i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵՄԴ/1463/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1463/02/16 2018թ.
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի հուլիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահագն Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահագն Շահբազյանի ընդդեմ Ալբերտ և Էմմա Շահբազյանների, երրորդ անձինք Երևանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար Բաբիկ Սարոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հասմիկ Համբարձումյանի` անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր ճանաչելու, անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցումն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրից բխող պետական գրանցում ճանաչելու պահանջների մասին, և ըստ Հասմիկ Համբարձումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վահագն Շահբազյանի` համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վահագն Շահբազյանը պահանջել է իր, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի թիվ 3088 պայմանագրի նկատմամբ` որպես շինծու գործարքի, կիրառել այն գործարքին վերաբերող կանոնները, որոնք կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս, այն է` 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել որպես իրականում իր, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր, և որպես իրավական հետևանք` Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ իր անվամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչել որպես 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հասմիկ Համբարձումյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ` որպես ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույք:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի 2/3 բաժնեմասի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Հասմիկ Համբարձումյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ Վահագն Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Շահբազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ալբերտ և Էմմա Շահբազյանները ցանկացել են իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի 2/3 մասը նվիրել իրենց որդուն, իսկ իրենց համար ձեռք բերել այլ անշարժ գույք` առանձնանալու նպատակով, սակայն Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի թիվ 4/52 և թիվ 4/57 հասցեներում գտնվող հողամասերը ձեռք բերելու համար գումարը չի բավականացրել և որոշել են Վահագն Շահբազյանին նվիրվող տունը գրավադրել և դրա դիմաց ստացված վարկի միջոցներն ուղղել ձեռքբերվող անշարժ գույքի գինը վճարելուն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ Էմմա Շահբազյանի կողմից ԱՄՆ-ից ուղարկված 28.09.2015 թվականի լիազորագիրը չի համապատասխանել նվիրատվության գործարք կնքելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այդ լիազորագրով կարելի էր կնքել միայն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի թիվ 4/52 և թիվ 4/57 հասցեներում գտնվող հողամասերի սեփականատերը չի ցանկացել սպասել նոր լիազորագիր ուղարկելուն: Բացի այդ, պատասխանողների անունով վարկ ձևակերպել հնարավոր չի եղել` վերջիններիս կողմից վարկավորման պայմաններին չհամապատասխանելու պատճառով, ուստի Վահագն, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև 07.10.2015 թվականին ձևակերպվել է անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 05.12.2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ 592850 վկայականի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ, Էմմա և Վահագն Շահբազյաններին (հատոր 1-ին, գ.թ. 37-38),
2) Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 11.05.2016 թվականին տրված թիվ ԱԲ157475 ամուսնության վկայականի կրկնօրինակի համաձայն` Վահագն Շահբազյանի և Հասմիկ Համբարձումյանի ամուսնությունը գրանցվել է 09.06.2003 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 254 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 47),
3) 28.09.2015 թվականի լիազորագրի համաձայն` Էմմա Շահբազյանը լիազորել է Ալբերտ Շահբազյանին տնօրինել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանը, թույլատրել է վաճառել, նվիրել, գրավ դնել, հանձնել (...) և կատարել այլ գործողություններ (հատոր 1-ին, գ.թ. 39),
4) 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալբերտ և Էմմա Շահբազյանները վաճառել են Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող` 65,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի` սեփականության իրավունքով յուրաքանչյուրն իրեն պատկանող 1/3 բաժնեմասը, իսկ Վահագն Շահբազյանը գնել է դրանք (հատոր 1-ին, գ.թ. 11),
5) 09.10.2015 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102015-01-0149 վկայականի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Շահբազյանի սեփականության իրավունքը. գրանցման հիմք հանդիսացել է 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 12),
6) 30.09.2015 թվականի և 16.10.2015 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրերի համաձայն` Աբրահամ Հակոբյանն Ալբերտ Շահբազյանին է վաճառել Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի թիվ 4/52 և թիվ 4/57 հասցեներում գտնվող հողամասերը (հատոր 1-ին, գ.թ. 26-27, 33-34),
7) ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի և Հասմիկ Համբարձումյանի միջև 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրի համաձայն` վարկային միությունը վերջինիս տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ (հատոր 1-ին, գ.թ. 28-30),
8) 12.10.2015 թվականի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պատճենի համաձայն` ի ապահովումն 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրի` Վահագն Շահբազյանը գրավադրել է Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող` 65,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 31-32),
9) Թիվ 016311, թիվ 014755, թիվ 000360, թիվ 000842, թիվ 016138, թիվ 000075 վճարման անդորրագրերի պատճենների համաձայն` վարկառու Հասմիկ Համբարձումյանի անունից ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ին վճարումներ է կատարել Ալբերտ Շահբազյանը (հատոր 1-ին, գ.թ. 19-21),
10) «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարի 27.06.2016 թվականի գրության համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նվիրատվության պայմանագիր (...) չէր կարող կնքվել ներկայացված 28.09.2015 թվականի լիազորագրի հիման վրա, քանի որ լիազորագրում նշված չի եղել նվիրառուի անունը (հատոր 1-ին, գ.թ. 63),
11) Գործով պատասխանողներ Ալբերտ և Էմմա Շահբազյանները 08.07.2016 թվականին դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանում նշել են, որ իրենք անշարժ գույքի վիճելի մասն իրականում չեն վաճառել, այլ նվիրել են Վահագն Շահբազյանին: Բացի այդ, նշված հայցադիմումի պատասխանով Ալբերտ և Էմմա Շահբազյանները հայցապահանջն ընդունել են ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 84-85),
12) Գործով պատասխանող Ալբերտ Շահբազյանը 23.05.2017 թվականին կայացած դատաքննության ընթացքում հայտարարել է, որ մտադրություն չի ունեցել կնքելու առուվաճառքի պայմանագիր, այլ ցանկացել է կնքել նվիրատվության պայմանագիր, ինչը հնարավոր չի եղել` բացառապես լիազորագրում առկա թերությունների պատճառով (դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ.թ. 114-116, 117):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործարքի անվավերության հիմքերը և անվավերության հետևանքները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերով: Մասնավորապես`
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին` արձանագրելով, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ, Էմմա և Վահագն Շահբազյաններին: Վահագն Շահբազյանի և Հասմիկ Համբարձումյանի ամուսնությունը գրանցվել է 09.06.2003 թվականին: Ալբերտ և Էմմա Շահբազյանները ձեռք են բերել Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի թիվ 4/52 և թիվ 4/57 հասցեներում գտնվող հողամասերը, իսկ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի իրենց բաժնեմասն առուվաճառքի պայմանագրով օտարել են իրենց որդուն` Վահագն Շահբազյանին: Նշված պայմանագիրն Էմմա Շահբազյանի անունից վերջինիս կողմից տրված լիազորագրի հիման վրա կնքել է Ալբերտ Շահբազյանը: Լիազորագիրը, ի թիվս այլ լիազորությունների, բովանդակել է նաև գույքը նվիրելու լիազորություն: Ալբերտ և Էմմա Շահբազյանները դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանում նշել են, որ վեճի առարկա անշարժ գույքի առուվաճառքից որևէ գումար չեն ստացել, քանի որ այն իրականում հանդիսացել է նվիրատվության պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 84-85):
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր ճանաչվել չի կարող, քանի որ Վահագն Շահբազյանը, գնելով անշարժ գույքի մասը, վճարել է դրա գինն ամբողջությամբ, ինչն արտացոլվել է կողմերի միջև կնքված պայմանագրում: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, և Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող բնակարանի 2/3 բաժնեմասի 1/2 մասի նկատմամբ ենթակա է ճանաչման Հասմիկ Համբարձումյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
i
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործում առկա ապացույցները վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ ստորադաս դատարանները շինծու գործարք կնքելու իրական շարժառիթները բացահայտելու, գործարքը կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը պարզելու համար սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում պետք է նաև հաշվի առնեին պայմանագրի կողմերի անձնական հատկանիշները և գործարքի կնքման ընթացքի վրա արտաքին ներգործության գործոնի առկայությունը, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Այսպես, սույն գործի փաստերից ակնհայտ է, որ վիճելի գույքի մասի վաճառողները հանդիսացել են գնորդի ծնողները, որպիսի փաստը չի վիճարկվել գործի քննության ընթացքում: Ընդ որում, վիճելի գույքը` որպես ընդհանուր համատեղ սեփականություն պատկանել է նաև Վահագն Շահբազյանին: Էմմա Շահբազյանի կողմից, ով գտնվել է ԱՄՆ-ում, տրված լիազորագիրը, չնայած բովանդակել է վիճելի գույքը նվիրելու լիազորություն, սակայն հնարավորություն չի տվել կնքելու անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր` նվիրառուի անվան բացակայության պատճառաբանությամբ, ուստի կնքվել է այդ գույքի առուվաճառքի պայմանագիր:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի` շինծու լինելու հանգամանքը պարզելիս կարևորվում է նաև գործարքը կնքած կողմերի իրական կամահայտնությունը: Տվյալ պարագայում վիճելի պայմանագրի կողմեր հանդիսացող` սույն գործով պատասխանողներ Ալբերտ և Էմմա Շահբազյանները դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանում նշել են, որ իրենք անշարժ գույքի վիճելի մասն իրականում չեն վաճառել, այլ նվիրել են Վահագն Շահբազյանին: Բացի այդ, նշված հայցադիմումի պատասխանով Ալբերտ և Էմմա Շահբազյանները հայցապահանջն ընդունել են ամբողջությամբ: Ավելին` Ալբերտ Շահբազյանը 23.05.2017 թվականին կայացած դատաքննությանը հայտարարել է, որ մտադրություն չի ունեցել կնքելու առուվաճառքի պայմանագիր, այլ ցանկացել է կնքել նվիրատվության պայմանագիր: Այսինքն` սույն գործի քննության ընթացքում գործարքը կնքած կողմերը նույնպես բացահայտել են իրենց ներքին կամքը` նշելով, որ իրականում իրենց կամահայտնությունն ուղղված է եղել նվիրատվության պայմանագիր կնքելուն:
Նշված փաստական հանգամանքները հիմք են տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրելու, որ վիճելի գույքի առուվաճառքի կողմեր հանդիսացող անձանց իրական կամահայտնությունն ուղղված է եղել նվիրատվության պայմանագիր կնքելուն, որպիսի պայմանագիր կնքելու խոչընդոտների առկայության պայմաններում կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այդպիսի խոչընդոտների մասին է վկայում նաև Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի թիվ 4/52 և թիվ 4/57 հասցեներում գտնվող հողամասերի ձեռքբերման համար վիճելի գույքի գրավադրման անհրաժեշտությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ 12.10.2015 թվականին ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի կողմից Հասմիկ Համբարձումյանին տրամադրված 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկից մարումներ է կատարել Ալբերտ Շահբազյանը` համաձայն թիվ 016311, թիվ 014755, թիվ 000360, թիվ 000842, թիվ 016138, թիվ 000075 վճարման անդորրագրերի պատճենների, որպիսի հանգամանքը նույնպես վկայում է այն մասին, որ վարկով ստացված գումարներն իրականում օգտագործվել են վերջինիս կողմից` հողամասերը ձեռք բերելու նպատակով, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները հիմք են տալիս փաստելու, որ վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերություններ են առկա եղել: Այլ կերպ ասած` պայմանագիրը ստորագրած անձանց կամքն իրականում չի համապատասխանել պայմանագրում շարադրվածին: Այսինքն` սույն գործում առկա են բավարար ապացույցներ առ այն, որ կողմերի կամքն ի սկզբանե ուղղված է եղել նվիրատվության պայմանագիր կնքելուն, այնինչ կողմերը, հանգամանքների ազդեցությամբ, կնքելով առուվաճառքի պայմանագիր, իրականում քողարկել են իրենց միջև ծագած նվիրատվության իրավահարաբերությունները, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Ինչ վերաբերում է Վահագն Շահբազյանի կողմից ներկայացված ածանցյալ հայցապահանջին` Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ իր անվամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչել որպես 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցում, ապա ստորադաս դատարանները` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիմնական պահանջը ենթակա է մերժման, գտել են, որ դրանից բխող ածանցյալ պահանջը նույնպես ենթակա է մերժման: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հիմնական հայցապահանջի` հիմնավոր լինելու պարագայում հարկ է համարում արձանագրել, որ նշված ածանցյալ պահանջը նույնպես ենթակա է բավարարման` հաշվի առնելով, որ հիմնական պահանջը բավարարելու պայմաններում շինծու գործարքի անվավերության հետևանք կիրառելիս Վահագն Շահբազյանի` Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ըստ էության, 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի արդյունքն է:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցը բավարարելու պայմաններում ներկայացված հակընդդեմ հայցը ենթակա է մերժման, քանի որ ամբողջությամբ բացառում է վերջինիս բավարարումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Վահագն Շահբազյանի հայցը բավարարել. 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել որպես Վահագն, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր և այդ հիմքով կատարված համարել Վահագն Շահբազյանի անվամբ Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ Հասմիկ Համբարձումյանի հակընդդեմ հայցը` համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/1463/02/16 քաղաքացիական գործով 06.07.2018 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 2018 թվականի հուլիսի 6-ին գրավոր ընթացակարգով, քննելով Վահագն Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահագն Շահբազյանի ընդդեմ Ալբերտ և Էմմա Շահբազյանների, երրորդ անձինք Երևանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար Բաբիկ Սարոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հասմիկ Համբարձումյանի` անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր ճանաչելու, անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցումն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրից բխող պետական գրանցում ճանաչելու պահանջների մասին, և ըստ Հասմիկ Համբարձումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վահագն Շահբազյանի` համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Վահագն Շահբազյանի հայցը բավարարել. 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել որպես Վահագն, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր և այդ հիմքով կատարված համարել Վահագն Շահբազյանի անվամբ Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ Հասմիկ Համբարձումյանի հակընդդեմ հայցը` համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել: Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Ալբերտ և Էմմա Շահբազյաններից համապարտության կարգով հօգուտ Վահագն Շահբազյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ե. Խունդկարյանս և Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 06.07.2018 թվականին թիվ ԵՄԴ/1463/02/16 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վահագն Շահբազյանը պահանջել է իր, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի թիվ 3088 պայմանագրի նկատմամբ` որպես շինծու գործարքի կիրառել այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս, այն է` 07.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել որպես իրականում իր, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր, և որպես իրավական հետևանք` Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ իր անվամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչել որպես 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հասմիկ Համբարձումյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ` որպես ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույք:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի 2/3-րդ բաժնեմասի 1/2-րդ մասի նկատմամբ ճանաչել Հասմիկ Համբարձումյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ Վահագն Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Շահբազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ալբերտ և Էմմա Շահբազյանները ցանկացել են իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի 2/3 մասը նվիրել իրենց որդուն, իսկ իրենց համար ձեռք բերել այլ անշարժ գույք` առանձնանալու նպատակով, սակայն Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերը ձեռք բերելու համար գումարը չի բավականացրել և որոշել են Վահագն Շահբազյանին նվիրվող տունը գրավադրել և դրա դիմաց ստացված վարկի միջոցներն ուղղել ձեռքբերվող անշարժ գույքի գինը վճարելուն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ Էմմա Շահբազյանի կողմից ԱՄՆ-ից ուղարկված 28.09.2015 թվականի լիազորագիրը չի համապատասխանել նվիրատվության գործարք կնքելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այդ լիազորագրով կարելի էր կնքել միայն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, իսկ Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերի սեփականատերը չի ցանկացել սպասել նոր լիազորագիր ուղարկելուն: Բացի այդ, պատասխանողների անունով վարկ ձևակերպել հնարավոր չի եղել վերջիններիս կողմից վարկավորման պայմաններին չհամապատասխանելու պատճառով, ուստի Վահագն, Ալբերտ և Էմմա Շահբազյանների միջև 07.10.2015 թվականին ձևակերպվել է անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 05.12.2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ 592850 վկայականի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ, Էմմա և Վահագն Շահբազյաններին (հատոր 1-ին, գ.թ. 37-38).
2) Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 11.05.2016 թվականին տրված թիվ ԱԲ157475 ամուսնության վկայականի կրկնօրինակի համաձայն` Վահագն Շահբազյանի և Հասմիկ Համբարձումյանի ամուսնությունը գրանցվել է 09.06.2003 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 254 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 47).
3) 28.09.2015 թվականի լիազորագրի համաձայն` Էմմա Շահբազյանը լիազորել է Ալբերտ Շահբազյանին տնօրինել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանը, թույլատրել է վաճառել, նվիրել, գրավ դնել, հանձնել (...) և կատարել այլ գործողություններ (հատոր 1-ին, գ.թ. 39).
4) 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալբերտ և Էմմա Շահբազյանները վաճառել են Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող` 65,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի` սեփականության իրավունքով յուրաքանչյուրն իրեն պատկանող 1/3-րդ բաժնեմասը, իսկ Վահագն Շահբազյանը գնել է դրանք: Նույն պայմանագրի 1.1 կետի համաձայն` վաճառքի գինը կազմել է 4.800.000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրի 3.2 կետի համաձայն` վաճառողները պայմանագիրը կնքելու պահին հայտարարել են, որ ստացել են վաճառքի գինն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11).
5) 09.10.2015 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102015-01-0149 վկայականի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Շահբազյանի սեփականության իրավունքը. գրանցման հիմք հանդիսացել է 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 12).
6) 30.09.2015 թվականի և 16.10.2015 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրերի համաձայն` Աբրահամ Հակոբյանն Ալբերտ Շահբազյանին է վաճառել Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերը` ընդհանուր 21.375.000 ՀՀ դրամ արժեքով (հատոր 1-ին, գ.թ. 26-27, 33-34).
7) ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի և Հասմիկ Համբարձումյանի միջև 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրի համաձայն` վարկային միությունը վերջինիս տրամադրել է 7.000.000 ՀՀ դրամի չափով վարկ: Նույն պայմանագրի 1.6 կետի համաձայն` վարկը տրամադրվել է սպառողական նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 28-30).
8) 12.10.2015 թվականի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պատճենի համաձայն` ի ապահովումն 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրի` Վահագն Շահբազյանը գրավադրել է Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող` 65,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 31-32).
9) թիվ 016311, թիվ 014755, թիվ 000360, թիվ 000842, թիվ 016138, թիվ 000075 վճարման անդորրագրերի պատճենների համաձայն` վարկառու Հասմիկ Համբարձումյանի անունից ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ին վճարումներ է կատարել Ալբերտ Շահբազյանը (հատոր 1-ին, գ.թ. 19-21).
10) «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարի 27.06.2016 թվականի գրության համաձայն` նոտարը չի կարող հաստատել այն պնդումը, որ կողմերը ցանկացել են կնքել նվիրատվության պայմանագիր, սակայն անգամ նման մտադրության դեպքում էլ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նվիրատվության պայմանագիր (...) չէր կարող կնքվել ներկայացված 28.09.2015 թվականի լիազորագրի հիման վրա, քանի որ լիազորագրում նշված չի եղել նվիրառուի անունը (հատոր 1-ին, գ.թ. 63):
4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները և եզրահանգումները.
Սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին` վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Գործարքի անվավերության հիմքերը և անվավերության հետևանքները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերով: Մասնավորապես`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին` արձանագրելով, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ, Էմմա և Վահագն Շահբազյաններին: Վահագն Շահբազյանի և Հասմիկ Համբարձումյանի ամուսնությունը գրանցվել է 09.06.2003 թվականին: Ալբերտ և Էմմա Շահբազյանները ձեռք են բերել Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերը, իսկ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի իրենց բաժնեմասն առուվաճառքի պայմանագրով օտարել են իրենց որդուն` Վահագն Շահբազյանին: Նշված պայմանագիրն Էմմա Շահբազյանի անունից վերջինիս կողմից տրված լիազորագրի հիման վրա կնքել է Ալբերտ Շահբազյանը:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրն անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր ճանաչվել չի կարող, քանի որ Վահագն Շահբազյանը, գնելով անշարժ գույքի մասը, վճարել է դրա գինն ամբողջությամբ, ինչն արտացոլվել է կողմերի միջև կնքված պայմանագրում: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, և Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող բնակարանի 2/3-րդ բաժնեմասի 1/2-րդ մասի նկատմամբ ենթակա է ճանաչման Հասմիկ Համբարձումյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է արձանագրել հետևյալը.
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
i
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Համադրելով սույն գործում առկա ապացույցները վերոգրյալ իրավական դիրքորոշումների հետ` գտնում ենք, որ կողմերի միջև կնքված գործարքը կարող է որակվել որպես շինծու միայն այն դեպքում, երբ այն կնքած անձանց ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը չի համընկնում, այսինքն` արտաքին կամահայտնությունը խաթարված է և չի արտացոլում կողմերի իրական ներքին կամքը: Ընդ որում, նշվածն ապացուցելու պարտականությունը, համաձայն ընդհանուր կանոնի, կրում է այն վկայակոչած կողմը: Միաժամանակ գտնում ենք, որ գործարքի` շինծու բնույթ ունենալու հանգամանքը կարող է հաստատվել միայն այնպիսի ծանրակշիռ ապացույցներով, որոնք իրենց համակցության մեջ հերքում են այն հիմնավոր ենթադրությունները, որ պայմանագիրը վավեր է, իսկ կողմերի ներքին կամքը և արտաքին կամահայտնությունը համընկնում են: Այդ տեսանկյունից կարևորվում է նաև գործարքը կնքած կողմերի իրական մտադրության բացահայտումը, որը պետք է դիտարկել գործարքը կնքած կողմերի` ինչպես մինչև այն կնքելն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ` դրանից հետո դրսևորած գործողության կամ անգործության լույսի ներքո:
Սույն գործում առկա փաստերից հետևում է, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ, Էմմա և Վահագն Շահբազյաններին: Էմմա Շահբազյանը, նպատակ ունենալով օտարել վիճելի գույքը, 28.09.2015 թվականի լիազորագրով Ալբերտ Շահբազյանին լիազորել է տնօրինել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանը, թույլատրել է վաճառել, նվիրել, գրավ դնել, հանձնել (...) և կատարել այլ գործողություններ: 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալբերտ և Էմմա Շահբազյանները վաճառել են Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ հասցեում գտնվող` 65,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի` սեփականության իրավունքով յուրաքանչյուրն իրեն պատկանող 1/3-րդ բաժնեմասը, իսկ Վահագն Շահբազյանը գնել է դրանք: 09.10.2015 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102015-01-0149 վկայականի համաձայն` Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Շահբազյանի սեփականության իրավունքը. գրանցման հիմք հանդիսացել է 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիրը: Նշված փաստերը հիմք են տալիս հաստատված համարելու այն հանգամանքը, որ Էմմա և Ալբերտ Շահբազյանները մտադրություն են ունեցել օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի մասը, որպիսի փաստը ընդունել են նաև վերջիններս: Այսինքն` Էմմա և Ալբերտ Շահբազյանների ներքին կամքն առնվազն հանգել է գույքն օտարելուն, որն իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմամբ:
Անդրադառնալով բողոք բերած անձի վկայակոչած այն հանգամանքին, որ կողմերն իրականում մտադրություն են ունեցել կնքել նվիրատվության պայմանագիր և իրականում առուվաճառքի գինը չի վճարվել վաճառողներին, ապա պետք է նշել, որ այդ փաստը հաստատող բավարար ապացույցներ չի ներկայացվել: Ավելին` նշված փաստարկները հերքվում են նրանով, որ 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագրի 1.1 կետի համաձայն` վաճառքի գինը կազմել է 4.800.000 ՀՀ դրամ, իսկ 3.2 կետի համաձայն` վաճառողները պայմանագիրը կնքելու պահին հայտարարել են, որ ստացել են վաճառքի գինն ամբողջությամբ: Ընդ որում, կողմերը, ստորագրելով պայմանագիրը, ըստ էության, ընդունել են դրանում նշված բոլոր կետերը, իսկ հակառակը հիմնավորող որևէ ապացույց հայցվորի, ինչպես նաև պատասխանողների կողմից չի ներկայացվել:
i
Անդրադառնալով նաև բողոք բերած անձի այն պնդմանը, որ Էմմա Շահբազյանի կողմից 28.09.2015 թվականին ԱՄՆ-ից ուղարկված լիազորագիրը չի համապատասխանել նվիրատվության գործարք կնքելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այդ լիազորագրով կարելի էր կնքել միայն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ապա այն ևս գտնում ենք անհիմն հետևյալ պատճառաբանությամբ. նշված լիազորագրի ուսումնասիրության արդյունքում պետք է արձանագրել, որ այն իսկապես բացառել է նվիրատվության պայմանագիր կնքելու իրավական հնարավորությունը` նկատի ունենալով, որ լիազորագրում նշված չէ նվիրառուն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է: Այդուհանդերձ, բողոք բերած անձը չի ներկայացրել որևէ ապացույց, որ հայցվորները երբևէ դիմել են նոտարական գրասենյակ այդ լիազորագրի հիման վրա նվիրատվության պայմանագիր կնքելու համար և ստացել են համապատասխան մերժում: Ավելին` գործում առկա է «Մալաթիա» նոտարական տարածքի նոտարի 27.06.2016 թվականի գրությունը, որով վերջինս չի կարողացել հաստատել այն պնդումը, որ կողմերը ցանկացել են կնքել նվիրատվության պայմանագիր: Նման պայմաններում, ըստ էության, չի հիմնավորվում բողոք բերած անձի պնդումն առ այն, որ լիազորագիրն Էմմա Շահբազյանի կողմից տրվել է հենց նվիրատվության գործարքի կնքման նպատակով, առավել ևս անտրամաբանական է այդպիսի մտադրության առկայության դեպքում լիազորագրում գույքն օտարելու այլ եղանակներ նախատեսելը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ««Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի և Հասմիկ Համբարձումյանի միջև 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրով ստացված 7.000.000 ՀՀ դրամն ուղղվել է Ալբերտ Շահբազյանի կողմից ձեռք բերված` Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերի գինը վճարելուն, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ փաստի վերաբերյալ նույնպես որևէ ապացույց ներկայացված չի եղել: Ավելին` »»Արֆին» վարկային միություն» ՍՊԸ-ի և Հասմիկ Համբարձումյանի միջև 12.10.2015 թվականին կնքված թիվ 1798 վարկային պայմանագրի 1.6 կետի համաձայն` վարկը տրամադրվել է սպառողական նպատակով, իսկ դրանով ստացված վարկային գումարը չի համապատասխանում Երևանի Աջափնյակ Գ-1 թաղամասի 4/52 և 4/57 հասցեներում գտնվող հողամասերի գնին, որն ընդհանուր առմամբ կազմել է 21.375.000 ՀՀ դրամ:
Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ առ այն, որ կողմերի միջև ծագել են 07.10.2015 թվականի առուվաճառքի պայմանագրում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերություններ, ինչն արձանագրվել է նաև ստորադաս դատարանների կողմից:
Ինչ վերաբերում է Վահագն Շահբազյանի կողմից ներկայացված ածանցյալ հայցապահանջին` Երևանի Անդրանիկի թիվ 144 շենքի 50-րդ բնակարանի նկատմամբ իր անվամբ 09.10.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը որպես 07.10.2015 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցում ճանաչելու մասին, ապա հարկ է նշել, որ հիմնական հայցապահանջի` անհիմն լինելու պարագայում նշված ածանցյալ պահանջը նույնպես ենթակա էր մերժման` հաշվի առնելով, որ հիմնական պահանջը մերժելու պայմաններում շինծու գործարքի` նման տեսքով անվավերության հետևանք կիրառելու պահանջը նույնպես դառնում է անհիմն:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին` պետք է նշել, որ սկզբնական հայցը մերժելու պայմաններում ներկայացված հակընդդեմ հայցը ենթակա էր բավարարման մասնակիորեն, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել են ստորադաս դատարանները:
Վերոնշյալ հիմնավորմամբ գտնում ենք, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, ուստի` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի դատական ակտը թերի է պատճառաբանված, գտնում ենք, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունները և եզրահանգումները
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոք բերած անձի կողմից նախապես վճարվել է վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը, գտնում ենք, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալ հանգամանքներից ելնելով` գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ` վերը շարադրված պատճառաբանություններով, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարվեր լուծված:
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան