Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ3/0207/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0207/05/08                             2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ժորա Դանիելովից 5.670.000 ՀՀ դրամ գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ժորա Դանիելովը պահանջել է վերացնել Տեսչության 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, չի կիրառել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, էական համարելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից Տեսչության պետին հանձնարարագիր տալու համար անհրաժեշտ լիազորություն տրամադրված լինելու հարցը, անտեսել է, որ նշված հարցը կարգավորված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի 4-րդ կետով, որի համաձայն` հարկային մարմնի ղեկավարը սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային տեսուչների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ կարգով չի գնահատել Ժորա Դանիելովի կողմից Վրաստանի քաղաքացիներին` իր անունից հանդես գալու լիազորագիր տալու փաստը, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ Ժորա Դանիելովի մասնակցությունն արքայանարնջի չրի ներմուծմանը, տեղափոխմանը և իրացմանը կրել է ձևական բնույթ և սահմանափակվել է միայն լիազորագիր տալով և հիմնավոր չի համարել Ժորա Դանիելովի կողմից շահույթ ստանալու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը:

Վարչական դատարանն անտեսել է, որ ներմուծողն է պարտավորություն կրում ապրանքի իրացման ընթացքում օրինականության պահպանման համար, այլ ոչ թե լիազորված անձը, որը կատարում է միայն լիազորողի պահանջները, հետևաբար չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տեսչության պետի 06.05.2008 թվականի թիվ 2326225 հանձնարարագրով հարկային տեսուչներին հանձնարարվել է ֆիզիկական անձ Ժորա Դանիելովի մոտ կատարել առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում:

2) Ժորա Դանիելովի 06.05.2008 թվականի հայտարարության համաձայն` 2007 թվականի դեկտեմբեր ամսին 6 անգամ Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել ընդհանուր 14.000 կգ չորացրած արքայանարինջ, որի համար մաքսատանը վճարել է 1.704.919 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Ապրանքները վաճառվել են մեկ կիլոգրամը 650-700 ՀՀ դրամով:

3) Տեսչության աշխատակիցների կողմից 08.05.2008 թվականին կազմվել է թիվ 2326225 ստուգման ակտը, որում նշվել է, որ Ժորա Դանիելովը 2007 թվականի դեկտեմբերին 6 անգամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 14.000 կգ չորացրած արքայանարինջ` 8.518.400 ՀՀ դրամ մաքսային արժեքով: Ժորա Դանիելովի հայտարարության համաձայն` ներկրված ապրանքն իրացվել է մեկ կիլոգրամը 650-700 ՀՀ դրամով:

4) Ժորա Դանիելովի 08.05.2008 թվականի հայտարարության համաձայն` վերջինս հրաժարվել է ստորագրել թիվ 2326225 ստուգման ակտը, քանի որ ակտում նշված գործունեության արդյունքում վնաս է կրել, տեղյակ չի եղել հարկային օրենսդրության համապատասխան նորմերին, իսկ ակտում արձանագրված գումարն ի վիճակի չէ մուծել:

5) Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գելա Զաքրոշվիլիի և Թամազ Չիտաշվիլիի հայտարարությունների համաձայն` Ժորա Դանիելովի կողմից վերջիններիս տրվել է լիազորագիր Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներմուծելու համար:

5) 19.11.2007 թվականին Ժորա Դանիելովը լիազորել է Թամազ Չիտաշվիլիին և Գելա Զաքրոշվիլիին իր փոխարեն ներկայանալ մաքսատանը, ստանալ և մաքսազերծել իր անվամբ եղած բեռը, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, իր անունից տալ հայտարարություններ և դիմումներ, կատարել համապատասխան մուծումներ, բեռը տեղափոխել մինչև Հայաստանի Հանրապետություն, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները, որոնք կապված են վերը նշված հանձնարարության հետ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ: Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Սույն գործով Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի` Տեսչության պետի կողմից:

Մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը նախատեսում է, որ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անհրաժեշտ համարելով Տեսչության պետի կողմից համապատասխան փաստի ապացուցման անհրաժեշտությունը, պետք է անձից պահանջեր ներկայացնելու այդ փաստի ապացույցները: Մինչդեռ Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցը պահանջելու, այդ փաստը հիմնավորված չի համարել` այդ հանգամանքը նույնպես դնելով վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքում:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Սույն գործով Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ժորա Դանիելովի գործունեությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ: Որպես դատական ակտի հիմնավորում հիմք է ընդունվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161 (ՏԴ) գործով որոշումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161 (ՏԴ) գործով որոշմամբ տրված ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանությունից հետևում է Ժորա Դանիելովի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ մասնավորապես հստակ նշել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին:

Ժորա Դանիելովի գործունեությունն իրականացվել է ինքնուրույն, իր ռիսկով և հետապնդել է շահույթ ստանալու նպատակ: Այդ հանգամանքները հաստատվում են վերջինիս կողմից ընդունված այն փաստերով, որ 14.000 կգ չորացրած արքայանարինջը ներմուծվել է Ժորա Դանիելովի անունից և վաճառվել շուկայում: Իրավական առումով ապրանքները ներմուծել է Ժորա Դանիելովը, իսկ շուկայում վաճառելն ուղղակիորեն վկայում է շահույթ ստանալու նպատակի մասին: Այն հանգամանքը, որ ապրանքները ներմուծվել են այլ անձանց կողմից, անձի կողմից իրականացված գործունեությունը ձեռնարկատիրական չդիտելու համար բավարար չի կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար:

Վերոնշյալից հետևում է, որ ներկայացուցչության ինստիտուտի միջոցով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները կատարում են իրավաբանական գործողություններ` առանց անմիջականորեն դրանց մասնակցելու: Սակայն, այդ գործողություններն ուղղված են հենց ներկայացվողի համար իրավունքներ և պարտականություններ ստեղծելուն:

Հետևաբար, սույն գործով Ժորա Դանիելովի անունից կնքված բոլոր գործարքները` ապրանքների ներկրումը, դրանց վաճառքը, իրավունքներ և պարտականություններ են առաջացնում միայն Ժորա Դանիելովի համար:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                        Նախագահող`    Ա. Մկրտումյան

                        Դատավորներ`   Ս. Սարգսյան

                                      Վ. Աբելյան

                                      Ե. Խունդկարյան

                                      Դ. Ավետիսյան

                                      Հ. Ղուկասյան

                                      Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ3/0207/05/08
Որոշում