Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/1567/05/12

    դատարանի որոշում                      2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1567/05/12

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով, «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Քրիստինե Սողոմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.12.2013 թվականի որոշման դեմ ըստ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ Ընկերության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Գործակալության կողմից 05.12.2011 թվականին 17844 համարի տակ գրանցված ապրանքային նշանի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 19.04.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթն իրենից ներկայացնում է առանձնահատուկ ոլորտ և ամբողջությամբ կարգավորվում է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ, որոնք մանրակրկիտ կերպով նկարագրում են ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթին երրորդ անձանց մասնակցության կարգը և պայմանները: Մասնավորապես` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում ցանկացած շահագրգիռ անձի ներկայացնելու իր առարկությունները հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ, ինչպես նաև սահմանում է օրենքով սահմանված կարգով ներկայացված առարկությունների քննարկման կարգը և արդյունքները:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի նկատմամբ, ինչը հանգեցրել է սույն գործի սխալ լուծման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 5958 վկայականի համաձայն` Կազմակերպության անվամբ ապրանքների (ծառայությունների) 32-րդ դասով 16.12.1999 թվականի առաջնությամբ 22.03.2001 թվականին գրանցվել է «Նոյան» ապրանքային նշանը (հատոր 1-ին, գ.թ. 34):

2) Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 5959 վկայականի համաձայն` Կազմակերպության անվամբ ապրանքների (ծառայությունների) 32-րդ դասով 16.12.1999 թվականի առաջնությամբ 22.03.2001 թվականին գրանցվել է «Noyan» ապրանքային նշանը (հատոր 1-ին, գ.թ. 35):

3) Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 14151 վկայագրի համաձայն` Կազմակերպության անվամբ ապրանքների (ծառայությունների) 29-րդ, 30-րդ, 31-րդ դասերով 10.04.2009 թվականի առաջնությամբ 18.05.2009 թվականին գրանցվել է «Noyan» ապրանքային նշանը (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Գործակալությունում 06.05.2011 թվականին մուտքագրված թիվ 20110583 հայտով Ընկերությունը խնդրարկել է ապրանքների միջազգային դասակարգման 30-րդ դասի համար իր անվամբ գրանցել, «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 24):

5) Գործակալությունը 23.05.2011 թվականին որոշել է Ընկերության կողմից 06.05.2011 թվականին ներկայացված թիվ 20110583 հայտը հրապարակել և անցկացնել ըստ էության փորձաքննություն (հատոր 2-րդ, գ.թ. 20):

6) 02.09.2011 թվականի ծանուցման համաձայն` Գործակալությունը հայտնել է Ընկերությանը, որ Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման հիման վրա պահպանվող «ՆՈՅԱՆ» («Եվրոթերմ» ՓԲԸ, Ամիրյան 15ա, AM, N 8413, 14151) ապրանքային նշանը կարող է հիմք հանդիսանալ Ընկերության կողմից հայտարկվող «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար: Միաժամանակ Ընկերությանն առաջարկվել է ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում այդ կապակցությամբ ներկայացնել իր նկատառումները կամ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Նոյան» ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը (հատոր 2-րդ, գ.թ. 15):

7) Գործակալությունում 14.09.2011 թվականին մուտքագրված գրության համաձայն` Ընկերության արտոնագրային հավատարմատար ««Զ. Մանուկյան և գործընկերներ» արտոնագրային բյուրո» ՍՊԸ-ն խնդրել է Գործակալությանը շարունակել փորձաքննությունը և Ընկերության անվամբ գրանցել թիվ 20110583 հայտով ներկայացված «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 13-14):

8) Գործակալությունը 07.10.2011 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության կողմից 06.05.2011 թվականին ներկայացված թիվ 20110583 հայտով խնդրարկվող «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումը հետևյալ պատճառաբանությամբ. «(...) հայտարկված ապրանքային նշանը չի կարող գրանցվել, քանի որ այն շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող «ՆՈՅԱՆ» («Եվրոթերմ» ՓԲԸ, Ամիրյան 15ա, AM, N 8413, 14151) ապրանքային նշանին: Համեմատվող նշաններն ունեն ձայնային և իմաստային նմանություն (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 12):

9) Գործակալությունում 27.10.2011 թվականին մուտքագրված գրության համաձայն` Կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է Գործակալության պետին ի գիտություն, որ Կազմակերպությունը մերժել է Ընկերության խնդրանքը` «Նոյան Տապան» ապրանքային նշանն ապրանքների միջազգային դասակարգման 30-րդ դասում գրանցելու թույլտվություն ստանալու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 8):

10) Գործակալությունում 21.10.2011 թվականին և 08.11.2011 թվականին մուտքագրված գրությունների համաձայն` Ընկերության արտոնագրային հավատարմատար ««Զ. Մանուկյան և գործընկերներ» արտոնագրային բյուրո» ՍՊԸ-ն խնդրել է Գործակալությանը շարունակել փորձաքննությունը և Ընկերության անվամբ գրանցել թիվ 20110583 հայտով ներկայացված «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 6-7, 9-11):

11) Գործակալությունը 22.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության անվամբ ապրանքների միջազգային դասակարգման 30-րդ դասի համար գրանցել է Ընկերության կողմից 06.05.2011 թվականին ներկայացված թիվ 20110583 հայտով խնդրարկվող «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 5):

12) Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 17844 վկայագրի համաձայն` Ընկերության անվամբ ապրանքների (ծառայությունների) 30-րդ դասով 06.05.2011 թվականի առաջնությամբ 05.12.2011 թվականին պետական գրանցամատյանում գրանցվել է «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանը (հատոր 2-րդ, գ.թ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում նախատեսված կարգավորումների կիրառելիության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական վարույթին երրորդ անձանց մասնակցության վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր իրավակարգավորումները կիրառելի են ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի նկատմամբ:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

i

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է ապրանքային և սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն`

i

1. Նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը:

2. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

3. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստացված դիտողության մասին պետական լիազոր մարմինը այն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, գրավոր ծանուցում է հայտատուին` նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում դիտողությունը քննարկվում է առկա նյութերի հիման վրա:

4. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ավելի վաղ ապրանքային նշանի կամ հանրահայտ ապրանքային նշանի իրավատերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, պահպանվող արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ ծագած իրավունքների տիրապետողները, գրականության, գիտության կամ արվեստի պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ ավելի վաղ ծագած հեղինակային իրավունքի իրավատերերը և ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

5. Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Առարկությունն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն և նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ներկայացման պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին` նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:

7. Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին դրա ստացման օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն`

1. Նույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` սահմանված ժամկետում դիտողության և առարկության վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է նույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փորձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Հայտատուի կողմից հիմնավոր դիմում ներկայացնելու դեպքում դիտողության քննարկումը կասեցվում է մինչև դիմումում նշված ժամկետի ավարտը:

3. Առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով`

1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանի կամ արդյունաբերական նմուշի գրանցման հայտ մինչև դրա վերաբերյալ վերջնական որոշման կայացումը.

2) առարկության հիմքում դրված ավելի վաղ ապրանքային նշանը կամ արդյունաբերական նմուշը գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է` մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը.

3) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը:

Առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:

4. Դիտողության և առարկության քննարկման արդյունքում պետական լիազոր մարմինը համապատասխանաբար կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) դիտողությունը կամ առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանի գրանցումը հայտի մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին.

2) դիտողությունը կամ առարկությունը մերժելու մասին:

5. Նույն հոդվածի 4-րդ մասում նշված որոշումները հաշվի են առնվում նույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի փորձաքննության որոշման կայացման համար, որի մասին հնգօրյա ժամկետում ծանուցվում է նաև դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը: Նշված որոշմանը չհամաձայնելու դեպքում դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը կարող է վիճարկել տվյալ ապրանքային նշանի գրանցումը նույն օրենքի 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը:

Օրենսդիրն ապրանքային նշանի գրանցման գործընթացը (հայտի նախնական փորձաքննություն, հայտի հրապարակում, հայտի ըստ էության փորձաքննություն, դիտողությունների և առարկությունների քննարկում և այլն) կարգավորել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի գրանցման գործընթացն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանված են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում առկա վարչական վարույթին վերաբերող կարգավորումները կիրառելի են ապրանքային և սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով դրանք կարգավորված չեն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում ապրանքային նշանների բնագավառում վարչական վարույթի իրականացման կարգը և առանձնահատկությունները կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով:

Օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սահմանել է, որ վարչական վարույթում երրորդ անձինք այն անձինք են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այլ խոսքով` այն անձինք, որոնց համար վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտը կարող է առաջացնել իրավական հետևանքներ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական, և թե՛ իրավական առումներով, մասնավորապես` այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, Իվանովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի վճիռը, կետ 70): Հետևաբար վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ իրավական համակարգում օրենսդրի կողմից երրորդ անձանց վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորություն նախատեսելու հիմնական նպատակը երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանություն ապահովելն է: Սակայն օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, երրորդ անձ Անուշ Տարախչյանի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը, կարգավորելով ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի առանձնահատկությունները, սահմանում է այդ վարչական վարույթին երրորդ անձանց մասնակցության առանձնահատուկ կարգ, որը տարբերվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգից: «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հարուցված վարույթի ելքով շահագրգռված անձանց ծանուցելու առանձնահատուկ եղանակ, այն է` հայտի հրապարակումը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Օրենսդիրն այնուհետև սահմանել է, որ հայտի հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ ներկայացնել իր գրավոր առարկություններն ու դիտողությունները, որոնք ենթակա են պարտադիր քննարկման «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով:

Տվյալ կարգավորումների հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը, որ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի ելքով կարող է շահագրգռված լինել անձանց ավելի լայն շրջանակ, քանի որ տվյալ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով կարող են շոշափվել լայն շրջանակի անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Այդ իսկ պատճառով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածները սահմանում են խնդրո առարկա վարչական վարույթին երրորդ անձանց մասնակցության առաձնահատուկ կարգ, որը տարբերվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր կարգից: Այլ կերպ ասած, օրենսդիրն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակում ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթին մասնակցելու լայն հնարավորություն է ընձեռում ցանկացած շահագրգիռ անձի, ում իրավունքները կամ օրինական շահերն անմիջականորեն կարող են շոշափվել այդ վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերը նշված կարգավորումների համադրված վերլուծության արդյունքում եզրակացնում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը համապատասխան վարչական մարմնի համար ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին երրորդ անձանց անմիջականորեն ծանուցելու լիազորություն չի սահմանում: Սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի խաթարում տվյալ անձանց` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված պետական մարմինների առջև իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, վարչական վարույթում երրորդ անձանց ներգրավելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում վարույթին մասնակցող անձանց համար ապահովել սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության իրական հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների գործնականում պատշաճ իրացումն ապահովում է ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի ելքով շահագրգռված երրորդ անձանց լսված լինելու իրավունքը, և հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը գործնականում լիարժեքորեն կենսագործել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի նկատմամբ վարչական վարույթին երրորդ անձանց մասնակցության վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր իրավակարգավորումները կիրառելի չեն, և խնդրո առարկա վարչական վարույթի վրա տարածվում են միայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատուկ իրավադրույթները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը և անվավեր է ճանաչել Ընկերության անվամբ կատարված «Noyaո Tapaո, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումը` իր որոշման հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ նշված ապրանքային նշանի գրանցման վարչական ակտն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների խախտումներով, ինչը հիմք է այն վերացնելու (անվավեր ճանաչելու) համար: Այսպես, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ «(...) սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում առավել, քան ակնհայտ է եղել, որ վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով միանշանակորեն շոշափվելու են Կազմակերպության իրավունքները և օրինական շահերը, հետևաբար վարչական մարմինը պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեր նրան որպես երրորդ անձ ներգրավելու համար, մինչդեռ վարչական մարմինը վարչական վարույթին Կազմակերպությանը մասնակից չդարձնելով` խախտել է վերջինիս լսված լինելու իրավունքը (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ապրանքային նշանի գրանցման գործընթացը սահմանված է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով, որն այլ կարգավորումներ է սահմանում, քան նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Նկատի ունենալով, որ ապրանքային նշանի գրանցման գործընթացն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է հատուկ օրենքով` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով, ուստի ընդհանուր օրենքի` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները տվյալ հարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն և բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինը պարտավոր է կիրառել հատուկ կարգավորումները, իսկ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի կարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ օրենսդիրը հատուկ օրենքում մանրամասն կարգավորել է երրորդ անձանց կողմից դիտողություններ և առարկություններ ներկայացնելու հիմքերը, կարգը և ժամկետները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն փաստը, որ սույն գործով Գործակալության համար ակնհայտ է եղել, որ Ընկերության կողմից խնդրարկվող «Noyaո Tapaո, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով միանշանակորեն շոշափվելու են կամ կարող են շոշափվել Կազմակերպության իրավունքները և օրինական շահերը, Գործակալության համար այդ վարչական վարույթին սեփական նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումների հիման վրա Կազմակերպությանը մասնակից դարձնելու պարտականություն չի առաջացնում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները կիրառելի չեն տվյալ վարչական վարույթի նկատմամբ:

Հետևաբար Վերաքննիչ դատարանն անհիմն է հանգել այն եզրակացության, որ Ընկերության անվամբ «Noyaո Tapaո, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի 05.12.2011 թվականի գրանցումը կատարվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների խախտումներով, քանի որ այդ իրավանորմերն առհասարակ կիրառելի չեն խնդրո առարկա վարչական վարույթի նկատմամբ: Տվյալ դեպքում վարչական մարմինը` Գործակալությունը, վարչական վարույթին Կազմակերպությանը մասնակից չդարձնելով, չի խախտել վերջինիս լսված լինելու իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գործակալության կողմից Ընկերության անվամբ 05.12.2011 թվականին թիվ 17844 համարով կատարված «Noyaո Tapaո, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ դրա ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պետական լիազոր մարմինը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջներն այն պատճառաբանությամբ, որ դրանք կիրառելի չեն խնդրո առարկա վարչական վարույթի նկատմամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել դատավարության մասնակիցների կողմից բարձրացված և սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերին` իր որոշման մեջ նշելով, որ «(...) Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մյուս հիմնավորումներին` այդ թվում նաև ապրանքային նշանների` միմյանց շփոթության աստիճանի նման լինելու վերաբերյալ, ինչպես նաև պատասխաններում ներկայացված` ապրանքային նշանների` միմյանց շփոթության աստիճանի նման չլինելու և հայտարկված ապրանքային նշանի գրանցելու հիմքերի վերաբերյալ դիրքորոշումներին չի անդրադառնում` դրանք հաստատելու կամ հերքելու հանգամանքը (...) գործի ելքի վրա որևէ ազդեցություն չունենալու պատճառաբանությամբ (...)»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության արդյունքում Դատարանը, համադրելով «Noyan» և «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանները, հանգել է այն եզրակացության, որ դրանց մեկ տարրի նմանությունն ապրանքային նշանները շփոթության աստիճանի նման չի դարձնում, ուստի և հիմք չէ «Noyan» և «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի հատկապես այն հարցի պարզումը, թե «Նոյան» կամ «Noyan» ապրանքային նշանների` Կազմակերպության անվամբ գրանցված լինելը կարող է արդյոք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն հիմք հանդիսանալ Ընկերության անվամբ «Noyan» և «Noyan Tapan, Նօեվ Կօվչեգ» ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար կամ հետագայում այդ գրանցումն անվավեր ճանաչելու համար այդ ապրանքային նշանների` միմյանց շփոթության աստիճանի նման լինելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «շփոթելու աստիճան նման ապրանքային նշանների» օգտագործման եղանակով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների խախտման դրսևորումներին իրավական գնահատական տալը դատական պրակտիկայում առավել խնդրահարույց հարց է, իր նախկինում կայացրած որոշմամբ հնարավորինս մանրամասն անդրադարձել է ապրանքային նշանների շփոթելու աստիճան նմանությունը որոշելու կանոններին:

Այսպես, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի կիրառումը մեկ այլ ապրանքային նշանի տարրերի նմանակումն է, որը թեև չի կարող գնահատվել որպես նույնական նշանի կիրառում, սակայն բավարար է սպառողի մոտ շփոթություն առաջացնելու համար:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ ապրանքային նշանների շփոթելու աստիճան նմանությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով գնահատման ենթակա փաստ է, որն իրականացնելու պարտականությունը կրում է դատարանը, և որը պետք է իրականացվի մի շարք պարտադիր չափորոշիչների (ապրանքային նշանների նմանությունը, ապրանքային նշանի պաշտպանվածության աստիճանը, ապրանքատեսակների նմանությունը, փաստացի շփոթության հնարավորությունը, օգտագործված մարքեթինգային ուղիները, ապրանքի տեսակը, գնորդի հավանական ուշադրությունը, արտադրանքի տեսականին ընդլայնելու հավանականությունը, ապրանքների մրցունակությունը և այլն) գնահատման արդյունքում (տե՛ս, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ՎԴ/1567/05/12
Որոշում