i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0062/04/13 2015 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0062/04/13 |
|
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան Դատավորներ` Ի. Վարդանյան Գ. Մատինյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի |
|
Վ. Աբելյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մերուժան Պետրոսյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Մերուժան Պետրոսյանի դիմումի ընդդեմ Հերիքնազ Ղազարյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մերուժան Պետրոսյանը պահանջել է Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչել:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2014 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2014 թվականի որոշմամբ Մերուժան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մերուժան Պետրոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 2-րդ կետը, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 130-132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ պարտապան Հերիքնազ Ղազարյանը չի առարկում վճարային պարտավորության դեմ: Հետևաբար, տվյալ դեպքում, վճարային պարտավորությունն անվիճելի է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելիս ուսումնասիրել է դիմումին կից ներկայացված 01.05.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը և, «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշում կայացնելով, ըստ էության, ընդունել և ճանաչել է տվյալ փաստաթուղթը` որպես պահանջը հիմնավորող պատշաճ ապացույց, որից հետո պատասխանողը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում գրավոր կերպով չի վիճարկել իր սնանկությունը:
Հետևաբար ակնհայտ է, որ սույն գործով վճարային պարտավորությունը վիճելի չէ, որպիսի պայմաններում առկա են օրենքով նախատեսված բոլոր պայմաններն անձին սնանկ ճանաչելու համար: Հակառակ դեպքում, եթե Դատարանը դիմումը վարույթ ընդունելուց դիմումին կից ներկայացված պայմանագրի պատճենը չհամարեր որպես պահանջը հիմնավորող ապացույց, ապա Դատարանը դիմումը չպետք է վարույթ ընդուներ և օրենքով սահմանված կարգով պետք է այն վերադարձներ:
Վերաքննիչ դատարանը սխալ եզրակացություն է կատարել նաև 01.05.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի բնօրինակի վերաբերյալ, որը Վերաքննիչ դատարանը համարել է որպես նոր ապացույց և, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, եզրակացրել է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ դատարանը տվյալ պարագայում անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ դիմող կողմը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է արդեն իսկ առաջին ատյանի դատարան ներկայացված ապացույցի` պայմանագրի բնօրինակը պատճենի հետ համեմատելու համար, այլ ոչ թե որպես նոր ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` դիմումը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 13.11.2013 թվականի դիմումի համաձայն` Մերուժան Պետրոսյանը պահանջել է սնանկ ճանաչել Հերիքնազ Ղազարյանին և դատարանի հայեցողությամբ նշանակել սնանկության կառավարիչ (գ.թ. 2-4):
2) Դիմումին կից ներկայացվել է Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը (գ.թ. 96):
3) Դատարանի 13.11.2013 թվականի որոշմամբ Մերուժան Պետրոսյանի դիմումն ընդունվել է վարույթ (գ.թ. 1):
4) ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից ուղարկված 31.03.2014 թվականի ստացականի համաձայն` Հերիքնազ Ղազարյանը 31.03.2014 թվականին պատշաճ կարգով ստացել է սնանկության մասին դիմումի օրինակը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և ծանուցագիրը (գ.թ. 71-72):
5) Հերիքնազ Ղազարյանը չի առարկել իր սնանկության վերաբերյալ:
6) Մերուժան Պետրոսյանը 30.04.2014 թվականի վերաքննիչ բողոքում որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ նշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 103-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների խախտումները, իսկ որպես նշված խախտումների հիմնավորում` նշել է այն, որ դիմումին կից ներկայացվել է 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը, որը դիմումի հետ միասին Դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրվելուց հետո ընդունվել է վարույթ (գ.թ. 90-95):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, դրա արդյունքում նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն (...) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերը նշված իրավանորմերի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մերուժան Պետրոսյանը, որպես Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջը հիմնավորող ապացույց, ներկայացրել է Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը, որը Դատարանի կողմից չի կարող դիտվել վճարային պարտավորությունը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույց:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը, պատճառաբանել է, որ Մերուժան Պետրոսյանը չի հիմնավորել 01.05.2011 թվականի փոխառության պայմանագրի բնօրինակն առաջին ատյանի դատարանում իրենից անկախ պատճառներով չներկայացնելու հանգամանքը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ դիմումն ստանալու օրը: (...) Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի եաե կետի համաձայն` դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության, դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակության մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սնանկության վարույթը դիտելով քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող առանձին վարույթ, իմպերատիվ ձևով ամրագրել է դիմումատուի պարտականությունը դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, փաստաթղթերի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինության ապացուցման պարտականությունն օրենսդրի կողմից դրվել է դիմողի վրա: Միաժամանակ դատարանին իրավունք է վերապահվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի եաե կետի հիմքով վերադարձնել դիմումը, եթե վերը նշված պայմանը դիմողի կողմից չի պահպանվել, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը: Այսպիսով, հաշվի առնելով քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործի հարուցման փուլի նպատակը հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու հարցի լուծումն է: Օրենսդիրն այդ իսկ նկատառումով սահմանել է, որ այն պետք է ավարտվի որոշակի իրավակիրառ ակտի ընդունմամբ, այն է` դատարանի կողմից հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու, ընդունումը մերժելու կամ վերադարձնելու մասին որոշում կայացնելով:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես դատավարության յուրաքանչյուր փուլ, այնպես էլ քաղաքացիական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է inter alia, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, պարբ. 61):
Սույն գործով Մերուժան Պետրոսյանը Հերիքնազ Ղազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 13.11.2013 թվականին դիմումին կից ներկայացրել է նաև կողմերի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը: Տվյալ դիմումը Դատարանի 13.11.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Ըստ գործում առկա 31.03.2014 թվականի ստացականի` Հերիքնազ Ղազարյանը պատշաճ կարգով ստացել է սնանկ ճանաչելու մասին դիմումը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և ծանուցագիրը: Հերիքնազ Ղազարյանն օրենքով սահմանված կարգով չի առարկել իր սնանկության վերաբերյալ:
Վերոնշյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դիմումատու Մերուժան Պետրոսյանը, ունենալով Դատարանի «Դիմում» վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» 13.11.2013 թվականի որոշումը, որով նրա դիմումը (որին կցվել էր 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը) ընդունվել է վարույթ, ըստ էության, ստացել է որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և դատարանի կողմից, որպես այդ հարցի կապակցությամբ կայացված դատական ակտ, կարող էր համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իմպերատիվ ձևով ամրագրել է դատավորի պարտականությունը դիմումն ընդունել վարույթ, եթե պահպանվել են նույն օրենքով նախատեսված պահանջները:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից կայացվել է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ապա դիմողի մոտ արդեն ձևավորվում է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, այդ թվում` պահպանված է նաև օրենքով սահմանված կարգով դիմումին կից ներկայացված փաստաթղթերին ներկայացվող պահանջը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մերուժան Պետրոսյանի և Հերիքնազ Ղազարյանի միջև 01.05.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի պատճենը դիմումին կից ներկայացված լինելու և Դատարանի կողմից 13.11.2013 թվականին դիմումը վարույթ ընդունելու պայմաններում Մերուժան Պետրոսյանի մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ դիմումը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունը` 01.05.2011 թվականի փոխառության պայմանագրի պատճենը լինելու հանգամանքը, որպես դիմումի մերժման հիմք, իրավաչափ չէ, քանի որ դրանով իսկ կասկածի տակ է դրվում Դատարանի 13.11.2013 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» որոշումը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որն անտեսվել և պատշաճ գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
i
Վճռաբեկ դատարանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթը մեկնաբանելով նաև թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին իր նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը սնանկության մասին դիմումի վարույթ ընդունմամբ արձանագրել է նշված դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին, պարտապանի կողմից սեփական սնանկության վերաբերյալ չառարկելու և պարտապանի անվճարունակության մասին վկայող մյուս երկու հիմքերի (60-օրյա ժամկետով կետանցի և այդպիսի կետանցի շարունակվելու) դեպքում պետք է վճիռ կայացնի պարտապանին սնանկ ճանաչելու մասին:
Սույն գործով Դատարանը, վարույթ ընդունելով Մերուժան Պետրոսյանի դիմումը, այսինքն` ըստ էության արձանագրելով վերջինիս դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրի կողմից սահմանված պահանջներին, Հերքինազ Ղազարյանի կողմից սեփական սնանկության վերաբերյալ առարկությունների բացակայության պայմաններում մերժել է Մերուժան Պետրոսյանի դիմումը` կից ներկայացված ապացույցի` օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով` արդյունքում թույլ տալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածների խախտում, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Մինչդեռ, վերոգրյալի հաշվառմամբ ինչպես Դատարանի գործողությունները (դիմումը վարույթ ընդունելը), այնպես էլ պարտապանի անգործությունը (առարկություն չներկայացնելը) հավասարապես հիմնավորում են վճարային պարտավորության առկայության և դրա անվիճելիության փաստը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
|
Վ. Աբելյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |