Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-59-Ո-Կ-15

2020 թ.

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

նախագահությամբ`

 

Բարձրագույն դատական  Ռ. Վարդազարյանի,

խորհրդի նախագահ

 

                         մասնակցությամբ`       Գ. Բեքմեզյանի,

                         անդամներ              Ա. Հայկյանցի,

                                               Հ. Հովհաննիսյանի,

                                               Մ. Մակյանի,

                                               Լ. Մելիքջանյանի,

                                               Ս. Միքայելյանի,

                                               Ա. Մխիթարյանի,

                                               Վ. Քոչարյանի,

 

                         Արդարադատության       Ռ. Բադասյանի,

                         նախարար

 

                         Արդարադատության       Դ. Գասպարյանի,

                         նախարարի

                         ներկայացուցիչ

 

                         Արմավիրի մարզի        Մ. Վասակյանի,

                         առաջին ատյանի

                         ընդհանուր

                         իրավասության

                         դատարանի

                         դատավորի

                         ներկայացուցիչ

 

                         քարտուղարությամբ`     Մ. Թելոյանի,

 

Դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 86-Ա որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Գերասիմ Գևորգյանի կողմից 2020 թվականի հունիսի 10-ին Նախարարին ներկայացված հաղորդումը:

Նախարարի 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 71-Ա որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Վահե Խալաթյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 86-Ա որոշմամբ Նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Դիմողն իր դիրքորոշումը ներկայացնելու համար նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից, 427-րդ հոդվածի 2-րդ մասից, 428-րդ հոդվածի 1-ին մասից, Քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածից և 63-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումն ապահովվում է դատարանի և պատիժը կատարող մարմնի կողմից օրենքով նախատեսված որոշակի գործողությունների կատարմամբ: Այդ նպատակով օրենսդիրը դատարանին վերապահել է դատավճիռը կատարման հանձնելու, իսկ պատիժը կատարող մարմնին` դատապարտյալին պատժի փաստացի կրման ուղարկելու իրավասություն և դրանց իրականացման համար սահմանել է հստակ ժամկետներ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է նաև դատավճռի կատարման հանձնելու կարգը, այն է` կատարման ենթակա դատավճռի, իսկ վերաքննության կարգով դրա փոփոխման դեպքում` նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման պատճենները դատարանը պատիժը կատարող մարմին է ուղարկում դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությամբ, որով դատավորը հավաստում է դատավճռի օրինական ուժի մեջ մտած լինելու, ուստի պատիժը կատարող մարմնի համար պատժի կատարման հիմքի առկայության հանգամանքը: Միաժամանակ, վկայակոչված իրավական նորմերի հիման վրա անհրաժեշտ է արձանագրել, որ ուղղիչ հիմնարկի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատժի կատարումն անմիջականորեն պայմանավորված է դատարանի` պատժի կատարման հանձնելու իրավասության իրականացմամբ, քանի որ ուղղիչ հիմնարկի համար նշված իրավասությունը ծագում է դատարանից պատժի կատարման հանձնելու շրջանակներում ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո:

i

Դիմողը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը, 173-րդ հոդվածի 1-3-րդ մասերը` նշել է, որ դատական ակտերի համակարգում դատավճիռը միակ փաստաթուղթն է, որով լուծվում են ամբաստանյալի մեղավորության, նրա նկատմամբ նշանակված պատժի կրման վերաբերյալ հարցերը: 

ԻՐՏԵԿ   ՀՀ  քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածը բաղկացած չէ մասերից և վերաբերում է այլ տեսակի իրավակարգավորումներին : Տվյալ պարբերության իմաստային բովանդակությունից ելնելով` պետք է հասկանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-3-րդ մասեր:

Դիմողը պնդել է, որ Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով և սահմանվել է, որ վերջինս ենթակա է նշանակված պատժի կրման ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Բենիկ Գաբրիելյանի մասով բեկանվել և փոփոխվել է: Որոշմամբ Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով, պատժի սկիզբը հաշվվել է 07.06.2016 թվականից: Վճռաբեկ դատարանը 13.08.2019 թվականի որոշմամբ մերժել է որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը, որի արդյունքում դատավճիռը 13.08.2019 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանից 27.08.2019 թվականին առաքված քրեական գործը Դատարանում ստացվել է 10.09.2019 թվականին:

Նշված փաստական հանգամանքների նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում և 428-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կանոնների կիրառման դեպքում Դատավորը պետք է Դատարանում 10.09.2019 թվականին ստացված գործով Դատավճիռը կատարման հանձներ մինչև 13.09.2019 թվականը ներառյալ, մինչդեռ, Դատավճիռը կատարման է հանձնվել 14.05.2020 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերջնաժամկետից 8 ամիս անց:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածը նախատեսում է նաև դատական ակտը կայացրած դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական ակտի կատարումը հետաձգելու հնարավորություն` նշված հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում: Սակայն, սույն կարգապահական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ ձեռք չի բերվել որևէ տեղեկատվություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և կարգով թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով կայացված Դատավճռի կատարումը հետաձգված լինելու վերաբերյալ, ընդհակառակը, Դատավորն իր բացատրությամբ ընդունել է դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը:

Դիմողը եզրահանգել է, որ թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտում, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարման է հանձնվել օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, որը հանգեցրել է դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման: Դիմողը նշել է նաև, որ Դատավորին վերագրվող խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, ուստի առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին` հայտնելով, որ թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները ոչ պատշաճ հսկողության, անուշադրության, ինչպես նաև գերծանրաբեռնվածության հետևանք են, որոնք չեն կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստում Դատավորի ներկայացուցիչը հայտնեց, որ Դատավորը չի ներկայացել նիստին առողջական խնդիրների պատճառով: Նշեց նաև, որ Դատավճիռը կատարման չուղարկելը չի կատարվել կոպիտ անփութությամբ կամ դիտավորությամբ, այն տեղի է ունեցել գերծանրաբեռնվածության, տեխնիկական վրիպակի արդյունքում, բացի այդ` կողմի նկատմամբ անաչառության դրսևորում չի եղել: Խնդրեց Դատավորի նկատմամբ մեղմ որոշում կայացնել:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով Դատարանի 22.05.2018 թվականի դատավճռով (այսուհետ` Դատավճիռ) Բենիկ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 տարի 6 ամիս ժամկետով: Սահմանվել է, որ Բենիկ Գաբրիելյանն իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավորներ` Մ. Արղամանյան, Կ.Մարդանյան, Ա.Մնացականյան) 25.02.2019 թվականի որոշմամբ (այսուհետ` Որոշում) Դատավճիռը Բենիկ Գաբրիելյանի մասով բեկանվել և փոփոխվել է. Բենիկ Գաբրիելյանն արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Դատավճռով Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկում և 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 տարի ժամկետով ազատազրկում. պատիժները թողնվել են անփոփոխ: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 07.06.2016 թվականից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նույն որոշմամբ Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատվել է կալանքից դատական նիստերի դահլիճում:

3. Վճռաբեկ դատարանի (դատավորներ` Հ. Ասատրյան, Ե. Դանիելյան, Ա. Պողոսյան, Ս.Օհանյան) 13.08.2019 թվականի որոշմամբ մերժվել է Որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը, որի արդյունքում Դատավճիռը 13.08.2019 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

4. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի 27.08.2019 թվականի թիվ ԴԴ6-Գ-7071 գրությամբ թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործն ուղարկվել է Դատարանի աշխատակազմի ղեկավարին, որը Դատարանում ստացվել է 10.09.2019 թվականին:

5. Դատավորի 14.05.2020 թվականի թիվ Ե-5534 գրության համաձայն` կատարման համար Քրեակատարողական հիմնարկի պետին են ուղարկվել Դատավորի կարգադրությունն օրինական ուժի մեջ մտած Դատավճիռը կատարելու մասին, Դատավճիռը, Որոշման և Վճռաբեկ դատարանի որոշման պատճենները: Վերոնշյալ փաստաթղթերը Քրեակատարողական հիմնարկում ստացվել են 21.05.2020թ.-ին:

6. Հաղորդմամբ հայտնված տեղեկատվության համաձայն` Բենիկ Գաբրիելյանի կողմից նոր հանցանք կատարելու առնչությամբ վերջինիս վերաբերյալ մեկ այլ` թիվ 13121519 քրեական գործը, որով Բենիկ Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 24.12.2019 թվականից գտնվել է ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում: Նշված գործով Բենիկ Գաբրիելյանի կողմից հանցանքը կատարվել է 28.07.2019 թվականին: Վերջինիս նկատմամբ 11.09.2019 թվականին որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին: 24.12.2019 թվականին Բենիկ Գաբրիելյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ 13.05.2020 թվականին` Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարության ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն` Էական կարգապահական խախտում է` երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք` մեկ տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով Դատավորի կողմից խախտվել է Դատավճիռը կատարման հանձնելու օրենքով սահմանված ժամկետը,

2. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման,

3. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով դատավարական իրավունքի նորմի/նորմերի և դատավորի վարքագծի կանոնի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման:

4. արդյո՞ք ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատարանի լիազորություններն են, մասնավորապես` դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմնին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ քրեական գործով դատաքննության անցկացումը, դատական ակտի կայացումն ու դրա իրացումը իրավական պետությունում հանդես չեն գալիս որպես ինքնանպատակ: Քրեական գործով դատաքննության իրականացումը, դատավճռի կայացումը և այն կատարելը հանդիսանում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, իսկ թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով մարդու կյանքի իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիք և պետության վրա դրված պարտավորություն:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` 1. հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:

2. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում:

Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ ժողովրդավարական հասարակությունում անձի նկատմամբ պատժի կիրառումը հանդես է գալիս մարդու խախտված իրավունքների վերականգնման միջոց, որի կիրառմամբ հասարակությունում վերականգնվում է նաև սոցիալական արդարությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ներպետական կառուցակարգերը պետք է լինեն իրական և արդյունավետ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը պետք է Դատարանում 10.09.2019 թվականին ստացված գործով Դատավճիռը կատարման հանձներ մինչև 13.09.2019 թվականը ներառյալ, մինչդեռ, Դատավճիռը կատարման է հանձնվել 14.05.2020 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերջնաժամկետից 8 ամիս անց:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից Դատավճիռը կատարման ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու արդյունքում խախտվել են ՀՀ կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության երաշխիքներից պատշաճ դատաքննություն իրականացնելու և հանցանք կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատիժ կիրառելու ՀՀ ստանձնած պոզիտիվ պարտավորությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում դիմողի այն դիրքորոշումն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածը նախատեսում է նաև դատական ակտը կայացրած դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական ակտի կատարումը հետաձգելու հնարավորություն` նշված հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, սակայն, սույն կարգապահական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ ձեռք չի բերվել որևէ տեղեկատվություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և կարգով թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով կայացված Դատավճռի կատարումը հետաձգված լինելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդը նաև ընդգծում է, որ Դատավորն ընդունել է իրեն վերագրվող դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը` դա հիմնավորելով գերծանրաբեռնվածությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ Դատավորը թիվ ԱՐԴ1/0090/01/16 քրեական գործով խախտել է Դատավճիռը կատարման հանձնելու օրենքով սահմանված ժամկետը, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի պահանջը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է նաև Դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վարքագծի կանոնի խախտման:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է նաև, որ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը, ի պաշտոնե և մասնագիտության առումով իմանալով իր պարտականությունները, պարտավոր էր հասկանալ և գիտակցել իր գործողությունների բացասական հետևանքները, իսկ գերծանրաբեռնվածությանը հղում կատարելը, տվյալ դեպքում, որևէ կերպ չի կարող դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորն ունեցել է կարգապահական տույժ, մասնավորապես` Բարձրագույն դատական խորհրդի 24.09.2020թ. թիվ ԲԴԽ-55-Ո-Կ-14 որոշմամբ Դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության` նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է խիստ նկատողությունը, որը սույն գործի քննության պահին մարված չէ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն` էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Ունենալով մեկ խիստ նկատողություն` կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում Դատավորի կողմից թույլ տրված խախտումը հանդիսանում է էական, ինչն էլ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով հանգեցնում է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

    Բարձրագույն դատական                        Ռ. Վարդազարյան

խորհրդի նախագահ

 

    Անդամներ                                   Գ. Բեքմեզյան

 

Ա. Հայկյանց

 

Հ. Հովհաննիսյան

 

Մ. Մակյան

 

Լ. Մելիքջանյան

 

Ս. Միքայելյան

 

Ա. Մխիթարյան

 

Վ. Քոչարյան

 

Հրապարակման օրը` 16 հոկտեմբերի 2020 թվական:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման մեջ չի նշված դրա ընդունման օրը: Այս իսկ

պատճատով ԻՐՏԵԿ-ն ընդունման օրը նշում է դրա հրապարակման օրը:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
16.10.2020
N ԲԴԽ-59-Ո-Կ-15
Որոշում