ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԿԴ/5028/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5028/02/17 2021 թ.
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ` Ա. Մխիթարյան
Գ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի հոկտեմբերի 1-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արտյոմ և Հրաչ Օհանյանների ընդդեմ «Կենտրոն-1» համատիրության (այսուհետ` Համատիրություն)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ և Հրաչ Օհանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Մաշտոցի պող., 5գ շենքի նկուղի նկատմամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան, դատավորներ Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) 31.05.2019 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2020 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.05.2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով կրկին վճռաբեկ բողոք է բերել Արտյոմ Օհանյանը (ներկայացուցիչ Մուրադ Ասրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասը, 368-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և 372-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 15.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի կարողացել ուղարկել հայցվորներին, ուստի նախագահող դատավորի աշխատակազմը հեռախոսային կապ է հաստատել հայցվորների ներկայացուցչի հետ և տեղեկացրել է, որ լիազորագրերի ժամկետները լրացել են:
Արտյոմ Օհանյանը 25.12.2020 թվականին ներկայացուցչին տրամադրել է իր անվամբ լիազորագիր և տեղեկացրել, որ հայրը` հայցվոր Հրաչ Օհանյանը, 16.11.2018 թվականին մահացել է:
Հաշվի առնելով նշված հանգամանքը` կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք միայն Արտյոմ Օհանյանի կողմից, և վերաքննիչ բողոքի պատճենը չի ուղարկվել Հրաչ Օհանյանին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի և 368-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի պատճենը բողոք բերող անձը պետք է ուղարկի գործին մասնակցող այն անձանց, ովքեր ողջ են:
Թեև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 10.07.2020 թվականի որոշմամբ վերականգնել է բողոքաբերի խախտված իրավունքը, սակայն Վերաքննիչ դատարանը ձևական նկատառումներով վերադարձրել է վերաքննիչ բողոքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ «բեկանել» Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը Դատարանի 07.03.2019 թվականի վճռի դեմ 29.04.2019 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշմամբ (հատոր 1, գ.թ. 111-112).
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2020 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է (հատոր 1, գ.թ. 195-206).
3) Վերաքննիչ դատարանի 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2, գ.թ. 5-6).
4) Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը 22.01.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին, ի թիվս այլնի, կցել է վերաքննիչ բողոքի պատճենը պատասխանողին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (հատոր 2, գ.թ. 25).
5) Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքի պատճենը համահայցվոր Հրաչ Օհանյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույց (հատոր 2, գ.թ. 31-33):
6) Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքին կից ներկայացված Հրաչ Սմբատի Օհանյանի մահվան մասին պետական գրանցման վկայականի համաձայն` վերջինս մահացել է 16.11.2018 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, մասնավորապես բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք կսահմանափակվի անձի` դատարանի մատչելիության իրավունքը, եթե անձի վրա դրվի այնպիսի պարտականություն, որն օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի է:
i
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
i
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց (...) ուղարկելու մասին ապացույցները:
Նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, ըստ էության, բողոք բերած անձին առաջադրվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը, եթե միայն նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է` սահմանելով ժամկետ` վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: 22.01.2021 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը բերվել է Արտյոմ Օհանյանի անունից: Բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից, ի թիվս այլնի, ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատճենը պատասխանողին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ: Բողոքարկվող որոշմամբ Արտյոմ Օհանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չի եղել վերաքննիչ բողոքի պատճենը համահայցվոր Հրաչ Օհանյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույց: Միաժամանակ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցով հաստատվում է այն փաստը, որ Հրաչ Օհանյանը մահացել է դեռևս 16.11.2018 թվականին (տե՛ս փաստ 6):
Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ Հրաչ Օհանյանի մահվան փաստը օբյեկտիվորեն անհնարին է դարձնում բողոքարկվող որոշմամբ բողոքաբերին առաջադրված պահանջի կատարումը:
i
Թեև Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը քննելիս չի տիրապետել Հրաչ Օհանյանի մահվան փաստին և բողոքաբերին առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածներից բխող իրավաչափ պահանջ, սակայն այդ պահանջը կատարելու փաստացի անհնարինության պարագայում բողոքաբերին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ` խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է` հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված լիազորությունը կիրառելու` Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 1 հոկտեմբերի 2021 թվական: