Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247-ՐԴ, 423...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247-ՐԴ, 423-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ           

    դատարանի որոշում                           թիվ ԼԴ/1160/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1160/02/17        2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի օգոստոսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Կարինե Մուրադյանի ընդդեմ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի (այսուհետ` Բանկ)` 23.04.2014 թվականի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով սահմանված կողմերի միջև դատական ակտի հիման վրա առաջացած իրավահարաբերությունը բանկի հանդեպ պարտապանի հիմնական, ինչպես նաև բանկի գրավի իրավունքն օրենքի ուժով դադարած համարելու ու գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ Կարինե Մուրադյանի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե Մուրադյանը պահանջել է 23.04.2014 թվականի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով սահմանված, կողմերի միջև դատական ակտի հիման վրա առաջացած իրավահարաբերությունը Բանկի հանդեպ պարտապանի հիմնական, ինչպես նաև Բանկի գրավի իրավունքն օրենքի ուժով համարել դադարած և գրավադրված գույքը հանել արգելանքից:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2019 թվականի որոշմամբ Կարինե Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Մուրադյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 423-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները, 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատարանին ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով Բանկը կատարողական թերթերը հարկադիր կատարման չի ներկայացրել, դրանք հարկադիր կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին դիմում գործը քննած դատարան չի ներկայացրել, չի առարկել իրենց կողմից ներկայացված փաստական հանգամանքների վերաբերյալ` ըստ էության ընդունելով նշված փաստերի անհերքելիությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով, մասնավորապես` թիվ ԼԴ/0039/04/14 գործով 22.07.2016 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներն առ այն, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.01.2019 թվականի որոշումը և «գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով 23.04.2014 թվականին կայացված վճռով մասնակի բավարարվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ա/Ձ Արման Կիրակոսյանի, Կարինե Աղասու Մուրադյանի` վարկի պարտքը բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի և այլ գույքի վրա տարածելու և պատճառված վնասը բռնագանձելու պահանջների մասին: Մասնավորապես վճռվել է. «ԱՁ Արման Կիրակոսյանից հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 313.493 ՀՀ դրամ, որից 2Վ0289-1 վարկային պայմանագրով վարկի ընդհանուր պարտքը կազմում է 2.199.565 ՀՀ դրամ, որից տրամադրված վարկի մնացորդը` 1.982.368 ՀՀ դրամ, հաշվեգրված տոկոսը` 137.215 ՀՀ դրամ, տույժերը կազմում են 79.982 ՀՀ դրամ, իսկ 2Վ0289-2 վարկային պայմանագրով տրամադրված վարկի ընդհանուր պարտքը կազմում է 935.365 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդը` 865.012 ՀՀ դրամ, հաշվեգրված տոկոսը` 54.145 ՀՀ դրամ, տույժերը` 16.208 ՀՀ դրամ: ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով երկու վարկային պայմանագրերով տրամադրված վարկերի մնացորդի 2.647.380 ՀՀ դրամ գումարի տոկոսները բռնագանձել վճռի կայացման օրվանից մինչև գումարը վճարելու օրը: Գումարի բռնագանձումը տարածել գրավադրված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 12 շինության 5 հասցեում գտնվող բնակարանի վրա: ...» (հիմք` Դատալեքս տեղեկատվական համակարգ):

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետին ուղղված դիմումով Կարինե Մուրադյանի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանը խնդրել է հայտնել, թե «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթերը ներկայացրել է արդյոք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱԾ Լոռու մարզային բաժին, եթե այո` հարուցվել է արդյոք կատարողական վարույթ և ինչ ընթացքում է գտնվում (հատոր 1-ին, գ.թ. 15).

3) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի 31.03.2017 թվականի գրությամբ Արմեն Չիլինգարյանին հայտնվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով Ա/Ձ Արման Կիրակոսյանից հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին չի մուտքագրվել և կատարողական վարույթ չի հարուցվել (հատոր 1-ին, գ.թ. 16).

4) «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի, Ա/Ձ Արման Կիրակոսյանի, Գևորգ Մուրադյանի և Կարինե Մուրադյանի միջև 08.02.2012 թվականին կնքվել է թիվ Վ0289 գրավի պայմանագիր, որի համաձայն` «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և Ա/Ձ Արման Կիրակոսյանի միջև 08.02.2012թ. կնքված թիվ Վ0289 գլխավոր վարկային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով գրավադրվել է Գևորգ և Կարինե Մուրադյաններին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղամաս, 12 շինություն 5 հասցեում գտնվող բնակարանը, շենքի տակի հողի և սպասարկման տարածքների համամասնական բաժնեմասը (հատոր 1-ին, գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0039/04/14 գործով 22.07.2016 թվականի որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը:

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները շարունակում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1--ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2017 թվականին ընդունված թիվ 9-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23--րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի համաձայն` (...) եթե լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (...) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ վկայակոչված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի` դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: ՈՒստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

i

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

i

Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23--րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով (տե՛ս, նաև «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պահանջատիրոջ համար սահմանված է եղել մեկ տարի ժամկետ` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, դրա հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար, նշված ժամկետով սահմանափակելով նաև պարտատիրոջ` դատական ակտից բխող պահանջի իրավունքի իրացման հնարավորությունը: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը պարտատիրոջ համար սահմանել է անհրաժեշտ գործիքակազմ` վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու և խախտված իրավունքները վերականգնելու համար` ամրագրելով նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, ինչը, սակայն, չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտի կատարման ձգձգման և հանգեցնել իրավահարաբերության մյուս կողմի` պարտապանի իրավունքների ոտնահարմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերն ըստ էության զրկվում է այդ դատական ակտի կատարում պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն դատական ակտով սահմանված պարտավորությունից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշում: Այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները դադարում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը և առկա չէ այդ ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ դատական ակտ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված հանգամանքները ենթակա են պարզման քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացուցման կանոններով` հաշվի առնելով նաև այդ կանոնների մեկնաբանության կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկան:

i

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Կարինե Մուրադյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է 23.04.2014 թվականի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով սահմանված կողմերի միջև դատական ակտի հիման վրա առաջացած իրավահարաբերությունը Բանկի հանդեպ պարտապանի հիմնական, ինչպես նաև Բանկի գրավի իրավունքն օրենքի ուժով դադարած համարել և պարտապանների կողմից գրավադրված գույքը հանել արգելանքից:

Դատարանը 03.07.2018 թվականի վճռով հայցը մերժել է` պատճառաբանելով, որ «կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա ժամկետի բացթողումը դեռևս չի կարող հիմք հանդիսանալ դրանից ածանցվող պարտատիրոջ իրավունքի իրականացումը դադարած համարելու համար: Այդպիսին կարող է լինել այն դեպքը, երբ դատարանի կողմից մերժվի քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու համար ներկայացված դիմումը, ինչը սույն քաղաքացիական գործում բացակայում է, մինչդեռ, Դատարանը դատական նիստերի ժամանակ անդրադարձ է կատարել նաև ապացուցման ենթակա փաստերին և ապացուցման բեռին»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կարինե Մուրադյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու հնարավորությունից, եթե վճիռն այդ ընթացքում չի ներկայացվել կատարման և եթե առկա է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշում: Հետևաբար` միայն այս երկու հանգամանքների առկայության դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ պարտատերը զրկվել է հարկադիր կարգով պահանջների բռնագանձման իրավունքի իրականացման հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը նշել է նաև. «Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016թ. կայացրած որոշմամբ, որով վերջինս մերժել է վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` մասնավորապես արձանագրելով, որ «Վերաքննիչ դատարանը, սույն գործը նոր քննության ուղարկելով, իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում պետք է պարզել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցը, թե արդյո՞ք թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը դատական կարգով վերականգնվել է, թե` ոչ»»:

Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ներկայացված հայցի հիմքում վկայակոչելով մի շարք փաստեր, հայցվորը գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա կրել է այդ փաստերն ապացուցելու պարտականություն: Մասնավորապես հայցվորը, ի թիվս այլնի, պարտավորվել է ապացուցել` արդյոք առկա է կատարողական թերթը կատարման ներկայացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշում, թե ոչ

(տե՛ս 17.10.2017թ. տեղի ունեցած դատական նիստի արձանագրության ձայնագրությունը), որպիսի ապացուցման պարտականությունը վերջինս չի կատարել»:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի քննությունն իրականացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Նախկին օրենսգիրք) սահմանված կանոններով:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցադիմումի պատասխանով, ի թիվս այլնի, պետք է անդրադարձ կատարվի նաև հայցի հիմքում ընկած այն փաստերին, որոնք նա չի ընդունում, այն փաստերին, որոնք ընկած են առարկությունների հիմքում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում, ի թիվս այլնի, նաև կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2014 թվականի թիվ ԼԴ/0065/02/14 վճիռը, որով մասնակի բավարարվել է Բանկի հայցն ընդդեմ Ա/Ձ Արման Կիրակոսյանի, Կարինե Մուրադյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 12 շինության 5 հասցեում գտնվող բնակարանի վրա տարածելու պահանջի մասին, ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի` չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել 26.05.2014 թվականին (նկատի ունենալով, որ 24.05.2014թ. և 25.05.2014թ. ոչ աշխատանքային օրեր են), հետևաբար նշված վճռի կատարման համար Բանկը կարող էր կատարողական թերթը կատարման ներկայացնել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ էր մտել դատական ակտը, այսինքն` ներառյալ 27.05.2015 թվականը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով Ա/Ձ Արման Կիրակոսյանից հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին չի մուտքագրվել և կատարողական վարույթ չի հարուցվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացման եղանակ է նախատեսում իրավահարաբերությունը դադարեցնելը կամ փոփոխելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վերոգրյալ իրավանորմերի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտականությունից, քանի դեռ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի բացթողումը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հարգելի չի ճանաչվել: Հետևաբար, օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելու հետևանքով այդ վճռով սահմանված պարտավորությունն օրենքի ուժով համարվում է դադարած, եթե առկա չէ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը ներկայացրել է ապացույց` ի հիմնավորումն իր կողմից վկայակոչված այն փաստի, որ թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չի ներկայացվել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Բանկը, 30.06.2017 թվականին ստանալով Դատարանի կողմից ուղարկված հայցադիմումի օրինակը (հատոր 1-ին, գ.թ. 17-18), ոչ միայն չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, այլ նաև, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել դատական նիստերին ու չի ներկայացրել առարկություններ` ցուցաբերելով դատավարական անգործություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալը բավարար էր արձանագրելու, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` Բանկը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրացման իրավական հնարավորությունից, իսկ հայցվորն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, հետևաբար վճռով սահմանված հայցվորի պարտավորությունն օրենքի ուժով դադարել է:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից մեջբերումներ անելով, հայցվորի պահանջը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու փաստը հաստատող ապացույց, այն պարագայում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներում ամենևին չի կարևորել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու փաստը, իսկ փաստական վերլուծություններում գործը նոր քննության ուղարկելը պայմանավորել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը դատական կարգով վերականգնված լինելու հարցը պարզելու անհրաժեշտությամբ, որը ենթադրում է ոչ միայն այդպիսի ժամկետը վերականգնելու կամ վերականգնումը մերժելու մասին որոշման առկայություն, այլ նաև` ընդհանրապես նման որոշման բացակայություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից հայցվորի վրա չի դրվել կատարողական թերթը կատարման ներկայացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու փաստի ապացուցման պարտականությունը, այլ 17.10.2017 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցչի հետ գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակի քննարկմամբ հայցվորի վրա դրվել է հայցի հիմքում ընկած հանգամանքների, մասնավորապես` կողմերի միջև դատական ակտի հիման վրա առաջացած իրավահարաբերության դադարած լինելու փաստի ապացուցման պարտականությունը, որը և կատարվել է հայցվորի կողմից: Այն է` հայցվորի կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի գրությունը, որով հաստատվում է, որ այն տալու, այսինքն` 31.03.2017 թվականի դրությամբ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով Ա/Ձ Արման Կիրակոսյանից հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին չի մուտքագրվել և կատարողական վարույթ չի հարուցվել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալն արդեն իսկ բավարար էր արձանագրելու, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0065/02/14 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող իրավահարաբերությունն օրենքի ուժով դադարել է, քանի որ նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում պարտատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել: Ընդ որում, նկատի ունենալով այն, որ գրավով ապահովված հիմնական պարտավորության դադարումն օրենքով նախատեսված այնպիսի հանգամանք է, որը հանգեցնում է գրավի իրավունքի գործողության դադարման, հայցվորին պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքի հետագա ճակատագիրը չի կարող պայմանավորված լինել գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջը բավարարելու մասին դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո կատարման ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու Բանկի հայեցողությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու և 26.05.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը 31.03.2017 թվականի դրությամբ կատարման ներկայացրած չլինելու հանգամանքը չի կարող բացասաբար անդրադառնալ հայցվորի իրավունքների և օրինական շահերի վրա` անորոշ ժամկետով գրավի (արգելանքի) տակ թողնելով վերջինիս սեփականությունը հանդիսացող գույքը, զրկելով նրան գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գրավի իրավունքի դադարման, ինչպես նաև գույքն արգելանքից հանելու հարցերը ստորադաս դատարանների կողմից քննության առարկա չեն դարձվել: Դատարանի կողմից Կարինե Մուրադյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից` վերջինիս վերաքննիչ բողոքը, մերժվել են բացառապես կատարողական թերթը կատարման ներկայացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու փաստը հայցվորի կողմից ապացուցված չլինելու հիմքով, որպիսի եզրահանգումների իրավաչափությունն արդեն իսկ հերքվել է սույն որոշման պատճառաբանություններով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի իրավունքի դադարման, ինչպես նաև գույքն արգելանքից հանելու հարցերին անդրադառնալու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Կարինե Մուրադյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում` վերջինիս կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.08.2020
N ԼԴ/1160/02/17
Որոշում