i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/2976/05/15
Վարչական գործ թիվ ՎԴ/2976/05/15 2018 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ` Ք. Մկոյան
Գ. Ղարիբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2018 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ա/Ձ Գևորգ Դավթյանի ընդդեմ Կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ա/Ձ Գևորգ Դավթյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է և Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը ճանաչվել է անվավեր:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներին: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի վերացման հիմքում դրվել են այլ հանգամանքներ, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտի հիմքում դրվել են այնպիսի հանգամանքներ, որոնք քննարկման առարկա չեն դարձվել Դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն անդրադարձ է կատարել միայն 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշման կայացման ընթացակարգային նորմերի պահպանվածության հարցին` անտեսելով, որ Դատարանը որոշումն անվավեր է ճանաչել` անդրադառնալով պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետ Հ. Կարապետյանի, բաժնի պետ Ա. Սիմոնյանի և կատարող Վ. Մաթևոսյանի կողմից 04.03.2015 թվականին կազմվել է «Կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, անճշտությունների, խախտումների վերաբերյալ» թիվ 75 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ Ա/Ձ Գևորգ Դավթյանը հանդիսանում է հիմնադիր «ՀԱՅ-ԱՆԳԼԻԱԿԱՆ «ԱՐԵՎԻԿ-ԲՐԻԴՋ»» ՓԲԸ-ում, և վերջինիս բաժնեմասը կազմում է 55%, հետևաբար համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» կետի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի` Ա/Ձ Գևորգ Դավթյանը 2012, 2013, 2014, 2015 թվականներին համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող (հատոր 1-ին գ.թ. 13-14).
2) Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի կողմից 05.05.2015 թվականին կայացվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարած հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը, որի համաձայն 22.04.2015 թվականի դրությամբ Ա/Ձ Գևորգ Դավթյանի չկատարած հարկային պարտավորություններն ավելացված արժեքի հարկի գծով կազմում են 35.864.932 ՀՀ դրամ, որն առաջացել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» ենթակետի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կատարված նախնական հաշվարկի հիման վրա: Վերոգրյալի հիման վրա որոշվել է Ա/Ձ Գևորգ Դավթյանից գանձել 35.864.932 ՀՀ դրամ որպես պարտավորության գումար (հատոր 1-ին գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները վարչական դատավարության առանձին փուլերում գործն ի պաշտոնե («ex officio») քննելու սկզբունքի դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին, կարող է արդյոք վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնել այնպիսի հիմքով, որը քննության առարկա չի դարձվել վարչական դատարանում և վկայակոչված չէ վերաքննիչ բողոքում:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի հայցվորի պահանջը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:
Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:
Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսևորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետևյալը.
1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:
2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստեր որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:
3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:
4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունդ ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ գործն ի պաշտոնե քննելու համար: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:
Այսպես, օրինակ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, և արդյո՞ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այլ կերպ ասած վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով: Միաժամանակ հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը նաև վարչական դատավարությունում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս հետագա դատավարական գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է շահագրգիռ անձի կամահայտնությամբ: Մասնավորապես այն դեպքում, երբ հայցվորը դատարանի կողմից մատնանշման լիազորության իրականացումից հետո պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատվի միայն որոշակի իրավական նորմի և ըստ այդմ ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը գործի հետագա քննությունը պետք է իրականացնի և գործն ըստ էության լուծող դատական ակտում վարչական ակտի իրավաչափությունը գնահատի միայն այդ իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ այն դեպքում, երբ հայցվորը ևս գտնում է, որ դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգի ամբողջ ծավալով, դատարանը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն, այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության, քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին, վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետ Հ. Կարապետյանի, բաժնի պետ Ա. Սիմոնյանի և կատարող Վ. Մաթևոսյանի կողմից 04.03.2015 թվականին կազմվել է «Կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, անճշտությունների, խախտումների վերաբերյալ» թիվ 75 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ Ա/Ձ Գևորգ Դավթյանը հանդիսանում է հիմնադիր «ՀԱՅ-ԱՆԳԼԻԱԿԱՆ «ԱՐԵՎԻԿ-ԲՐԻԴՋ»» ՓԲԸ-ում, որի բաժնեմասը կազմում է 55%, հետևաբար համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» կետի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի Ա/Ձ Գևորգ Դավթյանը 2012, 2013, 2014, 2015 թվականներին համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող:
Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի կողմից 05.05.2015 թվականին կայացվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարած հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը, որի համաձայն` 22.04.2015 թվականի դրությամբ Ա/Ձ Գևորգ Դավթյանի չկատարած հարկային պարտավորություններն ավելացված արժեքի հարկի գծով կազմում են 35.864.932 դրամ, որն առաջացել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» ենթակետի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կատարված նախնական հաշվարկի հիման վրա: Վերոգրյալի հիման վրա որոշվել է Ա/Ձ Գևորգ Դավթյանից գանձել 35.864.932 ՀՀ դրամ որպես պարտավորության գումար:
Դիմելով դատարան Ա/Ձ Գևորգ Դավթյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը:
Ա/Ձ Գևորգ Դավթյանը, հայցադիմումում վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» ենթակետը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 37-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածները, նշել է, որ վարչական մարմինը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չիրականացնելով, վերջինիս վրա դրել է ոչ իրավաչափ պարտականություն, քանի որ «Հայ-Անգլիական «Արևիկ Բրիդջ»» ՓԲԸ-ի 794.600 ՀՀ դրամ անվանական արժեքով 55 հատ սովորական բաժնետոմսերն այլևս իրեն չեն պատկանում, այսինքն հայցը հարուցվել է միայն նշված հիմքերով: Հայցադիմումում առկա չի եղել նշում Ա/Ձ Գևորգ Դավթյանի վարչական վարույթի մասին ծանուցված լինելու կամ չլինելու և այդ հիմքով վարչական ակտը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է Ա/Ձ Գևորգ Դավթյանի հայցը, և գործի դատական քննությունն ընթացել է հայցվորի նշած իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Դատարանը, հիմք ընդունելով Ընկերության կողմից ներկայացված փաստարկները, ինչպես նաև իր կողմից հետազոտված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ Նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարած հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, քանի որ բավարար հիմքեր չկան փաստելու, որ Ա/Ձ Գևորգ Դավթյանն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» ենթակետի իմաստով հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող:
Մինչդեռ վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա/Ձ Գևորգ Դավթյանը պատշաճ ձևով չի ծանուցվել հարուցված վարչական վարույթի քննության ժամանակի և վայրի մասին, ընդհանրապես չի հրավիրվել վարույթին, որպիսի պայմաններում վարչական մարմինը չի ապահովել վերջինիս լսված լինելու իրավունքը: Միաժամանակ վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերին` նշելով, որ «(...) հաշվի առնելով վիճարկվող որոշման` նշված հիմքով օրենքով սահմանված կարգի խախտմամբ կայացված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում հայցվոր կողմն ի սկզբանե զրկվել է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից` Վերաքննիչ դատարանը նման պայմաններում այլևս չի անդրադառնում ինչպես վճռով, այնպես էլ բողոքով բարձրացված մյուս հիմք-հիմնավորումների քննարկմանը, քանի որ դրանց իրավաչափության գնահատումը գործի ելքի վրա այլևս որևէ ազդեցություն ունենալ չի կարող(..)»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման` դրա ընդունմանն ուղղված վարույթի ընթացքում Ա/Ձ Գևորգ Դավթյանի լսված լինելու իրավունքի խախտման հիմքով, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ սույն գործը Դատարանում քննվել է միայն վիճարկվող վարչական ակտի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ե» ենթակետի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ ընդունված լինելու կամ չլինելու հիմքով, և այդ հիմքով էլ բերվել է նաև վերաքննիչ բողոքը:
Փաստորեն, վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Ավելին վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը:
Նման պայմաններում վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան