Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍՈՒՄ ՀԱՅՑԱԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍՈՒՄ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/0139/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0139/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևիկ և Սարգիս Աղաբեկյանների ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ Լևիկ և Սարգիս Աղաբեկյանների (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «ՅՈՐ ՉՈՅՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հայցի ընդդեմ Բանկի` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Բանկին պարտադրել ընդհանուր 192.467,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մուտքագրել Ընկերության բանկային հաշվին և այդ գումարն ուղղել գլխավոր վարկային պայմանագրի թիվ Ե45Ի134 ենթավարկային և թիվ Ե45Ի165 վարկային գծի պայմանագրերով ծագած պարտքի ու դրա վրա ավելացած տոկոսների և տույժերի մարմանը:

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Բանկին պարտադրել ընդհանուր 177.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մուտքագրել Ընկերության բանկային հաշվին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2013 թվականի վճռով Համահայցվորների և Ընկերության հայցերը մերժվել են, ու վճռվել է Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2013 թվականի «Վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ Դատարանը որոշել է ուղղել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2013 թվականի վճռում «տեղ գտած» վրիպակը, այն է` ««Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» փոխարենը կարդալ «Լևիկ Աղաբեկյանից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.540 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.11.2013 թվականի «Վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համահայցվորների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 70-րդ հոդվածները, 88-րդ հոդվածի 1-ին կետը, 90-րդ հոդվածի 2-րդ կետը, 92-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, 132-րդ հոդվածի 3-րդ կետը և 143-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարվել է 8.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն դատարան չի ներկայացվել, և նշված հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ, որով հաստատվում է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելիս պահպանվել են նաև պետական տուրքի չափին առնչվող պահանջները: Մինչդեռ, Դատարանը վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշմամբ նախատեսել է, որ իրենցից ենթակա է բռնագանձման 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վճիռ կայացնելիս հայցվորից կարող է պետական տուրք բռնագանձվել այն դեպքերում, երբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է կամ տարաժամկետվել, կամ գործի քննության ընթացքում մեծացվել է հայցագինը. տվյալ դեպքում այդ հիմքերը բացակայել են:

Դատարանի վճռի եզրափակիչ մասը որևէ եզրահանգում չի պարունակել իրենցից պետական տուրքի գումար բռնագանձելու մասին, որի պարագայում դատարանը, ուղղելով թույլ տրված վրիպակը, ըստ էության փոխել է վճռի բովանդակությունը և իրենց վրա դրել է վճռի եզրափակիչ մասով չնախատեսված պետական տուրք վճարելու պարտավորություն:

Գործի քննության ընթացքում հայցի առարկան չի փոփոխվել, չի փոփոխվել նաև հայցապահանջը, և դատարանը զրկված չէր ներկայացված պահանջի բնույթի վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելիս հետևություններ անելու հնարավորությունից: Դրա հետևանքով իրենք զրկվել են դատական պաշտպանության իրավունքից օգտվելու արդյունքում վրա հասնող հնարավոր հետևանքները կանխատեսելու հնարավորությունից: Եթե դատարանը նշված հիմքով որոշում կայացներ հայցադիմումը վերադարձնելու մասին, ապա իրենք կորոշեին` հայցադիմումը կրկին ներկայացնել դատարան, թե չօգտվել դատական պաշտպանության իրենց իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշումը` վերացնելով Դատարանի 20.11.2013 թվականի «Վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համահայցվորները հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Բանկի` ընդհանուր 192.467,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն Ընկերության հաշվին մուտքագրելուն և այդ գումարը թիվ Ե45Ի134 ենթավարկային ու թիվ Ե45Ի165 վարկային գծի պայմանագրերով ծագած պարտքի և դրա վրա ավելացած տոկոսների ու տույժերի մարմանն ուղղելուն պարտադրելու պահանջի մասին` հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարելով 8.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 4-11).

2) Համահայցվորները հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չեն ներկայացրել.

3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, պարզելով, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 22.01.2013 թվականին կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում (հատոր 1-ին, գ.թ. 1).

4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 20.11.2013 թվականին վճիռ կայացնելիս նաև լուծելով գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը, հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Համահայցվորներից պետական տուրք բռնագանձելու մասին վճիռ չի կայացրել (հատոր 2-րդ, գ.թ. 119-140).

5) Դատարանը, պարզելով, որ վերը նշված վճռում թույլ է տրվել վրիպակ, վճռի եզրափակիչ մասի 3-րդ պարբերությունում «Լևիկ Աղաբեկյանից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: «ՅՈՐ-ՉՈՅՍ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.540 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» փոխարեն նշվել է «ՅՈՐ-ՉՈՅՍ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար», 20.11.2013 թվականին որոշում է կայացրել վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին` որոշելով «ՅՈՐ-ՉՈՅՍ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» փոխարենը կարդալ «Լևիկ Աղաբեկյանից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: «ՅՈՐ-ՉՈՅՍ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.540 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» (հատոր 2-րդ, գ.թ. 141, 142):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) արդյո՞ք վճռի եզրափակիչ մասում հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի գումարը գործին մասնակցող անձից բռնագանձելու հարցին չանդրադառնալու պարագայում այդ հարցը կարող է լուծվել վճռում վրիպակ ուղղելու միջոցով,

2) հայցադիմումը դատարան ներկայացնելիս սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը հայցադիմումին կցված չլինելու պայմաններում դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում կարող է արդյո՞ք հետագայում այդ գումարը բռնագանձել հայցվորից, եթե նշված հարցին չի անդրադարձել հայցադիմումը վարույթ ընդունելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:

i

Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`

1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.

2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.

3) չի լուծել դատական ծախսերի հարցը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը..., իսկ 3-րդ կետի համաձայն` լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, և գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին...:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:

Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարության կարգի համաձայն` դատարանը լիազորված է վճիռ կայացնելուց հետո մի դեպքում լրացուցիչ վճիռ կայացնելու միջոցով լուծել դատական ծախսերի, այդ թվում` հայցադիմումի համար պետական տուրքի հարցը, եթե այդ հարցը չի լուծվել վճիռ կայացնելիս, իսկ մյուս դեպքում` ուղղել այդ վճռում թույլ տրված վրիպակները: Օրենսդիրը չլուծված դատական ծախսերի հարցը տարանջատել է վճռում թույլ տրված վրիպակի բովանդակության կազմից և դրա համար նախատեսել է լուծման այլ ընթացակարգ, այն է` դատական ծախսերի հարցը լուծված չլինելու դեպքում այդ հարցը բացառապես կարող է լուծվել լրացուցիչ վճիռ կայացնելու միջոցով:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունել հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարված 8.000 ՀՀ դրամի չափով անդորրագիրը կցված լինելու պարագայում: Նույն դատարանը, 20.11.2013 թվականին կայացրած վճռի պատճառաբանական մասում նշելով, որ Համահայցվորները Բանկի դեմ, ըստ էության, ներկայացրել են գույքային պահանջ, գտել է, որ Համահայցվորներից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրք: Մինչդեռ, վճռի եզրափակիչ մասում դատարանը չի լուծել Համահայցվորների միջև դատական ծախսերի բաշխման հարցը` վճիռ չի կայացրել նրանցից ՀՀ պետական բյուջե 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրք բռնագանձելու մասին: Դատարանը, պարզելով, որ վերը նշված վճռում «թույլ է տրվել վրիպակ», որոշում է կայացրել վճռում «թույլ տրված վրիպակն ուղղելու մասին»` նաև որոշելով Համահայցվորներից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրք:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորների կողմից ներկայացված պահանջները գույքային պահանջներ են, Դատարանի 20.11.2013 թվականի վճռի «Դատական ծախսերը» մասում Դատարանը նշել է, որ Բանկի դեմ ներկայացվել է գույքային պահանջ, որի հիմքով հայցվորներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 3.849 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, Դատարանի նշված եզրակացությունը վճռի «Վճռեց» մասում տեղ չի գտել վրիպակի արդյունքում, Համահայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է` նշելով նաև, որ Դատարանը, կայացնելով վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին որոշում, չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, այն է` ուղղել է թույլ տրված վրիպակը` չփոփոխելով 20.11.2013 թվականի վճռի բովանդակությունը և էությունը:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, չի բխում վերը նշված իրավակարգավորումներից, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարության կարգի համաձայն` վճիռ կայացնելիս դատական ծախսերի հարցը լուծված չլինելու դեպքում այդ հարցը կարող էր լուծվել լրացուցիչ վճիռ կայացնելու միջոցով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ոչ բոլոր դեպքերում է, որ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի լրացուցիչ վճիռ կայացնել չլուծված դատական ծախսերի հարցի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և դատական ծախսերի հարցը լուծված չլինելու դեպքում յուրաքանչյուր գործով լրացուցիչ վճիռ կայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն հետևյալ հանգամանքները`

1. հայցադիմումը դատարան ներկայացնելիս կցվե՞լ է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

2. այդպիսին կցված չլինելու դեպքում դատարանին ներկայացվե՞լ է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն.

3. հայցադիմումը վարույթ ընդունելիս դատարանն անդրադարձե՞լ է այդ միջնորդությանը.

4. ի՞նչ որոշում է կայացվել նշված միջնորդության վերաբերյալ.

5. գործի քննության ընթացքում փոփոխվե՞լ է հայցի հիմքը կամ առարկան, ավելացվե՞լ է հայցապահանջի չափը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է ստորև նշված հիմնավորումներից:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`դատավորը պարտավոր է վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իմպերատիվ ձևով սահմանել է պարտականություն` վարույթ ընդունելու միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշում, ապա հայցվորի մոտ արդեն իսկ ձևավորվում է այն համոզմունքը, որ հայցը ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, այդ թվում` պահպանված է նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելու պահանջը: Դատավարության յուրաքանչյուր փուլը, այդ թվում նաև քաղաքացիական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, տվյալ պարագայում` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը:

Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Համահայցվորները, ստանալով Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին» 22.01.2013 թվականի որոշումը, որով իրենց հայցադիմումը (որին կցվել է միայն 8.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող անդորրագիրը) ընդունվել է վարույթ և գործը նախապատրաստվել դատաքննության, ըստ էության, ստացել են որոշակի, հաստատուն և կասկած չհարուցող որոշում` կապված իրենց իրավունքների ու պարտականությունների հետ, և համոզված են եղել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Մինչդեռ, Դատարանի «Վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին» 20.11.2013 թվականի որոշմամբ, ըստ էության, Համահայցվորներից գանձվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարն այն դեպքում, երբ Համահայցվորների կողմից չի հարուցվել հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի, 143-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որն անտեսվել և պատշաճ գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2013 թվականի «Վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին» որոշումը` «Լևիկ Աղաբեկյանից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.849 (երեք հազար ութ հարյուր քառասունինը) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» մասով, բեկանել և այդ մասով պետական տուրքի հարցը համարել լուծված»:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԵԿԴ/0139/02/13
Որոշում