Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾ, ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԿԴ/0393/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0393/02/13    2016թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ամրբեկ Չոգունյանի ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ամրբեկ Չոգունյանի ընդդեմ Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, և ըստ Հայկ Նազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ամրբեկ Չոգունյանի և երրորդ անձ Արթուր Դանիելյանի` վտարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ամրբեկ Չոգունյանը պահանջել է Համապատասխանողների միջև ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող տան վերաբերյալ 29.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և Արթուր Դանիելյանին պարտադրել նշված գույքի վերաբերյալ իր հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ինչպես նաև Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հայկ Նազարյանը պահանջել է Ամրբեկ Չոգունյանին վտարել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող տնից և տնամերձ հողամասից, ինչպես նաև Ամրբեկ Չոգունյանից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 31.01.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Համապատասխանողների միջև 29.06.2012 թվականին կնքված վերոնշյալ պայմանագիրը համարել կնքված Արթուր Դանիելյանի (վաճառող) և Ամրբեկ Չոգունյանի (գնորդ) միջև, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ գույքի նկատմամբ Հայկ Նազարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, այդ գույքի նկատմամբ գրանցել Ամրբեկ Չոգունյանի սեփականության իրավունքը և Համապատասխանողներից հօգուտ Ամրբեկ Չոգունյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայությունների գումար, մնացած մասով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ Ն. Բարսեղյան, Ի. Վարդանյան, Ս. Միքայելյան) 25.06.2014 թվականի որոշմամբ Հայկ Նազարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.10.2014 թվականի և 05.11.2014 թվականի որոշումներով Ամրբեկ Չոգունյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքները թողնվել են առանց քննության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ամրբեկ Չոգունյանին վտարել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 տնից և տնամերձ հողամասից, Ամրբեկ Չոգունյանից հօգուտ Հայկ Նազարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2015 թվականի որոշմամբ Ամրբեկ Չոգունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.04.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ամրբեկ Չոգունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 3-րդ կետը և 220-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ գնորդին վերագրվող գործողությունները չեն կատարվել Հայկ Նազարյանի կողմից. բնակելի տան գնման համաձայնությունը կայացվել է Արթուր Դանիելյանի և Ամրբեկ Չոգունյանի միջև, պայմանագրի գինը վճարել է վերջինս, Արթուր Դանիելյանը նրան է հանձնել գույքը, ով և գործարքը կնքելուց հետո մինչ օրս տիրապետում, օգտագործում և կառավարում է անշարժ գույքը: Վիճարկվող գործարքով իրականում քողարկվել է Ամրբեկ Չոգունյանի` որպես գնորդի և Արթուր Դանիելյանի`որպես վաճառողի միջև կնքված գործարքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Արթուր Դանիելյանը բացատրություն է տվել այն մասին, որ առուվաճառքի բանակցությունները վարել է Ամրբեկ Չոգունյանի հետ, նրա հետ է համաձայնության եկել գնի շուրջ, և նա էլ, վճարելով վաճառքի գինը, գնել է բնակելի տունը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 17.06.2013 թվականին Արթուր Դանիելյանը «Տեղեկագիր» վերտառությամբ փաստաթուղթ է կազմել այն մասին, որ «իրեն պատկանող սեփականությունը` Եղվարդի Արայի 2-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող տունը, վաճառել է Ամրբեկ Չոգունյանին, ումից ստացել է նախնական 29.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Քանի որ փաստաթղթերը ձևակերպելու ժամանակ Ամրբեկ Չոգունյանը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, փոխադարձ համաձայնությամբ այն ձևակերպվել է նրա զարմիկի` Հայկ Նազարյանի անունով: Գրանցման պահին Ամրբեկ Չոգունյանից Արմեն Նազարյանի միջոցով ստացել է մնացած 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը» (հատոր 1-ին, գ.թ. 33).

2) 29.06.2012 թվականին Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Արթուր Դանիելյանը Հայկ Նազարյանին է վաճառել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Հայկ Նազարյանին 04.07.2012 թվականին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 35-37).

3) 11.07.2013 թվականին Արթուր Դանիելյանը ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում բացատրություն է տվել նաև այն մասին, որ «Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ փողոցի թիվ 12 հասցեում ունեցել է սեփական տուն, որը վաճառել է: Տունն իրենից գնել է Ամրբեկ Չոգունյանը, ով եկել էր նաև քրոջ որդու` Երջանիկ Նազարյանի և վերջինիս որդու` Հայկի հետ: Երջանիկն իրեն ասել է, որ տունը գնում են քեռու համար, և որ քեռին նոր է եկել Ռուսաստանի Դաշնությունից ու ցանկանում է ապրել Հայաստանում: Պայմանավորվել են, որ տունը վաճառելու են 39.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Նախնական 29.500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը ռուսական ռուբլով էր, որը Ամրբեկը տվել է Երջանիկին` ԱՄՆ դոլարով փոխանակելու համար: Երջանիկը բանկում այն փոխանակել է ԱՄՆ դոլարով և տվել իրեն: Նախնական պայմանավորվածության համաձայն` տունը պետք է ձևակերպվեր Երջանիկի անունով, քանի որ Ամրբեկը չուներ Հայաստանի Հանրապետությունում գրանցում: Մնացած 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն իրեն տվել է Երջանիկը, ում նաև կոչել են Արմեն անունով: Գումարը տալու ժամանակ Երջանիկն ասել է, որ այն Ամրբեկն է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունից, և հայտնել է, որ տունը պետք է գրանցվի իր որդու` Հայկ Նազարյանի անունով, քանի որ ինքը հաճախակի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն: Տունը նոտարական կարգով ձևակերպվել է Հայկի անունով: Ինքը տեղյակ է եղել, որ վերը նշված գումարներն Ամրբեկի գումարներն են, և տունը նա է գնում, իսկ տունն Ամրբեկի համաձայնությամբ ուրիշի անունով է գրանցվել այն պատճառով, որ նա չի ունեցել գրանցում և չէր կարող հող գնել» (հատոր 1-ին, գ.թ. 40,41).

4) վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Արթուր Դանիելյանի կողմից տրված բացատրության համաձայն` տունը գնելու վերաբերյալ պայմանավորվածությունն ի սկզբանե եղել է իր և Ամրբեկ Չոգունյանի միջև, ով հավանել է տունը և ում հետ պայմանավորվել են գնի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն` տան գինը կազմել է 39.500 ԱՄՆ դոլար, որից 500 ԱՄՆ դոլարը տրվել է որպես «բեհ», հետո տրվել է 29.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջին 10.000 ԱՄՆ դոլարն իրեն տվել է Արմենը, ով հայտնել է, որ քեռին (նկատի ունի Ամրբեկ Չոգունյանին) ուշ է գալու: Քանի որ իրեն անհրաժեշտ է եղել արագ վաճառել տունը, ուստի իր համար տարբերություն չի եղել, թե տունն ում անունով է գրանցվելու (հատոր 4-րդ, գ.թ. 36-41).

5) Գայանե Հովելյանը և Գարիկ Միրզոյանը 30.07.2013 թվականին գրավոր հայտարարություններ են տվել այն մասին, որ իրենք Արթուր Դանիելյանի հարևաններն են, ով իր տունը 2012 թվականի մայիս ամսին վաճառել է Ամրբեկ Չոգունյանին: Վաճառքից հետո Ամրբեկ Չոգունյանը մինչև օրս բնակվում է այդ տանը (հատոր 1-ին, գ.թ. 42,43).

6) Անահիտ Մախմուրյանը 31.07.2013 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ 2012 թվականի հուլիս ամսից Ամրբեկ Չոգունյանի հարևանն է և, բնակվելով ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում, ճանաչում է Արթուր Դանիելյանին ու տեղյակ է, որ վերջինիս պատկանող վերը նշված տունը 2012 թվականի հունիս ամսին գնել է Ամրբեկ Չոգունյանը, ով մինչև օրս բնակվում է այդ տանը (հատոր 1-ին, գ.թ. 44).

7) Աղասի Հովսեփյանը գրավոր փաստաթուղթ է կազմել այն մասին, որ «հանդիսանալով Արայի թաղամասի հսկիչ` թիվ 12 տան բնակիչ Ամրբեկ Չոգունյանին ճանաչում է որպես սեփականատեր 2012 թվականի մայիս ամսից: Մինչև այսօր մուծումները կատարել է Չոգունյանը» (հատոր 1-ին, գ.թ. 111).

8) Ջանիբեկ Նավասարդյանը 19.09.2014 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «ինքն օգնել է իր քեռուն և նրա համար 40.000 ԱՄՆ դոլարով տուն են գնել Եղվարդում, որից 29.500 ԱՄՆ դոլարը քեռին հաշվել և տվել է Արթուրին, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը քեռին պետք է Արթուրին տար այն ժամանակ, երբ տունը գրանցվեր իր անունով: Դրանից հետո քեռին Կրասնոդարից իրեն բանկի միջոցով ուղարկել է 10.000 ԱՄՆ դոլար, որն ինքը ստացել է: Այդ գումարն ինքն Արմենի պահանջով տվել է վերջինիս, ով ասել է, որ քեռին ուշ կգա Կրասնոդարից, և այդ տունը գրանցվելու է Արմենի որդու` Հայկի անունով, իսկ երբ որ քեռին վերադառնա` կգրանցվի նրա անունով» (հատոր 3-րդ, գ.թ. 18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին, ինչպես նաև շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ գործերով ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության իրավական խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

i

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

i

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական նորմով սահմանված է ապացույցների վերաբերելիության ընդհանուր կանոնը, որը հասցեագրված է դատարանին: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց կողմից ներկայացվող ապացույցներից դատարանը հետագա հետազոտման և դատական ակտը հիմնավորելու համար պետք է ընտրի բացառապես նրանք, որոնք ուղղակիորեն կապված են գործով ապացուցման ենթակա փաստերի հետ:

Այլ կերպ ասած` գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված ամբողջ ապացուցողական նյութից դատարանը պարտավոր է ընտրել միայն այն ապացույցները, որոնք վերաբերում են գործին և հաստատում են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը: Հետևաբար ապացույցների վերաբերելիության կանոնի հիմքում ընկած է ապացույցների բովանդակության և ապացուցման ենթակա փաստերի միջև գոյություն ունեցող օբյեկտիվ կապը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ներկայացված ապացույցները վերաբերելի են, եթե դրանց բովանդակությունը տեղեկություն է պարունակում այն մասին, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:

Ինչ վերաբերում է ապացույցների թույլատրելիությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների թույլատրելիության իրավական խնդրին, նշել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իր նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես` գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:

3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով (տե՛ս, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 29.06.2012 թվականին Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Արթուր Դանիելյանը Հայկ Նազարյանին է վաճառել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Հայկ Նազարյանին 04.07.2012 թվականին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական:

17.06.2013 թվականին Արթուր Դանիելյանը «Տեղեկագիր» վերտառությամբ փաստաթուղթ է կազմել այն մասին, որ «իրեն պատկանող սեփականությունը` Եղվարդի Արայի 2-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող տունը, վաճառել է Ամրբեկ Չոգունյանին, ումից ստացել է նախնական 29.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Քանի որ փաստաթղթերը ձևակերպելու ժամանակ Ամրբեկ Չոգունյանը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, փոխադարձ համաձայնությամբ այն ձևակերպվել է նրա զարմիկի` Հայկ Նազարյանի անունով: Գրանցման պահին Ամրբեկ Չոգունյանից Արմեն Նազարյանի միջոցով ստացել է մնացած 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը»:

11.07.2013 թվականին Արթուր Դանիելյանը ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում բացատրություն է տվել նաև այն մասին, որ «Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ փողոցի թիվ 12 հասցեում ունեցել է սեփական տուն, որը վաճառել է: Տունն իրենից գնել է Ամրբեկ Չոգունյանը, ով եկել էր նաև քրոջ որդու` Երջանիկ Նազարյանի և վերջինիս որդու` Հայկի հետ: Երջանիկն իրեն ասել է, որ տունը գնում են քեռու համար, և որ քեռին նոր է եկել Ռուսաստանի Դաշնությունից ու ցանկանում է ապրել Հայաստանում: Պայմանավորվել են, որ տունը վաճառելու են 39.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Նախնական 29.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը ռուսական ռուբլով էր, որը Ամրբեկը տվել է Երջանիկին` ԱՄՆ դոլարով փոխանակելու համար: Երջանիկը բանկում այն փոխանակել է ԱՄՆ դոլարով և տվել իրեն: Նախնական պայմանավորվածության համաձայն` տունը պետք է ձևակերպվեր Երջանիկի անունով, քանի որ Ամրբեկը չուներ Հայաստանի գրանցում: Մնացած 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն իրեն տվել է Երջանիկը, ում նաև կոչել են Արմեն անունով: Գումարը տալու ժամանակ Երջանիկն ասել է, որ այն Ամրբեկն է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունից, և հայտնել է, որ տունը պետք է գրանցվի իր որդու` Հայկ Նազարյանի անունով, քանի որ ինքը հաճախակի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն: Տունը նոտարական կարգով ձևակերպվել է Հայկի անունով: Ինքը տեղյակ է եղել, որ վերը նշված գումարներն Ամրբեկի գումարներն են, և տունը նա է գնում, իսկ տունն Ամրբեկի համաձայնությամբ ուրիշի անունով է գրանցվել այն պատճառով, որ նա չի ունեցել գրանցում և չէր կարող հող գնել»:

Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Արթուր Դանիելյանի կողմից տրված բացատրության համաձայն` տունը գնելու վերաբերյալ պայմանավորվածությունն ի սկզբանե եղել է իր և Ամրբեկ Չոգունյանի միջև, ով հավանել է տունը: Պայմանավորվածության համաձայն` տան գինը կազմել է 39.500 ԱՄՆ դոլար, որից 500 ԱՄՆ դոլարը տրվել է որպես «բեհ», հետո տրվել է 29.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջին 10.000 ԱՄՆ դոլարն իրեն տվել է Արմենը, ով հայտնել է, որ քեռին (նկատի ունի Ամրբեկ Չոգունյանին) ուշ է գալու: Քանի որ իրեն անհրաժեշտ է եղել արագ վաճառել բնակարանը, ուստի իր համար տարբերություն չի եղել, թե տունն ում անունով է գրանցվելու:

Գայանե Հովելյանը և Գարիկ Միրզոյանը 30.07.2013 թվականին գրավոր հայտարարություններ են տվել այն մասին, որ իրենք Արթուր Դանիելյանի հարևաններն են, ով իր տունը 2012 թվականի մայիս ամսին վաճառել է Ամրբեկ Չոգունյանին: Վաճառքից հետո Ամրբեկ Չոգունյանը մինչև օրս բնակվում է այդ տանը: Անահիտ Մախմուրյանը 31.07.2013 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ 2012 թվականի հուլիս ամսից Ամրբեկ Չոգունյանի հարևանն է և, բնակվելով ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում, ճանաչում է Արթուր Դանիելյանին ու տեղյակ է, որ վերջինիս պատկանող վերը նշված տունը 2012 թվականի հունիս ամսին գնել է Ամրբեկ Չոգունյանը, ով մինչև օրս բնակվում է այդ տանը: Աղասի Հովսեփյանը գրավոր փաստաթուղթ է կազմել այն մասին, որ «հանդիսանալով Արայի թաղամասի հսկիչ` թիվ 12 տան բնակիչ Ամրբեկ Չոգունյանին ճանաչում է որպես սեփականատեր 2012 թվականի մայիս ամսից: Մինչև այսօր մուծումները կատարել է Չոգունյանը»: Ջանիբեկ Նավասարդյանը 19.09.2014 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «ինքն օգնել է իր քեռուն և նրա համար 40.000 ԱՄՆ դոլարով տուն են գնել Եղվարդում, որից 29.500 ԱՄՆ դոլարը քեռին հաշվել և տվել է Արթուրին, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը քեռին պետք է Արթուրին տար այն ժամանակ, երբ տունը գրանցվեր իր անունով: Դրանից հետո քեռին Կրասնոդարից իրեն բանկի միջոցով ուղարկել է 10.000 ԱՄՆ դոլար, որն ինքը ստացել է: Այդ գումարն ինքը Արմենի պահանջով տվել է վերջինիս, ով ասել է, որ քեռին ուշ կգա Կրասնոդարից, և այդ տունը գրանցվելու է Արմենի որդու` Հայկի անունով, իսկ երբ որ քեռին վերադառնա` կգրանցվի նրա անունով»:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի միջև 29.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը... ստորագրվել է վերջիններիս կողմից», «գործարքն ստացել է նոտարական վավերացում, իսկ գործարքից ծագող իրավունքները` պետական գրանցում, որպիսի հանգամանքը չի վիճարկել նաև սկզբնական հայցվորը», «սկզբնական հայցվորը չի ներկայացրել թույլատրելի և բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ իրականում կողմերի կամքն ուղղված չի եղել անշարժ գույքը վաճառելուն կամ, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև», «սկզբնական հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց, որ պայմանագիրն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին, այն է, որ գործարքի կողմերից Արթուր Դանիելյանի կամքն ուղղված չի եղել անշարժ գույքը վաճառելուն, իսկ Հայկ Նազարյանի կամքը` այդ անշարժ գույքը ձեռք բերելուն, կամ որ կողմերի միջև ծագել են այլ իրավահարաբերություններ, քան կնքված պայմանագրով նախատեսվածը», «գործի նյութերում առկա` Արթուր Դանիելյանի կողմից 17.06.2013 թվականին տրված տեղեկագիրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի Նաիրիի բաժնում 11.07.2013 թվականին վերջինիս կողմից տրված բացատրությունը, հարևանների, ինչպես նաև կոմունալ ծառայությունների հսկողություն իրականացնող տեսուչ Աղասի Հովսեփյանի կողմից տրված հայտարարությունները սույն գործով թույլատրելի ապացույց համարվել, հետևաբար նաև ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ դրանք դեռևս բավարար չեն հիմնավորված դիտելու վիճարկվող գործարքն իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված լինելու հանգամանքը», ինչպես նաև նշելով, որ «սույն քաղաքացիական գործով ներկայացված մյուս գրավոր ապացույցները ոչ վերաբերելի են», հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել մասնակիորեն:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանի կողմից սույն քաղաքացիական գործով իրականացվել է ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները գնահատվել են իրենց համակցության մեջ», «Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի միջև 29.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, որով Արթուր Դանիելյանը վաճառել է, իսկ Հայկ Նազարյանը ձեռք է բերել Արթուր Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի 12 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, ստորագրվել է վերջիններիս կողմից», «գործարքն ստացել է նոտարական վավերացում, իսկ գործարքից ծագող իրավունքները` պետական գրանցում», «բողոքաբերը չի ներկայացրել թույլատրելի և բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ իրականում կողմերի կամքն ուղղված չի եղել անշարժ գույքը վաճառելուն կամ, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև», «բողոքաբերը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց, որ պայմանագիրն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին, այն է, որ գործարքի կողմերից Արթուր Դանիելյանի կամքն ուղղված չի եղել անշարժ գույքը վաճառելուն, իսկ Հայկ Նազարյանի կամքը` այդ անշարժ գույքը ձեռք բերելուն, կամ որ կողմերի միջև ծագել են այլ իրավահարաբերություններ, քան կնքված պայմանագրով նախատեսվածը», գտել է, որ Դատարանի եզրահանգումն այս առումով իրավաչափ է:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ամրբեկ Չոգունյանի այն փաստարկներին, որ «Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել գործի նյութերում առկա` Արթուր Դանիելյանի կողմից 17.06.2013 թվականին կազմված տեղեկագրին, ՀՀ ոստիկանության Կոտայքի Նաիրիի բաժնում 11.07.2013 թվականին վերջինիս կողմից տրված բացատրությանը, հարևանների, ինչպես նաև կոմունալ ծառայությունների հսկողություն իրականացնող տեսուչ Աղասի Հովսեփյանի կողմից տրված հայտարարություններին, ձայնագրման երիզին», արձանագրել է, որ «վերոհիշյալ ապացույցները սույն գործով թույլատրելի չեն, հետևաբար նաև ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ դրանք դեռևս բավարար չեն հիմնավորված դիտելու վիճարկվող գործարքն իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված լինելու հանգամանքը»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ամրբեկ Չոգունյանի այն փաստարկին, որ «2012 թվականի հունիս ամսից մինչ օրս բացահայտ և փաստացի բնակվում է վեճի առարկա բնակելի տանը` փաստացի տիրապետելով և կառավարելով գույքը որպես իր սեփականություն և կատարելով տան կոմունալ ծառայությունների վճարները», արձանագրել է, որ «դրանք ևս անհիմն են, քանի որ վիճելի գույքը տիրապետելը և կառավարելը, ինչպես նաև տան կոմունալ ծառայությունների վճարները կատարելը դեռևս չեն վկայում 29.06.2012 թվականին Արթուր Դանիելյանի և Հայկ Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով որպես իրական կողմ (գնորդ) ոչ թե Հայկ Նազարյանի, այլ Ամրբեկ Չոգունյանի հանդիսանալու փաստը»:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` վիճարկվող գործարքն իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված լինելու փաստը հերքել են միայն նրանով, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը 29.06.2012 թվականին կնքվել է Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի միջև, այդ պայմանագրով Արթուր Դանիելյանը վաճառել է, իսկ Հայկ Նազարյանը ձեռք է բերել Արթուր Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի Արայի թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ պայմանագիրն ստորագրվել է վերջիններիս կողմից և գործարքն ստացել է նոտարական վավերացում, իսկ գործարքից ծագող իրավունքները` պետական գրանցում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Վճռաբեկ դատարանը, վերլուծելով սույն գործում առկա ապացույցները ողջ համակցության մեջ, մասնավորապես` համադրելով 17.06.2013 թվականին Արթուր Դանիելյանի կողմից կազմված «Տեղեկագիր» վերտառությամբ փաստաթուղթը, 11.07.2013 թվականին Արթուր Դանիելյանի կողմից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում տրված բացատրությունը, վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Արթուր Դանիելյանի տված բացատրությունը, Գայանե Հովելյանի և Գարիկ Միրզոյանի կողմից 30.07.2013 թվականին, Անահիտ Մախմուրյանի կողմից 31.07.2013 թվականին և Ջանիբեկ Նավասարդյանի կողմից 19.09.2014 թվականին տրված գրավոր հայտարարությունները, Աղասի Հովսեփյանի կողմից կազմված գրավոր փաստաթուղթը, գտնում է, որ նշված ապացույցները բովանդակային առումով տեղեկություն են պարունակում վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայության վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցները սույն գործով վերաբերելի ապացույցներ են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ օրենքով կամ այլ իրավական ակտով գործարքը շինծու ճանաչելու համար որոշակի ապացույցներ սահմանված չեն, սույն գործով հայցվորի կողմից ներկայացված` վերը նշված ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ապացույցներ են, որոնք ձեռք չեն բերվել օրենքի խախտմամբ, հետևաբար դրանք նաև թույլատրելի ապացույցներ են:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ամրբեկ Չոգունյանի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ամրբեկ Չոգունյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԿԴ/0393/02/13
Որոշում