Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 103-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                           ԼԴ/0166/06/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0166/06/12

Նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                       ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդուարդ Գուրգենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 19120312 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2012 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Էդուարդ Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա Արմեն Սահակյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:

Այսպես. 2012 թվականի նոյեմբերի 06-ին, ժամը 23-ի սահմաններում Արմեն Սահակյանն իր քրոջն անհանգստացնելու կապակցությամբ համաքաղաքացի Աշոտ Այվազյանից պարզաբանում ստանալու նպատակով նախապես պայմանավորվածության համաձայն իր ընկերներ` Արեն Մնացականյանի և Տարոն Կոստանդյանի հետ գնացել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա, որտեղ հանդիպել են Աշոտ Այվազյանին և նրա ընկերներ Գագիկ Ջիլավյանին, Վարուժան Պողոսյանին և Էդուարդ Մուրադյանին: Հիշյալ հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Էդուարդ Մուրադյանը նույն պողոտայի 48 շենքի դիմաց նախապես իր մոտ եղած սուր ծակող, կտրող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածել է Արմեն Սահակյանի որովայնի առաջնային պատին` վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս ու տեսնելով դեպքի վայր ժամանող ոստիկանության աշխատակիցներին, դիմել փախուստի» (տե՛ս նյութեր, թերթ 22):

2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Դ.Ղազախեցյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Է.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է: Նույն որոշմամբ դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը:

3. Պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանը:

2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանի որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում արձանագրված է. «Ըստ պաշտպանի` խախտվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 129-րդ, 131.1-րդ, 132-րդ հոդվածների պահանջները:

2012 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 12.45-ին պաշտպան Գ.Հարությունյանը Էդուարդ Մուրադյանին ձերբակալումից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Դ.Ղազախեցյանին` ձերբակալման 72 ժամյա ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Քննիչը մերժել է միջնորդությունը` պատճառաբանելով, որ հարցաքննությունից հետո նա բաց է թողնվել, սակայն իր այդ պատճառաբանությունը հիմնավորող որևէ փաստական տվյալ չի վկայակոչել:

Ժամը 14.00-ին` դատական նիստը սկսելուց հետո, ձերբակալման ժամկետը լրանալու և Է.Մուրադյանի անձնական անձեռնմխելիության խախտման մասին տեղեկացվել է նաև դատարանը, սակայն հաշվի չի առել և դատաքննության ընթացքում մեղադրյալը շարունակվել է պահվել ոստիկանների հսկողության տակ:

Պաշտպանը նշել է, որ 2012 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 16.00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Էդուարդ Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցած միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Այսպիսով` Է.Մուրադյանը հարկադրաբար ազատությունից զրկվել է, այսինքն փաստացի արգելանքի տակ պահվել է 2012 թվականի նոյեմբերի 07-ից ժամը 10.30-ից, ուստի ձերբակալման 72 ժամյա ժամկետը լրացել էր 2010 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 10.30-ին: Փաստորեն, մինչև դատարանի որոշման հրապարակելու պահը նա շուրջ 5 ժամ 30 րոպե ապօրինի պահվել է անազատության մեջ և դատարանը տեղեկացված լինելով այդ մասին ոչ միայն չի վերացրել այդ խախտումը, այլ նաև իր որոշմամբ չի արձանագրել այն, այնինչ պարտավոր էր դա անել» (տե՛ս նյութեր, թերթ 77):

6. Վերաքննիչ դատարանի որոշման «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» բաժնում առկա է հետևյալ ձևակերպումը. «(...) Նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են դեպքին մեղադրյալի առնչության մասին:

Տվյալ դեպքում «Հիմնավոր կասկած» հասկացության վերը նշված մեկնաբանության համատեքստում վերլուծելով առկա փաստական տվյալները Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Էդուարդ Մուրադյանն ունի առնչություն իրեն վերագրվող հանցավոր արարքի հետ:

(...)

Քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը (...), ինչպես նաև այն, որ չեն վերացել և շարունակում են առկա լինել Էդուարդ Մուրադյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները (...), հետևաբար առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերացնելու համար:

(...)

Ինչ վերաբերում է պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկներին, ապա նշված հանգամանքները նախաքննության այս փուլում չեն կարող գրավի երաշխիք հանդիսանալ:

Հետևաբար, Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը համապատասխանում է գործող օրենքների պահանջներին և կայացնելով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում և մեղադրյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշում, ընդհանուր իրավասության դատարանը չի խախտել ՄԻԵԿ-ի, ՄԻԵԴ-ի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, հետևաբար դատարանի որոշումը պետք է թողնել ուժի մեջ` այն օրինական և հիմնավորված լինելու պատճառով, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` մերժել: (տե՛ս նյութեր, թերթ 78-79):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Է.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ, 18-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 13-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 103-րդ, 129-րդ, 131.1-րդ, 132-րդ, 135-րդ, 136-րդ, 285-րդ և 393-րդ հոդվածների պահանջների խախտումներով: Մասնավորապես, Է.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին ստորադաս դատարանների որոշումները պատճառաբանված չեն:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը վկայակոչել է Գագիկ Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները և նշել, որ սույն գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերը հակասում են վերոնշյալ որոշումներին:

Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ վերաքննիչ բողոքում նշել է իր պաշտպանյալին ձերբակալելու ընթացքում թույլ տրված խախտումների մասին, որոնք Վերաքննիչ դատարանը շարադրել է իր որոշման մեջ, սակայն դրանց կապակցությամբ որևէ եզրահանգում չի արել և այդ առումով իր դատական ակտը չի պատճառաբանել: Փոխարենը Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ եզրահանգումներ է արել հիմնավոր կասկածի վերաբերյալ, որի կապակցությամբ վերաքննիչ բողոքում որևէ հարց բարձրացված չի եղել:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ մեջբերել է այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում են կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունների քննարկմանը:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա չդարձնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստի վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները` մեղադրյալ Է.Մուրադյանին զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

8. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10-ի, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումները և մեղադրյալ Է.Մուրադյանին անհապաղ ազատ արձակել արգելանքից, կամ կայացնել նոր դատական ակտ` թույլատրելի ճանաչելով Է.Մուրադյանի նկատմամբ գրավի կիրառումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից երկու հարց է բարձրացվել, որոնցից առաջինը վերաբերում է Է.Մուրադյանին կալանավորելու հիմքերի առկայության, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատճառաբանված չլինելուն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), երկրորդը` Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա անհամապատասխանությանը, ինչպես նաև Է.Մուրադյանի ձերբակալման օրինականությանը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցին հնարավոր չէ պատասխանել` առանց երկրորդ հարցին անդրադառնալու, ուստի Վճռաբեկ դատարանը նախ և առաջ քննության է առնում Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա անհամապատասխանության վերաբերյալ բողոքաբերի բարձրացրած երկրորդ հարցը:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը:

11. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (...) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (...)

4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն`

«1. (...) Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան (...)

10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված օրենսդրական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

(...) Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-19-րդ կետերը):

12. Գ.Ղազարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ` վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, (...) հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ վերահաստատելով Գ.Ղազարյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) դատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող` վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը» (տե՛ս Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը):

13. Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում դատարանի կողմից անձի ձերբակալման օրինականությունը քննարկելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Միքայելյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) մարդու հիմնարար իրավունքները, որպես անմիջականորեն գործող իրավունք, կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձերբակալման օրինականությունը չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության շրջանակից, և հարկադրանքի այդ միջոցի կիրառման ընթացքում թույլ տրված խախտումները պետք է արժանանան համարժեք իրավական գնահատականի և հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների: Հակառակ դեպքում կխախտվի ձերբակալվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

ՈՒստի կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ (...)» (տե՛ս Գագիկ Գառնիկի Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 34-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Գ.Հարությունյանը վերաքննիչ բողոքում վիճարկել է իր պաշտպանյալի ձերբակալման գործընթացի օրինականությունը` պնդելով, որ Է.Մուրադյանը փաստացի արգելանքի տակ պահվել է թույլատրելի 72 ժամից ավելի, և Առաջին ատյանի դատարանը, տեղեկացված լինելով խախտման մասին, իր որոշմամբ չի արձանագրել այն:

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է պաշտպանի վերոհիշյալ փաստարկը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), սակայն դատական ակտի պատճառաբանական մասում դրան չի անդրադարձել և քննարկման առարկա չի դարձրել:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես` «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» հատվածում վերլուծել է հիմնավոր կասկածի ինստիտուտը, որի կապակցությամբ վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ ներկայացված չի եղել, ինչպես նաև մեջբերել է այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում են կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունների քննարկմանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), մինչդեռ վերաքննության կարգով բողոքարկված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ոչ թե ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Այլ խոսքով` Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա է անհամապատասխանություն. դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրված եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

16. Սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրյալ Է.Մանուկյանի ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները դուրս են մնացել դատական վերահսկողության շրջանակից, ինչը կարող է հանգեցնել մեղադրյալի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման եզրափակիչ մասը չի համապատասխանում նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը:

17. Սույն որոշման 11-16-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը հիմնավորված չէ: Մասնավորապես, սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում: Նշված խախտումն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք է:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեղադրյալ Էդուարդ Գուրգենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Է.Մուրադյանին կալանավորելու հիմքերի առկայության, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատճառաբանված չլինելու վերաբերյալ բողոքաբերի հարցին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման նախորդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Էդուարդ Գուրգենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԼԴ/0166/06/12
Որոշում