Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 273...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 273-ՐԴ, 277-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0402/02/12

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0402/02/12

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշման դեմ` ըստ Արմինե Հարոյանի հայցի ընդդեմ Կարեն Համբարձումյանի, երրորդ անձինք Ռոզա Մինասյանի և Հենրիկ Համբարձումյանի` երեխաների ապրելու իրավունքը ճանաչելու, նախորդ երեք տարիների համար ալիմենտը բռնագանձելու և ալիմենտի չափն ավելացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Արմինե Հարոյանը պահանջել է ճանաչել իր երեխաների` Սեդա և Գուրգեն Համբարձումյանների ապրելու իրավունքը Կարեն Համբարձումյանին պատկանող Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 տան նկատմամբ, ինչպես նաև Կարեն Համբարձումյանից բռնագանձել նախորդ 3 տարիների համար չվճարված ալիմենտի գումարը և յուրաքանչյուր երեխայի համար ալիմենտի չափ սահմանել 30.000-ական ՀՀ դրամը:

Դատաքննության ընթացքում Արմինե Հարոյանը հրաժարվել է նախորդ 3 տարիների համար ալիմենտի բռնագանձելու պահանջից:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ.Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2012 թվականի վճռով վճռվել է. «Կարեն Համբարձումյանից հօգուտ Արմինե Հարոյանի յուրաքանչյուր երեխայի համար բռնագանձել ամսական 30.000-ական ՀՀ դրամ` որպես ապրուստի միջոց` ալիմենտ, վերջինիս խնամքի տակ գտնվող երեխաների` 01.06.1997թ. ծնված Գուրգեն Կարենի Համբարձումյանի և 23.09.1995թ. ծնված Սեդա Կարենի Համբարձումյանի համար` մինչև երեխաների չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձումը սկսել 05.04.2012թ.` մինչև երեխաների չափահաս դառնալը: Ճանաչել Գուրգեն Կարենի Համբարձումյանի և Սեդա Կարենի Համբարձումյանի ապրելու իրավունքը Կարեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեի տան նկատմամբ: Մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել»:

Կարեն Համբարձումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 24.09.2012 թվականի վճռի` «Գուրգեն Կարենի Համբարձումյանի և Սեդա Կարենի Համբարձումյանի ապրելու իրավունքը Կարեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեի տան նկատմամբ» ճանաչելու մասի դեմ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2013 թվականի որոշմամբ Կարեն Համբարձումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.09.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Համբարձումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 273-րդ, 277-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 118-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը Կարեն Համբարձումյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը, գործի քննության մասնակից չդարձնելով Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 տան սեփականատեր Կարեն Համբարձումյանին, վերջինիս զրկել է իր շահերը պաշտպանելու, ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ինչպես նաև սեփականության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 27.10.2011 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2847613 վկայականի համաձայն` Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեում գտնվող 188,7 քմ բնակելի տան և 0,02164 հա հողամասի սեփականատերը Կարեն Համբարձումյանն է (հատոր 1-ին, գ.թ.29-30):

2) Էրեբունու թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կնիքով դրոշմված և ստորագրությամբ հաստատված 08.02.2012 թվականի տեղեկանքի համաձայն` «Կարեն Համբարձումյանը 1996 թվականից չի բնակվում Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեում և երբեմն բնակվում է ժամանակավորապես` առիթի դեպքում» (հատոր 1-ին, գ.թ.20):

3) Կարեն Համբարձումյանին Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեով առաքված Դատարանի 06.04.2012 թվականի որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստը 24.05.2012 թվականի ժամը 12:00-ին նշանակելու մասին, հետ է վերադարձվել Դատարան` Կարեն Համբարձումյանի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ.37-48):

4) Կարեն Համբարձումյանին «ՌԴ Լենինգրադսկայայի շրջան, ք. Բոկսիտոգորսկ տուն 8 կամ 10 «Բրիկանտինա» բառ» և «ՌԴ Լենինգրադսկայայի շրջան, ք. Բոկսիտոգորսկ, Շկոլնայա փողոց 30 շենք բն. 4» հասցեներով Դատարանի 06.04.2012 թվականի որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստը 24.05.2012 թվականի ժամը 12:00-ին նշանակելու մասին, և 09.07.2012 թվականի ժամը 11:00-ին դատական նիստ նշանակելու մասին ծանուցագիրը հանձնելու նպատակով 30.05.2012 թվականին տրվել է Արմինե Հարոյանի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանին (հատոր 1-ին, գ.թ.53, 55):

5) Դատարանին հասցեագրված Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 06.06.2012 թվականի թիվ 24/1-5/122/1296 գրությամբ հաստատվել է 25.05.2012 թվականի թիվ ԴԴ-16/Ե-6751/12 գրությամբ թիվ ԵԷԴ/0402/02/12 քաղաքացիական գործով Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից Կարեն Համբարձումյանի ծանուցումը ստանալու փաստը: Միաժամանակ հայտնվել է, որ Կարեն Համբարձումյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առկա չեն (հատոր 1-ին, գ.թ.59):

6) 24.05.2012 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է մինչև 09.07.2012 թվականի ժամը 11:00-ը (հատոր 1-ին, գ.թ.51-52), իսկ 09.07.2012 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 03.08.2012 թվականի ժամը 10:00-ին (հատոր 1-ին, գ.թ.72-73):

7) Կարեն Համբարձումյանին Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեով առաքված Դատարանի 09.07.2012 թվականի որոշումը` գործով երրորդ անձ ներգրավելու և դատական նիստը 03.08.2012 թվականի ժամը 10:00-ին նշանակելու մասին, հետ է վերադարձվել Դատարան Կարեն Համբարձումյանի` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ.78-80):

8) 03.08.2012 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 07.09.2012 թվականի ժամը 17:00-ին (հատոր 1-ին, գ.թ.89-90):

9) Կարեն Համբարձումյանին Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեով առաքված 07.09.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը հետ է վերադարձվել Դատարան Կարեն Համբարձումյանի` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ.91-94):

10) 07.09.2012 թվականին նշանակված դատական նիստով գործի քննությունն ավարտվել է, և 24.09.2012 թվականի ժամը 17:50-ին նշանակվել է վճռի հրապարակում (հատոր 1-ին, գ.թ.98-99):

11) Արմինե Հարոյանի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանը դատարանին հասցեագրված 18.09.2012 թվականի դիմումով հայտնել է, որ ներկայացվում է Կարեն Համբարձումյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով տեղեկացնելու վերաբերյալ հավաստագրերը (հատոր 1-ին, գ.թ.102):

12) 26.07.2012 թվականի թիվ RR 062694214AM և թիվ RR 062694228AM հավաստագրերի համաձայն` Կարեն Համբարձումյանը 07.07.2012 թվականին «ՌԴ Լենինգրադսկայայի շրջան, ք. Բոկսիտոգորսկ տուն 8 կամ 10 «Բրիկանտինա» բառ» և «ՌԴ Լենինգրադսկայայի շրջան, ք. Բոկսիտոգորսկ, Շկոլնայա փողոց 30 շենք բն. 4» հասցեներով ստացել է փաթեթ (հատոր 1-ին, գ.թ.103-104):

13) 24.05.2012 թվականի ժամը 12:00-ին, 09.07.2012 թվականի ժամը 11:00-ին, 03.08.2012 թվականի ժամը 10:00-ին, 07.09.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, 24.09.2012 թվականի ժամը 17:50-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Կարեն Համբարձումյանի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է նրան, թե արդյոք հիմնավորված է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Կարեն Համբարձումյանը պատշաճ ծանուցվել է Դատարանում գործի քննության վայրի և ժամանակի մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

i

Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես` Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը): Վկայակոչելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի հետ բովանդակային առումով փոխկապված է նաև նույն օրենսգրքի 117-րդ հոդվածը: Եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը նախատեսում է դատարանի պոզիտիվ պարտականությունը պատշաճ ծանուցման հարցում, ապա նույն օրենսգրքի 117-րդ հոդվածը նախատեսում է այն դատավարական ձևը, որով դատարանը վերջնականապես համոզվում է անձի` պատշաճ ծանուցված լինելու մասին: Այլ կերպ`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտումը տեղի է ունենում նույն օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հետ զուգորդված, երբ դատարանը պատշաճ չի ծանուցում գործին մասնակցող անձին և չունենալով հավաստի ապացույց` շարունակում է գործի քննությունը` այդ անձանց բացակայությունը գործի քննության համար արգելք չհամարելով:

Սույն գործի փաստերի համաձայն` 24.05.2012 թվականի ժամը 12:00-ին, 09.07.2012 թվականի ժամը 11:00-ին, 03.08.2012 թվականի ժամը 10:00-ին, 07.09.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, 24.09.2012 թվականի ժամը 17:50-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Կարեն Համբարձումյանի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Կարեն Համբարձումյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր Դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածը, Կարեն Համբարձումյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ 25.05.2012 թվականին դատական ծանուցագիր է ուղարկվել Կարեն Համբարձումյանին` ՌԴ Լենինգրադսկայայի շրջան քաղաք Բոկսիտոգորսկ տուն 8 կամ 10 «Բրիկանտինա» բառ հասցեով, որը վերջինս, ըստ գործում առկա հանձնման հավաստագրի, ստացել է 07.09.2012 թվականին, ինչի մասին վկայում է վերջինիս ստորագրությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ Դատարանի կողմից նշանակված դատական նիստերի ժամանակ Դատարանը չի ունեցել Կարեն Համբարձումյանի պատշաճ ծանուցված լինելը հավաստող որևէ ապացույց: Ավելին, Կարեն Համբարձումյանին 09.07.2012 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու համար Արմինե Հարոյանի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանին հանձնվել է 30.05.2012 թվականին, իսկ նշված ծանուցագիրը Կարեն Համբարձումյանին հանձնելու վերաբերյալ փոստային հավաստագրերը Դատարան է մուտքագրվել միայն 18.09.2012 թվականին` դատաքննության ավարտից հետո: Փաստերի դասավորվածության նման պայմաններում Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների ուժով չէր կարող շարունակել գործի քննությունը և նշանակել դատական ակտի հրապարակման օր:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, 25.05.2012 թվականին ծանուցում է ուղարկել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Ա.Հարությունյանին` պատասխանող Կարեն Համբարձումյանին 09.07.2012 թվականի դատական նիստի մասին ծանուցելու խնդրանքով: 06.06.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան է ուղարկվել հաղորդագրություն, որով հավաստվել է, որ Կարեն Համբարձումյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առկա չեն: 18.07.2012, 14.08.2012 թվականներին դատական ծանուցագրեր են ուղարկվել, որոնք կրկին հետ են վերադարձվել ծրարի վրա «բացակայում է հանրապետությունից» նշումով: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող Կարեն Համբարձումյանը նշանակված դատական նիստերի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի իմաստով պատշաճ ծանուցված է եղել»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տե՛ս Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Այս առումով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ: Ավելին, տիրապետելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 06.06.2012 թվականի թիվ 24/1-5/122/1296 գրությամբ տրված տեղեկությանն առ այն, որ Կարեն Համբարձումյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առկա չեն, և տեղեկանալով Էրեբունի վարչական շրջանի կողմից նրան ծանուցելու հնարավորության բացակայության մասին` այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Կարեն Համբարձումյանին պատշաճ ձևով տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Կարեն Համբարձումյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննությունն անհրաժեշտ է իրականացնել այն ծավալով, որով Դատարանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, այն է` Գուրգեն Կարենի Համբարձումյանի և Սեդա Կարենի Համբարձումյանի ապրելու իրավունքը Կարեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 56/1 հասցեի տան նկատմամբ ճանաչելու պահանջի մասով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշումը և գործը Գուրգեն Կարենի Համբարձումյանի և Սեդա Կարենի Համբարձումյանի ապրելու իրավունքը Կարեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշ 34 փողոցի թիվ 56/1 հասցեի տան նկատմամբ ճանաչելու պահանջի մասով ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.07.2013
N ԵԷԴ/0402/02/12
Որոշում