COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
i
ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 19940/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի նոյեմբերի 13
i
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]` Նախագահ,
Ալվինա Գյուլումյան,
Յան Շիկուտա [Jan Sikuta],
Լուիս Լոպես Գերրա [Luis Lցpez Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Յոհաննես Սիլվիս [Johannes Silvis],
Վալերիու Գրիցկո [Valeriu Gritco]` դատավորներ, և
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2014 թվականի հոկտեմբերի 21-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
1. Վարույթը հարուցվել է 2005 թվականի հունիսի 1-ին` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Գրիգորի Ղարիբյանի, տկն Գոհար Ղարիբյանի և տկն Աննա Ղարիբյանի (»դիմումատուներ») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 19940/05) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2007 թվականի սեպտեմբերի 28-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:
i
4. 2011 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն, գանգատի մի մասը հանել քննության ենթակա գործերի իր ցանկից, իսկ գանգատի մյուս մասը համարել անընդունելի:
i
5. 2012 թվականի հուլիսի 10-ին Դատարանն ընդունեց որոշում` գանգատի մի մասը քննության ենթակա գործերի իր ցանկում վերականգնելու վերաբերյալ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1946, 1954 և 1985 թվականներին և բնակվում են Երևանում:
7. Դիմումատուներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում էր քաղ. Երևան, Բյուզանդի փող. 25 հասցեում գտնվող, 44.1 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը:
i
8. 2002թ. օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանում պետության կարիքների համար քաղաքաշինական նպատակներով վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բյուզանդի փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում: Կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվել էր հատուկ մարմին` Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ):
9. 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Գրասենյակի պահանջով դիմումատուների բնակարանը գնահատվել է գնահատող կազմակերպության կողմից: Բնակարանի շուկայական արժեքը սահմանվել է 16,350 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար):
10. 2005 թվականի հունվարի 14-ի գրությամբ Գրասենյակը դիմումատուներին տեղեկացրել է, որ նրանց բնակարանը ենթակա է օտարման և որ անկախ, լիցենզավորված կազմակերպության կողմից այն գնահատվել էր 16,350 ԱՄՆ դոլար: Որպես ֆինանսական խրախուսանք նրանց առաջարկվել է հավելյալ գումար` 12,638.55 ԱՄՆ դոլարի չափով, եթե նրանք պայմանագիրը կնքեին հինգ օրվա ընթացքում:
11. Դիմումատուները չեն ընդունել առաջարկը, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը:
12. Չհստակեցված ամսաթվին Գրասենյակը դիմումատուների դեմ հայց է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել նրանց կնքելու պայմանագիր` իրենց բնակարանը պետության կարիքների համար հանձնելու վերաբերյալ և վտարել նրանց:
13. 2005 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրասենյակի հայցը` կարգադրելով դիմումատուներին պայմանագիր կնքել 16,350 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:
14. 2005 թվականի մարտի 15-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
15. 2005 թվականի մարտի 30-ին քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բավարարել է Գրասենյակի հայցը:
i
16. 2005 թվականի ապրիլի 13-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել օրենքի միատեսակ կիրառելիության վերաբերյալ` մասնավորապես վիճարկելով, որ իրենց գույքից զրկելը սահմանված չէ օրենքով` ինչպես դա պահանջվում է Սահմանադրության 28-րդ հոդվածով:
17. 2005 թվականի մայիսի 26-ին վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց դիմումատուների բողոքը մերժելու վերաբերյալ:
18. Չհստակեցված ամսաթվին դիմումատուներին վճարվել է սահմանված գումարը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
i
19. Համապատասխան ներպետական դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը (թիվ 27651/05, §§ 23-25, 2009 թվականի հունիսի 23):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
i
20. Դիմումատուները բողոք են ներկայացրել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում առ այն, որ իրենց բնակարանից զրկելը օրենքով սահմանված չի եղել: Դատարանը գտնում է, որ նրանց գանգատը պետք է քննվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանում է հետևյալը`
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:
Ա. Ընդունելիություն
21. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
i
22. Դիմումատուները պնդել են, որ իրենց գույքից զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ:
23. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուների բնակարանի օտարումը չէր իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն, և դա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է:
i
24. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմինների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ գույքից զրկելը թույլատրվում է միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ պետություններն իրավասու են իրականացնելու վերահսկողություն գույքի օգտագործման նկատմամբ` կիրարկելով «օրենքներ»: Ավելին, իրավունքի գերակայությունը, լինելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Former King of Greece and Others v. Greece] [GC], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԿ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է համարժեքորեն հասանելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և կիրառության ապահովում (տե՛ս Լիթգոուն և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք «Ա», թիվ 102):
i
25. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ ու փաստարկներ և եկել է եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, օրինակ` վերևում նշված Մինասյանը և Սեմերջյանը [Minasyan and Semerjyan], §§ 69-77, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Tunyan and Others v. Armenia], թիվ 22812/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9, և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Danielyan and Others v. Armenia], թիվ 25825/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9): Դատարանը սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում:
26. Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
i
27. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»:
Ա. Վնաս
28. Դիմումատուները պնդել են, որ, որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության չիրագործված միակողմանի հայտարարությամբ: Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 115.6 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար: Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 70,000 եվրո:
29. Կառավարությունը առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա: Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:
i
30. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում: Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա` Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 34,000 եվրո և որոշում է այդ գումարը տրամադրել բոլոր դիմումատուներին համատեղ` մերժելով նրանց պահանջի մնացած մասը: Այնուհետև այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում` 6,000 եվրոյի չափով:
Բ. Ծախսեր և ծախքեր
31. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
32. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի,
i
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
3. Վճռում է, որ`
i
ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.
(i) նյութական վնասի դիմաց` 34,000 եվրո (երեսունչորս հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
(ii) ոչ նյութական վնասի դիմաց` 6,000 եվրո (վեց հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս` պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli] Քարտուղարի տեղակալ |
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall] Նախագահ |