i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ3/0169/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ3/0169/05/08 2008 թ.
Դատավոր` Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Սերգեյ Մկրտչյանի` 2.635.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սերգեյ Մկրտչյանի ընդդեմ Տեսչության` ստուգման ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Սերգեյ Մկրտչյանից 2.635.200 ՀՀ դրամ, որից 2.196.000 ՀՀ դրամը` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանք, իսկ 439.200 ՀՀ դրամը` որպես պարտադիր սոցիալական ապահովության վճար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սերգեյ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 10.03.2008 թվականի թիվ 2325406 ստուգման ակտը:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.07.2008 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Դատարանը Սերգեյ Մկրտչյանի գործունեությունը չի դիտել որպես ձեռնարկատիրական, այնինչ գործի նյութերով հիմնավորված է, որ Սերգեյ Մկրտչյանն ավտոմեքենաներ է ներմուծել շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով: Այդ փաստը հաստատող ապացույց են թե Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցադիմումը, որով նա հայտնել է, որ ավտոմեքենաները ձեռք է բերել տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, ինչը ենթադրում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ, և թե Սերգեյ Մկրտչյանի հետագա գործողությունները, այն է` նա ավտոմեքենաներ ներմուծել է մի քանի անգամ, այսինքն` պարբերաբար, և դրանք վաճառելու արդյունքում ստացել է շահույթ (եկամուտ): Ապացույցները սխալ գնահատելու արդյունքում Դատարանի կայացրած դատական ակտը առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161 (ՏԴ) որոշմանը:
i
2. Վարչական դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Տարածքային տեսչության պետին առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության ստուգում նշանակելու լիազորություն տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 15.07.2005 թվականի թիվ 1-06/379-Ա հրամանով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Տեսչության պետի 27.02.2008 թվականի թիվ 2325406 հանձնարարագրի հիման վրա Տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Մարգար Ավետիսյանին և սոց. վճարների և եկամտահարկի բաժնի հարկային տեսուչ Վահիկ Հարությունյանին հանձնարարվել է քաղաքացի Սերգեյ Մկրտչյանի մոտ կատարել առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում (17.09.2007 թ.-ստուգման ավարտն ընկած ժամանակաշրջանի համար):
i
2) Ստուգումն իրականացնող տեսուչների կողմից 10.03.2008 թվականին կազմվել է թիվ 2325406 ակտը, որով արձանագրվել է, որ Սերգեյ Մկրտչյանն առանց պետական գրանցման զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ (արտասահմանյան ավտոմեքենաների ներմուծում և վաճառք): Սերգեյ Մկրտչյանին առաջադրվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի կարգով նշանակված տուգանքի տեսքով 2.196.000 դրամի չափով վերջնական հարկային պարտավորություն:
3) Սերգեյ Մկրտչյանը 29.02.2008 թվականին ստուգումն իրականացնող անձանց բացատրություն է տվել այն մասին, որ վաճառել է իր կողմից ներկրված մեքենաներից երկուսը` «Ֆորդ Էքսպլորեր» և «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենաները:
4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 24.06.2008 թ. թիվ 17/35-269 գրության համաձայն` 2007 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ հաշվառված են եղել չորս ավտոմեքենաներ` մեկ հատ «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա, մեկ հատ «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենա, երկու հատ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
5) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 07.02.2008 թ. թիվ 17/35-55 գրության համաձայն` 2008 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ հաշվառված են եղել երեք ավտոմեքենաներ` մեկ հատ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, երկու հատ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
6) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 24.05.2008 թվականի թիվ 17/35-220 գրության համաձայն` 23.05.2008 թվականի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ գրանցված չէ որևէ ավտոտրանսպորտային միջոց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) հիսուն տոկոսի չափով:
i
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60.000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է:
Սույն գործով կարևոր է այն հարցի պարզումը, թե արդյո՞ք Սերգեյ Մկրտչյանն ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի իրականացման եղանակով զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, թե` ոչ:
Վիճարկվող ակտն անվավեր ճանաչելիս` Դատարանը պատճառաբանել է, որ Սերգեյ Մկրտչյանը չի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ ավտոմեքենաների ներմուծումը և վաճառքը հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով չի իրականացվել, այլ 01.02.2008 թ-ի և 23.05.2008 թ-ի դրությամբ վաճառել է իր անձնական գույքը հանդիսացող համապատասխանաբար երկու և երեք ավտոմեքենաները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել, մասնավորապես, հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.
1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,
2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,
3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,
4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,
5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,
i
6. այլ առանձնահատուկ հատկանիշներ (իրավական հիմնավորումները տե՛ս Նունե Սահակյանի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ստեփան Ախոյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու պահանջների մասին, 01.08.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-1161 (ՏԴ)):
Սույն գործի փաստերից հետևում է, որ Սերգեյ Մկրտչյանն ի սկզբանե ավտոմեքենաներ է ներմուծել շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով: Այդ հանգամանքը նախ հաստատվում է Սերգեյ Մկրտչյանի կողմից հակընդդեմ հայցադիմումում այդ փաստի ընդունմամբ, մասնավորապես վերջինս նշել է, որ ավտոմեքենաները ձեռք է բերել տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, ինչը վկայում է անձի` շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության մասին: Վերոնշյալ հանգամանքը հիմնավորվում է նաև Սերգեյ Մկրտչյանի հետագա գործողություններով, այն է` նա ավտոմեքենաները ներմուծել է մի քանի անգամ, այսինքն` պարբերաբար, ու արդյունքում դրանք բոլորը վաճառել է:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր հատկանիշ է անհատի` շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը, և ոչ թե փաստացի շահույթ (եկամուտ) ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ (եկամուտ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Սերգեյ Մկրտչյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ տեխնիկական խնդիրներ ունեցող մեքենաներն օտարելիս` Սերգեյ Մկրտչյանը որևէ շահույթ չի ստացել:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով վիճարկվող ակտն անվավեր ճանաչելիս` դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վիճարկվող ակտի կազմման հիմք հանդիսացող հանձնարարագիրն արձակվել է ոչ իրավասու մարմնի կողմից:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում` սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը` նույն օրենքից ելնելով:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշման հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:
Սույն գործի փաստերի համաձայն` 27.02.2008 թվականի թիվ 2325406 ստուգման հանձնարարագիրն արձակվել է Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության պետի կողմից, որի արձակման լիազորությունը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի և ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 15.07.2005 թ-ի թիվ 1-06/379-Ա հրամանի ուժով, տեսչության պետին է փոխանցվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի կողմից:
Վերոնշյալից հետևում է, որ 27.02.2008 թվականի թիվ 2325406 հանձնարարագիրն արձակվել է նման լիազորություն ունեցող մարմնի կողմից:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել ու Սերգեյ Մկրտչյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.635.200 ՀՀ դրամ, որից 2.196.000 ՀՀ դրամ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիմքով նշանակված տուգանքի գումար, 439.200 ՀՀ դրամ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով նշանակված տուգանքի գումար:
Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցը` Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության 10.03.2008 թվականի թիվ 2325406 ստուգման ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան