Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ Հ ...

 

26.04.2024 -

 

040.0597.160512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 686-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 01.04.2021 թիվ 469-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 597-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և ընդունելության քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում ոստիկանական և արտակարգ իրավիճակների պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մրցույթի անցկացման գործընթացի վրա:

3. Բուհերի առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետ` ցանկ) համաձայն:

4. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների (կրթական ծրագրերի)` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) հաստատած տեղերի:

5. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

6. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

7. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:

8. Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը:

9. Ընդունելության քննություններն են`

1) միասնական և ներբուհական.

2) Տավուշի մարզում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընթացքում փորձարարական միասնական և

3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների համար):

(9-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

9.1. Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները 2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը` «Այբ» կրթական հիմնադրամը:

(9.1-ին կետը լրաց. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

10. Դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ`

1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին.

2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին.

3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին:

(10-րդ կետի դրույթներն ուժի մեջ է 01.09.2022 թվականից` 07.04.2022 թիվ 476-Ն, 25.04.2024 թիվ 579-Ն որոշումներ)

10.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով:

(10.1-ին կետը լրաց. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

11. Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով:

(11-րդ կետի դրույթներն ուժի մեջ է 01.09.2022 թվականից` 07.04.2022 թիվ 476-Ն որոշում)

12. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:

12.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության փորձարարական միասնական քննություններն անցկացվում են հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ գրավոր թեստերով:

(12.1-ին կետը լրաց. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

13. Միասնական քննությունների առարկաների հայտագրումը, քննությունների անցկացումը և մասնագիտությունների հայտագրումն իրականացվում են երեք փուլով:

14. Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է`

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունվարին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը:

(14-րդ կետի դրույթներն ուժի մեջ է 01.09.2022 թվականից` 07.04.2022 թիվ 476-Ն որոշում)

15. Միասնական քննությունների հայտագրման, քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլն ընդգրկում է`

1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող, ինչպես նաև նախորդ տարիների, այդ թվում` օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը:

(15-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

15.1. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրած հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտը, միասնական քննություններ չհանձնելու դեպքում, մասնագիտության հայտագրումն իրականացնում է սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված ժամկետներում:

(15.1-ին կետը լրաց. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

16. Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլն ընդգրկում է`

1) տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ընթացիկ ուսումնական տարում ավարտած կամ ավարտող դիմորդները, մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը զորացրված կամ զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը:

(16-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

17. Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:

(17-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

18. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի համար` 150 րոպե:

19. Բուհեր ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

20. Ներբուհական են`

1) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) և «101401.00.6 Սպորտ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» (»021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում») մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

9) Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

11) Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

13) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները.

17) Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» և «073101.00.6 Ճարտարապետություն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները:

21. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 20-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ԳԹԿ-ն:

22. Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով` տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

23. Առաջին փուլի միասնական քննությունների առարկայական դիմում-հայտերը (այսուհետ` առարկայական դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդն առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի կայքում դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը` մինչև ժամը 18:00-ն, լրացնում է առարկայական դիմում-հայտ: Առարկայական դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա դեկտեմբերի 5-ից առնվազն երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են առարկայական դիմում-հայտերի ընդունումը սկսելու և ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների, տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների` տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առարկայական դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն.

4) դիմորդն առարկայական դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

5) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների, տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների` տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առարկայական դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

6) դիմորդն առաջին փուլի միասնական քննության առարկայական դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

24. Առաջին փուլի մասնագիտության դիմում-հայտերը, երկրորդ փուլի միասնական քննությունների և մասնագիտությունների հայտերը, ներբուհական քննությունների և մասնագիտությունների հայտերը (այսուհետ` ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդը ներբուհական կամ երկրորդ փուլի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը` մինչև ժամը 18:00-ն, լրացնում է ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների` ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

5) դիմորդն ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար.

6) ընդունելության դիմում-հայտ լրացնելու ընթացքում դիմորդն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դպրոցի օժանդակությունից.

7) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

8) դիմորդը քննության ընդունելության դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում երկրորդ և երրորդ փուլերի յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը.

9) նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում:

25. Առարկայական կամ ընդունելության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) առարկայական կամ ընդունելության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է դիմորդների ցուցակները` ըստ քննական առարկաների և կենտրոնների.

2) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն առաջին և երկրորդ փուլերի միասնական քննությունների մեկնարկից առնվազն հինգ, իսկ երրորդ փուլի միասնական քննությունների մեկնարկից մեկ օր առաջ ուղարկում է դպրոցներ կամ էլեկտրոնային եղանակով` դիմորդին: Ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին անցաթուղթը տրամադրում է բուհը.

3) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

4) դիմորդն անցաթուղթը կարող է ստանալ նաև այն դպրոցից, որտեղից ստացել է ԳԹԿ անձնական համար: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

26. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով ԳԹԿ-ն կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատություն:

27. Երրորդ փուլի միասնական քննությունների և երկրորդ փուլի մասնագիտության դիմում-հայտերը (այսուհետ` դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները երրորդ փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17:00-ն, լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց` անձնական համար ստանալու: Երրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:

28. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

29. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել`

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:

30. Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողին տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունը և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը` մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկան և մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 80-րդ կետով սահմանված արտոնությունից:

31. Բուհի ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

32. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

33. Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

1) սույն կարգի 73-րդ և 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.

2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում.

4) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

34. Սույն կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

35. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնում են իրենց ընդունելության դիմում-հայտում և մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ն ուղարկում ԳԹԿ:

36. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում ԳԹԿ-Ն դիմորդին միասնական քննությունների երկրորդ և երրորդ փուլերից հետո տալիս է վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

37. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը կարող է հաջորդ տարի վերահանձնել և մասնակցել տվյալ տարվա մրցույթին ավելի բարձր գնահատականով:

38. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին և երկրորդ (լրացուցիչ) մրցույթների համար:

39. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի` մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

40. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)», «023201.09.6 Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրերի)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն (»023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայից:

41. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

42. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

43. «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

44. Սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

 

III. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

45. Առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից` մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 25-ը` մինչև ժամը 17:00-ն, իսկ միասնական քննությունների հայտագրման երկրորդ և մասնագիտությունների հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը` մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը ժամը 17:00-ն:

(45-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 579-Ն որոշում)

46. Միասնական քննությունների հայտագրման երրորդ և մասնագիտությունների հայտագրման երկրորդ փուլի դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարվել` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն:

 

IV. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿՈՐՑՐԱԾ ԱՆՑԱԹՂԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

47. Դիմորդը միասնական քննության անցաթուղթը կորցնելու մասին առցանց եղանակով տեղեկացնում է ԳԹԿ-ին, ներբուհական քննության անցաթղթի դեպքում` համապատասխան բուհին:

48. ԳԹԿ-ն և բուհը, համապատասխանաբար, 24 ժամվա ընթացքում դիմորդին տալիս են նոր անցաթուղթ:

49. Եթե անցաթուղթը կորել է քննության օրը կամ տվյալ առարկայի քննությունների վերջին օրը, ապա անցաթուղթը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի և բուհի տվյալների բազայի հիման վրա:

 

V. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 597-Ն
Որոշում