040.0957.160803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 957-Ն
i
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 85-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 957-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԴՐԱ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ` ՀՏԿ) անվտանգության հայտարարագրի բովանդակությունը և դրա մշակման ու փորձաքննության իրականացման կարգը:
2. Այն ՀՏԿ-ների համար, որոնց վթարը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակների առաջացման, ներկայացվում են անվտանգության հայտարարագրեր` ՀՏԿ-ները նախագծելու, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ հիմնանորոգումից հետո գործողության մեջ դնելու, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման կամ գործունեությունից դուրս բերված ՀՏԿ-ի տնտեսական գործունեության ոլորտ ներգրավման դեպքում: Այդպիսիք են 300 հազ. խոր. մ ու ավելի ծավալ և (կամ) 10 մ ու ավելի բարձրությամբ պատվար ունեցող ջրամբարները, պոչամբարները, շլամակուտակիչները, հիդրոտեխնիկական թունելները, մեկ ՄՎտ և ավելի հզորություն ունեցող հիդրոկայաններն ու պոմպակայանները:
3. Անվտանգության հայտարարագիրը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է:
4. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է դրա սեփականատիրոջ կամ օգտագործող կազմակերպության, իսկ նախագծվող և կառուցվող ՀՏԿ-ի հայտարարագիրը` պատվիրատուի (այսուհետ` հայտարարագրող) միջոցներով:
5. Ջրային համակարգերի կառավարման մարմինն ապահովում է հայտարարագրողի ներկայացրած ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության իրականացումը և դրա եզրակացության հիման վրա հաստատում այն:
6. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո ենթակա է հաշվառման` պետական ջրային կադաստրում:
7. Օգտագործման մեջ գտնվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմմանը նախորդում է դրա զննումը:
ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմման ընթացքում պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները`
ա) ՀՏԿ-ի մասին տվյալների լիարժեքությունը և հավաստիությունը.
բ) վտանգի աստիճանի բազմակողմանի բացահայտման և հնարավոր վթարների ու վնասվածքների վերացման մեխանիզմի մշակումը.
գ) վերլուծության ընթացքում կիրառված մեթոդների հիմնավորվածությունը, կատարված ռիսկի գնահատման բովանդակությունը և ՀՏԿ-ի անվտանգության աստիճանը.
դ) անվտանգության գնահատման արդյունքների վրա ազդող գործոնների վերլուծությունը.
ե) անվտանգության ապահովման նպատակով իրականացվող և պլանավորվող միջոցառումների արդյունավետությունը և բավարարումը: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի բովանդակության համապատասխանությունն օրենսդրությանը:
8. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը պետք է ներառի`
ա) ընդհանուր տեղեկություններ` ՀՏԿ-ի տեխնիկական տվյալների և դրանց տեղաբաշխման տարածքի պայմանների նկարագրության, անվտանգության պայմանների ապահովման միջոցառումների, որոնք նախատեսված են նախագծում և օգտագործման կանոններում և հնարավոր վթարների հետևանքների մասին.
բ) ՀՏԿ-ի օգտագործման ապահովության վերլուծությունը և գնահատականը` ներառյալ հնարավոր աղբյուրների որոշումը.
գ) տեղեկություններ սեփականատիրոջ և օգտագործող կազմակերպության, այդ թվում` օգտագործող կազմակերպության մասնագիտական փորձի ու տեխնիկական հագեցվածության ապահովման մասին, ինչը կարող է ապահովել վտանգների և վթարային իրադրությունների տեղայնացումը և վերացումը.
դ) տեղեկատվություն ՀՏԿ-ի փլուզման հետևանքով առաջացող ջրհեղեղների և տարածքների ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի մասին.
ե) վերլուծություն, որը կընդգրկի առանձին ՀՏԿ-ների և հիդրոտեխնիկական համալիր օբյեկտների անվտանգության մակարդակի գնահատականը, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:
Հայտարարագրողն ստորագրում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը:
9. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է առանձին հատորի (գրքի) տեսքով, հավելվածներով և ունի հետևյալ բաժինները` տիտղոսաթերթ, նախաբան ու հիմնական բովանդակություն`
ա) տիտղոսաթերթը պարունակում է հայտարարագրվող օբյեկտի անվանումը, մրցույթի համարը (պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների համար), հաստատման համարը (լրացվում է ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից), հայտարարագրի կազմման վայրը, տարեթիվը և գործողության ժամկետը` համաձայն հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի տիտղոսաթերթի ձևի (հավելված N 1).
բ) նախաբանը պարունակում է հայտարարագրի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալները և տվյալների հայտարարագիրը կազմողի մասին, ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի հիմնական բաժինների համառոտ շարադրանքը` նշելով հիմնական վտանգները, որոնք կարող են ծագել ՀՏԿ-ների օգտագործման ժամանակ, ինչպես նաև այն հիմնական փոփոխությունների և լրացումների համառոտ նկարագրությունը, որոնք կատարվել են հայտարարագրի փորձաքննության արդյունքների հիման վրա.
գ) հայտարարագրի բովանդակությունն ընդգրկում է հայտարարագրին վերաբերող բոլոր նյութերը` ներառյալ հավելվածները, գծագրերը, առանձին հետազոտման և զննման նյութերն ու այլ տվյալներ` համաձայն հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի լրացման և փորձաքննության եզրակացության ներկայացման ձևի (հավելված N 2):
Այն օբյեկտների համար, որոնց կազմում ընդգրկված են հնարավոր վտանգավոր մի քանի ՀՏԿ-ներ, մշակվում է ընդհանուր հայտարարագիր, որի կազմում յուրաքանչյուր կառուցվածք հայտարարագրվում է առանձին, յուրաքանչյուր կառուցվածքի համար կազմվում է առանձին եզրակացություն` դրանց միավորելով ընդհանուր համալիրում` վթարի զարգացման վերլուծմամբ, օբյեկտին վերաբերող ընդհանուր եզրակացություններով:
10. Օգտագործման մեջ գտնվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը հայտարարագրողի կողմից կազմվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:
ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրում, հայտարարագրողի նախաձեռնությամբ, կատարվում են լրացումներ և փոփոխություններ`
ա) անվտանգության ապահովման վրա ազդող պայմանները փոփոխվելու դեպքում,
բ) նոր վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում,
գ) վթարային իրավիճակների տեղայնացման պայմանների վատացման դեպքում, ինչպես նաև վերակառուցումից, հիմնանորոգումից, վերականգնումից կամ գործունեության դադարեցումից հետո` մինչև համապատասխան շինմոնտաժային աշխատանքների ընդունումը:
11. Նախագծվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ներկայացվում է ջրային համակարգերի կառավարման մարմին` նախագծի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
12. Կառուցվող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան 4 ամիս առաջ` մինչև ՀՏԿ-ի` ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական օգտագործման հանձնումը:
13. Ջրային համակարգերի կառավարման մարմինը սահմանում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրերի ներկայացման ժամանակացույցը:
14. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության նպատակն անվտանգության հայտարարագրում նշված տվյալների ամբողջականության և հավաստիության, ինչպես նաև ՀՏԿ-ների անվտանգությունն ապահովող ու գործող նորմերին և կանոններին նախատեսվող միջոցառումների համապատասխանության գնահատումն է:
15. Ջրային համակարգերի կառավարման մարմինը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ հաստատում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի կազմման և փորձաքննության իրականացման մրցույթներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը` հիմք ընդունելով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը:
16. Պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագիրը կազմվում է իրավաբանական անձանց կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով, որն իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմինը:
17. Պետական սեփականություն չհանդիսացող ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է ՀՏԿ-ի սեփականատիրոջ պատվերով:
18. ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերի փորձաքննությունը կատարվում է իրավաբանական անձանց կողմից` մրցութային կարգով: Ջրային համակարգերի կառավարման մարմինը կազմակերպում է մրցույթը և առաջադրում մրցույթի պահանջները:
19. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության կատարման ժամկետը չպետք է գերազանցի 3 ամիսը` հայտարարագրողի կողմից փորձաքննության համար վճարման օրվանից սկսած:
20. Փորձաքննությունն իրականացնող անձն առավելագույնը 50 օրվա ընթացքում փորձաքննության եզրակացությունը ներկայացնում է ջրային համակարգերի կառավարման մարմին:
21. Ջրային համակարգերի կառավարման մարմինը քննարկում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը և հաշվի առնելով փորձաքննության եզրակացությունը, մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում դրա հաստատման կամ մերժման մասին` ջրային համակարգերի կառավարման մարմնում փաստաթղթերի մուտքագրման օրվանից սկսած: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի հաստատման դեպքում ջրային համակարգերի կառավարման մարմինը սահմանում է դրա գործունեության ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին:
22. Եթե ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից անվտանգության հայտարարագրի և փորձաքննության եզրակացության քննարկումից հետո ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք վկայում են անվտանգության մակարդակի իջեցման մասին, ապա ջրային համակարգերի կառավարման մարմնի պահանջով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է ՀՏԿ-ի տեսչական ստուգում և քննարկում ներկայացված անվտանգության հայտարարագիրը` ստուգման արդյունքների հաշվառմամբ: Այդ դեպքում ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի քննարկման և հաստատման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս:
23. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմող անձը չի կարող իրականացնել նույն ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննությունը:
24. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննությունը հիմնվում է գիտական հիմնավորվածության, փորձաքննության եզրակացության օբյեկտիվության և օրինականության սկզբունքների վրա: Փորձաքննություն իրականացնող անձը փորձաքննության անցկացման ընթացքում իրավունք ունի առաջարկելու հայտարարագրողին փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրում: Եթե հայտարարագրողը համաձայնություն է տալիս կատարել նշված փոփոխություններն ու լրացումները, ապա դրանք ներառվում են փորձաքննության եզրակացության հավելվածում:
25. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության բացասական եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող պահանջների էական խախտումների դեպքում: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի փորձաքննության բացասական եզրակացության դեպքում հարցը քննարկում է ջրային համակարգերի կառավարման մարմինը, որն ընդունում է որոշում ՀՏԿ-ի հետագա օգտագործման մասին:
i
26. Հաստատված ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը կազմվում է 5 օրինակից, որից մեկական օրինակ հանձնվում է հայտարարագրողին, պետական ջրային կադաստր, ջրային համակարգերի կառավարման մարմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների նախարարություն և համապատասխան մարզպետարան:
(26-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
Հավելված N 1
հիդրոտեխնիկական կառուցվածքների
անվտանգության հայտարարագրի
բովանդակության սահմանման, դրա
մշակման և փորձաքննության
իրականացման կարգի
Ձև
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ
Գրանցման N _______ Հաստատում եմ
____ _____________ 200 թ. Հայաստանի Հանրապետության
ջրային համակարգերի կառավարման
մարմնի ղեկավար
__________________
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Հայտարարագրող _________________
(ստորագրությունը)
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
___________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը)
___________________________________________________________________________
Հայտարարագրի գործողության ժամկետը _______________ Հայտարարագիրը կազմողը ___________________________ Մրցույթի համարը _________________________________
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Բնակության վայրը, տարեթիվը
Հավելված N 2
հիդրոտեխնիկական կառուցվածքների
անվտանգության հայտարարագրի
բովանդակության սահմանման, դրա
մշակման և փորձաքննության
իրականացման կարգի
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԸ
1. Ընդհանուր տեղեկություններ
1.1. տվյալներ հայտարարագրողի մասին, ներառյալ`
ա) հայտարարագրողի անվանումը (լրիվ և կրճատ), նրա կազմակերպական-իրավական ձևը, սեփականության իրավունքի ձևը, ՀՏԿ-ի տնօրինման և օգտագործման ձևերը (սեփականության, հավատարմագրային կառավարման և այլն), հայտարարագրողի փոստային հասցեն,
բ) ՀՏԿ-ի սեփականատիրոջ (եթե հայտարարագրողը չի հանդիսանում սեփականատերը) անվանումը, հասցեն.
1.2. ընդհանուր տվյալներ ՀՏԿ-ի մասին, ներառյալ`
ա) կառուցվածքների կազմը, նախագծային պարամետրերը և կառուցվածքի տեխնիկական բնութագրերը,
բ) ՀՏԿ-ն նախագծող կազմակերպությունը,
գ) ՀՏԿ-ի շինարարությունն իրականացնող և սարքավորումները մոնտաժող գլխավոր կապալառու կազմակերպությունները,
դ) կառուցվածքների` ժամանակավոր և մշտական օգտագործման հանձնման տարեթվերը,
ե) ՀՏԿ-ն ժամանակավոր և մշտական օգտագործման ընդունելու ակտերի առկայությունը,
զ) օբյեկտում առկա նախագծային և կատարողական փաստաթղթերի ցանկը,
է) տվյալներ տեղի ունեցած վերակառուցումների, հիմնանորոգումների և վթարների մասին,
ը) տվյալներ ՀՏԿ-ի անվտանգության վերահսկողության համակարգի մասին (ծառայության կազմակերպում, վերահսկման ցուցանիշների ցանկի առկայություն, տեսողական դիտարկումների համակարգ),
թ) տվյալներ օգտագործման կանոններով նախատեսված անվտանգության ապահովման միջոցառումների մասին,
ժ) ՀՏԿ-ի շահագործման ծառայության աշխատողների թիվը և տվյալներ նրանց մասնագիտական որակավորման մասին.
1.3. ՀՏԿ-ի տեղաբաշխման տարածքի բնական պայմանների բնութագիրը, ներառյալ`
ա) տվյալներ տարածքի կլիմայական պայմանների, հիդրոմետեորոլոգիական ազդեցության յուրահատկությունների, դրանց պարամետրերի (քամի, ջրաբերուկներ, սելավային հոսքեր, սառցապատում և այլն) մասին և կլիմայական պարամետրերի էքստրեմալ արժեքները,
բ) դրանց տեղաբաշխման տարածքի տեղագրության ընդհանուր բնութագիրը, իսկ վթարի դեպքում` հնարավոր ջրածածկման գոտին,
գ) տվյալներ ջրահոսքի հիդրոլոգիական բնութագրերի (հիդրոգրաֆի բնույթի, տարեկան հոսքի, առավելագույն ելքի, կոշտ ելքի և այլն) մասին,
դ) ճարտարագիտաերկրաբանական պայմանների նկարագրությունը (կառուցվածքի հիմքը, գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի նախագծային տվյալները, ինչպես նաև տվյալներ պատվարի և պատնեշի մարմնի նյութի մասին),
ե) տարածքի սեյսմիկության գնահատականը.
1.4. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրման ենթակա ՀՏԿ-ի օբյեկտների ցանկի հիմնավորումը, որը պետք է ընդգրկի տվյալներ`
ա) ջրօգտագործման թույլտվության, ջրօգտագործման, օբյեկտի տնտեսագիտական կարևորության մասին,
բ) ՀՏԿ-ի հնարավոր վթարի դեպքում մարդկային, նյութական և բնապահպանական հետևանքների մասին:
2. ՀՏԿ-ի անվտանգության վերլուծությունը և գնահատումը
2.1. ՀՏԿ-ի անվտանգության վերլուծության ելակետային նյութերը և բնօրինակային տվյալները`
ա) ՀՏԿ-ի հայտարարագրի կազմմանը նախորդող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի կողմից կառուցվածքների զննման արդյունքների ամփոփ վերլուծությունը (այդ թվում` արտաքին խախտումների, ճեղքերի, իջվածքների, շեպերի սողքի առկայություն և այլն): Տեղի ունեցած վթարների վերլուծությունը, ՀՏԿ-ի անվտանգության ապահովման, պլանավորված և չիրականացված միջոցառումները (զննման ակտերը նշվում են որպես հայտարարագրի հավելված),
բ) ՀՏԿ-ի նախագծում կիրառված կոնստրուկտորական լուծումների, հաշվային մեթոդների համապատասխանությունը գործող նորմերին և կանոններին,
գ) ՀՏԿ-ի հայտարարագրի մշակման ժամանակ կառուցվածքի հիմնատակի նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունների նկարագրությունը և դրանց համեմատությունը նախագծային տվյալների հետ (փաստացի ֆիզիկամեխանիկական ցուցանիշները որոշվում են հատուկ հետազոտությունների միջոցով` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ),
դ) տվյալներ ՀՏԿ-ի օգտագործման գործընթացում իրականացված դիտարկումների արդյունքում ստացված ճշտված բնական ազդեցությունների մասին,
ե) վերահսկող չափիչ-հսկիչ սարքերի և գործիքային դիտարկումների ցուցմունքները (ՀՏԿ-ի վիճակի մոնիտորինգի տվյալները` մակարդակները պիեզոմետրերում, ցամաքուրդների աշխատանքը, նիվելիրային չափումների արդյունքները (նստվածքներ, ճկվածքներ, սահքեր, լարումներ ամրաններում և այլն), այդ տվյալների համեմատությունը նախագծում և դրա հետազոտման աշխատանքներում ընդունված տվյալների հետ.
2.2. ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ցուցանիշները (ստուգողական հաշվարկների արդյունքները)`
ա) ՀՏԿ-ի անվտանգության հիդրավլիկական պայմանները (թողունակությունը, կառուցվածքի կատարի նիշն առավելագույն մակարդակի նկատմամբ, կատարի վրայից ջրթափի հավանականությունը կամ ՀՏԿ-ի համար այլ վտանգավոր հիդրավլիկական իրավիճակներ),
բ) ներքին և վերին բիեֆներում կառուցվածքի համար վտանգավոր ողողումների հավանականությունը,
գ) կառուցվածքների, կոնստրուկցիաների ամրացումների կայունությունը և ամրությունը,
դ) կառուցվածքների, հիմքերի ափին կից տարածքների ֆիլտրացիոն ամրությունը,
ե) դինամիկ և սեյսմիկ ազդեցությունների առկայությունը, եթե այդպիսիք կան, ՀՏԿ-ի անվտանգության ստուգման արդյունքները,
զ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ցուցանիշների համապատասխանությունը նորմատիվային ցուցանիշներին (կամ անվտանգության չափանիշներին).
2.3. վթարների նախապայման հանդիսացող գործոնների վերլուծությունը, ՀՏԿ-ի վթարի հնարավոր զարգացումը, դրանց վերլուծությունն ու հանրագումարային գնահատականը.
2.4. չափիչ-հսկիչ սարքերի և գործիքային չափումների սահմանային ցուցանիշները (վերահսկողության համակարգերը).
2.5. ՀՏԿ-ի վթարի համար հնարավոր ջրածածկման գոտիների (կուտակողների համար` լրացուցիչ, շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության գոտիների սահմանները) և երկրորդական խոցելի գործոնների ազդեցության գոտիների սահմանները, եթե այդպիսիք կարող են ի հայտ գալ, ռիսկի ենթակա բնակչության հնարավոր թվի ու արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում հնարավոր վնասի չափի գնահատականները.
2.6. ՀՏԿ-ի հուսալիության բարձրացման (արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի իջեցման) համար տեխնիկական առաջադրանքները.
2.7. տվյալներ օգտագործող կազմակերպության պատրաստվածության ապահովման մասին` վթարային իրավիճակների, վտանգավոր վնասվածքների տեղայնացման և վերացման համար.
2.8. ՀՏԿ-ի անվտանգությունը և օգտագործման հուսալիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի վերահսկման ցուցանիշները և ցանկը,
բ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի արտաքին զննման ու գործիքային հսկողության կազմակերպման գնահատականի և կիրառվող տեխնիկական հսկողության միջոցների վերաբերյալ,
գ) օբյեկտում առկա փաստաթղթերի ցանկը, որոնք կանոնակարգում են ՀՏԿ-ի անվտանգությունն ապահովող պահանջները, պլանավորվող և իրականացվող միջոցառումներն ու տիպային կոնստրուկտորատեխնոլոգիական լուծումները` վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակների զարգացումները կանխելու համար,
դ) օբյեկտում առկա շինարարական նյութերի պաշարների, հորատող տեխնիկայի, ավտոտրանսպորտի, ջրասուզման միջոցների և այլ անհրաժեշտ կահավորանքի առկայության (ուղղված կառուցվածքում վթարային իրադրության և վնասվածքների օպերատիվ վերացմանը) վերաբերյալ,
ե) ՀՏԿ-ի տարածքում ճանապարհների, կամուրջների մոտեցնող ուղիների վիճակի վերաբերյալ,
զ) վթարային փրկարար ծառայության առկայության և պատրաստվածության, ինչպես նաև վթարի կամ արտակարգ իրավիճակի դեպքում, փրկարար ծառայության գործողության հաստատված կարգի և դրա անձնակազմի թվի վերաբերյալ,
է) մերձակա տարածքում գոյություն ունեցող նյութատեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ.
2.9. տվյալներ պատասխանատվության ֆինանսական ապահովվածության մասին` ՀՏԿ-ի վթարի արդյունքում հնարավոր պատճառված վնասի համար, որոնք պետք է պարունակեն`
ա) վթարի արդյունքում հնարավոր առավելագույն վնասի գնահատականը,
բ) պատճառված վնասի պատասխանատվության ֆինանսական (գույքային) ապահովության չափը և աղբյուրները, այդ թվում` սեփականատիրոջ միջոցների և գույքի հաշվին կամ շահագործող կազմակերպության գրավի և (կամ) ապահովագրական գումարների հաշվին,
գ) ապահովագրական տվյալները, այդ թվում` ապահովագրողի անվանումը և կազմակերպության հասցեն, ապահովագրման տեսակը,
դ) եթե ռիսկի ապահովագրումը սեփականատիրոջ կողմից չի երաշխավորվում, ապա հայտարարագրում նշվում է սեփականատիրոջ պատասխանատվության ֆինանսական ապահովագրության ճեղքվածքի ծավալը:
3. Փորձաքննության եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջները
3.1. փորձաքննության եզրակացությունը պետք է լինի օբյեկտիվ, ապացուցելի և փաստարկված: Հետևությունները պետք է լինեն միանշանակ: ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի բաժինների քննությունն ու դիտողություններն ուղեկցվում են ՀՏԿ-ի անվտանգության, արտակարգ իրավիճակների տեղայնացման և վերացման, արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառներում օրենսդրական ակտերի և նորմատիվային փաստաթղթերի կոնկրետ պահանջներին համապատասխան.
3.2. փորձաքննության անցկացման ժամանակ քննարկվում են հայտարարագրի բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնց անվանումներն ու համարները պարտադիր նշվում են.
3.3. փորձաքննության եզրակացությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) փորձաքննության եզրակացության անվանումը (նշելով հայտարարագրի լրիվ անվանումը),
բ) փորձաքննությանը ներկայացված նյութի հակիրճ բնութագիրը,
գ) ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ներկայացնող (հայտարարագրողի) և կազմող անձանց անվանումները,
դ) հայտարարագրվող օբյեկտի հակիրճ բնութագիրն ու նշանակությունը,
ե) հայտարարագրի բոլոր բաժինների և կետերի մասին,
զ) ՀՏԿ-ի վտանգների աստիճանի մասին,
է) գործող նորմերի և կանոնների պահանջներին ձեռնարկված անվտանգության ապահովման միջոցառումների բավարարության և համապատասխանության մասին,
ը) հայտարարագրվող ՀՏԿ-ի անվտանգության ապահովման միջոցառումների մասին.
3.4. ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին տեղեկությունների մասնագիտական փորձաքննություն իրականացնելիս անհրաժեշտ է`
ա) գնահատել վտանգների ու ռիսկի քննության այն մեթոդների կիրառման հիմնավորվածությունը, որոնք օգտագործվում են հայտարարագրի մշակման ժամանակ,
բ) հայտնաբերել վտանգների և ռիսկի քննության ժամանակ կատարված հաշվարկների ու փորձագիտական գնահատականների ամբողջականությունը, հավաստիությունը, ինչպես նաև ՀՏԿ-ի անվտանգության վրա ազդող բոլոր գործոնները հաշվի առնելու աստիճանը,
գ) նշել հաշվարկների համար ավելի հավաստի ելակետային տեղեկությունների աղբյուրները.
3.5. փորձաքննության եզրակացության մեջ ներկայացվում են տվյալներ նորմատիվային-իրավական ակտերին համապատասխանության մասին.
3.6. հետևությունները ներառում են հետևյալ կետերի պարտադիր գնահատականը`
ա) ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը և ճշտությունը,
բ) ՀՏԿ-ի անվտանգության, արտակարգ իրավիճակների տեղայնացման և վերացման, արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառում գործող նորմերին և կանոններին շահագործման պայմանների համապատասխանությունը.
3.7. փորձաքննությունն իրականացնող անձը ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում փորձաքննության եզրակացությունը` վավերացված այն իրականացնող անձի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:
4. Հնարավոր վթարների մասին տեղեկատվություն ապահովելու կարգը
4.1. տեղեկատվությունն ընդգրկում է տվյալներ`
i
ա) բնակչությանը, ջրային համակարգերի կառավարման մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին (ում տարածքում գտնվում է ՀՏԿ-ն), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` կառուցվածքներում հնարավոր և ստեղծված արտակարգ իրավիճակների վերաբերյալ` ընդունված տեղեկատվության տրամադրման կարգի մասին,
բ) արտակարգ իրավիճակի առաջացման վերաբերյալ տեղեկատվական համակարգի առկայության, դրանց աշխատանքի պատրաստ ու բավարար լինելու մասին, ինչպես նաև դրանց գնահատականը և լրացուցիչ պահանջներ արտակարգ իրավիճակի դեպքում զանգվածային տեղեկատվական միջոցների ներգրավման վերաբերյալ:
(4.1-ին կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
5. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրին կցվող հավելվածները
5.1. ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրին կցվում են հետևյալ հավելվածները`
ա) ՀՏԿ-ի զննման ակտերը,
բ) ՀՏԿ-ի տեղաբաշխման պլանը և կից տարածքները, որոնք պատվարի և կառուցվածքների ճնշումային ճակատների ճեղքման դեպքում ընկնում են ջրածածկման գոտի,
գ) հիմնական ծրագրերն ըստ կառուցվածքների`
գլխավոր հատակագիծը,
հիմնական ՀՏԿ-ների և դրանց հիմքերի երկայնակի և լայնակի բնորոշ կտրվածքները,
դ) ՀՏԿ-ի վրա չափիչ-ստուգիչ սարքերի և դիտման կետերի տեղադրման սխեմաները,
ե) ՀՏԿ-ի անվտանգության ցուցանիշների վերլուծության համար անհրաժեշտ, հիդրավլիկական, ամրության, ֆիլտրացիոն և այլ ստուգողական հաշվարկների արդյունքները,
զ) կատարված հետազոտական, երկրաբանական հանույթների, հատուկ հետազոտությունների և այլ նյութեր, եթե նման հետազոտությունները կատարվել են ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի մշակման ժամանակ: