Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՄԻՆՉԵՎ 15...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՄԻՆՉԵՎ 15.04.2020 ԹՎԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՐԴ/0017/04/16

    Սնանկության գործ թիվ ԱՐԴ/0017/04/16    2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ձեռնարկատիրոջը ճանաչել սնանկ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 23.05.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 23.09.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ձեռնարկատիրոջ սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Դատարանի 23.05.2016 թվականի վճռի դեմ Գոռ Սարիբեկյանի ներկայացուցչի կողմից 07.11.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Գոռ Սարիբեկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածը և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը բավարարելու մասին վճիռն անմիջականորեն չի առնչվում գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ իրավունքներին, քանի որ սնանկ ճանաչելու մասին վճռի առկայությունը դեռևս չի նշանակում պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքի վաճառք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ երրորդ անձ գրավատուն չի կարող բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայության կամ բացակայության հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` Բանկի դիմումը բավարարել»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Ձեռնարկատիրոջ միջև 11.02.2011 թվականին կնքվել է թիվ 9 3000 0 05553 գլխավոր վարկային պայմանագրի հավելված թիվ 9 3000 3 05553/4 առևտրային վարկի պայմանագիրը, որի 2.1 կետի համաձայն` վարկավորման հիմնական պայմաններն են հանդիսանում` վարկի գումար` 100.000 ԱՄՆ դոլար, տարեկան տոկոսադրույք` 15%, ժամկետ` 1106 օր (11.02.11-21.02.14 թթ.): Ի ապահովումն նշված պայմանագրից ծագող պարտավորությունների կատարման` Արմենակ Սարիբեկյանի, Բանկի և Ձեռնարկատիրոջ միջև 09.02.2011 թվականին կնքվել է թիվ 9 3000 0 05553/05 հիփոթեքի պայմանագիրը, որի համաձայն` գրավադրվել է Արմենակ Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Սևանի փողոց, թիվ 29 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16042018-04-0017 վկայականի համաձայն` Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Սևանի փողոց, թիվ 29 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 28.03.2018 թվականի ըստ օրենքի թիվ 1971 ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով գրանցված է Գոռ Արմենակի Սարիբեկյանի սեփականության իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկության գործով պարտապանի պարտավորության կատարման ապահովման համար գրավադրած գույքի սեփականատիրոջ կողմից սնանկության վճիռը բողոքարկելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով պարտապանի պարտավորության կատարման ապահովման համար գրավադրված գույքի սեփականատերը` որպես գործին մասնակից չդարձված անձ, կարող է բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարանը), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն` այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:

Անդրադառնալով սնանկության գործով պարտապանի պարտավորության ապահովման համար գրավադրած գույքի սեփականատիրոջ կողմից սնանկության վճիռը բողոքարկելու իրավական հնարավորության հարցին` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է որոշակի կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը տվյալ հարցի կապակցությամբ սահմանում են այլ կարգավորում, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը:

i

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի լույսի ներքո մեկնաբանելով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայությանը կամ բացակայությանը: Տվյալ իրավահարաբերությունում շահագրգիռ անձինք են միայն պարտապանը և պարտատերը, այլ կերպ ասած` այն հարցը, թե արդյոք պարտապանը կճանաչվի սնանկ, թե` ոչ, անդրադառնում է միայն պարտապանի և պարտատիրոջ իրավունքներին: Հետևաբար օրինաչափ և արդարացված է օրենսդրի մոտեցումն այն մասին, որ նշված դատական ակտը կարող են բողոքարկել միայն պարտապանը և պարտատերը (պարտատերերը) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, ինչպես և սահմանվել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, պարտապանին սնանկ ճանաչելու դատարանի վճռի (դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտի) դեմ վերաքննիչ բողոք կարող են ներկայացնել պարտապանը և պարտատերը, քանի որ սնանկության վարույթի տվյալ փուլում կայացվող դատական ակտը վերաբերում է միայն պարտապանի և պարտատիրոջ/պարտատերերի (դիմող/դիմողներ) իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է պարտապանի սնանկ ճանաչվելու արդյունքում կատարվող գործողությունների հետևանքով այլ անձանց (այդ թվում` գրավատուի) իրավունքների պաշտպանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջիններս զրկված չեն սնանկության վարույթի հետագա համապատասխան փուլերում կատարվող գործողությունների դեմ առարկություններ ներկայացնելու կամ իրենց շահերին առնչվող կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 23.05.2016 թվականի վճռով Ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, իսկ Դատարանի 23.09.2016 թվականի որոշմամբ հաստատվել է վերջինիս սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Դատարանի վճռի դեմ Գոռ Սարիբեկյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի կողմից 07.11.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանը Գոռ Սարիբեկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում բեկանել է Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը հետևյալ պատճառաբանությամբ. «հաշվի առնելով, որ Գոռ Սարիբեկյանն այն անշարժ գույքի սեփականատերն է, որը կարող է իրացվել սնանկության վարույթի շրջանակում, կարևորելով նաև Գոռ Սարիբեկյանի կողմից գործի սկզբնական քննության ժամանակ երրորդ անձ ներգրավելու և գործի նյութերին ծանոթանալու մասին ներկայացված միջնորդությունը մերժվելու հանգամանքը` Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ սույն սնանկության գործով չի ապահովվել Գոռ Սարիբեկյանի մասնակցությունն այն գործի քննությանը, որով շոշափվում էին նաև նրա գույքային իրավունքները: Արդյունքում, կայացվել է դատական ակտ, որն ազդում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին: Սնանկության վարույթում ցանկացած որոշում ուղղակիորեն պայմանավորված է պարտապանին սնանկ ճանաչելու վճռով, դրա տրամաբանական հետևանքն է»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու մասին Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը, որպես գործին մասնակից չդարձված անձ, բողոքարկել է գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ իրավահաջորդ, գույքի ներկա սեփականատեր Գոռ Սարիբեկյանը: Վերաքննիչ դատարանը, բավարարելով նրա բողոքը, փաստորեն, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու մասին վճիռն ազդում է Գոռ Սարիբեկյանի իրավունքների և պարտականությունների վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու վճիռն ինքնին որևէ կերպ չի միջամտում և չի կարող միջամտել Գոռ Սարիբեկյանի իրավունքներին և պարտականություններին, այդ թվում` չի շոշափում նրա գույքային իրավունքները: Մասնավորապես, Դատարանի 23.05.2016 թվականի վճռով վերջինիս վրա չեն դրվել պարտավորություններ, չեն սահմանափակվել նրա իրավունքները, իսկ Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու վճիռը դեռևս չի կանխորոշում գրավադրված գույքի ճակատագիրը, քանի որ սնանկության փաստի հաստատման հետևանքով պարտապանի պարտավորությունների կատարման կարգը սահմանվում է ոչ թե սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ, այլ` սնանկության վարույթի բաղադրատարր հանդիսացող հետագա փուլերի ընթացքում:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոռ Սարիբեկյանի իրավունքները կարող են շոշափվել ոչ թե սնանկ ճանաչելու մասին վճռով, այլ` դրան հաջորդող սնանկության վարույթի հետագա փուլերում կայացվող որոշումներով, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը բովանդակում է հատուկ կարգավորում` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտը, տվյալ պարագայում` վճիռը, բողոքարկելու իրավական հնարավորություն վերապահելով միայն պարտապանին և պարտատիրոջը:

Հետևաբար, սույն գործով ոչ միայն չի հիմնավորվում Դատարանի 23.05.2016 թվականի վճռի` Գոռ Սարիբեկյանի իրավունքներին և պարտականություններին վերաբերելու փաստը, այլև Գոռ Սարիբեկյանը, սույն սնանկության վարույթում չհանդիսանալով պարտապան կամ պարտատեր, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չէր կարող վերաքննության կարգով բողոքարկել Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի 23.05.2016 թվականի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման` դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը` նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն` դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշումը ենթակա է բեկանման, որի արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի 23.05.2016 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Գոռ Սարիբեկյանից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.05.2016 թվականի վճռին:

2. Գոռ Սարիբեկյանից հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.07.2020
N ԱՐԴ/0017/04/16
Որոշում