110.0116.030698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
19 մայիսի 1998թ. թիվ 116-Մ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1998թ. ընդունելության քննությունները կազմակերպելու նպատակով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1998 թվականի ընդունելության կանոնները»:
2. «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1998 թվականի ընդունելության կանոնները» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ
ԹԻՎ 116-Մ ՀՐԱՄԱՆՈՎ,
ԿՈԴ ԹԻՎ 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված Նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհերը) 1998 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցմամբ: Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ընդունելություն է կատարում նաև հեռակա ուսուցմամբ:
3. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն (ութերորդ դասարանի բազայի վրա) ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
4. Ընդունելությունը բուհերում կատարվում է պետական պատվերի և վճարովի ուսուցման համակարգի` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի վրա, Նախարարության կողմից հաստատված ընդունելության քննությունների (այսուհետև` քննություններ) ցանկի և սույն կանոններով սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն:
5. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Նախարարության հաստատած ծրագրերով: Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` նրանց մշակած և Նախարարության կողմից հաստատված ծրագրերով և գնահատման չափանիշներով:
6. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի պետական պատվերի և վճարովի ուսուցման համակարգով նախատեսված տեղերի մրցույթին` լրացնելով համապատասխան դիմում-հայտ և հանձնելով իր ընտրած մասնագիտությունների բոլոր քննությունները: Դիմորդն իր ընտրած մասնագիտությունների համար կարող է լրացնել մինչև տասներկու հայտ, որոնցից չորսը պետական պատվերի և ութը ուսուցման վճարովի համակարգի համար` համարակալելով հայտերը` ելնելով իր նախասիրություններից: Դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմում-հայտերում լրացրած հայտերի հերթականությանը համապատասխան:
7. Ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները հանձնվում են միայն մեկ անգամ:
8. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում և Երևանի օտար լեզուների ինստիտուտի «Ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու» մասնագիտությամբ մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների:
9. Հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական միավորներ:
10. Մրցույթն ըստ հայտերի անց է կացվում մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա: Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում`
ա) առաջնահերթ կարգով ընդունվում են միջնակարգ հանրակրթական դպրոցի ոսկե (արծաթե) մեդալ ունեցող դիմորդները և ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդները: Ոսկե (արծաթե) մեդալ ունեցող դիմորդների և ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդների միջև մրցույթն անց է կացվում համաձայն սույն կանոնների 10բ) կետի,
բ) հաշվի են առնվում մրցութային քննական առարկաներից ստացած միավորները բուհերի կողմից նշված հաջորդականությամբ, իսկ վերջիններիս հավասարության դեպքում հաշվի է առնվում ոչ մրցութային առարկայից ստացած միավորը:
11. Եթե դիմորդը մրցույթով անցնում է դիմում-հայտում նշված առաջին հայտով, ապա դիմում-հայտում նշված մյուս հայտերի համար մրցույթին չի մասնակցում: Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր դիմում-հայտում նշված առաջին հայտով, հավասար պայմաններով մասնակցում է դիմում-հայտում նշված երկրորդ հայտի մրցույթին և այսպես շարունակ:
12. Ըստ բուհերի և հայտերի մրցույթն անցկացվում է կենտրոնացված կարգով, որի արդյունքները հրապարակվում են ս/թ օգոստոսի 30-ին:
13. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս, Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների,
գ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք,
դ) ներքին սփյուռքի (ԱՊՀ երկրների) դիմորդները, տվյալ համայնքին հատկացված տեղերի սահմաններում` մանկավարժական բուհեր ընդունվելու համար (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական և Վանաձորի մանկավարժական ինստիտուտները):
14. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում Վրաստանի Հանրապետության աբխազահայ համայնքին հատկացված տեղերում ընդունելությունը կատարվում է Նախարարության կազմած հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
15. Սույն կանոնների 13-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր դիմել են միայն ուսուցման վճարովի համակարգի մասնագիտությունների գծով ընդունվելու, բուհ են ընդունվում մրցույթից դուրս` ընդունվելուց հետո ուսումնառության վարձը վճարելու պայմանով և ազատվում են քննությունների վճարից:
16. Պետական պատվերի և վճարովի ուսուցման տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:
17. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար քննությունն են հանձնում հայոց լեզվից (գրավոր): Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, ովքեր միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում որևէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
Բացառություն են կազմում.
ա) 0212-միջազգային հարաբերություններ, 0214-լրագրություն (ժուռնալիստիկա), 0230-հայոց լեզու և գրականություն, 0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0310-հոգեբանություն և մանկավարժություն, 0311-նախադպրոցական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար), 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար), 0316, 0318-սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա, 0317, 0318-օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա, 0533-թարգմանչական գործ մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է,
բ) 0217-բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) մասնագիտությունը (ԵՊՀ, ԳՄԻ, ՎՄԻ, ԳՊՀ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր),
գ) 0217, 0233-բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու) մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),
դ) 0233, 0217-անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունը (ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր):
18. Միջնակարգ կրթության վկայականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր): Բացառություն են կազմում 0212-միջազգային հարաբերություններ, 0233-օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն), 0234-արևելագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն) (ԵՊՀ), 0533-թարգմանչական գործ (ԵրՕԼԻ), 0309, 0233-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, անգլերեն լեզու (ՀՄԻ, ՎՄԻ), 0601-տեսական տնտեսագիտություն, 0606-համաշխարհային տնտեսագիտություն, 0611-կառավարում, 0618-մաթեմատիկական մեթոդներ և գործառությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ (ԵՊՀ, ԵրԺՏԻ), 0604-ֆինանսներ և վարկ, 0607-ազգային տնտեսագիտություն, 0614-առևտուր (կոմերցիա), 0624-ապահովագրական գործ, 0625-արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, 0719-տեղեկատվական համակարգեր (ԵրԺՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:
19. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
20. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները քննությունները, բացի հայերեն և օտար լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով:
21. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չմասնակցած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
22. Բանավոր քննության գնահատականը դիմորդը ունի գանգատարկելու առարկայական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու օրը մինչև ժամը 24.00: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են ոչ ուշ, քան ժամը 16.00:
23.Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է առանձին քաղաքացիների ազատել ընդունելության քննությունների վճարից:
24. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 1998 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 20-ը: Քննություններն անցկացվում են 1998 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 23-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում 1998 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 23-ը:
25. Դիմորդները քննություններին և մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին բուհը: Քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին բուհում:
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում:
Դիմումի հետ ներկայացվում են`
ա) կրթության մասին վկայականի բնագիրը,
բ) բժշկական տեղեկանք (ձև համար 86-ու),
գ) 6 լուսանկար 3 x 4 չափսի,
դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական մինչև 16 տարեկան երեխաների համար, զինվորական գրքույկ զինծառայողների համար կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր),
զ) սույն կանոնների 13-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու, ինչպես նաև զինծառայողների և ազատամարտիկների զոհվելու մասին):
26. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ:
i
27. Հայաստանի Հանրապետության ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների շրջանավարտները կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ, իսկ բուհերի հենակետային վարժարանների ֆիզիկամաթեմատիկական հոսքերի շրջանավարտները` տվյալ բուհի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ` Նախարարության հաստատված հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում տվյալ բուհում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա: Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների ցանկը հաստատում ` Նախարարությունը:
28. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել ճարտարագիտական համալսարան Նախարարության հաստատած հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
29. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ (բացի ճարտարապետական ֆակուլտետից) Նախարարության հաստատած հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
30. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի համապատասխան մասնագիտությունների գծով Նախարարության հաստատած հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
31. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համապատասխան մասնագիտությունների գծով վճարովի ուսուցման համակարգի տեղերի հաշվին` Նախարարության հաստատած հանձնաժողովի կողմից քննական առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
32. Դիմորդը յուրաքանչյուր քննական առարկայի հարցազրույցի համար համապատասխան բուհում վճարում է 500 դրամ:
33. Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բուհեր ընդունվել առանց քննությունների` Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պետական պատվերի համակարգին հատկացված տեղերի հաշվին:
i
34. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հանրապետական ընդունող հանձնաժողովում:
35. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի, քննական հանձնաժողովների և ընդունելության հետ կապված մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 1998 թվականի ընդունելության կանոնակարգով:
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 06 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 129800132