Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԱՐԹՈՒՐ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԿՅԱՆԻ (ԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0046/06/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                  

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    22 ապրիլի 2022 թվական                      ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 59104215 քրեական գործը:

i

1.1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս.Սամվելյանի` 2016 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Արթուր Ռոբերտի Գևորկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.2. 2016 թվականի փետրվարի 23-ին նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (ծնված 1973 թվականի մայիսի 9-ին, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

1.3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Արթուր Գևորկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով, կալանքի սկիզբը հաշվվել է մեղադրյալին արգելանքի վերցնելու պահից:

1.4. 2016 թվականի ապրիլի 8-ին Արթուր Գևորկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխվել է և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

1.5. 2016 թվականի ապրիլի 12-ին թիվ 59104215 քրեական գործից անջատվել է այլ անձանց վերաբերյալ գործի մասը, որին շնորհվել է 59102216 հերթական համարը:

1.6. 2016 թվականի մայիսի 16-ին թիվ 59104215 քրեական գործով վարույթը կասեցվել է:

1.7. 2020 թվականի հոկտեմբերի 16-ին նախաքննության մարմինը գրություն է ստացել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնից, համաձայն որի` ուղարկվում է թիվ 59104215 քրեական գործով հետախուզվող Արթուր Ռաֆայելի Նժդեհը (նույն ինքը` Արթուր Ռոբերտի Գևորկյանը) և վերջինիս վերաբերյալ նախապատրաստված նյութերը:

Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Ռոբերտի Գևորկյանը Ռուսաստանի Դաշնությունում փոխել է իր կենսագրական տվյալները և ներկայումս նրա անձնագրային կենսագրական տվյալներն են` Արթուր Ռաֆայելի Նժդեհ:

1.8. 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Արթուր Ռոբերտի Գևորկյանին (Արթուր Ռաֆայելի Նժդեհին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2. 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ճանճապանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Արթուր Ռաֆայելի Նժդեհի (Արթուր Ռոբերտի Գևորկյանի) ներկայությամբ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը կրկնակի քննության առնելու մասին:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

4. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ա.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է` մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Արթուր Ռոբերտի Գևորկյանը (Արթուր Ռաֆայելի Նժդեհը) ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ «նա 2014 թվականի սեպտեմբերի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Կարեն Հովհաննիսյանի և ոմն Գագոյի կողմից Պետրոս Պետրոսյանին հոր` ՌԴ Ռոստովի մարզի Կրասնասուլինսկի շրջանի Գրաչի գյուղի Գագարինի փողոցի 4-րդ շենքի 2-րդ բնակարանից առևանգելուց հետո, և Կարեն Հովհաննիսյանի կողմից ՌԴ Կրասնոդարի երկրամասում վարձակալած առանձնատանը պահելու ընթացքում Կարեն Հովհաննիսյանի հետ միասին նախնական համաձայնությամբ Պետրոս Պետրոսյանին ներկայացրել է առանձնապես խոշոր չափերով` 28.476.000-32.544.000 ՀՀ դրամին համարժեք 70-80.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ, որը զուգորդվել է Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` Պետրոս Պետրոսյանի փախուստը կանխելու նպատակով իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս ձախ նստատեղի շրջանին և պատճառել առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Մի քանի օր անց Պետրոս Պետրոսյանը փախել է նշված առանձնատնից:

Դրանից հետո, Արթուր Գևորկյանը Պետրոս Պետրոսյանին առևանգելու նպատակով նախնական համաձայնության գալով իր ընկերոջ` Կարեն Հովհաննիսյանի և Արսեն Պետրոսյանի հետ, 2015 թվականի նոյեմբերի 22-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գործող «Արևելյան խոհանոց» կոչվող սրճարանի դիմաց հանդիպել է Պետրոս Պետրոսյանին, նստել վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի 60 LS 060 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ապա, Պետրոս Պետրոսյանի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու, այն է` ավտոմեքենան չնստելու դեպքում ծեծելով տեղափոխելու և սպանելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով, նրան, իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, ժամանակավոր տեղափոխել է այլ վայր` Արարատի մարզի Նորմարգ գյուղի` Արսեն Պետրոսյանի կողմից տրամադրված, նրան պատկանող ձկնաբուծարանի տարածքում գտնվող տնակ, ապա` այնտեղ պահելով, ապօրինի զրկել է ազատությունից` այդ կերպ առևանգելով նրան:

Այդ ընթացքում Արթուր Գևորկյանը, Կարեն Հովհաննիսյանը, իսկ այնուհետև նշված ձկնաբուծարան ժամանած Սերոբ Հովհաննիսյանը Պետրոս Պետրոսյանին ներկայացրել են դեռևս 2014 թվականի սեպտեմբերի սկզբին ներկայացված առանձնապես խոշոր չափերով` այս անգամ ընդհանուր 37.872.000-47.640.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 80-100.000 ԱՄՆ դոլար գումար կամ դրան համարժեք գույք հանձնելու պահանջ, որը զուգորդվել է Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, այն է` պահանջը չկատարելու դեպքում սպանելու, Արաքս գետը նետելու սպառնալիքով: Այդ ողջ ընթացքում Արթուր Գևորկյանն իրականացրել է շուրջօրյա հսկողություն` Պետրոս Պետրոսյանի կողմից գույքային պահանջը կատարելու դեպքում բաց թողնելու պայմանով»(1):

____________________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 76-77:

 

7. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արձանագրել է. «(...) ներկայացված փաստական տվյալները ողջամտորեն տեղեկություններ են պարունակում առ այն, որ մեղադրյալ Արթուր Ռաֆայելի Նժդեհը (նույն ինքը` Արթուր Ռոբերտի Գևորկյանը) առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարմանը:

(...)

Այսպիսով, դատարանը փաստում է, որ գործի քննության ներկա փուլում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունների կատարմանը, որոնք առերևույթ համապատասխանում են նրան մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Անդրադառնալով կալանքի հիմքերի առկայության հարցին, ուսումնասիրելով խափանման միջոցն ընտրելու միջնորդությանը կից ներկայացված նյութերը, հաշվի առնելով քննիչի, պաշտպանների, մեղադրյալի կողմից բերված պատճառաբանությունները, գնահատելով սույն գործի փաստական բոլոր հանգամանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թեև ներկայացված նյութերում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Արթուր Ռաֆայելի Նժդեհը (նույն ինքը` Արթուր Ռոբերտի Գևորկյանը) հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքների կատարմանը, վերլուծելով սույն գործի փաստական բոլոր հանգամանքները` դատարանը, սակայն, գտնում է, որ առկա չեն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ նշված հիմքերը:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը մինչդատական վարույթում խոչընդոտելու հիմքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հիմնավորումների կապակցությամբ դատարանն արձանագրում է հետևյալը.

- միջնորդությամբ, դրան կից նյութերում առկա տեղեկությունները և քննիչի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն փաստելու, որ առկա է ողջամիտ և իրական հնարավորություն, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, հնարավոր է հարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ձևով գործի քննությանը խոչընդոտի` այդ թվում նաև տուժող Պ.Պետրոսյանի մասով, որն արդեն իսկ հարցաքննվել է և վերջինս անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 05.02.2016թ. արձանագրությամբ մատնացույց է արել Արթուր Գևորկյանին, որպես ենթադրյալ հանցանք կատարող անձի:

- բացի այդ, դատարանն արձանագրում է, որ 2015թ. քրեական գործ հարուցելուց հետո մինչ այս պահը, Արթուր Ռաֆայելի Նժդեհի (Արթուր Ռոբերտի Գևորկյանի) կողմից քրեական դատավարության մասնակցող անձանց (այդ թվում նաև տուժողի) վրա անօրինական ազդեցություն գործադրելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեն այն մասին, որ սույն գործի քննության շուրջ 5 տարվա ընթացքում մեղադրյալը որևէ կերպ փորձել է ազդել դատավարության մասնակիցների, այդ թվում նաև` տուժող Պ.Պետրոսյանի վրա:

Հետևաբար` դատարանը գտնում է, որ կալանավորման նշված հիմքը բացակայում է:

Անդրադառնալով միջնորդությամբ նշված կալանավորման մյուս հիմքի` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հարցին` դատարանը փաստում է, որ չնայած մեղադրյալը 2015 թ.-ից գտնվել է ՌԴ-ում, որտեղ և մշտապես բնակվում է, փաստացի չի գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ` թեև հետագայում տեղեկացված է եղել իր վերաբերյալ ՀՀ-ում քննվող քրեական գործի մասին, սակայն, հաշվի առնելով մեղադրյալի անձի հայտնի լինելը, ՀՀ-ում բնակության վայր ունենալը (Կոտայքի մարզի Առինջ գյուղի 10-րդ փողոցի 6-րդ տուն հասցեում), նրա դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ տեղեկացված լինելով իր նկատմամբ ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացվող քրեական հետապնդման մասին` վերադարձել է Հայաստան` դատարանը գտնում է, որ դրանք էականորեն նվազեցնում են մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, և նման պայմաններում դատարանի համոզմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառմամբ` որպիսի հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Վերոգրյալի հիման վրա` դատարանը հանգում է հետևության, որ սույն գործով անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ նշված հիմքերը բացակայում են, հետևաբար` միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: (...)»(2):

____________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 118-128:

 

8. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշման համաձայն` «(...) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը, և իրավացիորեն արձանագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրյալին վերագրվող հանցավոր արարքները նրա կողմից կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ քննիչի ենթադրություններն այն մասին, որ ազատության մեջ լինելու պայմաններում մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ըստ էության առարկայական չեն, չեն բխում դատարան ներկայացված ապացույցներից ու նյութերից, հետևաբար չեն կարող նաև դրվել անձի կալանավորման հիմքում: Այս առումով վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները պատճառաբանված են, իսկ նախաքննական մարմնի միջնորդության մեջ մատնանշված` մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) հավանական ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ենթադրություններն ու մտավախությունները գործի փաստական հանգամանքներով չեն հաստատվում:

(...)

Անդրադառնալով (...) բողոքում բերված մյուս պատճառաբանությանը կապված նրա հետ, որ Արթուր Գևորկյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել քրեական գործով անցնող անձանց վրա, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի քննության մոտ 5 տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը նման որևէ փաստ չի արձանագրել, (...):

Ինչ վերաբերվում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, որ Երևան քաղաքի իրավասության դատարանը քննիչի միջնորդությունը մերժելիս հաշվի չի առել մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանին (Արթուր Ռաֆայելի Նժդեհին) վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ապա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ առումով նույնպես դատարանի որոշումը պատճառաբանված է և մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին հիմք չի կարող հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար:

Մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեադատավարական օրենսդրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջների խախտում թույլ չի տրվել: (...)»(3):

____________________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 164-167:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 135-րդ հոդվածների պահանջները, Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված հետևություններն անհիմն են և չեն բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

10. Բողոքաբերն ընդգծել է, որ սույն գործով ձեռք բերված փաստական տվյալներն առավել քան բավարար են հաստատված համարելու մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) կողմից քննությունից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Հիշյալ դիրքորոշումը, ըստ բողոքաբերի, պայմանավորված է մի շարք օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքներով: Մասնավորապես. թեև նախաքննությունը նույն փաստի կապակցությամբ այլ անձանց մասով ավարտվել է, սակայն սույն քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է, և մեծ է հավանականությունը, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ հարցաքննելու արդեն իսկ հարցաքննված անձանց կամ կատարելու նրանց մասնակցությամբ այլ քննչական գործողություններ, անհրաժեշտություն կարող է առաջանալ հարցաքննելու դեռևս չհարցաքննված անձանց, որի արդյունքում ակնկալվող օբյեկտիվ փաստական տվյալների ստացման համար բարձր է հավանականությունը, որ մեղադրյալը, հաշվի առնելով վերջինիս մեղսագրվող արարքների համար քրեական օրենքով նախատեսված ակնկալվող պատիժների խստությունը, կարող է գործով անցնող և արդեն իսկ հարցաքննված անձանց (այդ թվում` տուժողի) վրա անօրինական ազդեցություն գործադրել` վերջիններիս կողմից իր համար շահեկան ցուցմունքներ տալու համար: Մինչդեռ սույն դեպքում ստորադաս դատարանները մակերեսային վերլուծությունների արդյունքում կատարել են ոչ իրավաչափ եզրահանգումներ` կալանավորման նշված հիմքի առկայության առնչությամբ:

11. Բողոքաբերն ընդգծել է, որ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանը, հաստատապես իմանալով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, Ռուսաստանի Դաշնությունում փոխել է իր անձնական տվյալները` Արթուր Ռաֆայելի Նժդեհի, ինչն արդեն իսկ վառ ապացույց է այն բանի, որ նա այդ կերպ փորձել է թաքնվել քննությունից` տարիներ շարունակ մնալով ազատության մեջ:

12. Բողոքաբերը նշել է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի` մեղսագրվող հանցանքի ծանրությունը և, հետևաբար, նաև ակնկալվող պատժի խստությունը, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր են, իսկ սույն դեպքում մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարքների համար որպես պատժատեսակ նախատեսված է միայն ազատազրկում` համապատասխանաբար 4-ից 8 և 6-ից 10 տարի ժամկետներով, ինչը, ինքնին, մեծացնում է մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:

12.1. Բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Արթուր Գևորկյանի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է նրա փաստացի վարքագծից` վերջինս տևական ժամանակ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, գտնվել է հետախուզման մեջ, որպիսի պայմաններում, ներկայումս ակնկալվող քրեական պատասխանատվության ենթարկվելու իրական սպառնալիքի ներքո, մեղադրյալ Արթուր Գևորկյանը կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

12.2. Նշվածից զատ, բողոքաբերն ուշադրության արժանի է համարել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալն ունենալով այլ պետության քաղաքացիություն և տարիներ շարունակ բնակվելով արտերկրում, ողջամտորեն ենթադրելի է, որ արտերկրում ունի ամուր կապեր, որպիսի հանգամանքը բարձրացնում է հավանական ռիսկն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ, այն է` բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը և բավարարել մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

15. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (...)»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...) գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»:

i

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (...)»:

15.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով(4):

____________________________

i

4) Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

 

15.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»(5):

____________________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Արթուր Գևորկյանին (Արթուր Նժդեհին) ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել` (ա) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու դա գործադրելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով մարդուն առևանգելու համար, (բ) առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար(6),

____________________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ գտել է, որ թեև ներկայացված նյութերում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Արթուր Ռաֆայելի Նժդեհը (նույն ինքը` Արթուր Ռոբերտի Գևորկյանը) հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքների կատարմանը, սակայն առկա չեն կալանավորման հիմքերը: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ քննիչի միջնորդությանը կից նյութերում առկա տեղեկությունները և քննիչի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն փաստելու, որ առկա է ողջամիտ և իրական հնարավորություն, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, հնարավոր է, որ հարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ձևով խոչընդոտի գործի քննությանը: Անդրադառնալով միջնորդությամբ նշված կալանավորման մյուս հիմքին` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելուն` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ չնայած մեղադրյալը 2015 թվականից գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և փաստացի չի գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, այդուհանդերձ, հաշվի առնելով մեղադրյալի անձի հայտնի լինելը, Հայաստանի Հանրապետությունում բնակության վայր ունենալը, նրա դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ տեղեկացված լինելով իր նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քրեական հետապնդման մասին` վերադարձել է Հայաստան, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դրանք էականորեն նվազեցնում են մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, և նման պայմաններում դատարանի համոզմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառմամբ(7),

____________________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից օրենքի խախտում թույլ չի տրվել, Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները պատճառաբանված են, իսկ նախաքննական մարմնի միջնորդության մեջ մատնանշված` մեղադրյալ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) հավանական ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ենթադրություններն ու մտավախությունները գործի փաստական հանգամանքներով չեն հաստատվում(8):

____________________________

8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ:

17.1. Նախ և առաջ, Վերաքննիչ դատարանը գնահատման չի ենթարկել այն, որ Արթուր Գևորկյանը (Արթուր Նժդեհը) տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ և գործուն ջանքեր է գործադրել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ուղղությամբ: Մասնավորապես, ըստ գործի նյութերի` մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանը, հաստատապես իմանալով Հայաստանի Հանրապետությունում իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, Ռուսաստանի Դաշնությունում փոխել է իր անձնական տվյալները Արթուր Ռաֆայելի Նժդեհի, այդ կերպ փորձելով թաքնվել քննությունից` տարիներ շարունակ մնալով ազատության մեջ: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ դեռևս 2016 թվականի փետրվարի 23-ից Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Արթուր Ռոբերտի Գևորկյանը Հայաստան է ժամանել 2020 թվականի հոկտեմբերին` որպես Արթուր Ռաֆայելի Նժդեհ: Ընդ որում` այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ռոբերտի Գևորկյանը, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարզել են Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների օգնությամբ, այլ ոչ թե այդ մասին հայտնել է Արթուր Ռաֆայելի Նժդեհը, ուստի հիմնազուրկ են ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ իր նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քրեական հետապնդման մասին տեղյակ լինելով հանդերձ Հայաստան վերադառնալն էականորեն նվազեցնում է մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը և նման պայմաններում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, նշվածն ուներ առանցքային նշանակություն` ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս:

17.2. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ մեղադրյալն ունենալով այլ պետության քաղաքացիություն և տարիներ շարունակ բնակվելով արտերկրում, ողջամտորեն ենթադրելի է, որ արտերկրում ունի ամուր կապեր, որպիսի հանգամանքը բարձրացնում է հավանական ռիսկն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

17.3. Ուստի, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ստորադաս դատարանները, Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս համակողմանի գնահատման չեն ենթարկել մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկերը:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը, պատշաճ վերլուծության չեն ենթարկել նրան մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել մեղադրյալ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի)` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության մասին, ինչը չէր կարող չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Գևորկյանի (Արթուր Նժդեհի) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

i

19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը, մի կողմից` սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից` ապահովելով անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, դատական վերանայման սահմանների վերընթաց նվազման սկզբունքի հաշվառմամբ գտնում է, որ գործը պետք է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` կալանավորման հիմքերի մասով նոր քննության(9):

____________________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 29:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արթուր Ռոբերտի Գևորկյանի (Արթուր Ռաֆայելի Նժդեհի) վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2022
N ԵԿԴ/0046/06/16
Որոշում