020.0901.290610
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԴԻԴԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 216-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
«Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Խալաթյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Դիդի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի և 216-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը «Դիդի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 15.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և տվյալ իրավահարաբերություններին առնչվող այլ իրավական ակտերը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «ՈՒրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ)» վերտառությամբ 210-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)»:
Նույն օրենսգրքի` «Սերվիտուտի դադարելը» վերտառությամբ 216-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Այն դեպքերում, երբ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող հողամասը սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջել դադարեցնելու սերվիտուտը»:
2. Ըստ գործում առկա նյութերի` «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն 2002թ. մայիսի 31-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ին է վաճառել Արշակունյաց 119 հասցեում գտնվող շինությունից 48,2 քմ տարածք, իսկ ենթավարձակալության պայմանագրով ՍՊԸ-ի օգտագործմանն է հանձնել 4350 քմ տարածք: Շինության նկատմամբ սեփականության իրավունքը և հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքն ստացել են պետական գրանցում 2002թ. հունիսի 11-ին: Երևանի քաղաքապետի` 20.02.2003թ. թիվ 296-Ա որոշմամբ տրամադրված թույլտվության հիման վրա «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ն նշված 4350 քմ հողամասի վրա կառուցել է հեղուկ գազի լիցքավորման կայան և սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2007թ. թիվ 07-3610 վճռով ճանաչվել է «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը նաև 48.2 քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողի նկատմամբ:
Հետագայում, 12.04.2004թ. քաղաքացիներ Արշակ Աբրահամյանն ու Աստղիկ Սիմոնյանը «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ից ձեռք են բերել Արշակունյաց 119 հասցեում գտնվող մնացած անշարժ գույքը` 3044.3 քմ շինությունը, իսկ 2006 թվականից նաև` այդ շինությանը կից 16799 քմ հողամասը, որը ներառում է ենթավարձակալության պայմանագրի հիման վրա «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ին օգտագործման հանձնված հողամասը: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո, քաղաքացիներ Արշակ Աբրահամյանն ու Աստղիկ Սիմոնյանն իրենց սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի` տարածքից վտարելու և սեփականության իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջով, որը Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 18.12.2006 թվականի վճռով բավարարվել է:
Իր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան` 4350 քմ հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջով: Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2009 թվականի որոշմամբ «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի 07.11.2009 թվականի որոշմամբ «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմող կողմը պնդում է, որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ դրանցում բացահայտված չեն «սահմանափակ օգտագործման» և «իր նշանակությանը համապատասխան» հասկացությունները: Ըստ դիմողի` օրենսդիրը պարտավոր էր տալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «իր նշանակությանը համապատասխան» հասկացության այն նվազագույն չափորոշիչները, որոնք կերաշխավորեին տվյալ հողամասի սեփականատիրոջ և հարակից հողամասի սեփականատիրոջ կողմից իրենց հողամասերի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի միաժամանակյա ազատ իրականացումը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «սահմանափակ օգտագործման» հասկացության այն նվազագույն չափորոշիչները, որոնց պայմաններում ուրիշի հողամասից օգտվելը վնաս չի հասցնի մյուս սեփականատիրոջ` իր հողամասը դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու իրավունքին: Ըստ դիմողի` ՀՀ դատարանները և, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «իր նշանակությանը համապատասխան» հասկացությունը մեկնաբանել է այնպես, որ տվյալ հողամասի սեփականատերը չի կարող այդ հողամասի վրա «շինարարություն իրականացնել, շենք-շինություններ կառուցել, օգտագործել ցանկացած այլ նպատակով»: Դիմողը գտնում է, որ սերվիտուտի դեպքում հողամասի սեփականատերը պետք է զրկվի հողամասի` սերվիտուտով ծանրաբեռնված մասի վրա շինություններ կառուցելու, հողամասի այդ մասը ցանկացած այլ նպատակով օգտագործելու իրավունքից, քանի որ «...դա բխում է սերվիտուտի, այսինքն` երկու հարակից հողամասերի սեփականատերերից մեկի սեփականության իրավունքի ազատ իրացման հնարավորությունից»:
Դիմողը նշում է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներում առկա է օրենքի բաց, որը դրսևորվում է նրանում, որ նշված հոդվածները վերաբերում են միայն հողամասերին, և ոչ` շինություններին: Բացի դրանից, դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «իր նշանակությանը համապատասխան» հասկացությունն ինքնին «ավելորդ» հասկացություն է և, անկախ իր իրավական որոշակիությունից, խոչընդոտում է սերվիտուտ պահանջող սեփականատիրոջ սեփականության իրավունքի անարգել իրականացմանը: Ինչպես նշում է դիմողը, օրենսդրության մեջ տվյալ հասկացության առկայությունը բոլոր դեպքերում բացառում է սերվիտուտի իրավունքի իրականացումը, տեղիք է տալիս կամայականությունների և արդարադատության բնագավառում չարաշահումների, հետևաբար, այս հիմնավորումներով է նշված հասկացությունը խախտում նաև Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված` համապատասխանաբար դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքները: Ըստ դիմող կողմի` այդ իրավունքներն իրենց հիմքում ունեն ոչ միայն տվյալ դատավարական իրավունքների համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ և կառուցակարգեր, այլև նյութական իրավունքի` դատական կարգով իրացվելիության հանգամանքը: Այսինքն` եթե տվյալ նյութական իրավունքի վերաբերյալ նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, կամ թեկուզև համապատասխանում է այդ պահանջներին, սակայն օրենսդրությամբ այդ նյութական իրավունքի իրացման համար սահմանվում են այնպիսի պայմաններ, որոնք արգելափակում են նյութական այդ իրավունքի` դատական կարգով իրացվելու հնարավորությունը, ապա այդ պայմանը «չի կարող համարվել դատական պաշտպանության արդյունավետ միջոց կամ արդար դատաքննության տարր»:
Դիմող կողմը, իր դիմումում հղում կատարելով իրավական ակտերի որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին, գտնում է, որ օրենքի անհստակության պատճառով չի կարողացել կանխատեսել իր վարքագիծը, օգտագործման իրավունքով ՍՊԸ-ին հատկացված հողամասի վրա կատարվել են մեծ ներդրումներ, կառուցվել է հեղուկ գազի լիցքավորման ստացիոնար կայան` այն մտադրությամբ, որ հնարավոր վեճերի դեպքում ՍՊԸ-ին կտրվի սերվիտուտի իրավունք, մինչդեռ այդպիսի իրավունք ՍՊԸ-ին չտրամադրելով վերջինիս հասցվում է հսկայական նյութական վնաս:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող դրույթներն անգամ ձևական առումով չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը, և դիմումը պետք է դիտարկվի բացառապես վիճարկվող իրավադրույթների` իրավական որոշակիության սկզբունքին հակասության տեսանկյունից:
Ըստ պատասխանողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասը չի հակասում ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, մասնավորապես, սերվիտուտն ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման իրավունք է և իր իրավաբանական էությանը և նշանակությանը համապատասխան բազմաթիվ իրավական համակարգերում ամրագրվել է որպես ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման իրավունք, հետևաբար` «սերվիտուտ» հասկացության սահմանման համար «սահմանափակ օգտագործման իրավունք» հասկացության օգտագործումը չի կարող հակասել իրավական որոշակիության պահանջին: Ավելին, այդ երկու հասկացությունները կարող են դիտարկվել որպես հոմանիշներ: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասը սահմանելով սերվիտուտի հասկացությունը` այն բնորոշում է որպես ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման իրավունք: Եվ ինչպես գտնում է պատասխանող կողմը` օրենսդիրը կարող էր սահմանափակվել միայն հանրաճանաչ «սերվիտուտ» հասկացության կիրառմամբ, մինչդեռ օրենսդիրը սահմանել է նաև դրա բովանդակությունը, այսինքն` սահմանվել են այն դեպքերը, երբ անձի սեփականությունը կարող է ծանրաբեռնվել սերվիտուտով: Բացի դրանից, պատասխանող կողմը տարբեր երկրների օրինակներով մատնանշում է, որ սերվիտուտը, որպես ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման իրավունք, լայնորեն կիրառվում է միջազգային իրավական պրակտիկայում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս սերվիտուտով ծանրաբեռնել նաև շենքերն ու շինությունները: Քաղաքացիական իրավունքի օբյեկտ համարվող յուրաքանչյուր գույք ունի իր նպատակային նշանակությունը, և սեփականատերն ազատ է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան, և որ «գույքի նշանակություն» հասկացությունը չի կարող դիտվել որպես իրավական որոշակիության սկզբունքին հակասող, քանի որ դա հանրահայտ հասկացություն է և ուղղակիորեն բխում է գույքի անհատական հատկանիշներից, դրա սոցիալական նշանակությունից, պիտանելիությունից, դրա հատկանիշներով պայմանավորված այն օգտագործելու հնարավորությունից, տնտեսական նշանակությունից:
Պատասխանող կողմը փաստարկում է նաև գործը լուծող վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության հարցը, պնդելով, որ այդ նորմը դատական և ոչ մի ակտով դիմողի նկատմամբ չի կիրառվել և գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման:
5. ՈՒսումնասիրելով գործում առկա Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/1586/02/08 քաղ. գործով 23.04.2009թ. վճիռը և նույն գործով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2009թ., ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2009թ. որոշումները, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սույն գործով վիճարկվող 216-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերը դիմողի նկատմամբ չեն կիրառվել, հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 60-րդ հոդվածների հիմքերով, գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման:
6. Դիմումի առարկայի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի վիճարկվող մասի սահմանադրականությունը որոշելիս.
- բացահայտել սերվիտուտի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը, դրա դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում,
- գնահատել սերվիտուտի հետ կապված քաղաքացիական հարաբերությունների իրավակարգավորման սկզբունքների, ձևերի ու միջոցների, դրանց որոշակիության սահմանադրական իրավաչափությունը, նաև որպես սեփականության իրավունքի իրացման անխախտելիության և օրենքով նախատեսված հիմքերով այդ իրավունքի որոշակի սահմանափակման իրավական երաշխիք,
- գնահատել ՀՀ իրավահամակարգում սերվիտուտի միջազգային իրավակիրառական պրակտիկայի հնարավոր ներդրման (զարգացման) սահմանադրաիրավական համատեղելիությունը:
Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող նորմի կարգավորման առարկան անմիջականորեն առնչվում է սեփականության իրավունքի իրացման և դրա հնարավոր սահմանափակման իրավաչափության խնդրին, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այդ նորմի սահմանադրականությունը գնահատել նաև սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության և այդ իրավունքի պաշտպանության վերաբերյալ արտահայտած իր իրավական դիրքորոշումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի տեսանկյունից:
i
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815) անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ է արտահայտել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման, սեփականությունից հրաժարվելու հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ` կարևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը: Վերահաստատելով այդ դիրքորոշումները և ելնելով սույն գործով դիմումում բարձրացված հարցերի բովանդակությունից` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում գնահատել նաև սեփականության իրավունքի հնարավոր սահմանափակման սահմանադրական իրավաչափության շրջանակները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սերվիտուտն ուրիշի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի կամավոր կամ հարկադիր սկզբունքով օգտագործման իրավունք է:
7. Սեփականության իրավունքը ՀՀ-ում, որպես անձի հիմնական իրավունք, ճանաչվում և պաշտպանվում է պետության կողմից (ՀՀ Սահմ. 8 հոդված): Այդ իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է անձի կողմից սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելուն, օգտագործելուն, տնօրինելուն և կտակելուն, որը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը (ՀՀ Սահմ. 31 հոդվածի 1-ին մաս):
Սեփականության իրավունքը, որպես գույքային իրավունք, կարող է ունենալ նաև սեփականատեր չհանդիսացող անձը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք նորմերով կարգավորվում են ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները (դրանց ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, ինչպես նաև այդ իրավունքների պաշտպանության միջոցները): ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և մի շարք այլ հոդվածներով երաշխավորված է անձի իրավունքների, այդ թվում` նաև գույքային իրավունքների պաշտպանությունը: Վերջինիս իրացմանն է կոչված ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 170-րդ, 278-րդ և այլ հոդվածների համաձայն անձանց գույքային իրավունքները, այդ թվում` սեփականատեր չհանդիսացող, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված կարգով ենթակա են պաշտպանության:
Անձի գույքային իրավունքների (այդ թվում` սեփականության իրավունքի) իրացման շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման միջոց է հանդիսանում սերվիտուտը, որը ՀՀ իրավահամակարգում ներդրվել է նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված` «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-29, ընդունված` 27.12.1995թ., ուժը կորցրել է 01.01.1999թ.), համաձայն որի սահմանվում էր, որ սերվիտուտը (օգտակալությունը) ուրիշի սեփականության սահմանափակ օգտագործման իրավունքն է, որով կողմերից մեկը` սերվիտուտի (օգտակալության) տերը, իրավունք է ստանում այլ անձի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան հատուկ նպատակով օգտագործել կամ նրա իրավունքների նկատմամբ որոշակի սահմանափակումներ սահմանել (2-րդ հոդված): Հիշյալ օրենքի 16-րդ հոդվածում նախատեսված էին սերվիտուտի (օգտակալության) բովանդակությունը, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ և այլ ամրակայված գույք) սեփականատիրոջ իրավունքները, պայմանագրային ձևով սերվիտուտ սահմանելու, դրա շուրջ ծագած վեճերը լուծելու, սերվիտուտով ծանրաբեռնված գույքից օգտվելու դիմաց վճարելու կարգը:
Սերվիտուտի ինստիտուտը գործող իրավակարգավորման շրջանակներում համակարգված ձևով զարգացվել է ՀՀ օրենսդրական մի շարք ակտերով, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (135, 170, 188, 210-217, 238, 615 և 692-րդ հոդվածներ), «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով (14.1, 18.1, 20 և 23-րդ հոդվածներ), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով (2, 11, 16, 21, 23, 25, 37, 41 և 44-րդ հոդվածներ), ՀՀ հողային օրենսգրքով (13, 14, 19, 22, 33, 50, 53, 54, 58, 62, 65, 68, 77, 100 և 118-րդ հոդվածներ) և ենթաօրենսդրական ակտերով: Սերվիտուտի նորմատիվ իրավակարգավորման այդպիսի ընդգրկուն շրջանակը պայմանավորված է ինչպես այդ ինստիտուտի հետ կապված իրավահարաբերությունների բովանդակությամբ, այնպես էլ սերվիտուտով ծանրաբեռնման ենթակա գույքի ընդարձակ կազմով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ սերվիտուտը ուրիշի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից անհրաժեշտաբար սահմանափակ օգտվելու իրավունք է (ինչպես հատուցման (վճարի), այնպես էլ առանց հատուցման պայմանի), որը կարող է իրացվել ինչպես հողամասերի, այնպես էլ շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ (օրենսգրքի 217-րդ հոդված): Այդպիսով, չնայած սույն գործով վիճարկվող և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված վերոհիշյալ նորմերով կարգավորվում է հողային հարաբերություններից բխող սերվիտուտը, սակայն օրենսդիրը հնարավոր է համարել սերվիտուտով ծանրաբեռնել ոչ միայն հողամասերը, այլև ցանկացած անշարժ գույք, որից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է: Այս առումով դիմողի հարցադրումները` սերվիտուտը միայն հողամասերին վերաբերելու առումով, անհիմն են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ նորմերի համաձայն սերվիտուտ կարող է սահմանվել հետևյալ սկզբունքներով. կամավոր` կողմերի միջև նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ, և հարկադրաբար` դատական կարգով: Միաժամանակ, հասարակական կարիքների համար, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 213-րդ հոդվածների համաձայն սերվիտուտը, որպես գույքային իրավունք, ենթակա է պետական գրանցման, որի կարգն ու պայմանները մանրամասնված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 50-54-րդ հոդվածներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 215-րդ և 217-րդ հոդվածների համաձայն գույքային իրավունքն այլ անձի փոխանցելիս պահպանվում է նաև սերվիտուտը: Օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա, իսկ սերվիտուտով ծանրաբեռնելը սեփականատիրոջը չի զրկում տվյալ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից: Սերվիտուտը համապատասխան իրավակարգավորման է ենթարկվել գրավի, գույքի վարձակալության և անհատույց օգտագործման հետ կապված հարաբերություններում (օրենսգրքի 238, 615 և 692-րդ հոդվածներ): Օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն նախատեսված են սերվիտուտի դադարման (այդ թվում` դատական կարգով) հետևյալ հիմքերը, երբ.
- վերացել են դրա սահմանման հիմքերը,
- սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով անշարժ գույքը չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան:
Այսպիսով, վերլուծելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի և վերջինիս իրացումը սերվիտուտի միջոցով կարգավորող քաղաքացիաիրավական նորմերի բովանդակությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սերվիտուտը որպես գույքային իրավունք.
- պայմանավորված է ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման թելադրված (անխուսափելի) անհրաժեշտությամբ, առանց որի սերվիտուտ պահանջող անձն անկարող է իրացնել (կամ լիարժեք իրացնել) սեփականության իր իրավունքը,
- նպատակաուղղված չէ անձին, որպես սերվիտուտով ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ, իր իրավունքներից զրկելուն,
- ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքի սահմանափակ օգտագործման իրավունք է, որի իրացմամբ սերվիտուտով ծանրաբեռնված գույքի սեփականատերը չի զրկվում այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր սահմանադրական իրավունքներից,
- կոչված է ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքի ոչ լիարժեք, սահմանափակ և թելադրված անհրաժեշտության նպատակով օգտագործմանը,
- չի կարող ինքնուրույն քաղաքացիաիրավական գործարքների առարկա լինել,
- որպես կանոն, իրականացվում է սերվիտուտ սահմանելու անհրաժեշտության հանգամանքների գոյության ժամկետով, և կարող է պահպանվել (փոխանցվել) իրավահաջորդության սկզբունքով,
- հասարակական կարիքների համար անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտ կարող է սահմանվել միայն օրենքով,
- ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում է պետության կողմից` ենթարկվելով պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
- օրենքով նախատեսված հիմքերով ենթակա է դադարման, այդ թվում` դատական կարգով, քաղաքացիական այլ իրավունքներին համարժեք ենթակա է հավասար իրավական պաշտպանության:
i
8. Անդրադառնալով սերվիտուտի իրավակարգավորման անորոշության վերաբերյալ դիմումում բարձրացված հարցադրումներին, վերահաստատելով իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-652, ՍԴՈ-705, ՍԴՈ-720, ՍԴՈ-723, ՍԴՈ-731, ՍԴՈ-753, ՍԴՈ-833) իրավական որոշակիության սկզբունքի և դրա բովանդակության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորման մեջ որոշ հասկացությունների, մասնավորապես` «սահմանափակ օգտագործում» (ՀՀ քաղ. օր.-ի 210-րդ հոդվածի 1-ին մաս), «իր նշանակությանը համապատասխան» (ՀՀ քաղ. օր.-ի 216-րդ հոդվածի 2-րդ մաս) անորոշության վերաբերյալ պնդումները հիմնավոր չեն: ՈՒրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքը, որը և հանդիսանում է սերվիտուտի բուն իմաստը, պարզորոշ ենթադրում է սերվիտուտ պահանջող անձի իրավունքը ոչ թե լիարժեք օգտագործելու իր սեփականությունը չհանդիսացող գույքը, այլ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Վերջինս ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից, այսինքն` անձի սեփականության իրավունքը, ինչպես և ցանկացած այլ իրավունք, պետք է իրականացվի այլ անձանց նույնպիսի իրավունքների, հասարակության և պետության օրինական շահերի հետ ներդաշնակման սկզբունքով: Հետևաբար, օրենսդրի խնդիրն է իրավակարգավորման համապատասխան միջոցների, ձևերի և մեթոդների գործադրմամբ ապահովել իրավահարաբերությունների սուբյեկտների միջև այդպիսի ներդաշնակ վարքագիծ, նախատեսելով նաև հնարավոր վեճերի լուծման հստակ ընթացակարգեր (այդ թվում` դատական): Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը նախատեսում է այդպիսի հնարավորություն:
Գույքն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելը, որպես գույքային իրավունքի իրականացման միջոց, իրավակարգավորման է ենթարկված ոչ թե սերվիտուտի հետ կապված իրավահարաբերությունների, այլ քաղաքացիական իրավունքների կարգավորման շրջանակներում, որպես քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների իրավաչափ վարքագիծ: Դա է վկայում մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134, 202, 209, 884 և 889-րդ հոդվածների վերլուծությունը` հողային և փոխառության հետ կապված իրավակարգավորման առնչությամբ, որից հետևում է, որ քաղաքացիաիրավական հարաբերության օբյեկտ հանդիսացող ցանկացած գույք ենթակա է օգտագործման իր նպատակային նշանակությանը համապատասխան, ելնելով տվյալ գույքի սպառողական և այլ հատկանիշներից, որոնք յուրաքանչյուր դեպքում ենթակա են գնահատման ինչպես օրենքով սահմանված կարգով, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում: Տվյալ դեպքում հողամասերի նպատակային նշանակության, դրանց կատեգորիաների որոշման հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ հողային օրենսգրքով (օրենսգրքի 2, 5-8, 20, 22-23, 27, 29, 31, 34-36, 39, 41-43, 45, 49-50, 57, 62, 64-66-րդ և բազմաթիվ այլ հոդվածներ):
Վերոշարադրյալից հետևում է, որ սերվիտուտին առնչվող իրավահարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել իրավակարգավորման համակարգային ամբողջականության մեջ, ինչը չի արվել դիմողի կողմից:
9. Անդրադառնալով սեփականության իրավունքը սերվիտուտով սահմանափակելու իրավաչափության միջազգային իրավական գնահատման խնդրին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել այն եվրոպական պետություններում այդ իրավունքի նորմատիվ կարգավորման պրակտիկայի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում:
Եվրոպական պետությունների իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ սերվիտուտի հասկացության վերաբերյալ առկա են իրավակարգավորման երկու հիմնական մոտեցումներ. մի դեպքում` իրավական ակտերով մանրամասն ամրագրվում են սերվիտուտի` որպես ուրիշի սեփականությունը հանդիսացող հողամասից կամ այլ անշարժ գույքից սահմանափակ օգտվելու իրավունքի բովանդակային առանձնահատկությունները (ինչպես, օրինակ, Լիտվայում, Գերմանիայի Դաշնությունում), մյուս դեպքում խնդիրը հանգում է սերվիտուտի իրավունքի ամրագրմանը և այն նպատակների սահմանմանը, որոնց դեպքում կարող է տրամադրվել սերվիտուտ (Ռուսաստանի Դաշնություն, ՈՒկրաինա, Բելառուս և այլն):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելիս հիմնվել է հետևյալ հիմնական սկզբունքների ու չափորոշիչների վրա.
- սեփականության իրավունքի սահմանափակումը համատեղելի է Կոնվենցիային կից առաջին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունում ամրագրված ընդհանուր նորմի հետ, եթե ապահովված է «արդարացի հավասարակշռություն» հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև,
- սեփականության իրավունքի սահմանափակման միջոցները պետք է բավարարեն «օրինականության պահանջը» և չլինեն «կամայական»,
- սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված վիճարկվող միջոցները պետք է նախատեսված լինեն օրենքով կամ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով,
- սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված միջոցներ նախատեսող օրենքը պետք է բավարարի մի շարք պահանջներ, որոնք ներկայացվում են ինչպես օրենքի որակին ու բովանդակությանը, այնպես էլ այն ընդունած մարմիններին ու նրանց լիազորությունների իրականացման օրինականությանը,
- սեփականության իրավունքի սահմանափակման միջոցները պետք է հետապնդեն հասարակական շահից բխող իրավաչափ նպատակ,
- սեփականության իրավունքի սահմանափակման դեպքում պետությունը պարտավոր է պահպանել համամասնության ողջամիտ հարաբերակցությունը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության և ընդհանուր շահի պաշտպանության պահանջների միջև, այսինքն` սահմանափակման միջոցը պետք է լինի «ողջամիտ և պատշաճ` իր նպատակին հասնելու համար, և համարժեք` այդ նպատակին»:
Համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող նորմը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` օրենսգրքի մյուս նորմերը Եվրոպական դատարանի նախադեպային նշանակության իրավական մոտեցումների հետ` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա իրավակարգավորումը նախատեսելիս օրենսդիրն առաջնորդվել է անհատի և հասարակության շահերի արդարացի հավասարակշռման սկզբունքով, մասնավորապես, սերվիտուտը դիտարկելով որպես անձանց սեփականատիրական իրավունքների և դրանցից բխող օրինական շահերի հնարավոր բախման կանխարգելման միջոց, միաժամանակ նախատեսելով սերվիտուտ սահմանելու հիմքերը և կարգը (այդ թվում` պետական գրանցման), դրա դատական պաշտպանության միջոցները, բացառել է ուրիշի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը վերոհիշյալ հիմքով կամայական օգտագործելու իրավական հնարավորությունը: Այս առումով վիճարկվող նորմում նախատեսված իրավակարգավորումը, որպես սեփականության իրավունքի հնարավոր սահմանափակման միջոց, հետապնդում է սահմանադրաիրավական, հետևաբար` նաև արդարացի նպատակ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սերվիտուտի նման իրավակարգավորումն ապահովում է ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածներով նախատեսված` անձի սեփականության իրավունքն ազատ և հայեցողաբար իրացնելու սահմանադրաիրավական սկզբունքի իրականացումը` այն սահմանափակումներով, որոնք իրավաչափ են ու պայմանավորված են այլ անձանց, հանրության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվառման անհրաժեշտությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
i
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը որոշելու մասով գործի վարույթը կարճել:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
29 հունիսի 2010 թվականի
ՍԴՈ-901