ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵՇԴ/0084/02/12
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0084/02/12 2014 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Ն. Տավարացյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի ներկայացուցիչ Հայկանուշ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղամ և Գևորգ Խաչատրյանների (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Գրիշա Օսեպյանի, Կարեն, Կարինե և Արթուր Օսիպյանների, Գայանե Ղարիբյանի և Հրայր Հոսիպյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` վտարելու պահանջի մասին, և ըստ Գրիշա Օսեպյանի ու Գայանե Ղարիբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են առանց փոխհատուցման դադարեցնել Համապատասխանողների օգտագործման իրավունքը Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող տան նկատմամբ և վերջիններիս վտարել այդ տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող տան` փողոցին նայող 1-ին հարկի ճակատային մասում առկա մեկ միջանցքի, մեկ լոգարանի, մեկ խոհանոցի, մեկ հյուրասրահի և մեկ ննջարանի նկատմամբ, մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 23.01.2009 թվականի թիվ 304-Ա որոշումը, 14.03.2007 թվականին Համապատասխանողներին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2012 թվականի վճռով հայցը մերժվել է, քաղաքացիական գործի վարույթը` ըստ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի` 14.03.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1843 վկայագիրը և Երևանի քաղաքապետի 23.01.2009 թվականի թիվ 304-Ա որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է, իսկ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Համահայցվորների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է` վճռվել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի համատեղ սեփականության իրավունքը սեփականության իրավունքով Համահայցվորների անվամբ հաշվառված Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեի առաջին հարկի տան փաստացի զբաղեցված 62 քմ մակերեսով շինության և դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ` այդ մասով անվավեր ճանաչելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից թիվ 01-011-004-089 մատյանի 070 համարի տակ 06.03.2009 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2013 թվականի որոշմամբ Գեղամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2013 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը ըստ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, 14.03.2007 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի 23.01.2009 թվականի թիվ 304-Ա որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, և ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Համապատասխանողների` բնակելի տարածության իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու պահանջի մասով, կարճվել է, իսկ վտարելու պահանջի մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2013 թվականի որոշմամբ Համահայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2013 թվականի վճիռը մասնակիորեն Համահայցվորների հայցը` Համապատասխանողներին վտարելու պահանջի մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում հակընդդեմ հայցով դիմելով դատարան Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող տան` փողոցին նայող 1-ին հարկի ճակատային մասում առկա ընդհանուր 62 քմ մակերեսով միջանցքի, խոհանոցի, լոգարանի, հյուրասենյակի և ննջարանի նկատմամբ, մասնակիորեն անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից թիվ 01-011-004-089 մատյանի 070 համարի տակ 06.03.2009 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 15.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2014 թվականի որոշմամբ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ 19-րդ 31-րդ և 47-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ 172-րդ 187-րդ 279-րդ և 280-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ 51-րդ 52-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանը 1981 թվականի ներքին առուվաճառքի պայմանագրով Սիրեկան Խաչատրյանից և Մանուշակ Գասպարյանից գնել են Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող տան 1-ին հարկի 62 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունը և իրենց երեխաների հետ միասին շուրջ 35 տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետում և օգտագործում են այն, նշված գույքը նրանց փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, օրինական հիմքով:
Վիճելի գույքի նկատմամբ Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանն իրականացրել են պահպանման ծախսեր, վերակառուցել և վերանորոգել են այն` կատարելով ֆինանսական ներդրումներ:
Ինչպես վիճելի գույքի նախկին սեփականատերերն իրենց գույքը վաճառելով, այնպես էլ նրանց մահից հետո վերջիններիս ժառանգները մինչև 2012 թվականի փետրվար ամիսը կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայել են իրենց սեփականությունը հանդիսացող գույքի մի մասի` Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի կողմից փաստացի օգտագործվող տնատիրության տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից իրենց մեկուսացման մասին` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Տիրապետման անընդմեջությունը և բացահայտությունը հիմնավորվում է ինչպես հարևանների հայտարարություններով, այնպես էլ թիվ 27 թաղային կոմիտեի կողմից տրված և հաստատված` տան սեփականատերերի 05.10.1981 թվականի համաձայնագրերով, նշված հասցեի գազաֆիկացման պետական կոմիտեի կողմից տրված «գենպլանով», «Երևան Ջուր» ՓԲԸ-ի և Գրիշա Օսեպյանի միջև կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով, թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 27.01.2012 թվականին տրված հայտարարագրերով և հարևանների կողմից Դատարանում տրված վկայություններով:
Սույն վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի 15.07.2014 թվականի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435 (ՎԴ) և թիվ 3-1451 (ՎԴ), 12.12.2007 թվականի թիվ 3-1759 (ՎԴ) և թիվ 3-1723 (ՎԴ), 13.02.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0466/02/08 և 24.07.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1272/02/08 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որոնցում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու ինստիտուտին և նշված իրավահարաբերությունների վերաբերյալ կատարել համապատասխան մեկնաբանություններ ու եզրահանգումներ, որոնք սույն գործով կիրառելի են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Սիրեկան Խաչատրյանին (հատոր 2-րդ, գ.թ. 37).
2) Երևանի Շենգավիթի թաղապետարանի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարությամբ Աղվան Ղարիբյանը հայտնել է, որ Գայանե Ղարիբյանի հայրն է, մասնակցել է վիճելի տան առուվաճառքին, որը տեղի է ունեցել 1981 թվականին, այն գնվել է 12.000 ռուբլով Մանուշ Գասպարյանից (Սիրեկան Խաչատրյանի կինն է) (հատոր 1-ին, գ.թ. 72).
3) Երևանի Շենգավիթի թաղապետարանի թիվ 16 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարություններով Ալբերտ Ավետիսյանը, Հակոբ և Ռուբիկ Նազոյանները, Անգին Արծրունին հայտնել են, որ 1981 թվականին Մանուշ Գասպարյանը և Գեղամ Խաչատրյանը Գրիշա Հովսեփյանին (ազգանունը նշվել է` հիմք ընդունելով հայտարարություններում առկա նշումը) են վաճառել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 տան` փողոցին նայող ճակատային մասից 1- ին հարկը` բաղկացած միջանցքից, լոգարանից, խոհանոցից, հյուրասրահից և ննջարանից, որից հետո դուրս են եկել նշված տարածքից ու մինչև օրս չեն տիրապետում այն (հատոր 1-ին, գ.թ. 75-77, 82).
4) 05.10.1981 թվականին Սիրեկան Խաչատրյանը համաձայնագրեր է ստորագրել «իր բնակարանում Գրիշա Հովսեփյանի և Գայանե Ղարիբյանի (ազգանունները նշվել են` հիմք ընդունելով համաձայնագրերում առկա նշումները) գրանցվելու վերաբերյալ», որը հաստատվել է թաղային կոմիտեի նախագահի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 26).
5) Գրիշա Հովսեփյանը, նրա կինը` Գայանե Ղարիբյանը, որդիները` Հրայր և Կարեն Հովսեփյանները, դուստրը` Կարինե Հովսեփյանը (ազգանունները նշվել են` հիմք ընդունելով տեղեկանքում առկա նշումները), 1981 թվականից բնակվում են Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 62, 73, 74, 78-81, 83-86).
6) Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում Գրիշա Օսեպյանը հաշվառվել է 1983 թվականից, Գայանե Ղարիբյանը` 1981 թվականից, Կարինե Օսիպյանը` 1995 թվականից, Հրայր Հոսիպյանը` 1997 թվականից, Կարեն Օսիպյանը` 1997 թվականից, Արթուր Օսիպյանը` 2011 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 6, 52-55, հատոր 4-րդ, գ.թ. 52-56).
7) 22.10.2001 թվականին Երևանի գազամատակարարման-գազաբաշխման դուստր ձեռնարկության կողմից հաստատված` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում շահագործման ընդունված ներտնային գազի համակարգի էսքիզում որպես բաժանորդ նշվել է Գայանե Ղարիբյանը (հատոր 1-ին, գ.թ. 59).
8) Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում տեղադրված 010-44-20-46 հեռախոսահամարի բաժանորդը Գայանե Ղարիբյանն է (հատոր 1-ին, գ.թ. 60).
9) Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեի վերաբերյալ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով բաժանորդ է Գրիշա Օսիպյանը (ազգանունը նշվել է հիմք ընդունելով պայմանագրում առկա նշումը) (հատոր 1-ին, գ.թ. 71).
10) Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կատարված հեռախոսային խոսակցությունների համար հակընդդեմ հայցվորների անվամբ 1997-2012 թվականներին կատարվել են վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 87-118, 131).
11) 14.03.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Երևանի քաղաքապետի 23.01.2009 թվականի թիվ 304-Ա որոշման հիման վրա Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Համահայցվորների սեփականության իրավունքը և 06.03.2009 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2612054 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 7-9).
12) Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանն իրենց ընտանիքով վերը նշված հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տան 1-ին հարկից փաստացի զբաղեցնում են ընդհանուր 62 քմ մակերեսով շինություն (հատոր 1-ին, գ.թ. 119):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
i
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար.
i
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները սխալ կիրառելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխիղճ և անընդմեջ տիրապետելու պայմանների դրսևորման առանձնահատկություններին` միաժամանակ վերահաստատելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրությանն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայմաններից` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանի գնահատման առանձնահատկություններին, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կարևորվում են տիրապետման ժամկետը, այն է` տասը տարի, և այդ ժամկետի ընթացքում տիրապետման անընդմեջ լինելու հանգամանքը, այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի:
Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար էական է պարզել անշարժ գույքը տիրապետողի վարքագիծը և վերաբերմունքը, տիրապետվող գույքի նպատակային նշանակությունը, որակական և այլ հատկանիշները, տիրապետման նպատակն ու առանձնահատկությունը:
Գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակելի տան դեպքում տիրապետումը կարող է արտահայտվել ինչպես գույքը փաստացի զբաղեցնելու (այնտեղ բնակվելու), այնպես էլ այն իր հայեցողությամբ այլ ձևով տիրապետելու միջոցով (տե՛ս, Լուսյա Մարյանյանն ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ գործով չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ վիճելի անշարժ գույքը Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանը ձեռք են բերել ու տիրապետում են բարեխղճորեն, վերջիններս բավարար հիմքեր են ունեցել ենթադրելու, որ գույքը տիրապետում են որպես սեփականություն, Համահայցվորների կողմից 2007 թվականին ժառանգությունն ընդունելու և Երևանի քաղաքապետարանի միջոցով ապօրինի շինություններն ու զավթած հողամասն օրինականացնելու արդյունքում փաստացի ընդհատվել է ձեռքբերման վաղեմության համար անհրաժեշտ ժամկետի ընթացքը, իսկ կոմունալ վճարումներ և վերանորոգման աշխատանքներ կատարելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ հակընդդեմ հայցը բավարարելու համար, հանգել է այն հետևության, որ հակընդդեմ հայցը ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է, որ գործում առկա չէ ներքին առուվաճառքի պայմանագիր, իսկ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի վիճելի հասցեում հաշվառման (գրանցման) մասին գործում առկա` Համահայցվորների իրավանախորդների կողմից տրված համաձայնությունները չեն կարող հանդիսանալ կամ գնահատվել որպես ներքին առուվաճառքի պայմանագիր: Վերաքննիչ դատարանը միաժամանակ պատճառաբանել է, որ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի կողմից կոմունալ ու այլ վճարումներ կատարելու մասին ապացույցներով, ինչպես նաև գույքի օգտագործման հետ կապված մյուս բոլոր փաստաթղթերով չի հիմնավորվում գույքի բարեխիղճ տիրապետման պայմանի առկայությունը, իսկ հարևանների կողմից գրավոր տրված և հաստատված հայտարարությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի իմաստով չեն կարող գնահատվել որպես առուվաճառքի փաստը հաստատող ապացույցներ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում):
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ գործում առկա չէ ներքին առուվաճառքի պայմանագիր Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ, ինչպես նշվեց, ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի կողմից կոմունալ ու այլ վճարումներ կատարելու մասին ապացույցներով, ինչպես նաև գույքի օգտագործման հետ կապված մյուս բոլոր փաստաթղթերով չի ապացուցվել գույքի բարեխիղճ տիրապետման պայմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից, քանի որ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն այդ հետևությունն անելով` առանց պատճառաբանելու, թե ինչու է մերժում Գրիշա Օսեպյանի և Գայանե Ղարիբյանի կողմից ներկայացված վերը նշված փաստաթղթերը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը գույքի բարեխիղճ տիրապետման փաստը գործով ապացուցված չլինելու հանգամանքի վերաբերյալ հետևությունն արել է առանց գործում առկա ապացույցները բազմակողմանի հետազոտելու, որի հետևանքով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն փաստերը, որ Գրիշա Օսեպյանը և Գայանե Ղարիբյանը 1981 թվականից բնակվում են վիճելի հասցեում, նախկին սեփականատիրոջ և նրա կնոջ կողմից տրված համաձայնագրերի հիման վրա Գրիշա Օսեպյանը 1983 թվականից, իսկ Գայանե Ղարիբյանը 1981 թվականից հաշվառված են այդ հասցեում, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ անգամ սույն գործով կողմերի միջև ծագած վեճին նախորդած 10 տարիների ընթացքում վիճելի անշարժ գույքի տիրապետումը որևէ կերպ ընդհատվել է, կամ վերջիններս հրաժարվել են գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի նախկին կամ ներկայիս սեփականատերերի կամ այլ անձանց գործողություններն ուղղվել են գույքը վերադարձնելուն:
Ինչ վերաբերում է 2007 թվականին Համահայցվորների կողմից վիճելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելուն և միայն 2012 թվականին սույն գործով վտարման մասին հայցապահանջը ներկայացնելուն, ապա վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Համահայցվորների այդ գործողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ գործողություններն ինքնըստինքյան չեն վերացնում վիճելի անշարժ գույքի փաստացի տիրապետողների մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված ու վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան