040.0759.210605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2005 թվականի N 759-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 950 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևան քաղաքի կառուցապատման նպատակով պետության կարիքների համար վերցվող օտարման գոտիներում իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի ու հողերի գնահատման և փոխհատուցման, ինչպես նաև հաշվառվածների իրավունքների ճանաչման ու դադարեցման դրույթների ճշգրտման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N 950 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին».
բ) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«1. Հաստատել Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Սույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների իրացման գոտիներում արդեն իսկ կատարված գործառույթների վրա»:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշմամբ հաստատված` Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 19-ի
N 759-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ, ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Երևան քաղաքում կառուցապատման նպատակով պետության կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ օտարման (իրացման) գոտիներում (այսուհետ` իրացման գոտի) գտնվող սեփականատերերի գույքը (բնակելի և ոչ բնակելի շենքեր, շինություններ, հողամասեր) (այսուհետ` գույք) վերցնելու (փոխհատուցելու) (այսուհետ` փոխհատուցելու) և իրացնելու հետ կապված, ինչպես նաև հաշվառված (գրանցված) քաղաքացիներին աջակցություն տրամադրելու գործառույթները:
2. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները և ինքնակամ զբաղեցված հողամասերը (այսուհետ` ինքնակամ գույք) ենթակա չեն փոխհատուցման:
II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող գույքի փոխհատուցման և իրացման հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների կազմակերպումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:
4. Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու, գնային առաջարկները կազմակերպելու, փոխհատուցելու և իրացնելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետը` «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով (այսուհետ` իրացնող):
5. Իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել պայմանագիր իրացվող անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու և դրանց դիմաց հատուցման պայմանների ու իրացման աշխատանքների իրականացման ժամկետների մասին:
6. Սույն կարգով սահմանվում են փոխհատուցման տարբերակներ, որոնք կստեղծեն կառուցապատման գոտում գտնվող գույքը վերցնելուն և իրացնելուն նպաստող պայմաններ:
III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
7. Օտարման գոտում գտնվող անշարժ գույքի` հողամասերի, շենքերի, շինությունների հատուցման գինը որոշելու համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի շուկայական արժեքը, որը որոշվում է մրցույթով հաղթող ճանաչված` գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության (կազմակերպությունների) կողմից:
Անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտան համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին: Անշարժ գույքի և հողամասի հատուցման գնի (փոխհատուցման) հաշվարկն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ և կարգով (բանաձևերով)`
ա) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է մինչև 1.750.000 Հայաստանի Հանրապետության դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԽԳ = 3.500.000 - ՇԱ,
որտեղ`
ԽԳ-ն խրախուսման գումարն է,
ՇԱ-ն անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքն է,
բ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 1.750.001-2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԽԳ = ՇԱ,
գ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 2.500.001-20.000.000 դրամ, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԽԳ = ՇԱ x [(1.1 - (0.00000004 x ՇԱ))],
դ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 20.000.001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԽԳ = 0.3 x ՇԱ,
ե) սեփականատերերին` անշարժ գույքի և հողամասի հատուցման (փոխհատուցման) գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀԳ = ՇԱ + ԽԳ,
որտեղ` ՀԳ-ն հատուցման (փոխհատուցման) գինն է:
8. Իրացվող տարածքում հաշվառված (գրանցված) անձանց, նրանց` անձնագրային տարիքի չհասած երեխաներին (անկախ ծննդյան տարեթվից և անկախ այն հանգամանքից, թե ծնողներից միայն մեկն է հաշվառված (գրանցված) իրացվող հասցեում, թե երկուսն էլ) տրամադրվում է աջակցություն` առանձին 2.0 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով` հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, ծննդյան վկայական, հաշվառումը վարող լիազոր մարմնի տված տեղեկանք):
Աջակցության գումար չի տրամադրվում սեփականատերերին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն, անչափահաս և չափահաս, սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաներին), չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին: Աջակցության գումար չի տրամադրվում նաև տարածքը պետության կարիքների համար վերցնելու լիազորություն ունեցող մարմնի որոշման հիման վրա սահմանափակումների գրանցումից հետո հաշվառվածներին (գրանցվածներին):
Առաջարկն ստանալուց հետո պայմանագիր կնքելու և տարածքն ազատելու մասին սույն կարգի 7-րդ կետի պահանջը կատարված լինելու դեպքում սույն կետով նշված քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվում են խրախուսման միջոցներ յուրաքանչյուր անձի համար մեկ մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, իսկ միայնակ բնակվող և առանձին տնտեսություն վարող անձանց համար` 2.5 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
9. Եթե սեփականատերերին վճարվելիք անշարժ գույքի հատուցման գինը ցածր է հաշվառվածների` սույն կարգի 8-րդ կետով սահմանված աջակցության և խրախուսման հանրագումարից, ապա սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին վճարվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաշվարկով:
Սույն կետի պահանջը կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնետերերից մեկը (կամ մի քանիսը), ինչպես նաև համասեփականատերերից յուրաքանչյուրը (համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ բաժինները հավասար դիտելու դեպքում) ցանկանում է ստանալ իր հասանելիք գույքի արժեքը, իսկ մյուսները` հրաժարվում են սեփականությունից և ցանկանում են ստանալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված գումարը:
10. Օտարման գոտում գտնվող հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց, որպես դրամական փոխհատուցում, տրվում է տվյալ հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքը (տվյալ գոտու համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահից)` մինչև վարձակալության ժամկետի ավարտն ընկած ժամանակամիջոցի համար:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի արժևորման և գնահատման համար տվյալ հողամասը դիտվում է որպես սեփականություն, և գնահատվում է նրա լավագույն ու արդյունավետ օգտագործման արդյունքում շուկայական արժեքը` եկամտաբերության մեթոդում կիրառելով 15.0 տոկոս կապիտալիզացման գործակից:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքի (հատուցման գնի) որոշման համար հողամասի շուկայական արժեքի նկատմամբ կիրառվում են տարաժամկետ մնացորդային վարձակալության (օգտագործման) հետևյալ գործակիցները`
ա) մինչև 2 տարվա համար` 0.1,
բ) 3-10 տարվա համար` 0.12,
գ) 11-25 տարվա համար` 0.14,
դ) 26 տարվա և ավելիի համար` 0.16: