ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0294/01/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0294/01/17
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գարիկ Կնյազի Սարգսյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12148415 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ Գ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ ԵԿԴ/0294/01/17 քրեական գործն ըստ մեղադրանքի Գարիկ Կնյազի Սարգսյանի և մյուսների նշանակվել է դատական քննության, իսկ Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
3. 2018 թվականի փետրվարի 5-ի դատական նիստում ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և նրան անհապաղ ազատ արձակելու մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) նույն օրվա որոշմամբ մերժվել է:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության:
5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը (...) թողնել անփոփոխ»(1):
________________________
1) Տե՛ս նյութեր, հավելված 1, թերթ 73:
7. Պաշտպան Լ.Սահակյանն ամբաստանյալ Գ.Սարգսյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ, ի թիվս այլ փաստարկների, նշել է նաև հետևյալը. «(...) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին կայացված որոշմամբ բացարձակապես չի պատճառաբանել Գ.Սարգսյանին անազատության մեջ պահելու հանգամանքը: Դատարանը սահմանափակվել է միայն կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների վերաբերյալ նրանց վերագրվող արարքների ծանրության աստիճանի վերաբերյալ ընդհանրական դատողությամբ:
Դատարանի կողմից նման չպատճառաբանված որոշման կայացման պատճառներից կարող է հանդիսանալ այն, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե կողմերի մասնակցությամբ, մրցակցության ու զենքերի հավասարության սկզբունքների պահպանմամբ իրականացված պատշաճ քննարկման արդյունքում, այլ դատարանի կողմից միանձնյա, առանց կողմերի, հատկապես անազատության մեջ գտնվող անձի մասնակցության, մեղադրանքի կողմի կազմած ու դատարան ներկայացված գործի ուսումնասիրության արդյունքում (...)»(2):
________________________
2) Տե՛ս նյութեր, հավելված 1, թերթեր 2-3:
7.1. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ արձանագրել է. «(...) 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, սույն քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելիս` դատարանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, կրկին քննել է Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը և պատճառաբանված որոշում է կայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին` հաշվի առնելով նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչն էական նշանակություն ունի նրա հետագա ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում և այն, որ վերագրվող արարքները դասվում են ոչ մեծ ծանրության, ծանր հանցագործությունների թվին, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, վերագրվող արարքները (...) Գ.Սարգսյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկած:
Դատարանը գտել է, որ Գ.Սարգսյանի` ազատության մեջ գտնվելու դեպքում, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր:
Քրեական գործի դատական քննության տվյալ փուլում նույնպես, հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները, Գ.Սարգսյանին մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, նրան վերագրվող արարքների կատարման եղանակը` դատարանը գտնում է, որ դրանք ունեն էական նշանակություն ամբաստանյալ Գ.Սարգսյանի հետագա վարքագիծը կանխորոշելու հարցում և գործի հանգամանքներից ելնելով` Գ.Սարգսյանին ազատ արձակելու դեպքում, առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանի` ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր, ուստի Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնել անփոփոխ` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը, սակայն դա խափանման միջոցի փոփոխման կամ վերացման խոչընդոտ չի հանդիսանում, առաջին իսկ առիթի և բավարար հիմքերի առկայության դեպքում խափանման միջոց կալանավորումն անհապաղ ենթակա է փոփոխման կամ վերացման` անկախ այն հանգամանքից, թե դատական քննության որ փուլում են դրանք ի հայտ եկել, իսկ վերոհիշյալ ժամկետային սահմանափակում սահմանելը պայմանավորված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ:
Դատարանը գտնում է նաև, որ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները ընդամենը պաշտպանի կարծիքն են հանդիսանում, բավարար հիմք չեն կարող հանդիսանալ` ամբաստանյալին անհապաղ ազատ արձակելու համար: Հետևաբար պաշտպանի միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման (...)»(3):
________________________
3) Տե՛ս նյութեր, հավելված 1, թերթեր 84-85:
8. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում անհրաժեշտ է փաստել, որ քրեական գործը առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվելու փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, մինչդեռ սույն գործով բողոքարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Գարիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»(4):
________________________
4) Տե՛ս նյութեր, հավելված 1, թերթ 99:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և ՀՀ Սահմանադրության 27-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ, 138-րդ, 300-րդ, 376.1-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ սույն գործով ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրված է եղել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 14-ը, մինչդեռ դրանից հետո ամբաստանյալն առանց համապատասխան իրավասու դատարանի որոշման մնացել է անազատության մեջ: Այն կանխավարկածը, որ ամբաստանյալ Գ.Սարգսյանը պահվել է կալանքի տակ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա, իրավաչափ չէ, քանի որ կողմերը զրկված են եղել միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված իրենց իրավունքներն իրացնելու արդյունավետ միջոցներից:
Մասնավորապես Առաջին ատյանի դատարանը հիշյալ որոշմամբ չի պատճառաբանել Գ.Սարգսյանի անազատության մեջ պահելու հանգամանքը` սահմանափակվելով միայն նրան վերագրվող արարքի ծանրության աստիճանի վերաբերյալ ընդհանրական դատողություններ անելով: Նման չպատճառաբանված որոշում կայացնելու պատճառներից մեկն այն է, որ Առաջին ատյանի դատարանն այն կայացրել է միանձնյա, առանց անազատության մեջ գտնվող անձի կամ նրա պաշտպանի մասնակցության: Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, իր աշխատասենյակում խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելով, խախտել է մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքները:
10. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ դատաքննության ընթացքում խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բողոքաբերների կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը թույլ է տալիս վերաքննության կարգով բողոքարկել խափանման միջոցի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի բոլոր որոշումները, իսկ հակառակ մոտեցումը կհանգեցնի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտման և անիրավաչափորեն կզրկի անձին ազատությունից զրկելու օրինականությունը բողոքարկելու հնարավորությունից:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են Գ.Սարգսյանի խափանման միջոցի մասով բեկանել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի որոշումները և Գ.Սարգսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Սարգսյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պայմաններում, երբ բողոքը վերաբերել է նաև գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու իրավաչափությանը:
i
13. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով դատական քննության նախապատրաստական փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արձանագրել է. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (ինչը և կատարվել է սույն գործում առկա ԵԷԴ/0063/01/17 և ԵԿԴ/0250/01/17 քրեական գործերի շրջանակներում), և այդ բողոքի քննությանն Օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումների շրջանակներում (մասնավորապես, Օրենսգրքի 390 և 418-րդ հոդվածներ) մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն նախատեսված է: Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»(5):
________________________
5) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:
i
13.1. Վճռաբեկ դատարանն Անուշ Ղավալյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերոնշյալ հոդվածի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս բովանդակությունից երևում է, որ գործը դատական քննության նշանակելու փուլում առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլ որոշումների, որոշում է կայացնում նաև մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտելու կամ չընտրելու, իսկ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում` դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի կապակցությամբ: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը փաստաթղթային ձևակերպման առումով ներառվում է գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ, սակայն ըստ էության հանդիսանում է ինքնուրույն դատավարական որոշում:
Այլ կերպ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի իմաստով այն դատավարական ձևի շրջանակներում արտահայտում է դատարանի դիրքորոշումը` անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, իսկ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում` դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի վերաբերյալ:
(...)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, մինչդեռ սույն գործով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի` Անուշ Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը: Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան (...)»(6):
________________________
6) Տե՛ս Ա.Ղավալյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0225/06/08 որոշման 18-րդ և 21-րդ կետերը:
14. Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանի` սույն որոշման 13-րդ կետում մեջբերված դիրքորոշումից ակնհայտ է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի կալանավորման հարցի քննության արդյունքում ընդունվող որոշումը կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից, և այդ բողոքի քննությանը մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումների շրջանակներում երաշխավորված է: Հետևաբար հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ղավալյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն անհրաժեշտ է վերանայել:
i
15. Ինչ վերաբերում է դատական քննության նախապատրաստական փուլի ավարտից հետո (այլ կերպ` դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանը Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ որոշման շրջանակներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(...) Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Այլ կերպ` քրեադատավարական օրենքը չի նախատեսում ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու (...) մասին առաջին ատյանի դատարանի` դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (այլ կերպ` դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության համապատասխան մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն: Օրենսդրի այսպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է առաջին հերթին արդարադատության արդյունավետության շահով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մոտեցումը մի կողմից կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության հետագա ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով նաև առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը, մյուս կողմից` պարունակում է վերադաս դատարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ (հաշվի առնելով դատական քննության ընթացքում այդպիսի միջնորդություններ ներկայացնելու քանակի տեսանկյունից որևէ արգելքի բացակայությունը, ուստիև դրանց քննարկման արդյունքում կայացված համապատասխան որոշումների` վերադասության կարգով անընդմեջ և անսահմանափակ բողոքարկման հնարավորությունը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) փաստել է, որ նշյալ նորմը չի պարտավորեցնում պայմանավորվող պետություններին երաշխավորելու երկրորդ ատյանի դատարանի կողմից կալանավորման օրինականությունը ստուգելու և անձին ազատ արձակելու միջնորդությունը քննության առնելու ընթացակարգեր(7):
________________________
7) Տե՛ս Kucera v. Slovakia գործով 2007 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 48666/99, կետ 107:
Ըստ Եվրոպական դատարանի` վերջինիս խնդիրը չէ պարզել, թե դատական վերանայման ինչպիսի եղանակն է ամենահարմար ձևը(8):
________________________
8) Տե՛ս, mutatis mutandis, Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 44009/05, կետ 123:
Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցը պետք է լինի բավարար չափով որոշակի(9), իսկ կալանքի օրինականությունը պետք է ստուգվի ողջամիտ պարբերականությամբ(10)»(11):
________________________
9) Տե՛ս, mutatis mutandis,Vachev v. Bulgaria գործով 2004 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 42987/98, կետ 71:
________________________
10) Տե՛ս, mutatis mutandis, Shishkov v. Bulgaria գործով 2003 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 38822/97, կետ 88:
________________________
11) Տե՛ս Լ.Սողոմոնյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0274/01/15 որոշման 15-րդ կետը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է, որ Գ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվում է անփոփոխ(12):
________________________
12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Պաշտպան Լ.Սահակյանն ամբաստանյալ Գ.Սարգսյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ, ի թիվս այլ փաստարկների, նշել է նաև, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին կայացված որոշմամբ չի պատճառաբանվել Գ.Սարգսյանին անազատության մեջ պահելու հանգամանքը: Նման չպատճառաբանված որոշում կայացնելու պատճառներից մեկն այն է, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե կողմերի մասնակցությամբ, մրցակցության ու զենքերի հավասարության սկզբունքների պահպանմամբ իրականացված պատշաճ քննարկման արդյունքում, այլ դատարանի կողմից միանձնյա, առանց կողմերի` հատկապես անազատության մեջ գտնվող անձի մասնակցության(13):
________________________
13) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ, ի թիվս այլոց, նշել է նաև, որ միջնորդության մեջ նշված պատճառաբանություններն ընդամենը պաշտպանի կարծիքն են և բավարար հիմք չեն կարող լինել ամբաստանյալին անհապաղ ազատ արձակելու համար, հետևաբար միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման(14):
________________________
14) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն իր հերթին պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության(15):
________________________
15) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 13-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է քննության առներ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի կալանավորումն անփոփոխ թողնելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերների կողմից բարձրացրած փաստարկները: Հետևաբար իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Սարգսյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պայմաններում, երբ բողոքը վերաբերել է նաև գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու իրավաչափությանը:
17.1. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բողոքաբերների կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված մյուս հարցերը Վերաքննիչ դատարանի կողմից քննության չառնելը բխում է Լ.Սողոմոնյանի որոշմամբ արտահայտված` սույն որոշման 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումներից, հետևաբար բողոք բերած անձանց` սույն որոշման 10-րդ կետում մեջբերված փաստարկներն անհիմն են:
18. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 13-15-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և այն նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է քննարկման առարկա դարձնի գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերների կողմից բարձրացված փաստարկները և հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գարիկ Կնյազի Սարգսյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան