Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 235 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով               ՎԲ-46/07

վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ 13-600/07 թ.

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

դատավորներ` Ա. Խաչատրյան, Ս. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    30 մարտի 2007 թվական                            ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ             Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղար                  Ք. Մարտիրոսյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արթուր Խաչատուրի Սերոբյանին 2006 թվականի մայիսի 18-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 15-ին կայացված դատավճռով որոշել է Ա. Սերոբյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով:

Առաջին ատյանի դատարանը Ա. Սերոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Կիրառելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 1-ին կետի (ա) ենթակետը` Ա. Սերոբյանին ազատել է պատժի կրումից, վերացրել է խափանման միջոցը և Ա. Սերոբյանին ազատ արձակել նիստերի դահլիճից:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի օգնական Ա. Խոնդկարյանը բերել է վերաքննիչ բողոք:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2007 թվականի հունվարի 19-ին քննության առնելով վերաքննիչ բողոքը, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մարտի 5-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Նախաքննության մարմնի կողմից Ա. Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 01-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գործող «Քրեյզի Հորս» գիշերային ակումբում, ալկոհոլ օգտագործած վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով ակումբի աշխատակիցների նկատմամբ, շուրջ 20 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել ակումբի պարուհիների հասցեին, այնուհետև ապօրինի կերպով ձեռք բերված և նշված խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7.65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել և վնասել գիշերային ակումբի առաստաղը:

Բացի այդ, Ա. Սերոբյանը առանց բժշկի թույլտվության գործածել է կանաբիսի և ափիոնի խմբի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրանից վերցված փորձանմուշում:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճիռները և քրեական գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

Վճռաբեկ բողոք բերած անձը իր պահանջները հիմնավորում է հետևյալ փաստարկներով.

Առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը գործով ձեռք բերված ապացույցները ճիշտ չեն գնահատել և հանգել են սխալ հետևության` արժանահավատ համարելով ամբաստանյալի և վկաների դատաքննության ընթացքում տված ցուցմունքները` հաշվի չառնելով վերջիններիս նախաքննական ցուցմունքները:

Մասնավորապես, վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, հետևելով առաջին ատյանի դատարանի օրինակին, գործի տվյալներից չբխող հետևություն է արել, որ Ա. Սերոբյանի կողմից արձակվել է ոչ թե 2, այլ 1 կրակոց: Մինչդեռ 2 կրակոց արձակելու փաստը, ըստ վճռաբեկ բողոքի, հաստատվում է գործում առկա բազմաթիվ ապացույցներով:

Բացի այդ, վճռաբեկ բողոք բերած անձի կարծիքով անհիմն է վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում միայն վկա Հ. Մանգասարյանն է ցուցմունք տվել այն մասին, որ ակումբի պարուհիները վախից դուրս չեն եկել պարելու: Վճռաբեկ բողոք բերած անձը փաստարկում է, որ այդ հանգամանքը հաստատվում է գործում առկա այլ ապացույցներով ևս` վկաներ, ակումբի աշխատակիցներ Հեղինե Զինչենկոյի, Լաուրա Անտոնյանի, Գայանե Ավագյանի ցուցմունքներով, վկաներ, ակումբի պարուհիներ Հերմինե Կարախանյանի, Արմինե Քալաշյանի, Լիանա Հակոբյանի, վկա, ակումբի երգիչ Հրաչյա Վարդանյանի ցուցմունքներով և այլն:

Վերը նշվածի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը անհիմն է համարում վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ա. Սերոբյանի կողմից կրակոցի արձակումը անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ չի ստեղծել:

Այսպիսով, բողոքում խնդրվում է բեկանել ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի դատավճիռները, որպեսզի արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ` հաստատված համարելով, որ դեպքի օրը Ա. Սերոբյանն արձակել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց, և որ նրա կրակոցները իրական վտանգ են ստեղծել մարդկանց կյանքի և առողջության համար:

Վերոգրյալը նկատի ունենալով` բողոքի հեղինակը եզրահանգել է, որ տվյալ գործով ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ և սխալ են կիրառել նյութական օրենքը: Դատավարական օրենքի էական խախտումներ են համարվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ հոդվածներով նախատեսված գործով ձեռք բերված ապացույցների ստուգման և գնահատման կարգի խախտումները: Դրա հետ մեկտեղ դատարանը սխալ է կիրառել նյութական օրենքը` ամբաստանյալ Ա. Սերոբյանի արարքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

4.1. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու պահանջը.

Վճռաբեկ բողոքում բողոքատուն ներկայացրել է հարաբերականորեն ինքնուրույն երեք պահանջ.

ա) բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը,

բ) բեկանել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռը և

գ) գործն ուղարկել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

Թեև օրենսդիրը նախատեսում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը վճռաբեկության կարգով բողոքարկելու և վճռաբեկ վարույթի արդյունքում գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու հնարավորություն, այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան գործը նոր քննության ուղարկելու բողոքատուի պահանջի հետ զուգորդված` առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու պահանջը չի կարող բավարարվել:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի` «Գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

(1) առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման.

(2) բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը և դադարեցնում` քրեական հետապնդումը.

(3) բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացնում է մեղադրական դատավճիռ.

(4) փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը.

(5) բեկանում է դատավճիռը կամ որոշումը և, սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի հիմքերով, գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության:

Եթե բողոքը բավարարելով Վճռաբեկ դատարանը բեկանի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավճիռները և գործն ուղարկի վերաքննիչ դատարան` նոր քննության, ապա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի հիման վրա գործը ընդհանուր հիմունքներով ըստ էության քննող վերաքննիչ դատարանը չի կարող կայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված և վերը թվարկված որոշումներից որևէ մեկը, քանի որ օրենքով նախատեսված չէ արդեն իսկ բեկանված դատավճիռը վերաքննիչ դատարանի կողմից կրկին բեկանելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հնարավորություն:

Հետևաբար առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին բողոք բերած անձի խնդրանքը չի բխում օրենքի պահանջներից և չի կարող բավարարվել:

4.2. Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները.

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի` «Վճռաբեկ դատարանը վերանայում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում»: Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանների հարցը կանոնակարգվում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածով, ըստ որի` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»: Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

Մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող վերացական լինել:

Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Արտիկոյի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (Artico v. Italy, 13.05.1980 թ., կետ 33):

Այսպիսով, դատարանը գտնում է, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը:

Հետևաբար այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները դուրս են անձին առաջադրված մեղադրանքի սահմաններից, ապա վճռաբեկ դատարանում գործի քննության և լուծման սահմանները պետք է համապատասխանեցվեն անձին առաջադրված մեղադրանքի այն սահմաններին, որոնց շրջանակներում անձը իրական հնարավորություն է ունեցել իրականացնելու իր պաշտպանության իրավունքը:

2006 թվականի հունվարի 30-ին սույն գործով Ա. Սերոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2006 թվականի հունվարի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գործող «Քրեյզի հորս» գիշերային ակումբում, ալկոհոլային հարբածության վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով ակումբի աշխատակիցների նկատմամբ, կազմալուծել է ակումբի բնականոն աշխատանքը, շուրջ 20 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հասցեագրել ակումբի պարուհիներին, այնուհետև ապօրինի կերպով ձեռք բերված և նշված խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7,65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակի գործադրմամբ կրակոց է արձակել նշված ատրճանակից, վնասել գիշերային ակումբի առաստաղը...» (գ.թ. 114): Առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին 2006 թվականի փետրվարի 24-ի քննիչի որոշմամբ խուլիգանության մասով Ա. Սերոբյանին առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել (գ.թ. 206): Այն նույն ձևակերպումն ունի նաև մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում (գ.թ. 261):

4.3. Դատարանների կողմից Ա. Սերոբյանին երկու կրակոց չմեղսագրելը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի`

«(1) Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

(2) Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

(3) Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասի` մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:

Ըստ Ա. Սերոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրան առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին քննիչի որոշումների, ինչպես նաև համաձայն Ա. Սերոբյանի նկատմամբ հաստատված և դատարան ուղարկված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմով Ա. Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «կրակոց է արձակել», ինչից չի կարելի հետևություն անել, որ երկու կրակոց է արձակվել, ինչպես պնդում է բողոքատուն: ՈՒստի անկախ իր ներքին համոզմունքից` վերաքննիչ դատարանն իր դատավճռով չէր կարող դուրս գալ Ա. Սերոբյանին առաջադրված մեղադրանքի սահմաններից և հաստատված ճանաչել Ա. Սերոբյանի կողմից երկրորդ կրակոցի արձակման հանգամանքը: Այդ պայմաններում ապացույցների ստուգման և գնահատման կանոնների խախտում վերաքննիչ դատարանը թույլ չի տվել: Այդ նկատառումներով վճռաբեկ դատարանը ևս չի կարող դուրս գալ Ա. Սերոբյանին առաջադրված մեղադրանքի սահմաններից և օրենքի խախտում համարել վերաքննիչ դատարանի կողմից երկրորդ կրակոցի արձակման փաստը չընդունելը:

4.4. Արձակված կրակոցի հետևանքով անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելը.

Համաձայն Ա. Սերոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրան առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին քննիչի որոշումների, ինչպես նաև Ա. Սերոբյանի նկատմամբ հաստատված և դատարան ուղարկված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի` «Ա. Սերոբյանը ... խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7,65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակի գործադրմամբ կրակոց է արձակել նշված ատրճանակից, վնասել գիշերային ակումբի առաստաղը...»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն որակելու համար բավարար չէ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է, որպեսզի հանցավորը զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայով մարմնական վնասվածք հասցնի կամ փորձի հասցնել, կամ էլ նրա գործողությունների հետևանքով անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծվի: Նման մոտեցում արտահայտված է նաև վճռաբեկ բողոքում:

Քանի որ անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելը Ա. Սերոբյանին մեղսագրված հանցակազմի էությունը հանդիսացող հատկանիշ է, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ, որպես պարզված հանգամանք, այն պետք է մեղսագրված լիներ Ա. Սերոբյանին: Հակառակ դեպքում անկախ իր ներքին համոզմունքից` վերաքննիչ դատարանը չէր կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից և հաստատված ճանաչել Ա. Սերոբյանի արձակած կրակոցի հետևանքով անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգի առաջացման հանգամանքը: Հետևաբար` Ա. Սերոբյանին առաջադրված մեղադրանքի պայմաններում վերաքննիչ դատարանը չէր կարող հաստատված ճանաչել նրան մեղսագրվող արարքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայությունը:

Այսպիսով, բերված հիմքերի սահմաններում քննելով բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող բավարարվել:

Ինչ վերաբերում է գործի փաստերին (իրականում արձակվել է մե՞կ, թե՞ երկու կրակոց, ակումբի աշխատակիցների կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ) և վճռաբեկ բողոքի մնացած իրավական հիմնավորումներին (Ա. Սերոբյանի արարքը պետք է որակվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրո՞րդ, թե՞ չորրորդ մասով), ապա դատարանը հանգում է հետևության, որ Ա. Սերոբյանին առաջադրված մեղադրանքի շրջանակները և վճռաբեկ բողոքի պահանջը և հիմքերը դրանց անդրադառնալու հնարավորություն չեն ընձեռում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմի, գործը վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու հետ զուգորդված` առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու պահանջի իրավաչափության, ինչպես նաև դատարաններում քրեական գործի քննության սահմանների հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բերված հիմքերով դատախազի վճռաբեկ բողոքը մերժել: Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N ՎԲ-46/07
Որոշում