ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/11505/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11505/02/19 2022 թ.
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
Դատավորներ` Ա. Մխիթարյան
Ս. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի մարտի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աննա Վիրաբյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աննա Վիրաբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 12-րդ շենքի թիվ 46 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2020 թվականի վճռով Աննա Վիրաբյանի հայցը բավարարվել է, վճռվել է` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Աննա Վիրաբյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 12-րդ շենքի թիվ 46 հասցեի նկատմամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2021 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 29.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ դատավոր Ա. Մխիթարյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Անդրանիկ Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աննա Վիրաբյանը (ներկայացուցիչ` Էդգար Գրիգորյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, 561-563-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 12-րդ շենքի թիվ 46 հասցեի բնակարանն Աննա Վիրաբյանի կողմից բարեխղճորեն օգտագործելու փաստը հիմնավոր և ապացուցված չէ, քանի որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 08.04.2019 թվականի հ. ԱՏ-04/04/2019-1-0356 տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 12 շենք, թիվ 46 բնակարան հասցեով գրանցված, գույքագրված անշարժ գույք առկա չէ:
Հիշատակված հասցեի բնակարանը Ռուզաննա Ղազարյանին չի պատկանել սեփականության իրավունքով, ինչն էլ նշանակում է, որ վերջինս չի հանդիսացել այն սուբյեկտը, ով կարող էր տնօրինել (օտարել) վիճելի գույքը, հետևաբար նշված բնակարանը տնօրինելու իրավասություն չունեցող անձի հայտարարությունը կամ վերջինիս որոշակի գումարի փոխանցումն ու բանալիների հանձնումը չէր կարող հայցվորի մոտ համոզմունք ձևավորել, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն, քանի որ նախ հիշատակված բնակարանի սեփականատեր չհանդիսացող անձի` Ռուզաննա Ղազարյանի կողմից 2.500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց այն տրվել է Ալինա Վիրաբյանին, հետևաբար այդ բնակարանը անցել է Ալինա Վիրաբյանի, այլ ոչ թե Աննա Վիրաբյանի տիրապետմանը, բացի այդ, Ալինա Վիրաբյանի տիրապետմանն անցած գույքի նկատմամբ չէր կարող Աննա Վիրաբյանի մոտ ձևավորվել այն համոզմունքը, որ գույք է ձեռք բերում, այն էլ` բարեխղճորեն:
Ինչ վերաբերում է Դատարանի այն փաստարկին, որ Աննա Վիրաբյանը, մշտապես, փաստացի բնակվելով վեճի առարկա հանդիսացող բնակարանում, գույքը փաստացի տիրապետելով, անձամբ հոգալով գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը, համապատասխան կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով, վճարումներ կատարելով, կարող էր ունենալ և ունեցել է այն համոզմունքը, որ գույքի տիրապետումն իր կողմից բարեխիղճ է և, որ այն տիրապետում է որպես սեփականը, ապա գույքի փաստացի տիրապետումն ու անձի կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարումներ կատարված լինելու հանգամանքով չի հիմնավորվում հիշատակված հասցեի գույքը բարեխղճորեն տիրապետելու էական նշանակություն ունեցող փաստը, և նշված վճարումները կատարված լինելու վերաբերյալ Դատարան ներկայացված ապացույցներով կարող է ընդամենը հիմնավորվել տվյալ բնակարանում փաստացի, առանց իրավական հիմքերի, բնակվելու հանգամանքը:
ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետով Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը: Նշված հիմքով ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Արարատյան 1-ին զանգված, 12 շենք, բնակարան 46 հասցեի նկատմամբ պետական գրանցման է ենթարկվել Երևան համայնքի սեփականության իրավունքը, և 12.09.2019 թվականին տրվել է թիվ 12092019-01-0273 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 12 շենք, բնակարան 46 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի գրանցման փաստը հավաստող ապացույց, ինչպես նաև չի վկայակոչել փաստ այն մասին, որ առկա է նման ապացույց:
Բողոքաբերի կողմից ներկայացված այն փաստը, թե Ռուզաննա Ղազարյանի կողմից 2.500 ԱՄՆ դոլարի դիմաց բնակարանն անցել է Ալինա Վիրաբյանի տիրապետմանը, այլ ոչ թե հայցվոր Աննա Վիրաբյանի, քանի որ ըստ կազմված փաստաթղթի` գումարը տվել է Ալինա Վիրաբյանը, Դատարանում չի վիճարկվել:
Աննա Վիրաբյանը հանդիսացել է բարեխիղճ տիրապետող, կատարել է ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 12 շենք, բնակարան 46 հասցեում գտնվող անշարժ գույքի վերանորոգման, այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելուն ուղղված և այլ անհրաժեշտ գործողություններ, իսկ Երևանի քաղաքապետարանն ընդհանրապես որևէ կերպ չի հետաքրքրվել նշված գույքի վիճակով, ցուցաբերել է բացարձակ անգործություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի կողմից 23.01.2019 թվականին տրված թիվ ԱՏ-21/01/2019-1-0103 տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զանգված, 12-րդ շենք, թիվ 46 բնակարան հասցեով գրանցված գույքագրված անշարժ գույք առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 31):
2) Ռուզաննա Ղազարյանի 01.09.2001 թվականի գրավոր հայտարարության համաձայն` վերջինս Ալինա Վիրաբյանից վերցրել է 2.500 ԱՄՆ դոլար, փոխարենը տվել է իր բնակարանը, որը գտնվում է ՀՀ, 1 Արարատյան Մասիվ, 12-րդ շենք, թիվ 46 բնակարան հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 34):
3) Երևանի քաղաքապետարանի կողմից 06.02.2019 թվականին տրված թիվ 16/6785-Հ գրության համաձայն` ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 12-րդ շենքը 03.10.2016 թվականին տրված մասնագիտական եզրակացության հիման վրա գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության ու ընդգրկվել է քաղաքապետարանում հաշվառված վերականգնման-ամրացման ենթակա շենքերի ցանկում (հատոր 1-ին, գ.թ. 32):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
i
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքը փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:
i
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, նաև այն հանգամանքը, որ գույքի իրավատիրոջ կողմից իրականացվել են գործողություններ /դրսևորվել է անգործություն/, որոնք ակնհայտ վկայել են հայցվորի կողմից փաստացի տիրապետվող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին և, որ հակառակը հաստատող համապատասխան վերաբերելի, թույլատրելի ապացույց պատասխանողի կողմից Դատարանին չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ հայցվորի` դեռևս 2001 թվականից վիճելի` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի հ. 12 շենքի հ. 46 հասցեի բնակարանում բնակվելու հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ նշված հասցեի բնակարանը վերջինս ձեռք է բերել բնակարանի նախկին բնակիչ Ռուզաննա Ղազարյանից
/ինչը հիմնավորվում է 01.09.2001 թվականի հայտարարությամբ/ և այդ պահից սկսած հայցվորի մոտ եղել է այն համոզմունքը, որ այն ձեռք է բերում օրինական հիմքերով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Աննա Վիրաբյանն անշարժ գույքի 10 տարվա անընդմեջ տիրապետման ժամանակահատվածում այդ գույքի սեփականատիրոջ կողմից երբևիցե որևէ խոչընդոտի` կապված այդ գույքը տիրապետելու հետ, չի հանդիպել, ինչը նշանակում է, որ գույքի իրական սեփականատերն իր գործողություններով մեկուսացել է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից, որպիսի պայմաններում էլ հայցվորի մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ գույքը տիրապետում է որպես սեփականը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ նշված հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Ռուզաննա Ղազարյանին, հետևաբար` Ռուզաննա Ղազարյանը չի հանդիսացել այդ գույքի իրական սեփականատերը և, ըստ այդմ էլ, օբյեկտիվորեն չէր կարող օտարել այն անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանել, իսկ վիճելի հասցեի բնակարանն Աննա Վիրաբյանի քրոջ` Ալինա Վիրաբյանի կողմից նույն հասցեի բնակիչ Ռուզաննա Ղազարյանից ձեռք բերելը` Աննա Վիրաբյանի մոտ չէր կարող ձևավորվել այն համոզմունքը, որ անշարժ գույքն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով: Գործում բացակայում է նաև որևէ ապացույց առ այն, որ վիճելի գույքը սեփականության իրավունքով պատկանել է կամ պատկանում է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:
Ապացույցների նման համակցության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով վկաների ցուցմունքները, ինչպես նաև Աննա Վիրաբյանի կողմից հայցադիմումում ներկայացված հիմնավորումները, մասնավորապես այն, որ վերջինս վիճելի հասցեի անշարժ գույքը ձեռք է բերել Ռուզաննա Ղազարյանից, ի հիմնավորումն որի` ներկայացրել է հայցվորի քրոջը` Ալինա Վիրաբյանին տրված գրավոր հայտարարությունը, դեռևս չէին կարող վկայել այն մասին, որ Աննա Վիրաբյանի մոտ տիրապետման ընթացքում կարող էր ծագել հիմնավոր համոզմունք առ այն, որ վիճելի հասցեի բնակարանը տիրապետում է որպես սեփական գույք: Այսինքն` հայցվոր Աննա Վիրաբյանի կողմից, ըստ էության, որևէ վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել վերջինիս` վիճելի անշարժ գույքի նկատմամբ տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն արդեն իսկ բավարար էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու համար:
i
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտմամբ գնահատելով գործում առկա ապացույցները, Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչի արդյունքում օրինական ուժի մեջ է թողել Դատարանի վճիռը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում էլ հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննա Վիրաբյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար (հատոր 2-րդ, գ.թ. 15), ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2021 թվականի որոշումը և այն փոփոխել` Աննա Վիրաբյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, մերժել:
2. Աննա Վիրաբյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական:
Միասնական կայք` 27.06.22-10.07.22