Սեղմել Esc փակելու համար:
{02.08.2014 - 07.04.2015} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.08.2014 - 07.04.2015} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.08.2014  -ից մինչեւ   07.04.2015  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

02.08.2014 - 07.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

(Ընդունվել է Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին)

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1.
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում (այսուհետ` դատարաններ) քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

i

3. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

 (1-ին հոդվածը փոփ. 06.11.01 ՀՕ-261, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 2. Դատարան դիմելու իրավունքը

 

i

Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

 

i
Հոդված 3. Քաղաքացիական գործ հարուցելու հիմքը

 

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

 

Հոդված 4. Դատավորների անկախությունը և նրանց ենթարկվելը միայն օրենքին

 

1. Արդարադատություն իրականացնելիս` դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

2.  Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

 (4-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 5. Հավասարությունն օրենքի և դատարանի առջև

 

Քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

 

i
Հոդված 6. Կողմերի մրցակցությունը և իրավահավասարությունը

 

Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

 

i
Հոդված 7. Դատավարության լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

 (7-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը

 

1. Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:

2. Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:

3. Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

4. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:

5. Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոնների, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:

(8-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Դատական քննության բանավորությունը

 

1. Գործի քննությունը կատարվում է բանավոր:

2. Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:

3. (9-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

4. (9-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

 (9-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

 

i
Հոդված 10. Վեճերի և այլ գործերի լուծման ժամանակ կիրառվող օրենքները և այլ իրավական ակտերը

 

1. Դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով կամ այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

3. Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

4. Դատարանն օրենքին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:

 

Հոդված 11. Օտարերկրյա իրավունքի կիրառումը

 

1. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

2. Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով` դատարանը կարող է սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գտնվող իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:

Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը կամ բովանդակությունը պարզելու անհնարինության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:

 

Հոդված 12. Գործարար շրջանառության սովորույթների կիրառումը

 

Դատարանն իրավունք ունի կիրառել գործարար շրջանառության սովորույթներ:

 

Հոդված 13. Քաղաքացիական գործերով դատական ակտերը

 

Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր):

 (13-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-154-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Դատական ակտերի պարտադիր լինելը

 

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

(2-րդ գլուխը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին

 

1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

2. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները:

 (15-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-39-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

i
Հոդված 16. Առարկայական ընդդատությունը քաղաքացիական դատարանին

(16-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-214, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 (16-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 17. Միմյանց հետ կապված մի քանի պահանջների առարկայական ընդդատությունը

 (17-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 (17-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 18. Վեճի հանձնումը արբիտրաժային տրիբունալի լուծմանը

 

Դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

(18-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ

 

Հոդված 19. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

2. (19-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից` միանձնյա:

4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

5. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:

8. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

9. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

11. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը ու կցվում է գործին:

12. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:

13. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց:

(19-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-214, 18.02.04 ՀՕ-39-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն,  26.12.08 ՀՕ-233-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Դատարանի կողմից հարցերի լուծման կարգը

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

 (4-րդ գլխի վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 21. Դատավորի ինքնաբացարկը

 

i

1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:

2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:

 (21-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 22. Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:

3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում:

 (22-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 23. Ինքնաբացարկի միջնորդության լուծման կարգը

 

1. Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով:

2. Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:

3. Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:

(23-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 24. Ինքնաբացարկի հետևանքները

 

1. Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված: Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:

2. Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

(24-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 25. Հայտարարված ինքնաբացարկի և բացարկի լուծման կարգը

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 26. Ինքնաբացարկի և բացարկի բավարարման հետևանքները

(26-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

i
Հոդված 27. Գործին մասնակցող անձանց կազմը

 

Գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

3) դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

 

i
Հոդված 28. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

 

i

1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`

i

1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

2) հայտնել բացարկներ.

i

3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.

5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.

6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.

i

7) բողոքարկել դատական ակտերը.

8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:

3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

i

4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(28-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101, 07.07.05 ՀՕ-154-Ն օրենքներ)

 

Հոդված 29. Կողմերը

 

1. Քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը:

2. Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել:

3. Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

4. Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ:

 

Հոդված 30. Գործին մի քանի հայցվորի կամ պատասխանողի մասնակցությունը

 

1. Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ):

2. Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:

3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին:

 

i
Հոդված 31. Անպատշաճ կողմի փոխարինումը

 

1. Դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:

2. Եթե հայցվորը համաձայն չէ իրեն ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործին մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:

3. Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:

4. Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:

 

i
Հոդված 32. Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը

 

i

1. Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

2. Պատասխանողն իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն ընդունել հայցը:

(32-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 33. Կողմերի հաշտության համաձայնությունը
i

 

1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

i

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

 

Հոդված 34. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք

 

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

 

i
Հոդված 35. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք

 

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:

 

i
Հոդված 36. Դատավարական իրավահաջորդությունը

 

1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

2. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

 

i
Հոդված 37. Պետական մարմինների մասնակցությունը գործին

 

1. Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:

2. Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

3. Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

(37-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 38. Տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին

 

1. Համայնքի ղեկավարն իրավունք ունի դատարան դիմել համայնքի գույքային շահերի պաշտպանության հայցով:

2. Հայց հարուցած համայնքի ղեկավարն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ 6.
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Հոդված 39. Գործերի վարումը ներկայացուցիչների միջոցով

 

1. Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

2. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:

3. Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

 

i
Հոդված 40. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում

 

1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

2. (40-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն օրենք )

(40-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 08.12.11 ՀՕ-341-Ն օրենքներ)

                   i
Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը

 

1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

2. Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:

3. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:

4. Օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:

(41-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 13.04.11 ՀՕ-110-Ն, 19.03.12 ՀՕ-50-Ն օրենքներ)

 

i
Հոդված 42. Ներկայացուցչի լիազորությունները

 

Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

1) ստորագրելու հայցադիմումը.

2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.

3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.

4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.

5) փոխելու հայցային պահանջների չափը.

6) կնքելու հաշտության համաձայնություն.

7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).

8) բողոքարկելու դատական ակտը.

9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:

Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

(42-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն օրենք)

 

Հոդված 43. Օրինական ներկայացուցիչները

 

1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարան են ներկայացնում իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացու ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

2. Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցչություն իրականացնող անձինք կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:

(43-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7.
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 44. Վկան

 

1. Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:

2. Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:

3. Որպես վկա կանչված անձի ծանուցագրում պետք է նշվեն նրա ներկայանալու վայրը, ժամանակը և այն գործը, որի կապակցությամբ նա պետք է հարցաքննվի, ինչպես նաև չներկայանալու հետևանքները:

4. Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:

5. Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(44-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-154-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

                                        
Հոդված 44.1.   Որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը

 

1. Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.

2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.

3) դատավորները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.

4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

2. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`

1) ամուսինները կամ նրանց հետ արյունակցական` մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:

(44.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 45. Փորձագետը

 

1. Դատարանում որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան որակավորում ունեցող և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատարանի կողմից նշանակվող անձը:

2. Անձը, ում հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի հիման վրա:

3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել դատական նիստերին, հարցեր տալ, խնդրել դատարանին իրեն տրամադրելու լրացուցիչ նյութեր: Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց:

 

Հոդված 46. Թարգմանիչը

 

1. Թարգմանիչ է այն անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին:

2. Դատարանն իրավունք ունի թարգմանիչ նշանակել կողմի առաջարկով, որը և վճարում է թարգմանչի ծառայությունների համար:

3. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալ թարգմանությունը ճշգրտելու համար:

 

ԳԼՈՒԽ 8.
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

 

i
Հոդված 47. Ապացույցների հասկացությունը և տեսակները

 

i

1. Գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

i

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

2. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

(47-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 48. Ապացուցման պարտականությունը և ապացուցման առարկան

 

i

1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):

4. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

5. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

i

7. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:

8. Դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:

(48-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 49. Ապացույցները ներկայացնելու և պահանջելու կարգը

 

1. Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

2. Գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝  պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

(49-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101 օրենք)

 

Հոդված 50. Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելը և հետազոտելը

 

1. Ապացույցները դատարան բերելու անհնարինության կամ դժվարության դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի դրանք զննել և հետազոտել գտնվելու վայրում:

Դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ մուտք գործել ցանկացած վայր:

2. Գործին մասնակցող անձինք ապացույցները զննելու և հետազոտելու մասին տեղեկացվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Նրանց չներկայանալն արգելք չէ ապացույցները զննելու և հետազոտելու համար:

3. Անհրաժեշտության դեպքում ապացույցների զննմանը և հետազոտմանը կարող են մասնակից դարձվել փորձագետներ և վկաներ:

 

i
Հոդված 51. Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը

 

i

1. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

2. Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

(51-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 52. Ապացուցելուց ազատվելու հիմքերը

 

1. Հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:

i

2. Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

i

3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

(52-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 53. Ապացույցների գնահատումը

 

i

1. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

2. Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:

 

i
Հոդված 54. Գրավոր ապացույցները

 

i

1. Գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

1.1. Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, և ապացույցի ներկայացմամբ:

i

2. Գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:

Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

(54-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 55. Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելը

 

Գործում գտնվող փաստաթղթերի բնօրինակները, դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, վերադարձվում են դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը:

 

Հոդված 55.1 Փաստաթղթերից օգտվելը

 

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաև վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:

(55.1-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 56. Իրեղեն ապացույցները

 

Իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

(56-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 57. Իրեղեն ապացույցների պահպանումը

 

1. Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:

2. Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:

3. Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:

4. Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, սույն օրենսգրքի 73 հոդվածին համապատասխան, բաշխվում են կողմերի միջև:

 

Հոդված 58. Շուտ փչացող իրեղեն ապացույցները զննելը և հետազոտելը

 

1. Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում:

2. Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:

 

Հոդված 59. Իրեղեն ապացույցները տնօրինելը

 

1. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:

2. Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին:

3. Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:

 

i
Հոդված 60. Փորձաքննություն նշանակելը
i

 

i

1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:

Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

3. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

4. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալ` գիտելիքների համապատասխան բնագավառում նրանց գիտակ լինելը պարզելու համար:

5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:

6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

7. Փորձագետի միջոցով իրականացվող ապացուցման նկատմամբ կիրառվում են վկայի միջոցով իրականացվող ապացուցման կանոնները:

(60-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 61. Կողմերի մասնակցությունը փորձաքննությանը

 

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվել փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին:

 

Հոդված 61.1.  Փորձաքննության անցկացման կարգը

 

1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ` որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները:

2. Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում` տալու միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն:

3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը:

4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:

5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ ստուգել հանձնարարված փորձաքննությունը իր մասնագիտական ոլորտին պատկանելու փաստը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը: Նշված փաստի կամ հնարավորության բացակայության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի: Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը և նրա իրականացրած աշխատանքի ծավալը:

6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:

(61.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 62. Փորձագետի եզրակացությունը

 

1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:

3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:

i

4. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

5. Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

6. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:

(62-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 63. Վկայի ցուցմունքները

 

1. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:

2. Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր:

Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր:

3. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարող հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:

4. Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունքներ տալ, պատասխանել դատավորի, կողմերի և դատավարության մյուս մասնակիցների հարցերին:

5. Դատարանը նախազգուշացնում է վկային` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած անձը, որը չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

(63-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 64. Գործին մասնակցող անձանց ցուցմունքները

 

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Գործին մասնակցող անձն իրավունք ունի միջնորդելու, որ գործին մասնակցող մյուս անձը ցուցմունք տա գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կարող է հանձնարարել գործին մասնակցող համապատասխան անձին տալ ցուցմունքներ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:

2. Գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար:

Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

(64-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

 

1. Անձինք, որոնք հիմքեր ունեն երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:

2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:

3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝  պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:

6. Նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարում է նաև նոտարը` սույն օրենսգրքով և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

(65-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101, 04.12.01 ՀՕ-273 օրենքներ)

 

Հոդված 66. Դատական հանձնարարությունները

 

1. Գործը քննող դատարանը` Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ:

2. Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:

3. Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 67. Դատական հանձնարարությունը կատարելու կարգը

 

1. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով: Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

2. Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

3. Հանձնարարությունը կատարող դատարանին ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:

(67-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

i
Հոդված 68. Դատական ծախսերի կազմը

 

Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

(68-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 69. Հայցագինը

 

1. Հայցագինը որոշվում է`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.

2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:

Հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

2. Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

3. Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատարանը:

 

i
Հոդված 70. Պետական տուրքը

 

1. Պետական տուրքը վճարվում է`

1) հայցադիմումների.

2) որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների.

3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների.

4) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների.

5) իրավաբանական անձանց և քաղաքացիներին սնանկ ճանաչելու մասին դիմումների.

6) արբիտրաժային տրիբունալի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումների.

7) դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

2. Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռը կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:

i

3. Պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(70-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, 07.04.09 ՀՕ-85-Ն օրենքներ)

 

Հոդված 71. Պետական տուրքի վճարումը

 

Դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե:

 

Հոդված 72. Վճարված պետական տուրքը վերադարձնելը

 

i

1. Պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատական ակտում պետք է նշվեն պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:

 

i
Հոդված 73. Դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև

 

1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

2. Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:

3. Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 10.
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 74. Դատավարական ժամկետների սահմանումը և հաշվարկը

 

1. Դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում: Դրանց բացակայության դեպքում դատավարական գործողությունների կատարման ժամկետները սահմանում է դատարանը:

2. Դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

3. Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

 

Հոդված 75. Դատավարական ժամկետների ավարտը

 

1. Տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

2. Դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

 

Հոդված 76. Դատավարական ժամկետների կասեցումը

 

Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթի կասեցմամբ: Դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու օրվանից:

 

i
Հոդված 77. Դատավարական ժամկետների վերականգնումը

 

1. Դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

 

ԳԼՈՒԽ 11.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 78. Դատական ծանուցումը

 

i

1. Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

i

2. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը՝

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն, կամ

3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:

3. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

4. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

6. Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո` դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով:

9. Դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով:

10. Դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում նաև այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Եթե դատավարության մասնակիցը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ազատազրկման վայրում, զորամասում կամ կարգապահական գումարտակում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` նրա կողմից ստանալը հավաստող անդորրագիրը վերադարձնելով դատարանին:

(78-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-37-Ն, 05.12.13 ՀՕ-116-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

Հոդված 79. Ծանուցագրի բովանդակությունը

 

Ծանուցագիրը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը և ստույգ հասցեն.

2) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.

3) գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.

4) նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին.

5) նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում.

6) նշում` չներկայանալու հետևանքների մասին:

 

Հոդված 80. Գործի վարույթի ժամանակ գործին մասնակցող անձանց հասցեների փոխվելը

 

Գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

 

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ 

 

(2-րդ բաժնի վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ
 ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ  

 

ԳԼՈՒԽ 12.
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

(12-րդ գլխի վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 81. Քաղաքացիական գործերի ընդդատությունը

(81-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 (81-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 82. Հայցի հարուցման վայրը

 

Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

 

i
Հոդված 83. Ընդդատությունը հայցվորի ընտրությամբ

 

1. Տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

2. Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:

3. Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան:

4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

5. Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:

6. Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

7. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

8. Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:

 

Հոդված 84. Ընդդատության փոփոխումը կողմերի համաձայնությամբ

 

Սույն օրենսգրքի 82 և 83 հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ` մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը:

(84-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 85. Բացառիկ ընդդատությունը

 

1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:

2. Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:

3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:

4. Սույն հոդվածով սահմանված ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 86. Գործերի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան

 

1. Դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:

2. Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության`

1) եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ.

2) (86-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթ. ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

3) գործը տվյալ դատարանում քննելու անհնարինության այլ դեպքերում:

3. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:

4. Մեկ դատարանից մեկ այլ դատարան ուղարկված գործը պետք է քննի այն ստացած դատարանը:

 

ԳԼՈՒԽ 13.
ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 

i
Հոդված 87. Հայցադիմումի ձևը և բովանդակությունը

 

1. Հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

2. Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

3. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

 (87-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն,  16.12.05 ՀՕ-16-Ն օրենքներ)

 

i
Հոդված 88. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

 

1. Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

1.1. Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ:

2. Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:

 (88-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն օրենք)

 

Հոդված 89. Մի քանի հայցապահանջների միացումը և անջատումը

 

1. Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:

2. Դատարանն իրավունք ունի մեկ վարույթում միացնել մի քանի միատեսակ գործեր, որոնց մասնակցում են միևնույն անձինք:

3. Դատարանն իրավունք ունի առանձին վարույթներում առանձնացնել մեկ կամ մի քանի միացված պահանջներ:

4. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:

 

i
Հոդված 90. Հայցադիմումի ընդունումը

 

1. Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:

2. Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:

3. Դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

 (90-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն օրենք)

 

i
Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը

 

1. Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. (91-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-36-Ն օրենք)

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

 (91-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 17.06.08 ՀՕ-130-Ն օրենքներ)

 

i
Հոդված 92. Հայցադիմումը վերադարձնելը

 

1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները.

i

2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

i

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

5) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է.

6) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

7) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել:

2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

4. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

 (92-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 93. Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը

 

1.  Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:

2. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալ հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելով:

(93-րդ հոդվածը փոփ. 24.10.00 թիվ ՀՕ-101, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 94. Պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելը

 

1. Պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է սույն օրենսգրքի 78 հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

2. Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:

3. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:

4. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 (94-րդ հոդվածը փոփ. 20.05.10 ՀՕ-90-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

i
Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը և այն ներկայացնելու կարգը

 

i

1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:

2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.

2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).

3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,

բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,

գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև՝

1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.

2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

(95-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-154-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 96. Հակընդդեմ հայց հարուցելը

 

1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

 

ԳԼՈՒԽ 14.
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

i
Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը

 

1. Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Դատարանը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:

2. Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:

(97-րդ հոդվածը փոփ. 24.10.00 թիվ ՀՕ-101, 20.05.02 ՀՕ-350-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն օրենքներ)

 

i
Հոդված 98. Հայցի ապահովման միջոցները

 

1. Հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

2. Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

3. Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:

(98-րդ հոդվածը փոփ. 20.05.02 ՀՕ-350-Ն օրենք)

 

i
Հոդված 99. Հայցի ապահովման մասին որոշման կատարումը

 

Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 100. Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով

 

1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:

2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 101 հոդվածով սահմանված կարգով:

(100-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101 օրենք)

 

i
Հոդված 101. Հայցի ապահովման վերացումը

 

1. Գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:

2. Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:

3. Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

4. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

(101-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101 օրենք)

 

i
Հոդված 102. Հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցումը

 

1. Դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար: Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:

2. Պատասխանողն իրավունք ունի հայց հարուցել նույն դատարան ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով:

(102-րդ հոդվածը փոփ. 24.10.00 ՀՕ-101 օրենք)

 

ԳԼՈՒԽ 15.
ՀԱՅՑԸ ԿԱՄ ԴԻՄՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ

 

i
Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

 

Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`

1) (103-րդ հոդվածի 1-ին կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

i

2) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու` կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.

i

4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

 (103-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-160-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն օրենքներ)

 

i
Հոդված 104. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Դատարանի որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու հարցը:

3. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

3.1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:

3.2. (104-րդ հոդվածի 3.2-րդ կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

3.3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:

4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:

 (104-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 07.07.06 ՀՕ-160-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 16.
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

i
Հոդված 105. Գործի վարույթը կասեցնելու` դատարանի պարտականությունը

 

Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

i

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.

2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:

 

i
Հոդված 106. Գործի վարույթը կասեցնելու` դատարանի իրավունքը

 

1. Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`

1) նշանակել է փորձաքննություն.

2) պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ.

3) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

2. Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 (106-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 107. Գործի վարույթը վերսկսելը

 

1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

2. Սույն օրենսգրքի 106 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում գործի վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո:

 (107-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 108. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը

 

1.  Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:

 (108-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 17.
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ

 

i
Հոդված 109. Գործի վարույթի կարճման հիմքերը

 

Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`

i

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

i

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.

3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.

4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.

6) հայցվորը հրաժարվել է հայցից.

i

7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

(109-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 17.06.08 ՀՕ-130-Ն օրենքներ)

 

i
Հոդված 110. Գործի վարույթի կարճման կարգը և հետևանքները

 

1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ:

2. Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:

i

3. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:

(110-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 18.
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 111. Դատավարական գործողությունների կատարման ժամկետը

 

1. Գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:

3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է դատավարական գործողություններն իրականացնի այդ ժամկետում:

(111-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

                                              
Հոդված 111.1.  Գործը դատաքննության նախապատրաստելու կանոնների կիրառումն ընդհանուր իրավասության դատարանում

 

Ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:

(111.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 112. Դատական նիստը

 

1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ` դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:

2. Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա` դատական նիստերի դահլիճից դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

  (112-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-77-Ն օրենք)

      
Հոդված 112.1.  Արտագնա դատական նիստը

 

1. Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին:

2. Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

3. Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:

 (112.1-րդ հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-77-Ն օրենք)

 

Հոդված 113. Դատական նիստը նախագահողը

 

1. Գործը միանձնյա քննող դատավորը կատարում է նախագահողի պարտականություններ:

Գործի կոլեգիալ քննության ժամանակ նախագահողի պարտականությունները կատարում է դատավորներից մեկը:

2. Նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:

3. Նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձանց առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

4. Նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:

 

Հոդված 114. Կարգը դատական նիստում

 

1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև` նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

Դատարանի վճիռը դահլիճում ներկաները լսում են հոտնկայս:

2. Դատավարության մասնակիցները դատարան են դիմում և իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս են կանգնած, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:

3. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:

Դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:

 

Հոդված 115. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

 

1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

3. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:

5. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

6. Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

9. Եթե դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

(115-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 08.02.11 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

Հոդված 116. Դատական նիստի բացումը

 

Գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:

 

i
Հոդված 117. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունն ստուգելը

 

1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:

3. Նախագահողը վկաներին, մինչև նրանց հարցաքննությունը, հեռացնում է նիստերի դահլիճից:

 

i
Հոդված 118. Գործի քննությունը հայցվորի կամ պատասխանողի բացակայությամբ

 

1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

2. Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

(118-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 119. Գործի քննության հետաձգումը

 

1. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե`

1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին և ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն.

i

2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.

3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.

5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.

6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.

7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.

8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.

9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.

10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.

11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.

12) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:

i

2. Գործի քննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում:

3. Դատավարության մասնակիցները պատշաճ ձևով տեղեկացվում են դատարանի նոր նիստի ժամանակի և վայրի մասին:

4. Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

 (119-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

i
Հոդված 120. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը

 

Նախագահողը գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները և անցնում է գործն ըստ էության քննելուն:

Նախագահողը պարզում է, արդյոք, հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն, արդյոք, ընդունում է հայցվորի պահանջները, և կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն:

 

Հոդված 121. Ապացույցների հետազոտման հաջորդականությունը սահմանելը

 

Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքները, որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը:

 

Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը

 

Դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները:

(122-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 123. Գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների լուծումը դատարանի կողմից

 

1. Գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո:

2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

 

i
Հոդված 124. Գործի քննության ավարտը

 

Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

Վճիռը կազմում և ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում:

Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

i

Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

(124-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 19.
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

i
Հոդված 125. Արագացված դատաքննության հիմքերը

 

1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ

2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ

3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ՝

ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,

բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,

գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ

դ) հայցն ակնհայտ անհիմն է:

2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.

4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:

(125-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-182-Ն օրենք)

 

Հոդված 126. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը

 (126-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-182-Ն օրենք)

 

Հոդված 127. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը

 

1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:

 (127-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-182-Ն օրենք)

 

Հոդված 128. Արագացված դատաքննության կարգը

 

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:

 (128-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-182-Ն օրենք)

 

Հոդված 129. Ակնհայտ անհիմն հայց ներկայացրած անձի պատասխանատվությունը

 

Ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան` իրեն պատճառած վնասները հատուցելու պահանջով:

 

ԳԼՈՒԽ 20.
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

 

i
Հոդված 130. Վճիռ կայացնելը

 

1. Վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

2. Դատարանը վճիռը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության:

i

3. Դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

4. (130-րդ հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(130-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

Հոդված 130.1.  Վճռի օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը

 

1. Առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս:

2. Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:

3. Առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

(130.1-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

i
Հոդված 131. Վճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը

 

1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

i

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը.

i

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը.

5) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է դատական ծախսերը.

6) լուծում է կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:

2. Դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:

3. Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:

(131-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

i
Հոդված 132. Վճռի բովանդակությունը

 

i

1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը` անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում (անվանումը), հայցի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում` նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները:

Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաև երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում:

i

3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի՝

1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ.

2) նշում` հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության մասին` փոփոխության դեպքում նշելով փոփոխության ամսաթիվը և էությունը.

3) նշում` հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացնելու մասին.

4) նշում` գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.

5) նշում` առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.

6) նշում` վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկված լինելու մասին: Տվյալ դեպքում շարադրվում է նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.

7) նշում` գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին.

8) հայցադիմումի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը.

9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության փաստական հիմքը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ և վկայակոչելով օրենքի և այլ իրավական ակտերի նորմերը.

10) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 8-րդ կետով սահմանված կարգով.

11) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան.

12) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան:

4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի`

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում`

ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,

բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.

6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը:

5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

2) սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին.

3) գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշում` գործարքի անվավերության հետևանքների մասին.

4) եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.

5) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.

6) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.

7) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:

6. Առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:

 (132-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-216, 18.02.04 ՀՕ-39-Ն, 16.12.05 ՀՕ-16-Ն, 23.10.13 ՀՕ-101-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն  օրենքներ)

 

i
Հոդված 133. Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը

 

Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

 

i
Հոդված 134. Դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը

 

1. Դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների պահանջներից, վճռի եզրափակիչ մասում սահմանում է նաև, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, թե համապատասխան ֆոնդի գույքից, իսկ դրա անբավարարության դեպքում` նաև պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից:

2. Գույք հատկացնելու դեպքում դատարանը նշում է հանձնման ենթակա գույքի անվանումը, դրա արժեքը, իսկ եթե հայտնի է` նաև դրա գտնվելու վայրը:

 (134-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-75-Ն, 22.12.10 ՀՕ-286-Ն օրենքներ)

 

Հոդված 135. Մի քանի հայցվորի օգտին կամ մի քանի պատասխանողի դեմ կայացված վճիռը

 

1. Մի քանի հայցվորի օգտին վճիռ կայացնելու դեպքում դատարանը նշում է նրանցից յուրաքանչյուրի պահանջը բավարարելու չափը կամ նշում է, որ բռնագանձման իրավունքը համիրավ է:

2. Մի քանի պատասխանողի դեմ վճիռ կայացնելու դեպքում դատարանը նշում է նրանցից յուրաքանչյուրի պարտավորության չափը կամ նշում է, որ նրանց պատասխանատվությունը համապարտ է:

 

Հոդված 136. Պայմանագիրը կնքելու կամ փոփոխելու մասին վճիռը

 

Պայմանագիրը կնքելու կամ փոխելու հետ կապված վեճով վճռի եզրափակիչ մասում նշվում է պայմանագրի յուրաքանչյուր վիճելի պայմանի վերաբերյալ որոշումը, իսկ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին վեճով վճռում նշվում են այն պայմանները, որոնցով կողմերը պարտավոր են կնքել պայմանագիրը:

 

Հոդված 137. Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռը

 

Պատասխանողին` գույք հանձնելու կամ դրամական գումարներ գանձելու հետ չկապված որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճռի եզրափակիչ մասում դատարանը նշում է, թե ով, որտեղ, երբ կամ ինչ ժամկետում պետք է կատարի այդ գործողությունները:

Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է սահմանել, որ պատասխանողի կողմից վճիռը չկատարելու դեպքում հայցվորն իրավունք ունի համապատասխան գործողությունները կատարել պատասխանողի հաշվին:

 

Հոդված 138. Վճռի հրապարակումը

(138-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

(138-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 139. Վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը

(139-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

 

i
Հոդված 140. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

4. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

(140-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

                                               
Հոդված 140.1.  Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

(140.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 141. Վճռի կատարման ապահովումը

 

Դատարանը, գործին մասնակցող անձանց դիմումով, վճռի կայացումից հետո, սույն օրենսգրքի 14 գլխով սահմանված կանոններով, միջոցներ է ձեռնարկում վճռի կատարումն ապահովելու համար:

 

Հոդված 142. Լրացուցիչ վճիռ

 

1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`

1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.

2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.

3) չի լուծել դատական ծախսերի հարցը:

2. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

3. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:

4. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում:

5. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

(142-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 143. Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը

 

i

1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

i

2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:

3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:

4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

 

ԳԼՈՒԽ 21.
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i
Հոդված 144. Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը

 

1. Դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

1.1. Այն որոշումները, որոնք սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:

2. Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, դատարանի հայեցողությամբ կարող են ընդունվել առանձին ակտի ձևով կամ առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Առանձին ակտի ձևով չձևակերպված որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:

(144-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 9.06.13 ՀՕ-77-Ն օրենքներ)

 

Հոդված 144.1.  Որոշման ուժի մեջ մտնելը

 

1. Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձևակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

2. Դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 (144.1-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն օրենք)

 

i
Հոդված 145. Որոշումն ուղարկելը

 

Առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 22.
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 (22-րդ գլուխը խմբ. 07.07.05 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հոդված 146. Դատական նիստի արձանագրման ձևը

 

1. Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

 (146-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-146-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 147. Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը

 

1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարը արձանագրում է բառացիորեն:

 (147-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հոդված 148. Արձանագրություն վարելը

 

1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:

2.  Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

 (148-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հոդված 149. Դիտողությունները պարզ գրավոր ձևով վարվող արձանագրության վերաբերյալ

 

1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում:

 (149-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-146-Ն օրենք)

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(2-րդ ենթաբաժինը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 22.1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ  

(22.1-րդ գլուխն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 149.1.  Քաղաքացիական դատարանը

 (149.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(149.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 149.2.  Գործերի քննության կարգը քաղաքացիական դատարանում

 (149.2-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(149.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 149.3.   Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 (149.3-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք) 

(149.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 149.4.  Քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկումը

 (149.4-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(149.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 22.2.
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ 

(22.2-րդ գլուխը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 149.5.   Գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը

 

Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

 (149.5-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 149.6.   Գործը դատաքննության նախապատրաստելու ժամկետը

 

Գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

 (149.6-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 149.7.   Հայցի հիմքը և առարկան լրացնելու իրավունքը

 

1. Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:

2. Պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը սույն օրենսգրքի 95 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 (149.7-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 149.8.   Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները

 

1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

i

2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝

1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.

2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.

3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.

4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.

i

5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.

6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.

7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.

8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.

9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.

10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

3. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 22 գլխով սահմանված կարգով:

 (149.8-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 149.9.   Գործը դատաքննության նշանակելը

 

1. Դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

 (149.9-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 23.
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 150. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը

 

1. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը պետք է տեղեկություններ պարունակի այնպիսի փաստերի և հանգամանքների մասին, որոնք անվերապահորեն վկայում են նման վտանգի առկայությունը:

2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

 (150-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 151. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը քննում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:

2. Դատարանն անհապաղ որոշում է կայացնում քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու մասին և առաջարկում է դիմողին եռօրյա ժամկետում հայցադիմում ներկայացնել դատարան:

3. Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 152. Հայցադիմումը չներկայացնելու հետևանքները

 

Սույն օրենսգրքի 151 հոդվածում սահմանված ժամկետում հայցադիմում չներկայացնելու դեպքում քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու մասին դատարանի որոշումը կորցնում է իր ուժը:

 

i

ԳԼՈՒԽ 24.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

(24-րդ գլխի վերնագիրը փոփ. 06.02.02 ՀՕ-299 օրենք)

(24-րդ գլուխն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(24-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)


 

Հոդված 153. Դիմում տալը

(153-րդ հոդվածը փոփ. 06.02.02 ՀՕ-299 օրենք)

(153-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(153-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)


 

Հոդված 154. Դիմումի քննությունը

(154-րդ հոդվածը փոփ. 06.02.02 ՀՕ-299 օրենք)

(154-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(154-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 155. Դատարանի վճիռը և դրա կատարումը

(155-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(155-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

ԳԼՈՒԽ 25.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

(25-րդ գլուխն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(25-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 156. Դիմում տալը

(156-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(156-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 157. Դիմումի քննությունը

(157-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(157-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 158. Դատարանի վճիռը

(158-րդ հոդվածի 2-րդ 4-րդ մասը լրաց. 16.12.05 ՀՕ-16-Ն օրենք)

(158-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(158-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

i

ԳԼՈՒԽ 26.
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

(26-րդ գլուխն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(26-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)


 

i
Հոդված 159. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը

(159-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-179-Ն օրենք)

(159-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(159-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

i
Հոդված 160. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը

(160-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-6-Ն օրենք)

(160-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(160-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 161. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումին առաջադրվող պահանջները

(161-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(161-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 162. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությունը

(162-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-6-Ն օրենք)

(162-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(162-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 163. Դատարանի վճիռը

(163-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-16-Ն օրենք)

(163-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(163-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

ԳԼՈՒԽ 26.1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 

(26.1-րդ գլուխը լրաց. 27.04.04 ՀՕ-67-Ն, վերնագիրը փոփ. 09.04.07 ՀՕ-179-Ն , 11.10.07 ՀՕ-204-Ն, 22.12.10 ՀՕ-286-Ն օրենքներ) 

 

Հոդված 163.1.   Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը

 

1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում` դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողություններն անվավեր ճանաչելու դիմումում պետք է նշվի այն իրավական ակտի դրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս, կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող դիմումները դատարանը վերադարձնում է դիմումատուին` առանց քննարկման:

5. Դատարանը սույն հոդվածի 1-ին հոդվածում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ գործողությունը հակասում է օրենքին:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաև դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել:

(163.1-րդ հոդվածը լրաց. 27.04.04 ՀՕ-67-Ն, 09.04.07 ՀՕ-179-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 11.10.07 ՀՕ-204-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն, 22.12.10 ՀՕ-286-Ն օրենքներ)

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 27.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 164. Հատուկ վարույթի գործերի քննության կարգը

 

Դատարանները հատուկ վարույթի գործերը քննում են սույն օրենսգրքով նախատեսված դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են սույն օրենսգրքի 28-36 գլուխներով:

 

ԳԼՈՒԽ 28.
ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 165. Իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին անչափահասի դիմումը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում տասնվեց տարեկան դարձած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:

(165-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-44-Ն օրենք)

 

Հոդված 166. Դիմումի քննությունը

 

Դատարանը դիմումը քննում է դիմողի, ծնողներից մեկի (որդեգրողների, հոգաբարձուի) կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

 

Հոդված 167. Դատարանի վճիռը

 

Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմողի խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:

Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):

 

ԳԼՈՒԽ 29.
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 168. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` ընդհանուր իրավասության դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաև դրա գտնվելու վայրի դատարան:

 (168-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 169. Դիմումի բովանդակությունը

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:

 

i
Հոդված 170. Քաղաքացու հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը

 

Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:

 

Հոդված 171. Դիմումի քննությունը

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է այդ քաղաքացու և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

3. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

4. Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

 

Հոդված 172. Դատարանի վճռի հետևանքները

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է հոգաբարձու:

 

Հոդված 173. Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը

 

ԻՐՏԵԿ 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը` այնքանով, որքանով գործունակ ճանաչված անձին հնարավորություն չի ընձեռում անձամբ իրացնել լսվելու իր իրավունքը և հանդես գալ որպես դատավարության մասնակից, 07.04.2015 թվականից ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր՝ 07.04.2015թ. ՍԴՈ-1197 որոշում:

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

               

ԳԼՈՒԽ 29.1.
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

 (29.1-րդ գլուխը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն օրենք)

                                                                      
Հոդված 173.1.  Դիմում տալը

 

Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) ընդհանուր իրավասության դատարան:

 (173.1-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 173.2.   Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումում պետք է նշվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը.

2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը.

3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին.

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և վայրը փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ.

3) երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը.

4) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը: Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:

Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը).

6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք.

7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք.

8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը.

9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն` երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում` փաստը հաստատող տվյալներ.

10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու համար.

12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ.

13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը:

 (173.2-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն օրենք)

 

Հոդված 173.3.  Դիմումի քննությունը

 

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, որդեգրել ցանկացող անձի և տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև տասը տարին լրացած որդեգրվող երեխային:

Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:

 (173.3-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 173.4.  Դատարանի վճիռը

 

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` որդեգրումը հաստատելու մասին:

Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության, ինչպես նաև որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու դեպքերում նշվում են որդեգրման մասին դատարանի վճռի մեջ:

Դատարանը որդեգրումը մերժում է`

1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում երեխայի որդեգրումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից պետական գրանցման համար:

 (173.4-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն օրենք)

 

Հոդված 173.5.  Որդեգրումը վերացնելը

 

Որդեգրումը վերացնելու գործերի քննությունը և լուծումն իրականացվում են հայցային վարույթի կանոններով:

 (173.5-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 30.
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 174. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմելու իրավունք ունեցող անձը

 

Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմում տալու իրավունք ունի այն հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին: Դիմումը տրվում է այդ հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Դիմումին կցվում է հոգեբուժական հաստատությունում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության վերաբերյալ բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի պատճառաբանված եզրակացությունը:

(174-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 175. Դիմում տալու ժամկետները

 

Քաղաքացու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում:

Դատավորը, հարուցելով գործը, դիմումը դատարանում միաժամանակ քննելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական հաստատությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

 

Հոդված 176. Դիմումի քննությունը

 

1. Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը դատավորը քննում է գործը հարուցելու օրվանից հինգ օրվա ընթացքում:

Քաղաքացին իրավունք ունի մասնակցել դատական նիստին: Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, ապա դատավորը դիմումը քննում է հոգեբուժական հաստատությունում:

2. Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական հաստատության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:

Եթե անձի ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ անձը ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրը անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:

(176-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-26-Ն օրենք)

 

Հոդված 177. Դատարանի վճիռը

 

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ, որով մերժում կամ բավարարում է դիմումը:

Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:

 

ԳԼՈՒԽ 31.
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 178. Դիմում տալը

 

Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:

(178-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 179. Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումում պետք է նշվեն`

1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետևանքները.

2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները.

3) անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետևանք է:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 180. Դատավորի գործողությունները դիմումն ընդունելուց հետո

 

Դատավորը, բացակայողի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի և աշխատավայրի համապատասխան կազմակերպություններին, ինչպես նաև որոշում է կայացնում` դիմողի հաշվին հաղորդագրություն հրապարակել մամուլում` քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության և հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայող քաղաքացու գույքի պահպանության համար:

 

i
Հոդված 181. Դատարանի վճռի հետևանքները

 

1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում:

2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում:

 

Հոդված 182. Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու հետևանքները

 

Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:

 

ԳԼՈՒԽ 32.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 (32-րդ գլուխն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 183. Դիմում տալու հիմքերը

(183-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 (183-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 184. Դիմումին առաջադրվող պահանջները

 (184-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

Հոդված 185. Դատարանի վճիռը

 (185-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.08թ` 28.11.07 ՀՕ-269-Ն օրենսգիրք)

 

ԳԼՈՒԽ 33.
ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 186. Դիմում տալը

 

Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

(186-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 187. Դիմումի բովանդակությունը

 

Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:

 

Հոդված 188. Դատարանի վճիռը

 

Դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին:

 

ԳԼՈՒԽ 34.
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 189. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը

 

i

1. Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

3. Դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

(189-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 190. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի ընդդատությունը

 

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի գտնվելու վայրի դատարանում, բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում:

 

Հոդված 191. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները

 

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

 

i
Հոդված 192. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը

 

Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

 

Հոդված 193. Դատարանի վճիռը

 

1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող դատարանի վճռում պետք է շարադրվի հաստատված փաստը:

2. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:

 

ԳԼՈՒԽ 35.
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)

 

i
Հոդված 194. Դիմում տալը

 

Ըստ ներկայացնողի կամ օրդերային արժեթուղթը (այսուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան դիմում ներկայացնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:

Արժեթղթով հավաստված իրավունքը կարող է վերականգնվել նաև անպատշաճ պահելու հետևանքով կամ այլ պատճառներով դրա վճարունակության հատկանիշների կորստի դեպքում:

(194-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

i
Հոդված 195. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործի տարածքային ընդդատությունը

 

Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննվում է այդ արժեթուղթը տված կազմակերպության գտնվելու վայրի դատարանում:

(195-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 196. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն կորցրած արժեթղթի վավերապայմանները, արժեթուղթը տված կազմակերպության անվանումը, ինչպես նաև շարադրվեն արժեթղթի կորստի հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 197. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո

 

1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումները արգելելու մասին:

2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:

Հաղորդագրությունը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը) և նրա բնակության (գտնվելու) վայրը.

3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները.

4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը:

 

Հոդված 198. Գործի քննությունը

 

Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննում է հաղորդագրության հրապարակման օրվանից երկու ամիս անցնելուց հետո:

 

Հոդված 199. Դատարանի վճիռը

 

1. Դատարանը դիմումը բավարարելու դեպքում վճիռ է կայացնում կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դիմողի` դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:

2. Դատարանի վճռի հիման վրա համապատասխան կազմակերպությունը դիմողին տալիս է նոր արժեթուղթ:

 

Հոդված 200. Դատարանի գործողություններն արժեթուղթը տիրապետողի դիմումն ստանալու դեպքում

 

Հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթուղթը տիրապետողի դիմումն ստանալու դեպքում դատարանն առանց քննության է թողնում արժեթուղթը կորցրած անձի դիմումը:

 

Հոդված 201. Արժեթուղթը տիրապետողի` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ հայց հարուցելու իրավունքը

 

Հաղորդագրությունը հրապարակվելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին չհայտնած արժեթուղթը տիրապետող անձը կարող է դատարանի վճռի հիման վրա նոր արժեթուղթ ստացած անձի դեմ հայց հարուցել` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 36.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

(36-րդ գլխի վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 202. Կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում

 

1. Կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:

2. Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:

3. Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

4. Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:

 

Հոդված 203. Հարկադիր կատարողի գործողությունները կողմերի հաշտության համաձայնությունն ստանալուց հետո

 

Հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:

 

Հոդված 204. Դատարանի վճռի վերանայումը

 

1. Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:

2. Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին:

3. Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

 

i

ԳԼՈՒԽ 36.1.
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ 

 (36.1-րդ գլուխը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

                                                                                                                                    i
Հոդված 204.1.   Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը

 

1. Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակել գործերի վարույթ (ստորև` կարգադրության վարույթ)` սույն գլխի դրույթներին համապատասխան: Սույն գլխում պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

2. Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`

1) դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.

2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, և նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

 (204.1-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 204.2   Վճարման կարգադրություն արձակելու դիմումը

 

1. Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին և ներառի հետևյալ տվյալները.

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) կողմերի անունները (անվանումները), հասցեները (գտնվելու վայրը).

3) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքը և չափը` առանձին-առանձին.

4) պահանջը հաստատող ապացույցները.

5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.

6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը ստորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում են նաև վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

2. Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, և դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաև գրավի պայմանագիրը:

3. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

 (204.2-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 204.3.  Ընդդատությունը

 

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին:

 (204.3-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 
Հոդված 204.4.   Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով`

1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 204.1-204.3-րդ հոդվածների դրույթներին.

2) պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ

3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:

2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:

(204.4-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 
Հոդված 204.5.   Դիմումի քննության ժամկետները

 

Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.

3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

(204.5-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 204.6.  Վճարման կարգադրությունը

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:

2. Վճարման կարգադրությունը պարունակում է`

1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.

2) կարգադրություն` երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը`

- կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,

- դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:

Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը.

3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

3. Վճարման կարգադրությանը կցվում են դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները:

4. Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):

(204.6-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 204.7.   Անցումը հայցային վարույթի

 

Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:

(204.7-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

Հոդված 204.8.   Վճարման կարգադրության ուժի մեջ մտնելը

 

Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երեք շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաև գրավի առարկայի վրա:

(204.8-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն օրենք)

 

ԵՐՐՈՐԴ.1 ԲԱԺԻՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

(3.1-րդ բաժինը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(3.1-րդ բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.9.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

(204.9-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.9-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.10.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը

(204.10-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.10-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.11.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

(204.11-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.11-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.12.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու բողոքը

(204.12-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.12-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.13.   Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

(204.13-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.13-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.14.  Բողոքը վերադարձնելը

(204.14-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.14-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.15.  Բողոքի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը

(204.15-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.15-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.16.  Բողոքի պատասխանը

(204.16-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.16-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.17.  Բողոքի քննության կարգը

(204.17-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.17-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.18.   Բողոքի քննության արդյունքում կայացված որոշումները

(204.18-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.18-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.19.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննության կարգը

(204.19-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.19-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i

ԵՐՐՈՐԴ.2 ԲԱԺԻՆ
ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ 

(3.2 բաժինը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(3.2-րդ բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 
Հոդված 204.20.  Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

(204.20-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.20-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.21.  Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար դիմելը

(204.21-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.21-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.22.   Բողոք ներկայացնելու ժամկետը

(204.22-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.22-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.23.   Բողոք ներկայացնելու կարգը

(204.23-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.23-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.24.   Բողոքի բովանդակությունը

(204.24-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.24-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.25.   Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

(204.25-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.25-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.26.  Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

(204.26-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.26-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.27.  Դատական ակտերի վերանայման ժամկետները

(204.27-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(204.27-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i
Հոդված 204.28.  Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

(204.28-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

(204.28-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.29.   Վերանայման կանոնները

(204.29-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

(204.29-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

                                                                                                                                            

ԵՐՐՈՐԴ.3 ԲԱԺԻՆ
 ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ 

(3.3-րդ բաժինը լրացվել է 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i
Հոդված 204.30.  Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

(204.30-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i
Հոդված 204.31.   Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:

(204.31-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i
Հոդված 204.32.   Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

(204.32-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

i
Հոդված 204.33.  Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

3) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

(204.33-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, փոփ. 26.10.11 ՀՕ-269-Ն, 21.06.14 ՀՕ-88-Ն օրենքներ)

             i
Հոդված 204.34.  Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

2. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

4. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

(204.34-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 

Հոդված 204.35.  Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

(204.35-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն օրենք)

 (204.35-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-47-Ն օրենք)

       
Հոդված 204.36.  Բողոքի բովանդակությունը

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.

2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր երևան եկած կամ նոր հանգամանքի.

5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

(204.36-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-47-Ն  օրենքներ)

 

Հոդված 204.37.  Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:

2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:

3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:

4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.

2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:

(204.37-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-47-Ն օրենքներ)

 

i
Հոդված 204.38.   Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

 

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

(204.38-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, փոփ.  26.10.11 ՀՕ-269-Ն օրենքներ)

 

 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 (4-րդ բաժինը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 205. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

 

1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք.

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում.

3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

(205-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 206. Վերաքննիչ բողոքներով գործերը քննող դատարանը

 

Վերաքննիչ բողոքներով գործերը քննում է վերաքննիչ քաղաքացիական դատարանը:

(206-րդ հոդվածը. փոփ. 11.09.01 ՀՕ-214, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

2. Դատարանի` սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

5. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

7. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

(207-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

 

i
Հոդված 208. Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները
 

1. Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:

i

2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

i

3. Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

(208-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ԻՐՏԵԿ 18.07.2012 թվականից 208-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները՝ 18.07.2012թ. ՍԴՈ-1037 որոշում 

 

Հոդված 209. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը

 

i

1. Վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան:

(209-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 210. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը

 

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները՝ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

i

3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

5. Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:

(210-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն  օրենքներ)

 

Հոդված 211. Վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

(211-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը

 

1. Գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:

3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու ապացույցները:

4. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

 (212-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 213. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

6) գործին մասնակցող անձանց միջև առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, և նման համաձայնություն կնքած մյուս կողմը չի համաձայնվել գործը վերաքննիչ դատարանում քննելու վերաբերյալ:

2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը:

 (213-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 214. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

(214-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 215. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

 

1. Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը:

2. Եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:

(215-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 216. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում

 

1.  Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:

2. Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:

3. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

(216-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 217. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը: Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա:

i

2. Վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:

3. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանի դատական կազմի դատավորները ծանոթանում են վերաքննիչ բողոքին և գործի նյութերին:

4. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում նախագահող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, գործին մասնակցող անձանց:

(217-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն  օրենքներ)

 

i
Հոդված 218. Գործին մասնակցող անձանց մասնակցությունը վերաքննիչ դատարանում գործի քննությանը

 

1.Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին:

2. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

(218-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-39-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 219. Վերաքննության սահմանները

 

i

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

2. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

i

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

  (219-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 220. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը
 

1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները:

2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.

2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.

3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը):

4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`

1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.

2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.

3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.

4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.

5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:

5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`

1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`

ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,

բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,

ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.

2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`

ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.

3) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.

4) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.

5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.

6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը:

6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.

3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.

4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.

5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:

7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:

(220-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն  օրենքներ)

                                                                       
Հոդված 220.1.  Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը

 

1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները:

2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու դատարանի կազմը.

2) որոշում կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.

3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), բողոքարկվող որոշման հակիրճ բովանդակությունը, վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս.

6) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

7) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:

3. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է որոշումը կայացրած դատավորը:

(220.1-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 220.2.  Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը

 

1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են՝

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:

(220.2-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 220.3.  Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը՝

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

(220.3-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 220.4.   Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում` այնպիսի դատավորի կողմից, որը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

4) դատական ակտը կայացրել է (են) ոչ այն դատավորը (դատավորները), որը (որոնք) մտնում է (են) գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

6) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

7) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

8) առկա են սույն օրենսգրքի 103 հոդվածով սահմանված` հայցն առանց քննության թողնելու հիմքերը, կամ

9) առկա են սույն օրենսգրքի 109 հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

(220.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

                       i
Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

i

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3.Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

 (221-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 08.02.11 ՀՕ-37-Ն օրենքներ)

 

Հոդված 221.1.   Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը

 

Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

(221.1.-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 221.2. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով:

(221.2.-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 221.3.  Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

2. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:

3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա գործն ըստ էության չլուծող դատական ակտերը:

(221.3.-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

 ԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ.1 
ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 (չորրորդ.1 բաժինը  լրաց. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 (չորրորդ.1 բաժինն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.1. Տնտեսական գործեր քննող դատարանը

 (221.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 (221.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.2.  Գործի քննության ժամկետը տնտեսական դատարանում

 (221.2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 (221.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.3.  Գործի քննության կարգը տնտեսական դատարանում

 (221.3-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն օրենքներ)

 (221.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.4.  Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

 (221.4-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն օրենքներ)

 (221.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.5.  Տնտեսական դատարանի վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը

 (221.5-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 (221.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

Հոդված 221.6.  Տնտեսական դատարանի վճիռների և որոշումների բողոքարկումը

 (221.6-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, 21.02.07 ՀՕ-98-Ն օրենք)

 (221.6-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն  օրենք)

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 (5-րդ բաժինը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:

4. Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:

 (222-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, 11.09.01 ՀՕ-214, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 08.02.11 ՀՕ-43 օրենքներ)

 

i
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

 

i

1. Ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

3. Գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:

(223-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, 11.09.01 ՀՕ-214, 18.02.04 ՀՕ-36-Ն, 01.06.06 ՀՕ-107-Ն, 07.07.06 ՀՕ-153-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 05.12.13 ՀՕ-149-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

                                                                                                                                                 i
Հոդված 224.  Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

 

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

2.  Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

i

3. (224-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն օրենք)

 (224-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, 11.09.01 ՀՕ-214, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

  i
Հոդված 225. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը

 

1. Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է վճռաբեկ դատարանը:

2. (225-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն օրենք)

3. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը:

(225-րդ հոդվածը փոփ. 20.02.01 ՀՕ-146, 07.07.06 ՀՕ-153-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

   
Հոդված 226. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

 

Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են՝

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

(226-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-39-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

 

Հոդված 227. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը՝

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

 (227-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 228. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

2. Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

 (228-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

                    i
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

(229-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն օրենքներ)

 

Հոդված 230. Վճռաբեկ բողոք բերելու կարգը

 

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ու գործին մասնակցող անձանց:

2. Դատական ակտը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան:

(230-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

 

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը), ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում առկայության դեպքում), դատավարական կարգավիճակը.

3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները.

5) սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որն ըստ բողոք բերողի հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

i

2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ՝

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ.

4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.

5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

4. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:

5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

 (231-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

                                                                                                                                                             
Հոդված 232. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը

 

Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վճռաբեկ դատարանն սկսի գործի քննությունը:

 (232-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

i

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի պահանջներին:

i

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին:

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

(233-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն  օրենքներ)

                                                                              
Հոդված 233.1.  Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը

 

1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է.

2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

 (233.1-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

Հոդված 233.2.  Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

 

1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 233 հոդվածով, 233.1 հոդվածով և 234 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

(233.2-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն օրենք)

 

i

Հոդված 234. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ՝

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2)  առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե՝

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ են համարվում 220.4 հոդվածով նախատեսված դեպքերը:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:

(234-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

i
Հոդված 235. Վճռաբեկ բողոքի պատասխանը

 

1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

 (235-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-214, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

i
Հոդված 236. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը

 

Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:

 (236-րդ հոդվածը փոփ. 13.06.00  ՀՕ-71, 11.09.01 ՀՕ-214, 18.02.04 ՀՕ-36-Ն, 07.07.06 ՀՕ-153-Ն,  28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 237. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը

 

1. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներից մեկը (զեկուցող դատավորը) ուսումնասիրում է վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցում վճռաբեկ դատարանի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:

(237-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

Հոդված 238. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

 

1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:

i

2. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիստին:

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

(238-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-39-Ն, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 239. Գործի քննության սահմանները վճռաբեկ դատարանում

 

i

Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

(239-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

i
Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը՝

i

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

i

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

i

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

i

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

(240-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 08.02.11 ՀՕ-37-Ն օրենքներ)

 
Հոդված 241. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

 

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

5. (241-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն օրենք)

6. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

7. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

8. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում:

 (241-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, 18.02.04 ՀՕ-36-Ն, 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն օրենքներ)

 

Հոդված 241.1.  Վճռաբեկ դատարանի որոշումը

 

1. Գործի քննության արդյունքներով կայացված՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը.

5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.

6) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

7) գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը:

(241.1-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

Հոդված 241.2.   Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

 

1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 233, 233.1 և 233.2 հոդվածներով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:

(241.2-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքներ)

 

Հոդված 241.3.  Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է բողոք բերած անձին, գործին մասնակցող անձանց և համապատասխան դատարան այն հրապարակելու օրվանից ողջամիտ ժամկետում:

(241.3-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ.1 ԲԱԺԻՆ
ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

 (5.1-րդ բաժինը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(5.1-րդ բաժինն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

 

ԻՐՏԵԿ  5.1-րդ բաժինն ուժը կարցրած ճանաչելու վերաբերյալ նորմը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի 76 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ 09.09.2008թ. ՍԴՈ-758 որոշում  

 

Հոդված 241.1.  Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

 (241.1-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն օրենքներ)

(241.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.2  Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար դիմելը

 (241.2-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.3.  Դիմումը ներկայացնելու ժամկետը

 (241.3-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.4.  Դիմումը ներկայացնելու կարգը

 (241.4-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.4-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.5.  Դիմումի բովանդակությունը

(241.5-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.6.  Վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելը

(241.6-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.6-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.7.  Նոր հանգամանքներով վճիռները և որոշումները վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

(241.7-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.7-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.8.  Վճռի կամ որոշման վերանայման ժամկետը

(241.8-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.8-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.9.  Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

(241.9-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.9-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

Հոդված 241.10.  Վերանայման կանոնները

(241.10-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.10-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ.2 ԲԱԺԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

 (5.2-րդ բաժինը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 241.11.   Միջազգային դատարան դիմելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող և քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի:

2. Սույն օրենսգրքի իմաստով` վերջնական դատական ակտ է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը:

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով (այսուհետ` միջազգային դատարանի կանոնակարգերով) սահմանված պահից:

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով:

(241.11-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն,  28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 241.12.  Միջազգային դատարան դիմելու կարգը

 

1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով:

2. Վճռաբեկ դատարանը և տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները:

(241.12-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 241.13.  Միջազգային դատարանին աջակցելու` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

 

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարան է ներկայացնում 15-օրյա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ:

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար` ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:

(241.13-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 241.14.  Միջազգային դատարանի որոշման հիման վրա գործը վերանայելը

(241.14-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

(241.14-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն օրենք)

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 242. Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները

 

1. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար գործերի ենթակայությանը համապատասխան դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:

2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով համապատասխան պետությունների օտարերկրյա անձանց համար կարող են սահմանվել վերաքննիչ բողոք բերելու ավելի երկարատև ժամկետներ:

4. Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել դատավարական իրավունքների պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա անձանց նկատմամբ, որոնց դատարաններում թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դատավարական իրավունքների սահմանափակումներ:

 

Հոդված 243. Օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով դատավարությունը

 

Օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով դատավարությունը դատարաններում իրականացվում է սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին համապատասխան:

 

Հոդված 244. Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով

 

1. Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`

1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.

2) պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք.

3) ապահարզանի վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

4) առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.

5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.

6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում.

8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից:

3. Սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ` դատարանի կողմից քննության ընդունված գործը լուծում է դատարանն ըստ էության, թեկուզև վարույթի ընթացքում գործին մասնակցող անձանց գտնվելու վայրը փոխելու կապակցությամբ կամ այլ հանգամանքներով այն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին:

 

Հոդված 245. Դատական իմունիտետը

 

1. Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայց հարուցելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 246. Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության կամ կարճում է գործի վարույթը, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց հարուցելը գործը քննության ընդունած` օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործը կամ այդ գործով կայացրել է վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հետևանքները չեն առաջանում, եթե օտարերկրյա պետության դատարանի կայացրած կամ ապագա վճիռը ենթակա չէ ճանաչման կամ կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում կամ համապատասխան գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը:

 

Հոդված 247. Դատական հանձնարարությունները

 (247-րդ հոդվածն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

ՎԵՑԵՐՈՐԴ.1 ԲԱԺԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

(6.1-րդ բաժինը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

i
Հոդված 247.1.   Միջպետական հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են սույն օրենսգրքի կանոնները` համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:

3. Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե այդ նորմերի կիրառման հնարավորությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, կամ եթե այդ նորմերը չեն հակասում սույն օրենսգրքին և քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին:

4. Օտարերկրյա պետության դատարանի հարցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:

(247.1-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 247.2.   Իրավական օգնության հարցերով հաղորդակցության կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով քաղաքացիական գործերով դատարաններին առնչվող փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դիվանագիտական ուղիներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների և օտարերկրյա պետության դատարանների միջև անմիջական հաղորդակցության միջոցով:

2. Եթե հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, ապա վերջինս օտարերկրյա պետության դատարանից ստացված հարցումն անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության այն դատարան, որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու է իրականացնելու համապատասխան դատավարական գործողությունը, անկախ այն հանգամանքից, հարցման մեջ ճիշտ է նշված այդ դատարանը, թե ոչ:

3. Եթե իրավական օգնության մասին հարցումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատարանը օտարերկրյա պետություն ուղարկելու համար, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է հարցման համապատասխանությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգին և ներկայացվող պահանջներին, որից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմին:

Եթե պարզվի, որ հարցումը կազմված է թերություններով, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանին առաջարկում է վերացնել դրանք, որից հետո հարցումն ուղարկում է օտարերկրյա պետության իրավասու մարմին:

4. Եթե իրավական օգնությունն իրականացվում է դիվանագիտական ուղիներով կամ Հայաստանի Հանրապետության դատարանի և օտարերկրյա պետության դատարանի միջև անմիջական հաղորդակցության միջոցով, ապա օտարերկրյա պետության դատարանի հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, եթե հարցման կատարումը չի մտնում իր իրավասության մեջ, դա վերահասցեագրում է սույն օրենսգրքով իրավասու դատարան:

5. Դիվանագիտական ուղիներով կամ դատարանների միջև անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության դատարանները յուրաքանչյուր հարցման կապակցությամբ ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` նշելով հարցումը կազմելու (ստանալու) տարին, ամիսը, ամսաթիվը, հարցումը կազմած դատարանի անվանումը, հարցման համառոտ բովանդակությունը, հարցումը կատարած դատարանի անվանումը և կատարման համառոտ բովանդակությունը:

(247.2-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 247.3.   Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

 

1. Եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները, եթե հարցման մեջ`

1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.

2) նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են ընձեռում.

3) նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցում կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որը լրացնում է այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է:

(247.3-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 247.4.  Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու դատարանի ներկայացրած հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Եթե հարցումը ներկայացրել է այն օտարերկրյա պետության իրավասու դատարանը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել, եթե`

1) մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով, անկախ նրանից` հարցումը կազմվել և ներկայացվել է մերժման համար հիմք դարձած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե միջազգային այլ պայմանագրին համապատասխան.

2) հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը:

(247.4-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 247.5.  Անձանց ներկայանալը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող և օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարան կանչված և դատարան ներկայացած քաղաքացիական գործով վկան, փորձագետը կամ մասնագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում է վկայի, փորձագետի կամ մասնագետի համար` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներից:

Այդ անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրավախախտումներ թույլ տալու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այն ծավալով և չափով, ինչը թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները տարածվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ համարվող և Հայաստանի Հանրապետության դատարան ներկայացած և տվյալ քաղաքացիական գործով քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների կարգավիճակ ունեցող անձանց վրա:

(247.5-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

Հոդված 247.6.  Օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները ճանաչելը

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի վճիռները կամ որոշումները (այսուհետ` որոշումները) նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը.

4) Եթե միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:

3. Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավասությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարաններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4. Եթե օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու նպատակով անմիջականորեն հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության որևէ դատարան, ապա վերջինս պարտավոր է`

1) դրա ճանաչման վերաբերյալ որոշում կայացնել, եթե սույն հոդվածի 2-րդ կետի կանոններին համապատասխան` ինքն այդ հարցում իրավասու է.

2) օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը վերահասցեագրել սույն հոդվածի 2-րդ կետով իրավասու դատարան:

5. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` ուղարկելով որոշման պատճենը:

(247.6-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն օրենքներ)

 

Հոդված 247.7.  Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու պայմանները

 

1. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:

Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու և ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին:

2. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(247.7-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն օրենք)

 

ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 248. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1964 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., թիվ 17, հոդված 85)` հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը և «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:

 

Հոդված 249. 

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` օրենքով սահմանված կարգով կազմավորումը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար` վերաքննիչ վարույթի և առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:

 (249-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214 օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


7 օգոստոսի 1998 թ.
Երևան
ՀՕ-247

 

pin
ՀՀ 17.06.1998
N ՀՕ-247 օրենսգիրք