Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՎ 258-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով
վերաքննիչ դատարանի դատավճիռ
Քրեական գործ ՎԲ-223/06
Քրեական գործ 252/06թ  
Նախագահող դատավոր`   Ա.Դանիելյան
                  Դատավորներ`   Մ.Արղամանյան
                                                 Ժ.Հովսեփյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

Նախագահությամբ Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Մ.ՍԻՄՈՆՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
 
քարտուղարությամբ Ք.Մարտիրոսյանի
մասնակցությամբ
դատախազ Լ.Մելքոնյանի
պաշտպան Ա.Աթարբեկյանի

 

2006թ. հոկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Մհերի Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Արթուր Աթարբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 4-ի դատավճռի դեմ` ըստ մեղադրանքի Արման Մհերի Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. մարտի 21-ի դատավճռով Արման Մհերի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել.

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 3/երեք/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով ազատազրկման` 6/վեց/ ամիս ժամկետով` առանց տուգանքի:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ազատազրկման` 4/չորս/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4/չորս/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` առանց տուգանքի:

Պատիժը նշանակվել է կրելու ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2005թ. հոկտեմբերի 30-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Տիգրան Հովհաննիսյանը և Աբգար Զաքարյանը, որոնք վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալ Ա. Խաչատրյանը և նրա շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 04.07.2006թ. դատավճռով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. մարտի 21-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքները` առանց բավարարման:

Դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դատապարտյալ Ա. Խաչատրյանի պաշտպան Ա. Աթարբեկյանը:

Վճռաբեկ դատարանի 07.08.2006թ. որոշմամբ պաշտպան Ա. Աթարբեկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` տրամադրելով մեկամսյա ժամկետ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Պաշտպան Ա. Աթարբեկյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 08.09.2006թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

Դատարանը դատավճռով հաստատված է համարել, որ 2005թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 1100-ի սահմաններում Արման Խաչատրյանն իր ավտոմեքենան կանգնեցրել է Պռոշյան փողոցի վրա գտնվող «Հայկ» խորտկարանից շուրջ 8-10 մետր հեռավորության վրա և խորոված պատվիրելու համար մտել է «Սուրենի մոտ» խորտկարան: «Հայկ» խորտկարանի տնօրեն Լուսինե Զաքարյանը, տեղեկանալով, որ այդ ավտոմեքենան իր խորտկարանի հաճախորդների ավտոմեքենան չէ, պահանջել է այն հեռացնել խորտկարանի մոտից: Երբ Արման Խաչատրյանը դուրս է եկել «Սուրենի մոտ» խորտկարանից, որպեսզի ավտոմեքենան կանգնեցնի այլ տեղ, տեսել է, որ իր ավտոմեքենան «Հայկ» խորտկարանի մուտքից հեռու է կանգնած: Վրդովվելով այն բանից, որ իրեն հանիրավի մեղադրում են, Արմանը Լուսինեի եղբոր` Աբգար Զաքարյանի ներկայությամբ անհասցե հայհոյանք տալով, հարցրել է, թե ում է խանգարում իր մեքենան: Ավտոմեքենան կանգնեցնելու շուրջ վիճաբանություն է ծագել Արմանի և Աբգարի միջև: Այնուհետև նրանց են մոտեցել Սուրեն Վարդանյանը, Սեդրակ Աղայանը, Լուսինե Զաքարյանը, Տիգրան Հովհաննիսյանը և Արմեն Հարությունյանը: Արմեն Խաչատրյանը նրանց բացատրել է, որ իր մեքենան ոչ ոքի չի խանգարում: Լուսինեն պնդել է, որ ավտոմեքենան խանգարում է խորտկարանի աշխատանքներին: Որոշ ժամանակ վիճաբանությունը դադարել է, սակայն երբ նրանք մոտեցել են Արման Խաչատրյանի ավտոմեքենային, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանությունը շարունակվել է: Վիճաբանել են Արման Խաչատրյանը, Աբգար Զաքարյանը և Տիգրան Հովհաննիսյանը: Արմանն առաջարկել է Աբգարին միասին գնալ այլ վայր` զրուցելու, քանի որ ներկաները խանգարել են նրանց խոսակցությանը: Այդ ժամանակ նրանց է մոտեցել գործով չպարզված անձը և Արմանին հարցրել վիճաբանության պատճառը: Վերջինս մատնացույց է արել Լուսինե Զաքարյանին և հայտնել, որ նա խանգարում է իր և Աբգարի խոսակցությանը: Գործով չպարզված անձը քաշել է Լուսինեի ձեռքից և առաջարկել նրան հեռանալ: Զայրանալով` Լուսինե Զաքարյանն ապտակել է նրան, իսկ Աբգար Զաքարյանը, տեսնելով այդ, կռիվ է սկսել Արման Խաչատրյանի հետ, որին միջամտել է նաև Տիգրան Հովհաննիսյանը, և նրանք ծեծի են ենթարկել Արման Խաչատրյանին, որի ընթացքում Ա. Խաչատրյանը, վազելով դեպի իր ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահի բեռնախցիկից հանել է սառը զենք հանդիսացող դանակը և դիտավորությամբ հարվածել է ծեծին և քաշքշուկին մասնակցող Տիգրան Հովհաննիսյանին` նրան պատճառելով առողջության ծանր վնաս:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ինչպես առաջին, այնպես էլ վերաքննիչ ատյանի դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ, ինչն արտահայտվել է նրանում, որ չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արման Խաչատրյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով այն դեպքում, երբ նրա արարքում բացակայում են նշված հոդվածների հանցակազմերը, իսկ նրա արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 1-ին մասերին, որոնցով էլ պետք է որակվեր նրա արարքը, և դրանով էլ նա պետք է դատապարտվեր:

Արման Խաչատրյանի արարքում խուլիգանական գործողություններն ավարտված են եղել այն պահից, երբ նա նստել է ավտոմեքենան և փորձել է հեռանալ դեպքի վայրից: Նրա կողմից խուլիգանական գործողություններն ավարտվել են հենց այդ պահին և նրա արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ այդ ընթացքում Արման Խաչատրյանի մոտ դանակ չի եղել:

Ինչ վերաբերում է դանակով մարմնական վնասվածք պատճառելուն, ապա այն չպետք է դիտվեր սառը զենք հանդիսացող գործիքի գործադրմամբ կատարված խուլիգանական գործողություն, այլ պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ Ա. Խաչատրյանը պարզապես պաշտպանվել է իրեն ծեծողներից, որի ընթացքում պատճառել է ծանր մարմնական վնաս:

Գործով հաստատված է, որ Արման Խաչատրյանի մոտ խուլիգանական գործողությունների ընթացքում, մինչև ավտոմեքենան նստելը դանակ չի եղել, նա դանակ չի կրել, քանի որ այն գտնվել է ավտոմեքենայի մեջ, որտեղից էլ վերցվել է: Հետևաբար նրա արարքում չկա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմ և մեղադրանքի ծավալից պետք է հանվեր այդ մեղադրանքը:

Վճռաբեկ բողոքում խնդրվում է Արման Խաչատրյանի մասով մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. մարտի 21-ի ու ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 4-ի դատավճիռները, Արման Խաչատրյանի մեղադրանքի ծավալից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը և նրան այդ մասով ճանաչել անպարտ, իսկ նրա արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 112-րդ հոդվածի 1-ին մասերից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 116-րդ հոդվածի 2-րդ մասերով և նշված հոդվածներով նրան դատապարտել նվազագույն պատժի:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում:

Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը:

Դատավճռից երևում է, որ վիճաբանության, կռվի և ծեծկռտուքի պատճառը եղել է «Հայկ» խորտկարանից 8-10 մետր հեռավորության վրա կանգնած Արման Խաչատրյանի ավտոմեքենան այնտեղից հեռացնելու Լուսինե Զաքարյանի անօրինական պահանջը, որին միացել են նրա եղբայր Աբգար Զաքարյանը և խոհարար Տիգրան Հովհաննիսյանը: Մինչդեռ, փողոցի այդ հատվածը Լուսինե Զաքարյանի տնօրինության տակ չի գտնվել, նրան չի պատկանել, այնտեղ ավտոմեքենայի կանգառ և կայանում թույլատրելու կամ արգելելու իրավունք նա չի ունեցել: Չնայած դրան, նա պահանջել է Արման Խաչատրյանից հեռացնել ավտոմեքենան` նկատի ունենալով, որ Ա. Խաչատրյանը, ավտոմեքենան կանգնեցնելով իր խորտկարանի շրջակայքում, օգտվում է մեկ այլ խորտկարանի ծառայությունից:

Ընդ որում, գործի նյութերից երևում է, որ Լուսինե Զաքարյանը հաճախ է նման վեճեր ունեցել: Այդ փաստը հաստատել է գործով վկա Զաբելա Վարդանյանը, որը ցուցմունք է տվել, որ ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ Լուսինեի մոտ միշտ եղել են վիճաբանություններ (հ. 1, գ.թ. 98-100):

Արման Խաչատրյանն իր ցուցմունքներում նշել է, որ վիճաբանության և կռվի պատճառը եղել է իր ավտոմեքենան կայանած տեղից հեռացնելու մասին Լուսինե Զաքարյանի, Աբգար Զաքարյանի և Տիգրան Հովհաննիսյանի անօրինական պահանջները: Չնայած ինքը բացատրել է, որ իր ավտոմեքենան ոչ մեկին չի խանգարում և նրանք իրավունք չունեն իրենից պահանջել հեռացնել ավտոմեքենան, սակայն դա արդյունք չի տվել: Նույնիսկ առաջարկել է Աբգար Զաքարյանին նստել ավտոմեքենան և խոսել առանձին: Իսկ այն բանից հետո, երբ Աբգարի քույրն ապտակել է Սևակին, մի քանի հոգի հարձակվել են իր վրա և սկսել հարվածել:

Գործի նյութերով նաև հաստատվել է, որ միջադեպի ընթացքում հայհոյանք տալու համար Արման Խաչատրյանը դիտողություն է արել Աբգարին, որի մասին իրենց ցուցմունքներում հայտնել են վկա Սեդրակ Սողոյանը (հ.1 գ.թ. 143-148), դատապարտյալ Տիգրան Հովհաննիսյանը (հ.1 գ.թ. 151-154), առաջարկել է Աբգար Զաքարյանին առանձնանալ և խոսել, կոնկրետ որևէ մեկին չի հայհոյել, մինչև ծեծի ենթարկվելը որևէ մեկին չի հարվածել, տուժողին դանակով հարվածել է միայն այն բանից հետո, երբ վերջինս Աբգարի հետ հարձակվել է նրա վրա և փոխադարձ ծեծկռտուք է սկսվել: Այսպիսով, Արման Խաչատրյանի գործողությունները պայմանավորված են եղել Լուսինեի, Աբգարի և Տիգրանի ոչ իրավաչափ վարքագծով, այլ ոչ թե նրա խուլիգանական դրդումներով:

Նման պայմաններում վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ ատյանի հետևություններն այն մասին, որ Ա.Խաչատրյանը թույլ է տվել հասարակական կարգի կոպիտ խախտում և հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում հակասում է գործի նյութերին, որովհետև նա, ինչպես վկայում են գործի նյութերը, տուժողին մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե խուլիգանական մղումներով, այլ տուժող կողմի անօրինական գործողությունների և կենցաղային հողի վրա առաջացած անբարյացակամ հարաբերությունների հետևանքով:

Այդպիսի հանգամանքների դեպքում Ա. Խաչատրյանի գործողություններն անհրաժեշտ է որակել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անձի դեմ ուղղված հանցագործության համար:

Բացի այդ, անհիմն է նաև Արման Խաչատրյանի կողմից ապօրինի կերպով սառը զենք կրելու մեղադրանքը: Սառը զենքի ապօրինի կրում է համարվում դրա գտնվելը հագուստի մեջ կամ անմիջականորեն անձի մարմնի վրա, ինչպես նաև դրանց գտնվելը ձեռքի պայուսակում, կապոցում, այլ պահոցներում, այսինքն` զենք կրելու տակ պետք է նկատի ունենալ այն դեպքերը, երբ զենքը գտնվում է հանցավորի մոտ: Գործի նյութերով, այդ թվում` Արման Խաչատրյանի, Տիգրան Հովհաննիսյանի, Արթուր Տեր-Պողոսյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ սառը զենք հանդիսացող դանակը գտնվել է ավտոմեքենայի սրահի բեռնախցիկում, որը համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում: Հետևաբար, Արման Խաչատրյանի արարքում ապօրինի կերպով սառը զենք կրելու հանցակազմը բացակայում է:

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, թե Արման Խաչատրյանը Տիգրան Հովհաննիսյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, ապա այն գործի նյութերում իր հաստատումը չի գտել: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը: Մինչդեռ կոնկրետ հանգամանքները, որոնցում Տիգրան Հովհաննիսյանի առողջությանը ծանր վնաս է պատճառվել, վկայում են այն մասին, որ հանցագործությունը կատարվել է ոչ թե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այլ փոխադարձ կռվի ընթացքում: Գործի նյութերով, մասնավորապես` Տիգրան Հովհաննիսյանի, Արթուր Տեր-Պողոսյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ ավտոմեքենան կայանելու շուրջ փոխադարձ կռվի ընթացքում Արման Խաչատրյանը վազել է դեպի իր մեքենան, նստել է ղեկին, շրջադարձ կատարել, այնուհետև կանգնեցրել է մեքենան, իջել և մեքենայի սրահի բեռնախցիկից վերցրած դանակով հարվածել է Տիգրանի կրծքավանդակին: Այս պայմաններում Արման Խաչատրյանի գործողությունները չի կարելի համարել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանի որ դրանք ուղղված են եղել փոխադարձ կռվի մասնակից Տիգրան Հովհաննիսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն: ՈՒստի, Արման Խաչատրյանի գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ են որակված և դրանք 116-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու հիմքեր չկան:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ Ա. Խաչատրյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, նրա նկատմամբ կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները, որոնք տվյալ գործով կիրառման ենթակա չէին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների պահանջների համաձայն` նշված խախտումներն այդ մասով դատավճիռը բեկանելու և Ա. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք են: Հետևաբար, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. մարտի 21-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ հուլիսի 4-ի դատավճիռները պետք է բեկանել և այդ մասերով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, սակայն Արման Խաչատրյանի նկատմամբ պետք է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 07.07.2006թ. համաներման ակտը:

Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար, ինչպես նաև ստորադաս դատարանների կողմից սույն գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները կարող են առաջացնել ծանր հետևանքներ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

Արման Մհերի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ. մարտի 21-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 4-ի դատավճիռները ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով բեկանել և այդ մասերով Արման Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատավճիռը թողնել անփոփոխ:

Արման Մհերի Խաչատրյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 07.07.2006թ. օրենքի 1-ին հոդվածի «ա» կետը և նրան անհապաղ ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված 3 /երեք/ տարի պատիժը կրելուց:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Մ.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Մ.ՍԻՄՈՆՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

pin
Վճռաբեկ դատարան
24.10.2006
N ՎԲ-223/6
Որոշում