Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 197...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 197-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ԱՎԴ/0010/02/11

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0010/02/11        2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարսենիկ և Արամ Բաբայանների ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ Մարտին Բաբայանի հայցի ընդդեմ Վարսենիկ, Լենա, Արմենուհի, Արամ Բաբայանների, Արտաշատի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման` փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 09.12.2009 թվականի թիվ 09-001-4-28 մատյանի 015 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արամ և Վարսենիկ Բաբայանների ընդդեմ Մարտին, Վարսենիկ, Լենա, Արմենուհի, Ազնիվ Բաբայանների` ընդհանուր սեփականությունից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարտին Բաբայանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել հանգուցյալ` 22.05.1976 թվականին մահացած Արփենիկ (Արփիկ) Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող ժառանգական գույքի` Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և անվավեր ճանաչել Կադաստրի կողմից 09.12.2009 թվականի թիվ 09-001-4-28 մատյանի 015 համարի տակ Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արամ և Վարսիկ Բաբայանները պահանջել են Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասի ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել Արամ Բաբայանի 1/36 բաժինը և Վարսիկ Բաբայանի 1/36 բաժինը:

24.12.2012 թվականի Վարսիկ Բաբայանը և Արամ Բաբայանը դատարան են ներկայացրել հակընդդեմ հայցի չափը փոփոխելու վերաբերյալ դիմում, որով խնդրել են Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասի ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել հակընդդեմ հայցով հայցվորներ Վարսիկ Բաբայանի 7/36 բաժինը և Արամ Բաբայանի 7/36 բաժինը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ` Դատարան) 28.03.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2014 թվականի որոշմամբ Վարսենիկ և Արամ Բաբայանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարսենիկ և Արամ Բաբայանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարտին Բաբայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները և 130-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետը, 197-րդ հոդվածի 2-5-րդ կետերը, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 236,1 քմ մակերեսով բնակելի շինությունը կառուցվել է հետագայում` Մարտին Բաբայանի ընտանիքի անդամների կողմից, այսինքն` այն Մարտին Բաբայանի մոր` Արփենիկ (Արփիկ) Բաբայանի մահվան ժամանակ գոյություն չուներ և չէր կարող հանդիսանալ նրա սեփականությունը, քանի որ ըստ գործում առկա 21.10.1974 թվականի գույքային թերթի` Արփենիկ (Արփիկ) Բաբայանը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 71 քմ բնակելի մակերեսի սեփականատերն էր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի պահանջի հիմքում ընկած գույքային միավորները` 236,1 քմ մակերեսով բնակելի տունը և 0,1112 հա մակերեսով տնամերձ հողամասը, չեն ներառվել Արփենիկ (Արփիկ) Բաբայանին պատկանող ժառանգության զանգվածի կազմում, դրանք նույնական չեն, հետևաբար ստորադաս դատարանների կողմից հայցապահանջը չէր կարող ամբողջ ծավալով բավարարվել:

Այսինքն` սույն գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ պատասխանողներին սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը տրվել է ոչ թե ինքնաբերաբար, այլ կոնկրետ իրավական հիմքերով, մասնավորապես` իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսացել 20.12.1990 թվականի դրությամբ տվյալ հասցեում հաշվառված անձանց անվամբ տրված քաղվածքը, 1998 թվականի քարտեզագրումը, որոնք բավարար են սեփականության իրավունքի գրանցումն իրականացնելու համար, ինչն և իրականացվել է վարչական մարմնի կողմից:

Բացի այդ, վիճելի հասցեում գտնվող 1.200 քմ մակերեսով հողամասը դեռևս 1991 թվականին հանդիսացել է պետական սեփականություն, և այն ևս չէր կարող ժառանգական կարգով փոխանցվել Մարտին Բաբայանին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, սույն գործով նշանակելով դատատեխնիկական փորձաքննություն, այնուամենայնիվ, չի բավարարել հակընդդեմ հայցով հայցվորների պահանջը` բնեղենով առանձնացնելու իրենց սեփականության իրավունքով պատկանող (յուրաքանչյուրին` 7/36-ական մասով) մասնաբաժինը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելով, դրանք համադրելով մյուս ապացույցների հետ` ճիշտ եզրակացության են հանգել, կիրառել են այն նորմերը, որոնք ենթակա էին կիրառման սույն վեճի ճիշտ լուծման համար:

Մասնավորապես` գործում առկա գույքային թերթով հիմնավորվում է, որ Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 1.200 քմ մակերեսով հողամասը և 71 քմ մակերեսով բնակելի տունը պատկանել են Մարտին Բաբայանի մորը` Արփենիկ (Արփիկ) Բաբայանին, իսկ նրա մահից հետո`1976 թվականին, Մարտին Բաբայանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է իր մոր ժառանգությունը:

Բողոք բերած անձանց այն փաստարկը, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը տրվել է ոչ թե ինքնաբերաբար, այլ կոնկրետ իրավական հիմքերով, այն է` տվյալ հասցեում հաշվառված անձանց անվամբ տրված քաղվածքի, 1998 թվականի կադաստրային քարտեզի հիման վրա, հիմնավոր կլիներ միայն այն դեպքում, եթե գործում առկա չլիներ 1974 թվականին Արփենիկ (Արփիկ) Բաբայանի անվամբ տրված գույքային թերթը, որը որևէ պետական մարմնի կամ դատական ակտի հիման վրա անվավեր չի ճանաչվել:

Ինչ վերաբերում է վիճելի 1.200 քմ մակերեսով հողամասի պետական սեփականություն լինելու, Արփենիկ (Արփիկ) Բաբայանին չպատկանելու և այն ժառանգության զանգվածի մեջ չմտնելու վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկին, ապա պետք է նշել, որ եթե մինչև 1991 թվականը հողը հանդիսանում էր պետական սեփականություն, ապա 1991 թվականին ՀՀ հողային օրենսգրքում հողային բարեփոխումների արդյունքում նույն օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանվել էր, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն: Հետևաբար, վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց փոխանցվել է այն անձին, որի սեփականության ներքո գտնվել է բնակելի տունը:

Անդրադառնալով պատասխանողների այն պնդմանը, թե հայցվորի մայրը` Արփենիկ (Արփիկ) Բաբայանը, չէր կարող ունենալ 236,1 քմ մակերեսով բնակելի տուն, իսկ Մարտին Բաբայանը չէր կարող ժառանգել այն, ապա 1974 թվականի դրությամբ կատարված գույքագրումից հստակ երևում է, որ տունն այդ պահի դրությամբ եղել է 71 քմ մակերեսով: Տան մակերեսը հետագայում ավելացվել է Մարտին Բաբայանի կողմից և իր միջոցներով:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի ուսումնասիրել է գործում առկա ապացույցները, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 13.01.1978 թվականի Արտաշատի ԶԱԳՍ-ի II-ՍԼ թիվ 266622 ծննդյան վկայականի համաձայն` Մարտին Բաբայանը ծնվել է 07.03.1940 թվականին: Ծննդյան վկայականում «Ծնողները» բաժնում մայրը նշված է Արփենիկ Բաբայան (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) 21.10.1974 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 71,0 քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցված է եղել Արփիկ Բաբայանի սեփականության իրավունքը: Նույն հասցեի 1.200 քմ մակերեսով հողամասը նշված է որպես տնամերձ (հատոր 4-րդ, գ.թ. 60):

3) 25.08.1976 թվականի Արտաշատի ԶԱԳՍ-ի II-ՍԼ թիվ 315344 մահվան վկայականի համաձայն`Արփենիկ Բաբայանը մահացել է 22.05.1976 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4) Համաձայն Արտաշատի քաղաքապետի կողմից 06.11.2009 թվականին տրված քաղվածքի` ըստ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ՏՆՏ գրքից արված քաղվածքի` 20.12.1990 թվականի դրությամբ 0,12 հա մակերեսով հողամասը, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով, գրանցված է Մարտին Անակի Բաբայանի անվամբ` ներքոնշյալ ընտանիքի կազմով` Մարտին Բաբայան, Ազնիվ Բաբայան, Վարսենիկ Բաբայան, Լենա Բաբայան, Արմենուհի Բաբայան, Արամ Բաբայան (հատոր 1-ին, գ.թ. 22):

5) Կադաստրի ղեկավարին հասցեագրված Մարտին Բաբայանի 01.12.2009 թվականին դիմումի համաձայն` վերջինս խնդրել է կատարել չափագրում և պետական գրանցում Ղուկասյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 0,12 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ: Մարտին Բաբայանը դիմումին կից ներկայացրել է քաղվածք, հատակագիծ, անձնագրի պատճենը (հատոր 4-րդ, գ.թ. 64-66):

6) Կադաստրի կողմից 09.12.2009 թվականին տրված թիվ 2468856 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Արտաշատ քաղաքի Ղուկասյան 7 հասցեում գտնվող 236,1 քմ մակերեսով բնակելի տան և 0,1112 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Մարտին, Ազնիվ, Վարսենիկ, Լենա, Արմենուհի, Արամ Բաբայանների սեփականության իրավունքը (համասեփականատերեր), որպես գրանցման հիմք նշվել է Արտաշատ համայնքի տնտեսական գրքից 06.11.2009 թվականի քաղվածքը և հատակագիծը (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

7) Արտաշատի թաղային կոմիտեի նախագահ Գ. Հարությունյանի կողմից 01.11.2010 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արփիկ (Արփենիկ) Բաբայանը` ծնված 1911 թվականին, մշտական գրանցմամբ բնակվել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան թիվ 7 հասցեում, սեփականատիրոջ իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք այն դեպքում, երբ դատարանի կողմից չի պարզվել ժառանգության բացման ժամանակ ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային միավորը և դրա մակերեսը, կարող է անվավեր ճանաչվել ըստ օրենքի ժառանգի և այլ սեփականատերերի (համասեփականատերերի) անվամբ վիճելի գույքի նկատմամբ կատարված ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

i

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 01-ը:

i

1998 թվականի մայիսի 05-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժինը վերաբերում է ժառանգման իրավունքին և կարգավորում է ժառանգման հետ կապված հարաբերությունները, ներառյալ` ժառանգության ընդունումը:

Որպեսզի կիրառելի լինեն 1998 թվականի մայիսի 05-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ, «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքը նախատեսում է մի քանի պայման`

1. ժառանգությունը պետք է բացված լինի մինչև 1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը: «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ է դրվել 1999 թվականի հունվարի 01-ից:

2. ժառանգությունը չպետք է ընդունված լինի որևէ մեկի կողմից: Այսինքն` պետք է բացակայի ժառանգական զանգվածում ներառված գույքի` իրավահաջորդության կարգով անցումն այլ անձանց` ժառանգներին:

3. ժառանգությունը որևէ մեկի կողմից ընդունված չլինելու դեպքում այն չպետք է դարձած լինի պետության կամ համայնքի սեփականությունը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ երկրորդ և երրորդ պայմանները չպետք է տարանջատել, քանի որ դրանք գործում են միաժամանակ` հաշվի առնելով այն, որ ժառանգությունը չընդունվելու դեպքում այն դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը: Ընդ որում, այդ պայմանները պետք է առկա լինեն մինչև 1999 թվականի հունվարի 01-ը:

Նշված իրավակարգավորումից հետևում է, որ նախկին` 1964 թվականի հունիսի 04-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ժառանգման հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել, եթե ժառանգությունը բացվել է մինչև 1999 թվականի հունվարի 01-ը և բացակայում են վերը թվարկված վերջին երկու պայմանները (տե՛ս, Օֆելյա Խաչատրյանն ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0554/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ժառանգությունը բացվել է մինչև 1998 թվականի մայիսի 05-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը, վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվող օրենսդրության հարցը որոշելու համար անհրաժեշտ է համարում ստուգել վերոգրյալ պայմանների` սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելիությունը:

Նշված հարցի քննարկման տեսանկյունից կարևորվում են հետևյալ փաստերը` Արփենիկ (Արփիկ) Բաբայանը մահացել է 22.05.1976 թվականին: Մարտին Բաբայանի պնդմամբ` նա մոր մահից հետո շարունակել է բնակվել Արտաշատ քաղաքի Ղուկասյան թիվ 7 հասցեում գտնվող 71 քմ մակերեսով բնակելի տանը և օգտագործել է տնամերձ 1.200 քմ մակերեսով հողամասը, այսինքն` ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետման եղանակով ընդունել է մոր ժառանգությունը:

Վերոնշյալ փաստերից հետևում է, որ Մարտին Բաբայանի կողմից ժառանգության հավանական ընդունումը տեղի է ունեցել ժառանգատուի` Արփենիկ (Արփիկ) Բաբայանի մահից հետո` մինչև 1998 թվականի մայիսի 05-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դրվելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշվածը բավարար է հանգելու այն հետևության, որ Մարտին Բաբայանի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու հարցը լուծելիս կիրառելի է 1964 թվականի հունիսի 04-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, քանի որ բացակայում են «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված պայմանները:

i

1964 թվականի հունիսի 04-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:

Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Այն անձինք, որոնց համար ժառանգման իրավունքը ծագում է միայն ուրիշ ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունվելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունելու իրենց համաձայնության մասին հայտարարել ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այդ մասը պակաս է երեք ամսից, ապա այն երկարացվում է մինչև երեք ամիս:

Ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության ընդունման ընդհանուր ժամկետների վերաբերյալ նախկին և գործող օրենսդրական կարգավորումները նույնն են` ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների գործով անդրադարձել է 1964 թվականի հունիսի 04-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածով նախատեսված ժառանգության ընդունման ժամկետի հաշվարկի և այդ ժամկետը բաց թողնելու իրավական հետևանքների հարցին: Մասնավորապես` նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգմամբ ժառանգության բացման ժամանակ էր համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված էր համարվում այն դեպքում, երբ նա փաստորեն սկսում էր տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, որպիսի գործողությունները պետք է կատարվեին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Այսինքն` վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով անձը կորցնում էր ժառանգությունն ընդունելու հնարավորությունը և չէր կարող համարվել այն ընդունած (տե`ս, Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0235/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված նմանատիպ իրավահարաբերություններից բխող վեճերով կարևորվում է նաև ժառանգության զանգվածի հարցը: Մասնավորապես` դատարանները գործի լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նկատառումով պետք է պարզեն ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմը հատկապես այն պարագայում, երբ դա որևէ կերպ առնչվում է այլ անձանց իրավունքներին և կարող է հանգեցնել այդ իրավունքների անվավեր ճանաչմանը: Մյուս կողմից նման անհրաժեշտությունը պայմանավորված է դատական ակտի որոշակիության սկզբունքով, որը ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե`ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մարտին Բաբայանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Արփենիկ (Արփիկ) Բաբայանի ժառանգությունը:

Միաժամանակ, Դատարանը, հաստատված համարելով, որ Արփենիկ (Արփիկ) Բաբայանի ժառանգության զանգվածի մեջ մտել է 71 քմ մակերեսով բնակելի տունը և անդրադառնալով պատասխանողի այն պնդմանը, որ Մարտին Բաբայանը չէր կարող ժառանգել 236,1 քմ մակերեսով բնակելի տուն, հանգել է այն հետևության, որ տան մակերեսի ավելացման խնդիրների քննարկումը սույն գործի շրջանակներից դուրս է, ուստի և դրանց չի անդրադարձել:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, գտել է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ «տան մակերեսի ավելացման խնդիրների քննարկումը սույն գործի շրջանակներից դուրս է», որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը նույնպես դրանց չի անդրադարձել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Համաձայն գործում առկա 21.10.1974 թվականի գույքային թերթի` Արտաշատ քաղաքի, Ղուկասյան թիվ 7 հասցեում գտնվող 71 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Արփիկ Բաբայանին: Նույն հասցեում որպես տնամերձ նշված է 1.200 քմ մակերեսով հողամասը: Գործում առկա 09.12.2009 թվականին տրված թիվ 2468856 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Արտաշատ քաղաքի Ղուկասյան 7 հասցեում գտնվող 236,1 քմ մակերեսով բնակելի տան և 0,1112 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Մարտին, Ազնիվ, Վարսենիկ, Լենա, Արմենուհի և Արամ Բաբայանների ընդհանուր սեփականության իրավունքը:

Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 21.10.1974 թվականին տրված գույքային թերթով վիճելի հասցեում Արփիկ (Արփենիկ) Բաբայանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված գույքային միավորը կազմված է եղել 71 քմ մակերեսով շինությունից, որպիսի պայմաններում նրա մահից հետո, այն է` 22.05.1976 թվականին, Մարտին Բաբայանը կարող էր ժառանգել միայն այն գույքային միավորը, որը ժառանգության բացման ժամանակ գոյություն է ունեցել և պատկանել է նրա մորը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե`ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ ատյանում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու պահին գործող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և մյուսների թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի 09.12.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու մասին վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, չի պատճառաբանել, թե ինչ իրավական հիմքով և ո՞ր ապացույցի հիման վրա է հաստատված համարել, որ Մարտին Բաբայանը վիճելի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված 236,1 քմ մակերեսով բնակելի տան միակ սեփականատերն է: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պարզել, հետևաբար նաև չի նշել, թե Արփենիկ (Արփիկ) Բաբայանի ժառանգության բացման ժամանակ վիճելի հասցեում գտնվող ժառանգական զանգվածը ի՞նչ գույքային միավորից է բաղկացած եղել և ո՞րքան մակերես է ունեցել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հարցադրումները էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և միայն դրանց պարզաբանման արդյունքում է հնարավոր հետևության հանգել հայցապահանջի իրավաչափության և հիմնավորվածության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը որևէ վերլուծություն չի բովանդակում վերը նշված հարցադրումների վերաբերյալ, գտնում է, որ այն հիմնավորված չէ:

Միաժամանակ անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկին, որ վիճելի հասցեում գտնվող 1.200 քմ մակերեսով հողամասը դեռևս 1991 թվականին հանդիսացել է պետական սեփականություն և այն ևս չէր կարող ժառանգական կարգով փոխանցվել Մարտին Բաբայանին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վիճելի իրավահաբերության ծագման ժամանակ գործող` 1964 թվականի հունիսի 04-ին ընդունված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` հողը, նրա ընդերքը, ջրերն ու անտառները պետության բացառիկ սեփականությունն են և հատկացվում են միայն օգտագործման համար:

Վիճելի իրավահարաբերության ծագման ժամանակ գործող` 1971 թվականի հուլիսի 1-ի Հայկական ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քաղաքների հողերում շենքի սեփականության իրավունքն անցնելիս, անցնում է նաև հողամասի կամ նրա մի մասի օգտագործման իրավունքը: Եթե շենքի սեփականության իրավունքն անցնում է մի քանի սեփականատերերի, ինչպես նաև եթե շենքի մի մասի նկատմամբ է անցնում սեփականության իրավունքը, ապա հողամասն անցնում է սեփականատերերի ընդհանուր օգտագործմանը:

i

1991 թվականի հունվարի 19-ին ընդունված` ՀՀ հողային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 15.03.1991 թվականին, ուժը կորցրել է 15.06.2001 թվականին) 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշվող սահմանային գների վճարմամբ ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի կամ այլ կարգով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ մինչև 1991 թվականը հողը, լինելով պետական սեփականություն, քաղաքացիներին հատկացվել է միայն օգտագործման իրավունքով: Ընդ որում` այն դեպքերում, երբ հողամասերը ներառված էին քաղաքների հողերի կազմում, ապա դրանց վրա առկա շենքի սեփականության իրավունքը քաղաքացիներին անցնելիս, նրանց էր անցնում նաև այդ հողամասի կամ դրա մի մասի օգտագործման իրավունքը: Հետագայում օրենսդրի կողմից` հողային բարեփոխումների արդյունքում քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց` սեփականության իրավունքով անցնում էին այն քաղաքացիներին, ովքեր մինչև 1991 թվականը այդ հողամասերի նկատմամբ ձեռք էին բերել օգտագործման իրավունք:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և հաշվի առնելով, որ սույն գործով չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, այն է` 1. Արփենիկ (Արփիկ) Բաբայանի ժառանգության բացման ժամանակ ի՞նչ գույքային միավորից է բաղկացած եղել վերջինիս ժառանգության զանգվածը և որքա՞ն մակերես է այն ունեցել, 2. ե՞րբ են կատարվել վիճելի հասցեի բնակելի տան գույքային միավորների ավելացումները, 3. արդյո՞ք 21.10.1974 թվականին տրված գույքային թերթում նշված Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 71 քմ մակերեսով շինությունը ներառված է նույն հասցեի 236,1 քմ մակերեսով բնակելի շինության կազմում, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նույն հասցեում առկա վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի հարցին` նկատի ունենալով, որ վկայակոչված իրավակարգավորումների համաձայն` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման փաստն ուղղակիորեն պայմանավորված է դրանում առկա շինությունների նկատմամբ իրավունքների ծավալով:

Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոք բերած անձանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկներին, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանում` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի կապակցությամբ ներկայացված փաստարկներին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` գործի փաստերը և ապացույցները վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ԱՎԴ/0010/02/11
Որոշում