ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-43 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3504
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
դատավորներ` Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուրեն Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 13.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Սուրեն Գալստյանի ընդդեմ Կամո Պետրոսյանի` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սուրեն Գալստյանը խնդրել է Կամո Պետրոսյանից բռնագանձել 341.400 (երեք հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում` 320.000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում, 6.400 (վեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ` վճարված պետական տուրքի գումար և 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ փորձագետին վճարված գումար:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 07.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Գալստյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը` խախտելով պատճառված վնասի հատուցում ստանալու անձի իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել թիվ 9 թաղամասային հանձնաժողովի 11.04.2007 թվականի ակտը, «Մար-Մոս» ՍՊԸ-ի 13.04.2007 թվականի գնահատման եզրակացությունը, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի և կողմերի մասնակցությամբ կատարված տեղատեսության արդյունքները, գործով վկաներ Ս. Սահակյանի, Ա. Բեգլարյանի, Լ. Բոշյանի ցուցմունքները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերոնշյալ ապացույցներով հիմնավորվում է, որ 05.04.2007 թվականին մեկ հարկ վերև բնակվող Կամո Պետրոսյանի անուշադրության պատճառով ջուր է լցվել Սուրեն Գալստյանի բնակարան, որի հետևանքով վերջինս կրել է վնասներ: Կատարված տեղատեսությամբ արձանագրվել և հաստատվել է, որ Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանի միջանցքի, խոհանոցի, բաղնիքի և սանհանգույցի առաստաղին, խոհանոցի և ննջասենյակի պատերին առկա են ջրից առաջացած հետքեր, իսկ հանդերձարանի պատը խոնավ է եղել: Միջանցքի առաստաղը վնասված էր մուտքի դռնից մոտ 1,5-2 մետր տարածքի վրա, սվաղը թափված էր: Միաժամանակ հաստատվել է, որ Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանի ջրահեռացման համակարգը ռետինե խողովակով խոհանոցից միացված է լոգարանի տակ գտնվող ջրահեռացման գծին, բացակայում են կոմունալ հարմարությունները: Թիվ 2 բնակարանին պատճառված վնասն առաջացել է թիվ 5 բնակարանում ջրամատակարարման ինժեներական կոմունիկացիայի սխալ տեղադրման հետևանքով: Կամո Պետրոսյանի բնակարանում կատարված միացումը հակասում է թույլատրված նորմերին և նման միացման հետևանքով ջուրը կարող է լցվել առաջին հարկի բնակարան` որևէ հետք անգամ չթողնելով թիվ 5 բնակարանում: Միաժամանակ բացառվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարանին հասցված վնասը կարող էր առաջացած լինել անձրևաջրերի հետևանքով:
«Մար-Մոս» ՍՊԸ-ի 13.04.2007 թվականի գնահատման եզրակացության համաձայն` Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանին ջրի հետևանքով պատճառված վնասների վերացման աշխատանքների գումարի չափը կազմում է 320.000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: Տվյալ դեպքում հայցվորը կրել է իրական վնաս, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից ապացույցները սխալ գնահատելու հետևանքով հաշվի չի առնվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 07.08.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սուրեն Գալստյանը Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերն է, իսկ Կամո Պետրոսյանը` նույն շենքի թիվ 5 բնակարանի սեփականատերը:
2) Վանաձոր քաղաքի թիվ 9 թաղամասային հիմնարկության աշխատակիցների կողմից 11.04.2007 թվականին կազմված ակտի համաձայն` Վանաձորի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերը կրել է վնասներ:
3) «Մար-Մոս» ՍՊԸ-ի 13.04.2007 թվականի գնահատման եզրակացության համաձայն` ջրի հոսքի հետևանքով Վանաձորի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանին պատճառված վնասների վերացման աշխատանքների գումարի չափը կազմում է 320.000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
4) ՀՀ Լոռու մարզի «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի և կողմերի մասնակցությամբ կատարված տեղատեսությամբ արձանագրվել է, որ Վանաձորի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 2 բնակարանի միջանցքի, խոհանոցի, բաղնիքի և սանհանգույցի առաստաղին, խոհանոցի և ննջասենյակի պատերի որոշ մասերին առկա են ջրից առաջացած հետքեր, միջանցքի առաստաղը վնասված է մուտքի դռնից մոտ 1,5-2 մետր տարածքի վրա: Կամո Պետրոսյանի բնակարանում կատարված միացումը հակասում է թույլատրված նորմերին և նման միացման հետևանքով ջուրը կարող է լցվել առաջին հարկի բնակարան` որևէ հետք անգամ չթողնելով թիվ 5 բնակարանում: Միաժամանակ բացառվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարանին հասցված վնասը կարող էր առաջացած լինել անձրևաջրերի հետևանքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացնում է վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
i
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ դատարանի վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշում, թիվ 3-2504 (ՏԴ)):
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման պատճառաբանության առկայությունը կարող է վկայել դատական ակտի հիմնավորվածության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները` դրանցով արդեն համապատասխան փաստերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով հայցվորի կողմից կրած վնասը պատասխանողի կողմից պատճառված լինելն ապացուցված չլինելու հանգամանքը, չի նշել քաղաքացիական գործում առկա մի շարք ապացույցների (Վանաձոր քաղաքի թիվ 9 թաղամասային հիմնարկության աշխատակիցների կողմից 11.04.2007 թվականին կազմված ակտը, «Մար-Մոս» ՍՊԸ-ի 13.04.2007 թվականի գնահատման եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի և կողմերի մասնակցությամբ կատարված տեղատեսության արձանագրությունը) մերժման պատճառները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ 2-րդ մասի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենսգրքով կարող է նախատեսվել վնասի հատուցում վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:
i
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` շինության սեփականատերը շինության կամ ընդհանուր բաժնային սեփականության պարտադիր նորմերը խախտելու համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Շինության սեփականատիրոջ կողմից անձամբ կամ նրա հետ համատեղ ապրող անձանց կողմից այլ շինություններին կամ ընդհանուր բաժնային սեփականությանը վնաս պատճառելու դեպքում շինության սեփականատերը պարտավոր է իր հաշվին վերացնել հասցված վնասը: Վնաս կրած շինության սեփականատերն օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման պահանջի իրավունք ունի:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ Սուրեն Գալստյանին վնասը հասցվել է Վանաձորի Խորենացու փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում կատարված խողովակները թույլատրված նորմերի խախտումով միացված լինելու պատճառով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն Գալստյանի գույքին պատճառված վնասը պետք է հատուցվի այդ բնակարանի սեփականատեր Կամո Պետրոսյանի կողմից:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 07.08.2007 թվականի վճռին օրինական ուժ տալու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 13.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 07.08.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան