաղաքացի Արտեմ Մարգարյանն իրեն պատկանող «ԼԵՔՍՈՒՍ» մակնիշի 80 OD 006 հ/հ-ով ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղիով Լենինգրադյան փողոցի կողմից դեպի Աթենքի փողոցի ուղղությամբ, 40 կմ/ժամ արագությամբ, իր երթևեկելի ուղեմասի ձախ եզրային գոտիով: Մոտենալով և մուտք գործելով Ծիծեռնակաբերդի խճուղու և Աթենքի փողոցի շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ, շարունակել է երթևեկությունը ձախ շրջադարձի ուղղությամբ, որպեսզի հետադարձ կատարի և հետագա ճանապարհը շարունակի Լենինգրադյան փողոցի ուղղությամբ: Հասնելով խաչմերուկի այն հատվածին, որտեղ իր ուղեմասը հատվում է Աթենքի փողոցի` Ծովակալ Իսակովի պողոտայի կողմից մոտեցող ուղեմասին և առկա է եռանկյունաձև հորիզոնական գծանշում, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի և զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին, կանգ է առել, որից հետո ավտովարորդ Արտեմ Մարգարյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 36-րդ, 96-րդ կետերի, ինչպես նաև նույն հավելվածի Ձև N 2-ի 1.13-րդ կետի պահանջների խախտումներ, այն է` նկատելով, որ հատվող ճանապարհով իր աջ կողմից ավտոմեքենա է մոտենում, վերսկսել է երթևեկությունը և երկրորդական ճանապարհահատվածից հատվող ուղեմաս մուտք գործելիս ճանապարհը չի զիջել գլխավոր` Աթենքի փողոցով Ծովակալ Իսակովի պողոտայի կողմից վերը նշված խաչմերուկ մուտք գործած և ուղիղ երթևեկող քաղաքացի Արթուր Սաֆարյանի վարած «ՕՊԵԼ» մակնիշի 22 ՕՍ 471 հ/հ-ով ավտոմեքենային, որի հետևանքով իր վարած ավտոմեքենայի առջևի մասով բախվել է այդ ավտոմեքենայի հետևի ձախ կողային մասին և պատճառել գույքի վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, վարորդների բացատրություններով, ինչպես նաև գործի ողջ նյութերով: Այսպիսով, Արտեմ Մարգարյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 36-րդ, 96-րդ կետերի, ինչպես նաև նույն հավելվածի Ձև N 2-ի 1.13-րդ կետի պահանջների խախտումներ, ինչով պայմանավորել է տվյալ ընդհարումը և գույքի վնասի առաջացումը, ուստի Արտեմ Մարգարյանը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով» (հատոր 1-ին, գ.թ. 49).
2) Ծառայության 17.11.2014 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության և դրա հիման վրա կայացված թիվ ԱԹ 019086 որոշման համաձայն` Արտեմ Մարգարյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տուգանվել է 30.000 ՀՀ դրամի չափով: Վերոնշյալ արձանագրության վերաբերյալ Արտեմ Մարգարյանը հայտնել է իր անհամաձայնության մասին (հատոր 1-ին գ.թ. 46).
4) 10.11.2014 թվականին Ծառայության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Պողոսյանի կողմից Արթուր Սաֆարյանից վերցված բացատրության համաձայն` Արթուր Սաֆարյանը 24.10.2014 թվականին` ժամը 17:30-ի սահմաններում, մոտենալով և մուտք գործելով Աթենքի փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ, միացրել է ավտոմեքենայի ձախ թարթիչը, որպեսզի հետադարձ կատարի և հետագա ճանապարհը շարունակի Ծովակալ Իսակովի պողոտայի ուղղությամբ: Հասնելով շրջանաձև երթևեկությամբ ճանապարհների հատման մասին` նկատել է, որ իր ձախ կողմից մոտեցող ուղեմասում` կանգառի տեղը ցույց տվող եռանկյունաձև ճանապարհային գծանշանի մոտ, կանգնած է մի սև «ջիպ» ավտոմեքենա, որի ձախ կողմից` գծանշումից բավական առաջ, կանգնած է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա` որը մուտք է գործել իր ուղեմաս և գտնվում է իր ուղեգոտու հատվածում, որին տեսնելով, Արթուր Սաֆարյանը մանևրել է, որպեսզի շրջանցի այդ ավտոմեքենան և այն պահին, երբ ցանկանում էր շրջանցել, վերջինը վերսկսել է երթևեկությունը, և Արթուր Սաֆարյանը ստիպված արգելակել է, որպեսզի «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան անցնի, որից մի քանի վայրկյան անց իր ավտոմեքենայի ձախ կողմից հարված է եղել (հատոր 1-ին գ.թ. 57):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից վարչական դատավարությունում փորձաքննություն նշանակելու լիազորության իրացմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
i
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...) ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
i
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 36-րդ կետի համաձայն` երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով (...):
i
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 96-րդ կետի համաձայն` երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
i
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի Ձև N 2-ի համաձայն` 1.13-րդ կետը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումը` հակաիրավական, մեղավոր այնպիսի գործողություն կամ անգործություն է, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության այնպիսի խախտման համար, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար: Ընդ որում, անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- անձը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը,
- խախտման հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, այսինքն` խախտման և ճանապարհատրանսպորտային պատահարի միջև առկա է պատճառահետևանքային կապ,
- առկա չեն հանցագործության հատկանիշներ:
Ինչ վերաբերում է զանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իրավախախտի հոգեբանական վերաբերմունքն է հակաիրավական արարքի և դրա հետևանքների նկատմամբ, որը, որպես ընդհանուր կանոն, կարող է արտահայտվել մեղքի երկու ձևով էլ` ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ: Այսինքն` պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ է, որ իրավախախտումը կատարված լինի մեղավորությամբ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման փաստի առկայությունը, ինչպես նաև այդ խախտման և ճանապարհատրանսպորտային պատահարի միջև առկա պատճառահետևանքային կապը պարզելու համար հաճախ անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ: Ընդ որում, հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակը պատահարի առաջացման մեխանիզմը, դրան մասնակցած անձանց կողմից պատահարը կանխելու հնարավորությունը, վերջիններիս մեղավորության հարցը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ մյուս չափանիշների առկայության հարցն իրավաչափ կերպով լուծելուն օժանդակելն է: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող փաստական հանգամանքները դատարանի կողմից կատարված իրավական և փաստական վերլուծությամբ չեն կարող իրավաչափ կերպով բացահայտվել, եթե դատարանի եզրահանգումները հիմնված չեն դատավարական սահմանված կարգով ձեռք բերված համապատասխան փորձագիտական եզրակացության վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա'մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա'մ փորձագետին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությանը, նշել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):
Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված փորձաքննության վերաբերյալ իրավակարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է նշանակել փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ: Հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթը նշանակում է համապատասխան պետական մարմնի օրենքով սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև, առհասարակ, իր լիազորությունը գործնականում կիրառելու կամ դրանից ձեռնպահ մնալու հնարավորություն: Պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախ և առաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փորձաքննություն նշանակելու լիազորության իրացման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի կապակցությամբ նախկին որոշումներում տեղ գտած իրավական դիրքորոշումների իրավական տրամաբանությունը հավասարապես կիրառելի է նաև ՀՀ վարչական դատավարության շրջանակներում: Ավելին, եթե քաղաքացիական դատավարությունը լիարժեք մրցակցային է, այսինքն` որոշակի հանգամանքներում դատարանը կարող է ձեռնպահ մնալ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելուց, ապա վարչական դատավարությունում դատարանը գործի փաստերը պարզում է ի պաշտոնե, կաշկանդված չէ վարչական դատավարությունում մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
i
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը (տե՛ս, Գրետա Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ կառավարության և մյուսների թիվ ՎԴ/5908/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև կողմի միջնորդությամբ դատարանի կողմից փորձաքննության նշանակման նկատմամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` ինչպես իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, այնպես էլ կողմի միջնորդությամբ:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «հետազոտելով ավտովթարի փաստի առթիվ նախապատրաստված թիվ 2-14364 վարույթի նյութերը, գտնում է, որ դրանով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարած լինելու փաստը, հետևաբար հայցվորի դիրքորոշումն առ այն, որ իր կողմից իրավախախտում թույլ չի տրվել, անհիմն է»: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով հայցվորի այն դիրքորոշմանը, որ պետք է նշանակվեր փորձաքննություն, գտել է, որ այն նույնպես անհիմն է, քանի որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը հայցվորին վերագրելու համար: Արդյունքում Դատարանը գտել է, որ Արթուր Սաֆարյանի կողմից վարած «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան հարվածն ստացել է հայցվորի կողմից վարած ավտոմեքենայի կողմից:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի դիրքորոշումները` միաժամանակ նշելով, որ «ավտոտեխնիկական փորձագետի հատուկ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվել, և այդ առումով հիմնավորված է գնահատվում Դատարանի վերոհիշյալ եզրահանգումը նման փորձաքննության անցկացումն անհրաժեշտ չլինելու մասին ու, ընդհակառակը, անհիմն է բողոքի հիմքը` դրա անհրաժեշտ լինելու մասին»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Տվյալ դեպքում Արտեմ Մարգարյանին են վերագրվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 36-րդ, 96-րդ կետերի, ինչպես նաև նույն հավելվածի Ձև N 2-ի 1.13-րդ կետի պահանջների խախտումներ, որոնց պատճառով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարը, և վերջինս ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանը, հիմնվելով իր կատարած վերլուծությունների վրա, ընդգծում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս զանցակազմի այլ հատկանիշների, անհրաժեշտ է նաև պարզել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
- անձը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը,
- խախտման հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, այսինքն` խախտման և ճանապարհատրանսպորտային պատահարի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նշված հարցերի պարզաբանումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառմամբ: Ընդ որում, սույն գործով էական նշանակություն ունի նաև վթարի կանխման տեխնիկական հնարավորության հարցը պարզելու հանգամանքը: Վերոնշյալ եզրահանգման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ վարչական վարույթի ընթացքում կողմերի բացատրություններից հետևում է, որ վթարի հետևանքով տուժող ճանաչված վարորդը ճանապարհի իր հատվածում մինչև Արտեմ Մարգարյանի մեքենային հասնելը, հանդիպելով այլ խոչընդոտների, կատարել է վերադասավորումներ, ուստի հատուկ մասնագիտական գիտելիքների առկայությամբ և օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացության առկայության պայմաններում պետք է գնահատվեր նաև վթարի կանխման տեխնիկական հնարավորության հարցը: Մինչդեռ ստորադաս դատարանները վերլուծել և գնահատել են Արտեմ Մարգարյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոններ խախտելու և վարչական տույժի ենթարկվելու հանգամանքներն այն դեպքում, երբ սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով, ավտովթարի առաջացման հարցում կողմի մեղավորության բացահայտման համար ստորադաս դատարանների իրավական վերլուծություններն ինքնին չեն կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը, ինչպես նաև չեն կարող բազմակողմանի և օբյեկտիվ կերպով պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման մեխանիզմը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի ուսումնասիրության պայմաններում առկա է ողջամիտ կասկած վթարի առաջացման համար Արտեմ Մարգարյանի մեղավորության հարցում:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով իրեն վերապահված` փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն: Մինչդեռ քննարկվող դեպքում Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման անհրաժեշտությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.03.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |