020.1399.300118
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` «ՄԱՍՆԱԿՑԵԼ» ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԻ` «ԱՃՈՒՐԴՆ ՍԿՍՎԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴԱՀԼԻՃ ՄՏՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 հունվարի 2018 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի` «մասնակցել» և 7-րդ մասի` «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` 2017 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով սույն գործով զեկուցողների համատեղ հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ հողային օրենսգիրքը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ հողային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 2001 թվականի մայիսի 2-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից:
i
Օրենսգրքի` «Աճուրդի կազմակերպումը և իրականացումը» վերտառությամբ 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.
«6. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման հայտարարության մեջ:
7. Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:
Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի, որն անցկացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքով կազմվում է առանձին արձանագրություն, որն իր մեջ ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին»:
Ընդունումից ի վեր Օրենսգրքի վիճարկվող դրույթները որևէ փոփոխության չեն ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
դիմողը դիմումներ է ներկայացրել չորս տարբեր համայնքների ղեկավարների` խնդրելով թույլատրել ներկա գտնվել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի առաջիկա աճուրդ-վաճառքներին` դիտարկելու և լուսաբանելու նպատակով:
Համայնքների ղեկավարները, վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, պատասխան գրություններով մերժել են դիմողի պահանջը` պատճառաբանելով, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը, և որ աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Դիմողը վերը նշված գրությունները վիճարկել է ՀՀ վարչական դատարանում` ներկայացնելով վարչական ակտերը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որը ՀՀ վարչական դատարանի` 23.05.2016թ. վճռով մերժվել է (վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/15): ՀՀ վարչական դատարանն իր վճիռը հիմնականում պատճառաբանել է նրանով, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017թ. որոշմամբ մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրավաչափ է գտել այլ անձանց, այդ թվում` հայցվոր կազմակերպության ներկայացուցիչների, փակ աճուրդին ներկա գտնվելու վարչական մարմնի արգելքը:
Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի` 17.05.2017թ. որոշմամբ:
3. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի` «մասնակցում են» արտահայտությունը և 7-րդ մասի` «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանաբար իրավունք սահմանափակող արտահայտություն և դրույթ են և, այդքանով հանդերձ, հակասում են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 2, 7, 42, 48, 49, 51, 78, 79, 80, 81 և 183-րդ հոդվածներին:
Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ տեղեկանալու իրավունքը խոսքի ազատության բաղադրիչ է, հետևաբար` համայնքին պատկանող գույքի օտարման մասին տեղեկացված լինելու իրավունքն անհրաժեշտ է համայնքին պատկանող գույքը տնօրինելու իրավունքի իրացման համար: Մինչդեռ, ըստ դիմողի, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի` «մասնակցում են» եզրույթը վերաբերում է միայն գրանցված, այն է` աճուրդում հաղթող ճանաչվելու շահ ունեցող անձանց, կազմակերպչին և արձանագրողին, իսկ նույն հոդվածի 7-րդ մասն ամրապնդում է այլ անձանց արգելքը, այն է` «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է»:
Ըստ դիմողի` համայնքներում նշանակված աճուրդ-վաճառքներին ներկա գտնվելն ուղղված է տեղեկատվություն ստանալուն, այդ թվում` դրա տարածման նպատակով, իսկ վերջինս պայմանավորված է դիմողի (հասարակական կազմակերպության) հանրային գործունեությամբ` հանրային նշանակության դեպքերի լրագրողական հետաքննությամբ:
Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ստանձնել է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը նպաստելու պարտավորություն: Իսկ այդ մասնակցությունը, ըստ դիմողի, պետք է ամրապնդվի այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են` թափանցիկության ուժեղացումը, բնակչության համար տեղեկատվության նկատմամբ արդյունավետ մուտքն ապահովելը, հանրության տեղեկացվածության միջոցառումների իրականացումը, կոռուպցիայի մասին տեղեկատվություն փնտրելու, ստանալու, հրապարակելու և տարածելու ազատությունը:
4. Պատասխանող կողմը կարծում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խոչընդոտում է մամուլով աճուրդի լուսաբանմանը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, իսկ 7-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ Ազգային ժողովի կողմից բավարար օրենսդրական նախադրյալներ ստեղծվել են տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար:
Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առնչությամբ վկայակոչելով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 42, 51, 78 և 81-րդ հոդվածները, կարծիքի ազատության վերաբերյալ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները, պատասխանող կողմը գտնում է, որ կոնկրետ դեպքում պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքը հասարակական հետաքրքրություն ներկայացնող միջոցառում է և շոշափում է համայնքի բնակիչների շահերը, հետևաբար` մամուլի կողմից լուսաբանման ենթակա է: Այնուամենայնիվ, պատասխանողը գտնում է, որ այս գործընթացում միաժամանակ անհրաժեշտ է ապահովել աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների երրորդ անձանց փոխանցման դեպքում, քանի որ աճուրդի գործընթացը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձնական տվյալների մշակում և օգտագործում, հետևաբար` վերը նշված օրենքին համապատասխան իրավական ռեժիմների պահպանում:
Այդուհանդերձ, պատասխանող կողմը կարծում է, որ աճուրդին անմիջականորեն մասնակցող անձանց անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունն ինքնին չի կարող գերակշռել հանրային իրավաչափ հետաքրքրությունը աճուրդների իրականացման գործընթացի օրինականության նկատմամբ: Հետևաբար, զանգվածային լրատվամիջոցների մասնակցության խոչընդոտը չի կարող Եվրոպական դատարանի եզրութաբանությամբ համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
Անդրադառնալով Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի` «աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» իրավակարգավորմանը` պատասխանողն անհրաժեշտ է համարում նկատել, որ նշված դրույթը վերաբերում է ոչ թե աճուրդի հնարավոր մասնակիցների շրջանակին և ըստ այդմ` որոշակի խումբ անձանց մասնակցության սահմանափակմանը, այլ աճուրդի անցկացման կազմակերպչական կանոն է, ինչը, պատասխանողի կարծիքով, իրավաչափ նպատակ է հետապնդում: Ըստ պատասխանողի, եթե Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը չընկալվեր որպես աճուրդին ԶԼՄ-ների ներկայությունը բացառող, ապա Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վերը նշված արգելքը, ընթացակարգային բնույթ կրելով, կընկալվեր բացառապես որպես աճուրդի պատշաճ ընթացքն ապահովող կարգապահական կանոն:
5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի բարձրացրած հարցը և նրա ներկայացրած հիմնավորումներն առնչվում են բացառապես Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ, այն է` «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը», և 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված, այն է` «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթներին:
Հաշվի առնելով վերոգրյալը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյոք պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդները փակ եղանակով անցկացնելը համահունչ է իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներին և չի խոչընդոտում անձի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարծիքն ազատ արտահայտելու տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման հնարավորությանը,
- արդյոք Օրենսգրքի վիճարկվող դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքներին:
i
6. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
i
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի` աճուրդները կարող են լինել բաց և փակ: Ի տարբերություն բաց աճուրդների, որոնց կարող է մասնակցել սահմանված չափանիշներին համապատասխանող ցանկացած անձ, «փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք»:
i
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սակարկություններով պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաճառվում են բաց աճուրդների միջոցով: Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` «Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը»: Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` յուրաքանչյուր անձ, ով Օրենսգրքի համաձայն հանդիսանում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտ, ցանկության դեպքում կարող է սահմանված կարգով մասնակցել աճուրդին:
Մյուս կողմից, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը: Հաշվի առնելով այն, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասում կիրառված` «աճուրդն անցկացվում է փակ» արտահայտությունը չի ենթադրում, որ այդ աճուրդներին կարող են մասնակցել հրավիրված անձինք: Սահմանադրական դատարանը հարկ է համարում տարանջատել «փակ սակարկություններ» հասկացությունը «փակ եղանակով կազմակերպվող աճուրդներ» հասկացությունից: ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել նաև, որ հրապարակային աճուրդներն ամեն դեպքում հանդիսանում են բաց աճուրդներ և դրանից ելնելով էլ` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը սահմանել է, որ «սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները»:
i
7. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի տրամաբանությանը համապատասխան` հրապարակային աճուրդներին ներկա են գտնվում ինչպես աճուրդի մասնակիցները, այսինքն` այն անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են նախավճար և կազմակերպչի կողմից ստացել են մասնակցի վկայական, այնպես էլ աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Ընդ որում, վերոհիշյալ հոդվածի համաձայն` մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Բացի դրանից, ինչպես նշվեց, աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:
Այս առումով, հրապարակային աճուրդներին, բացի կազմակերպչից, արձանագրողից և մասնակիցներից, կարող են ներկա գտնվել նաև համապատասխան կարգավիճակ ձեռք բերած անձինք:
Այսինքն` կարծիք արտահայտելու, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունն իր իրագործումն է գտել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում` ցանկացած անձի համար հնարավորություն ստեղծելով ներկա գտնվելու հրապարակային աճուրդին և դիտարկելու դրա ընթացքը:
Մյուս կողմից, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Նույն մասը սահմանում է, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հոդվածում խոսքը վերաբերում է աճուրդի բուն գործընթացին առնչվող` գործընթացին «մասնակցող» անձանց, այն չպետք է նույնացվի «ներկա գտնվող» հասկացության հետ, և համապատասխան դրույթները չպետք է խոչընդոտ հանդիսանան աճուրդի ընթացքը դիտարկելու ցանկություն հայտնած և սակարկություններին ներկա գտնվելու կարգավիճակ ունեցող անձանց համար:
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, ի պատասխան սույն գործով զեկուցողների` 22.12.2017թ. ՍԴԱ-18 գրության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի` 16.01.2018թ. N 01/16.1/157-18 պատասխան գրությամբ` հարցին` արդյոք Հայաստանի Հանրապետության համայնքներում առկա են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված աճուրդի կանոնակարգեր, և արդյոք նախատեսված է աճուրդի մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ կարգավորումներ, նշվել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն` աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը, իսկ աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է: Բացի դրանից, նշվել է, որ հողամասերի աճուրդի անցկացման լրացուցիչ կանոնակարգ ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով վաճառքին առնչվող խնդիրները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, իսկ աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը` 68-րդ հոդվածի դրույթներով:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև հաշվի առնել, որ դատական պրակտիկայում Օրենսգրքի վիճարկվող 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը մեկնաբանվել է որպես պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդներին մասնակից չհանդիսացող անձանց ներկա գտնվելը բացառող դրույթ: Մասնավորապես, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ եզրահանգել է, որ «համայնքային հողամասերի փակ աճուրդին կարող են ներկա գտնվել բացառապես աճուրդին գրանցված մասնակիցները, կազմակերպիչը և արձանագրողը»:
i
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել իր` 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «... Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը»:
Հարկ է նշել նաև, որ կարծիքի արտահայտման իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով և կարգով: Մասնավորապես, այն կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այս հանգամանքը հաշվի առնելով` օրենսդիրը պետք է նախատեսի պետական և համայնքային հողամասերի վաճառքի վերաբերյալ կազմակերպվող աճուրդների այնպիսի իրավակարգավորում, ինչը, մի կողմից, կհամարվի անհրաժեշտ աճուրդի բնականոն ընթացքն ապահովելու համար, մյուս կողմից` վերաբերելով պետությանը և համայնքին պատկանող գույքին, այդ կապակցությամբ` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությանը, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի հանրային իշխանության և, մասնավորապես, տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրության վստահությունը:
Առաջնորդվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդի վերաբերյալ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքն աճուրդին ներկա գտնվելու եղանակով իրացնելը` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, անհրաժեշտություն է, և պետական ու համայնքային հողամասերի աճուրդը պետք է լինի թափանցիկ:
Անդրադառնալով անձի` տեղեկություններ փնտրելու իրավունքին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը ներառում է տվյալներ աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին, միևնույն է, արձանագրությամբ արձանագրված տեղեկությունները չեն կարող համարժեք լինել ներկա գտնվելու արդյունքում ստացված տեղեկատվությանը: Բացի դրանից, հարկ է հավելել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի գրության համաձայն` պետության և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդների ընթացքի տեսաձայնագրություն չի իրականացվում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդին անձանց, այդ թվում` կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկա գտնվելն արգելելը համաչափ սահմանափակում չէ և իրավաչափ նպատակ չի հետապնդում: Վերջիններիս ներկա գտնվելն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը:
i
9. Սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1396 որոշմամբ վերահաստատելով իր` 11.01.2001թ. ՍԴՈ-278 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, գտել էր, որ օրենսդիրը հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ նախատեսելիս պարտավոր է առաջնորդվել բացառապես սահմանադրաիրավական այն չափորոշիչներով, որպիսիք նախատեսված են Սահմանադրության 75, 76, 78, 79 և 80-րդ հոդվածներում և 81-րդ հոդվածի 2-րդ մասում:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Միաժամանակ, Սահմանադրության 79-րդ հոդվածի համապատասխան` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները փակ եղանակով կազմակերպելը սահմանադրականության տեսանկյունից չի կարող գնահատվել որպես համարժեք սահմանափակվող այնպիսի հիմնական իրավունքների նշանակությանը, ինչպիսիք են տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքները: Այն չի կարող գնահատվել որպես պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում անդրադարձել է տեղեկատվության ազատության խնդիրներին, մասնավորապես. 2009թ. ապրիլի 14-ի Tarsasոg a Szabadsոgjogokert v. Hungary (գանգատ թիվ 37374/05) գործով դատարանը եզրահանգել է, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկության տրամադրման խոչընդոտները կարող են բացասաբար ազդել ԶԼՄ-ներում և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող անձանց վրա:
Մեկ այլ, 2013թ. նոյեմբերի 28-ի Osterreichische Vereinigung zur Erhaltung, Starkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land und forstwirtschaftichen Grundbesitzes v. Austria (գանգատ թիվ 39534/07) վճռով դատարանը վերահաստատել է նախկին դիրքորոշումները, այն է` կողմնակից է «տեղեկություններ ստանալու ազատություն» հասկացության ավելի լայն մեկնաբանմանը, որը ներառում է տեղեկությունների մատչելիության սկզբունքը:
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի` վիճարկվող դրույթի համապատասխանությանը որոշակիության սկզբունքին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքի իրարամերժ իրավակարգավորումները: Մասնավորապես, մի կողմից, Օրենսգիրքը սահմանափակում է աճուրդին ներկա գտնվելու ցանկություն հայտնած անձանց հնարավորությունը, իսկ, մյուս կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հատուկ կարգավորում մասնակից չհանդիսացող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ:
10. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը կարգավորում է հրապարակային աճուրդի ընթացքը, համաձայն որի` նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր: Միաժամանակ, վերոհիշյալ օրենքի համաձայն` աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը նվիրված է աճուրդի մասին հրապարակային ծանուցմանը, սահմանում է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ պարտադիր պետք է նշվի աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Անգամ այն դեպքերում, երբ հրապարակային ծանուցումն ի սկզբանե նախատեսում է փոփոխությունների կատարման հնարավորություն, այնուամենայնիվ, փոփոխված ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդից առնվազն երեք օր առաջ: Նման իրավակարգավորումները երաշխիք են շահագրգիռ անձանց համար հայտարարված ժամին ներկա գտնվելու սակարկություններին:
i
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև շեշտել, որ աճուրդն սկսվելու պահն ամրագրված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի` «Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը»: Այսինքն` աճուրդի սկսվելու պահը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարությունն անելու պահն է: Հետևաբար, նշված դրույթը կոչված է ապահովելու աճուրդի բնականոն ընթացքը, բարձրացնելու աճուրդին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կարգապահությունը:
Նման իրավընկալման շրջանակներում աճուրդի սկսվելու պահից դահլիճ մտնելու արգելքը համապատասխանում է համաչափության և որոշակիության սկզբունքներին և չի սահմանափակում անձի` կարծիք արտահայտելու ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության` «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված` «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 հունվարի 2018 թվականի
ՍԴՈ-1399