Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴԴԵՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 59109/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

31 մարտի 2015թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով`

Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]` նախագահող,

Լուիս Լոպես Գեռռա [Luis Lցpez Guerra],

Յան Շիկուտա [Jan Sikuta],

Դրագոլժուբ Պոպովիչ [Dragoljub Popovic],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ջոհաննես Սիլվիս [Johannes Silvis],

Յուլիա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc]` դատավորներ,

և Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2015 թվականի մարտի 10-ին տեղի ունեցած դռնփակ նիստում

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Վարույթը հարուցվել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանում գործող հասարակական կազմակերպության` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի (»դիմումատու կազմակերպություն») կողմից Հայաստանի Հանրապետության դեմ Դատարան ներկայացված գանգատի (թիվ 59109/08) հիման վրա:

2. Դիմումատու կազմակերպությունը ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ռ. Ռևազյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատու կազմակերպությունը, մասնավորապես, պնդել է, որ քաղաքապետի 2008 թվականի մայիսի 8-ի որոշմամբ խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը, և որ նա իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի ունեցել:

4. 2010 թվականի հունվարի 21-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դատավորի պաշտոնը ներկայում թափուր է, Դատարանի նախագահը որոշել է դատավոր Ջոհաննես Սիլվիսին նշանակել ժամանակավոր (ad hoc) դատավոր (Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոնի 2 (ա) կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատու կազմակերպությունը մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որը գտնվում է Երևանում:

6. 2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանության բաժնում մահացել է երրորդ անձ` Լ.Գ-ն, ով, թերևս, սպանության գործով քննությանը ներգրավված վկա էր: Պաշտոնական վարկածի համաձայն` Լ.Գ-ն մահացել էր` փորձելով փախչել ոստիկանության բաժնի երկրորդ հարկի պատուհանից դուրս թռչելու միջոցով: Պարզվել է, որ այս դեպքը Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող խմբերի և քաղաքացիական հասարակության շրջանում զայրույթի ալիք էր բարձրացրել:

7. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց հետևեցին հետընտրական զանգվածային հանրահավաքներ ու բողոքի ցույցեր, և իշխանության ու ընդդիմության կողմնակիցների միջև ստեղծվեց անելանելի վիճակ` հանգեցնելով բախումների և առնվազն տասը մարդու սպանության:

8. 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց արտակարգ դրություն 20-օրյա ժամկետով, որի ընթացքում արգելվեցին բոլոր հանրային հավաքները:

9. 2008 թվականի մայիսի 6-ին դիմումատու կազմակերպությունը դիմել էր Երևանի քաղաքապետին` իրազեկելով Լ.Գ-ի մահվան առաջին տարելիցին նվիրված սգո երթ անցկացնելու մտադրության մասին: Երթը պետք է տեղի ունենար մայիսի 12-ին` երեկոյան ժամը 8-ից մինչև 9:30: Այն պետք է մեկնարկեր Հանրապետության հրապարակից և շարունակվեր Նալբանդյան փողոցով դեպի ոստիկանության բաժին:

i

10. 2008 թվականի մայիսի 8-ին քաղաքապետը որոշում էր ընդունել ծրագրված միջոցառումն արգելելու մասին` հղում կատարելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի («Օրենք») 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին և 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին` նշելով, որ`

«ՀՀ ոստիկանության ... 2008 թվականի մայիսի 8-ի պաշտոնական եզրակացության համաձայն...` 2008 թվականի մարտի 1-ին անցկացված զանգվածային հրապարակային միջոցառումը վերածվել էր զանգվածային անկարգությունների` հանգեցնելով մարդկային զոհերի, և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցագործության հետ կապված բոլոր հանգամանքներն ու հանցագործություն կատարած անձինք չեն բացահայտվել, ինչպես նաև [միջոցառման ժամանակ] օգտագործված ամբողջ զենք-զինամթերքը, որի շրջանառությունը կարող է վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքի ու առողջության համար, չի հայտնաբերվել: Հետևաբար, նոր հանցագործություններն անհնար կլինի կանխել [խնդրո առարկա] զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացնելու դեպքում:

Ազգային անվտանգության ծառայության ...2008 թվականի մայիսի 7-ի պաշտոնական եզրակացության համաձայն...` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ունի հավաստի և ստուգված տվյալներ առ այն, որ խնդրո առարկա զանգվածային հրապարակային միջոցառումը թույլ տալը կհանգեցնի պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, ինչպես նաև սահմանադրական իրավունքների ու ազատությունների խախտումների և անկարգությունների ու [նոր] հանցագործությունների կատարմանը»:

11. 2008 թվականի մայիսի 12-ի նամակով սույն որոշումն ուղարկվել էր դիմումատու կազմակերպություն: Նույն օրը ոստիկանությունը, որը, թերևս, տեղեկացվել էր 2008 թվականի մայիսի 8-ի որոշման մասին, կանխել էր կազմակերպիչների կողմից ծրագրված միջոցառման անցկացումը:

12. 2008 թվականի մայիսի 13-ին դիմումատու կազմակերպությունը ստացել էր 2008 թվականի մայիսի 12-ի նամակը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենք (ուժի մեջ է եղել տվյալ ժամանակահատվածում)

13. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հրապարակային միջոցառման անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել, եթե առկա են հավաստի տվյալներ, որ այն ուղղված է սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ էթնիկ, ռասսայական կամ կրոնական ատելություն բորբոքելուն կամ բռնության կամ պատերազմի քարոզչությանը, կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների և հանցագործությունների կատարմանը կամ պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, կամ այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների խախտումների: Այդպիսի տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական հիմնավորված եզրակացություն: Նույն կարգով վերոնշյալ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման պարագայում: Այդպիսի եզրակացություն տրվում է նաև Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

14. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունները կանխելու նպատակով, եթե սպառվել են կանխման բոլոր մյուս միջոցները, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչ հանցագործության հանգամանքների ու հանցագործություն կատարած անձանց ինքնության բացահայտումը:

i

15. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:

16. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մտադրության մասին գրավոր իրազեկում են միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին կամ, հրապարակային միջոցառումը Երևանում անցկացնելու դեպքում` Երևանի քաղաքապետին, միջոցառումն անցկացնելու ծրագրված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ:

i

17. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:

18. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` իրազեկման քննարկման արդյունքում, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն և միջոցառումն անցկացվում է իրազեկման մեջ նշված վայրում և ժամին, եթե բացակայում են 13-րդ հոդվածում նշված հանգամանքները: Օրենքի 13-րդ հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:

19. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` լիազոր մարմինն իրազեկման քննարկման արդյունքում ընդունած իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին և ոստիկանություն, ինչպես նաև որոշումը փակցնում է լիազոր մարմնի` դրա համար նախատեսված և հանրության համար մատչելի ու տեսանելի տեղում: Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատասխան տեղում` մինչև իրազեկման մեջ նշված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման համար ծրագրված օրվա ժամը 18-ը:

20. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով անցկացնելու զանգվածային հրապարակային միջոցառումը:

21. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, երբ, inter alia, առկա են սույն Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը:

22. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշման մեջ պետք է հիմնավոր և հստակ շարադրվեն զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու պատճառները:

23. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

i

Բ. Վարչական դատավարության օրենսգիրք

24. Վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածների համաձայն` վարչական դատարան կարելի է ներկայացնել չորս տեսակի հայց` վիճարկման հայց, որով պահանջվում է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (66-րդ հոդված), պարտավորեցման հայց, որով պահանջվում է ընդունել բարենպաստ վարչական ակտ (67-րդ հոդված), գործողության կատարման հայց, որով պահանջվում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից (68-րդ հոդված) և ճանաչման հայց, որով պահանջվում է ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը (69-րդ հոդված): Ճանաչման հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ հայց ներկայացնել 66-68-րդ հոդվածների համաձայն: Այդպիսի հայցով կարելի է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է դրանում, այսինքն` ա) առկա է նմանատիպ ակտ ընդունելու կամ նմանատիպ գործողություններ կատարելու կամ նմանատիպ անգործության վտանգ. բ) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում կամ գ) հայցվորը նպատակ է հետապնդում վերականգնելու իր պատիվը, արժանապատվությունը կամ համբավը:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

25. Դիմումատու կազմակերպությունը բողոք էր ներկայացրել, որ քաղաքապետի սգո երթի անցկացման արգելքով խախտվել էր Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատության իր իրավունքը, համաձայն որի`

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության նպատակով արհմիություններ կազմելու և դրանց անդամակցելու իրավունքը:

2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության կամ պետական կառավարման մարմինների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ»:

 

Ա. Ընդունելիություն

1. Կողմերի փաստարկները

26. Կառավարությունը պնդել է, որ դիմումատու կազմակերպությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ իր իրավունքների խախտումը ճանաչելու նպատակով վարչական դատարան չի դիմել: Մասնավորապես, քաղաքապետարանի գործողությունը կամ անգործությունը կարող էր բողոքարկվել դատարան` համաձայն Վարչական [դատավարության] օրենսգրքի 68-րդ հոդվածի: Ուստի, դիմումատու կազմակերպությունը, հղում կատարելով Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասին, կարող էր վիճարկել քաղաքապետարանի անգործությունը, այսինքն` քաղաքապետի 2008 թվականի մայիսի 8-ի որոշման մասին կազմակերպիչներին անմիջապես չտեղեկացնելու հանգամանքը և քաղաքապետի որոշման մասին ծրագրված միջոցառման անցկացման օրվանից հետո կազմակերպությանը հայտնելու փաստը: Բողոքարկման այդ մեխանիզմն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց էր, որի միջոցով հնարավոր էր ճանաչել դիմումատու կազմակերպության իրավունքների խախտումը: Դիմումատու կազմակերպությունը, սակայն, չի հետևել այդ ընթացակարգին:

27. Դիմումատու կազմակերպությունը պնդել է, որ ներպետական պրակտիկայի համաձայն, վարչական դատարանը կանոնավոր կերպով մերժել է պետական մարմինների դեմ հավաքների ազատության իրավունքի խախտումը ճանաչելու պահանջով ներկայացված հայցադիմումների ընդունումը` Վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով թվարկված կատեգորիաներից որևէ մեկին չպատկանելու հիմքով: Եթե դիմումատու կազմակերպությունը սահմանված ժամկետում ծանուցված լիներ 2008 թվականի մայիսի 8-ի որոշման մասին, այն, Օրենքի դրույթների համաձայն, տվյալ որոշումը վարչական դատարանում վիճարկելու հնարավորություն կունենար, և դատարանը պարտավորված կլիներ 24 ժամվա ընթացքում որոշում կայացնել` այդպիսով ապահովելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Սակայն, քանի որ դիմումատու կազմակերպությունը որոշումն ստացել էր ծրագրված միջոցառումից հետո, դրանից հետո ներկայացված հայցադիմումը չէր կարող ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:

28. Ինչ վերաբերում է քաղաքապետարանի անգործությունը բողոքարկելուն, ապա այդպիսի հայցադիմումի ընդունումը նույնպես կմերժվեր, քանի որ վարչական մարմնի անգործության դեմ բերված հայցերը, եթե այդպիսի անգործությունը ցուցաբերվել է վերջնական վարչական ակտ ընդունելու ընթացքում, չի կարող լինել առանձին վիճարկման առարկա:

2. Դատարանի գնահատականը

29. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, ովքեր ցանկանում են գանգատ ներկայացնել պետության դեմ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին, օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից` դրանով իսկ պետություններին զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց, քանի դեռ նրանք հնարավորություն չեն ունեցել խնդիրն իրենց իրավական համակարգի միջոցով լուծելու: Այդ կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտագործի այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք հասանելի են և բավարար` ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար (տե՛ս Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):

30. Ավելին, 35-րդ հոդվածի համաձայն, իրավական պաշտպանության հասանելի և բավարար միջոցների առկայությունը պետք է ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում բավականաչափ որոշակի լինի, հակառակ դեպքում կհանգեցնի պահանջվող մատչելիության և արդյունավետության բացակայությանը (տե՛ս, մասնավորապես,Դե Յոնգը, Բալժեթը և Վան դեն Բրինկն ընդդեմ Նիդերլանդների, 1984 թվականի մայիսի 22, § 39, Սերիա Ա թիվ 77 և Վերնիլոն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թվականի փետրվարի 20, § 27, Սերիա Ա թիվ 198): Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հարցը բարձրացնող Կառավարության վրա է դրվում այն հանգամանքն ապացուցելու պարտականությունը, որ այդ միջոցը եղել է արդյունավետ և տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն եղել է մատչելի, դրա միջոցով հնարավոր է եղել հատուցում ստանալ դիմումատուի բողոքների մասով և ապահովվել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն (տե՛ս Ակդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների ժողովածու 1996/IV):

31. Սույն գործում Կառավարությունը նշել է, որ դիմումատու կազմակերպությունը պետք է վարչական դատարան բողոքարկած լիներ քաղաքապետարանի 2008 թվականի մայիսի 8-ի որոշման մասին իրեն չհայտնելու և սահմանված ժամկետում այդ որոշման պատճենը չհանձնելու հանգամանքը: Դիմումատու կազմակերպությունը չի արել դա և, հետևաբար, չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Դատարանը նշում է, սակայն, որ դիմումատու կազմակերպության բողոքը, ըստ էության, վերաբերում է քաղաքապետարանի կողմից երթի անցկացումն արգելելուն, այսինքն` 2008 թվականի մայիսի 8-ի որոշմանը, այլ ոչ թե սահմանված ժամկետում այդ որոշման պատճենը չհանձնելուն: Ուստի պարզ չէ, թե ինչպես քաղաքապետարանի անգործությունը բողոքարկելու հայցով կարող էր ապահովվել իրավական պաշտպանության միջոց դիմումատու կազմակերպության բողոքների մասով:

32. Ինչ վերաբերում է իրավական պաշտպանության հասանելի միջոցներին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատու կազմակերպությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, քաղաքապետի արգելքը դատարան բողոքարկելու իրավունք ուներ: Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի ու 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետը պետք է առավելագույնը 72 ժամվա ընթացքում որոշում ընդուներ դիմումատու կազմակերպության` երթ անցկացնելու դիմումի վերաբերյալ: Սույն որոշման մասին պետք էր հայտնել դիմումատու կազմակերպությանը «անմիջապես», իսկ այն դատարան բողոքարկելու դեպքում դատարանը պետք է որոշումն անվավեր ճանաչելու կամ հաստատելու վերաբերյալ վճիռ կայացներ առավելագույնը 24 ժամվա ընթացքում: Ուստի, պարզվել է, որ տեսականորեն, դիմումատու կազմակերպությունն իր տրամադրության տակ ուներ իրավական պաշտպանության միջոց, որով հնարավոր էր ստանալ համապատասխան հատուցում` սահմանված ժամկետում անվավեր ճանաչելով քաղաքապետի արգելքը:

33. Սակայն, գործնականում դիմումատու կազմակերպությունը զրկվել էր իրավական պաշտպանության այս միջոցից: Մասնավորապես, դիմումատու կազմակերպությունը 2008 թվականի մայիսի 12-ին երթ անցկացնելու դիմումը քաղաքապետարան ներկայացրել էր 2008 թվականի մայիսի 6-ին, այսինքն` թույլատրելի ժամկետներում (տե՛ս վերևում` § 16): Քաղաքապետը, նույնպես, պահպանելով համապատասխան ժամկետները, որոշում էր կայացրել 2008 թվականի մայիսի 8-ին, այսինքն` ծրագրված միջոցառման օրվանից չորս օր առաջ: Սակայն, այդ որոշման պատճենն ուղարկվել էր դիմումատու կազմակերպությանը միայն 2008 թվականի մայիսի 12-ին, այսինքն` ծրագրված միջոցառման անցկացման օրը, իսկ դիմումատու կազմակերպությունն այն ստացել էր հաջորդ օրը: Քաղաքապետի որոշման ուշ հանձնումը, որը հազիվ թե հնարավոր լինի Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով «անմիջապես» համարել, ըստ էության, զրկել էր դիմումատու կազմակերպությանը, նախքան ծրագրված միջոցառման օրը, արգելքն անվավեր ճանաչելու հնարավորությունից, որը թույլ կտար անցկացնել երթը:

34. Ինչ վերաբերում է սահմանված արգելքը միջոցառումից հետո անվավեր ճանաչելու հնարավորությանը, ապա եթե նույնիսկ ենթադրենք, թե ներպետական իրավունքով նախատեսվում էր այդպիսի հնարավորություն, Դատարանը կրկին նշում է, որ որոշակի հանգամանքներում, երբ հանրահավաքների անցկացման ժամանակը կարևոր է դրանց կազմակերպիչների ու մասնակիցների համար, և երբ կազմակերպիչները ժամանակին իրազեկել են իրավասու մարմիններին, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի գաղափարը ենթադրում է դատարանի որոշում ստանալու հնարավորություն` նախքան ծրագրված միջոցառումների անցկացման ժամանակը: Ժողովրդավարական բանավեճի էությունից բխում է, որ որոշակի կարծիքներ բարձրաձայնելու նպատակով կազմակերպված հանրային հանդիպումների անցկացման ժամանակը կարող է վճռորոշ լինել` այդպիսի հանդիպումների քաղաքական և սոցիալական նշանակության առումով: Եթե հանրային հավաքը կազմակերպվում է այն ժամանակ, երբ ընթացիկ սոցիալական կամ քաղաքական բանավեճում տվյալ սոցիալական հարցը կորցնում է իր արդիականությունը կամ կարևորությունը, ապա հանդիպման ազդեցությունը կարող է էականորեն նվազել: Եթե հավաքների ազատության իրավունքի` նպատակահարմար ժամանակ իրականացումը կանխվում է, ապա այն կարող է դառնալ անիմաստ (տե՛ս Բաչսկովսկին և այլոք ընդդեմ Լեհաստանի, թիվ 1543/06, §§ 81-82, 2007 թվականի մայիսի 3):

35. Սույն գործում Դատարանը չի կարող անտեսել դիմումատու կազմակերպության կողմից ծրագրված միջոցառման անցկացման համար ընտրված օրվա կարևորությունը: Օրը պատահական չէր ընտրվել. այդ օրը լրանում էր ողբերգական իրադարձության` ոստիկանության բաժնում երրորդ անձի` Լ.Գ-ի մահվան առաջին տարելիցը, որը դիմումատու կազմակերպությունը ծրագրում էր նշել տարելիցի օրն անցկացվելիք սգո երթով: Ուստի, միջոցառման անցկացման ժամանակը հատուկ կարևորություն ուներ, և դիմումատու կազմակերպությունը պետք է կարողանար մինչև ծրագրված միջոցառման անցկացման ժամանակն ստանալ դատարանի որոշում (տե՛ս mutatis mutandis, նույն տեղում, § 83):

36. Վերջապես, Կառավարությունը չի նշել կամ նույնիսկ չի առարկել դիմումատու կազմակերպության այն փաստարկներին, որ Վարչական [դատավարության] օրենսգրքով նախատեսված ընթացակարգերից որևէ մեկի միջոցով հնարավոր էր ստանալ ուշացած հատուցում դիմումատու կազմակերպության բողոքների մասով, ինչպես օրինակ` դիմումատու կազմակերպության` խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտման ճանաչումը և, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցման վճարումը: Բացի դրանից, Դատարանի տրամադրության տակ գտնվող ոչ մի նյութ չի վկայում այն մասին, որ քննարկվող ժամանակահատվածում առկա են եղել իրավական պաշտպանության այդպիսի միջոցներ:

37. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը մերժում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու Կառավարության պնդումը:

38. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

1. Կողմերի փաստարկները

39. Կառավարությունը պնդել է, որ դիմումատու կազմակերպության` հավաքների ազատության իրավունքի խախտում տեղի չի ունեցել: Քանի որ դիմումատու կազմակերպությունն օրենքով սահմանված 72 ժամվա ընթացքում չի տեղեկացվել քաղաքապետի որոշման մասին, այն, Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 7-րդ և 8-րդ մասերի համաձայն, ինքնաբերաբար ձեռք է բերել ծրագրված միջոցառումն իրականացնելու իրավունք: Միջոցառման օրն անտեղյակ լինելով այդ որոշման մասին` նրանք օրինական իրավունք են ունեցել անցկացնելու հանրահավաքը, ինչպես ծրագրված էր: Դիմումատու կազմակերպությունը, սակայն, որոշել է չօգտվել այդ իրավունքից:

40. Դիմումատու կազմակերպությունը պնդել է, որ մինչև ծրագրված միջոցառման օրը քաղաքապետարանից որևէ որոշում չստանալը չէր նշանակում, որ այն ինքնաբերաբար ստացել էր միջոցառումն անցկացնելու իրավունք: Դիմումատու կազմակերպությունը պետք է իր տիրապետության տակ ունենար որոշումը` վստահ լինելու համար, որ միջոցառումն արտոնվել էր: Ավելին, Կառավարության պնդումը, որ դիմումատու կազմակերպությունը նախընտրել էր զերծ մնալ ծրագրված միջոցառումն անցկացնելու փորձ կատարելուց, չի համապատասխանում իրականությանը: Իրականում, չստանալով որևէ որոշում, այն ցանկացել էր 2008 թվականի մայիսի 12-ին անցկացնել երթը, ինչպես ծրագրված էր, սակայն ոստիկանության ծառայողները, որոնք տեղեկացված էին քաղաքապետի արգելքի մասին, թույլ չեն տվել դիմումատու կազմակերպությանը և հավաքված մարդկանց անցկացնել այն:

 

2. Դատարանի գնահատականը

ա) Արդյոք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը:

41. Կառավարությունը, թերևս, նշել է, որ դիմումատու կազմակերպության` խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը միջամտություն չի եղել, քանի որ այն, չստանալով քաղաքապետի 2008 թվականի մայիսի 8-ի որոշման պատճենը, ծրագրված միջոցառումն անցկացնելու իրավունք է ունեցել: Սակայն, Դատարանը չի ընդունում Կառավարության փաստարկները: Համապատասխան որոշմամբ դիմումատու կազմակերպությանն արգելվել էր անցկացնել միջոցառումը, և այն փաստը, որ դրա պատճենը չէր հանձնվել դիմումատու կազմակերպությանը, որևէ կերպ չի վերացրել այդ որոշումը: Ավելին, ոստիկանությունը, հավանաբար, քաղաքապետի արգելքի հիման վրա, թույլ չի տվել դիմումատու կազմակերպությանն անցկացնել ծրագրված երթը:

42. Ուստի, միջամտություն է եղել դիմումատու կազմակերպության` խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը:

 

բ) Արդյոք միջամտությունն արդարացված էր:

43. Միջամտությունը կհամարվի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «օրենքով նախատեսված», չհետապնդի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և այդ նպատակներն իրագործելու համար չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

44. Դատարանը նշում է, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ միջամտությունը նախատեսված չէր օրենքով: Ավելին, Դատարանը կարող է ընդունել, որ միջամտությունն անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ է ունեցել:

45. Ինչ վերաբերում է երրորդ պահանջին, ապա Դատարանը կրկին նշում է, որ 11-րդ հոդվածով ամրագրված` խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում, և այն, ինչպես և արտահայտվելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկն է (տե՛ս Քրիստոնեաժողովրդավարական ազգային կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02, § 62, ՄԻԵԴ 2006/II):

46. Պետությունները ոչ միայն պետք է երաշխավորեն խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնան այդ իրավունքի նկատմամբ անհիմն և անուղղակի սահմանափակումներ կիրառելուց: Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի կարևոր բնույթը և ժողովրդավարության հետ դրա սերտ կապը` պետք է առկա լինեն համոզիչ և ծանրակշիռ պատճառներ` այդ իրավունքի իրականացմանը միջամտությունն արդարացնելու համար (տե՛ս Օուրանիո Տոքսոն և այլոք ընդդեմ Հունաստանի, թիվ 74989/01, § 36, ՄԻԵԴ 2005/X (քաղվածքներ)):

47. Մանրամասն ուսումնասիրելիս վիճարկվող միջամտությունը Դատարանը պետք է պարզի, թե արդյոք պատասխանող պետությունն իր հայեցողական իրավունքն իրականացրել է ողջամտորեն, զգուշորեն և բարեխղճորեն: Դատարանը պետք է բողոքի առարկա հանդիսացող միջամտությունը դիտարկի նաև ամբողջ գործի լույսի ներքո և որոշի, թե արդյոք այն «համաչափ էր հետապնդվող իրավաչափ նպատակին» և թե արդյոք միջամտությունն հիմնավորելու համար պետական մարմինների կողմից ներկայացված պատճառները «վերաբերելի և բավարար» են: Այդ գործընթացում Դատարանը պետք է համոզվի, որ պետական մարմինները կիրառել են այնպիսի չափորոշիչներ, որոնք համապատասխանում են 11-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին և, ավելին, որ նրանց որոշումները հիմնված են համապատասխան փաստերի պատշաճ գնահատման վրա (տե՛ս Ստանկովը և «Իլիդեն» միավորված մակեդոնական կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 29221/95 և 29225/95, § 87, ՄԻԵԴ 2001/IX, և Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 35082/04, § 65, 2007 թվականի հուլիսի 26):

48. Սույն գործով Դատարանը նշում է, որ տվյալ երթն արգելելու պատճառն այն էր, որ հետընտրական հանրահավաքները հանգեցրել էին բախումների և մարդկային զոհերի, քննությունը դեռևս շարունակվում էր, և հանցագործություն կատարած բոլոր անձինք չէին բացահայտվել կամ ամբողջ զենքը չէր հայտնաբերվել: Սակայն Դատարանը կասկածներ ունի առ այն, թե արդյոք նշվածը կարող էր համարվել տվյալ երթն արգելելու վերաբերելի կամ բավարար պատճառ:

49. Առաջին, երթը նախատեսվում էր անցկացնել հետընտրական բախումներից ավելի քան երկու և ՀՀ նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից ավելի քան մեկ ամիս հետո (տե՛ս վերևում` §§ 7 և 8):

50. Երկրորդ, չկա որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ ծրագրված երթի կազմակերպիչները կամ մասնակիցները որևէ կերպ ներգրավված կամ ներքաշված են եղել հետընտրական անկարգությունների կամ բռնության մեջ:

51. Երրորդ, ոչինչ չի վկայում այն մասին, որ ծրագրված երթի կազմակերպիչները կամ մասնակիցները բռնություն գործադրելու մտադրություններ են ունեցել, կամ որ երթը կարող էր որևէ այլ պատճառով վերածվել զանգվածային անկարգությունների: Դատարանն այս առումով նշում է, որ ծրագրված երթի նպատակը որևէ առնչություն չուներ քաղաքականության, ընտրությունների կամ ընդդիմության և կառավարության միջև հակամարտության հետ, այլ փոխարենը` նպատակ ուներ բարձրացնելու հանրային կարևորության հարցի, այն է` ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ անձի մահվան վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Ըստ դիմումատու կազմակերպության` այն պետք է լիներ ողբերգական իրադարձության տարելիցը նշելու նպատակով կազմակերպված և անվտանգությանը որևէ սպառնալիք չներկայացնող խաղաղ երթ: Դատարանը պատճառ չունի կասկածի տակ դնելու այս պնդումը: Այն նշում է, որ քաղաքապետի հղումը Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական եզրակացությանը, ըստ որի երթը վտանգ է ներկայացրել, շատ ընդհանուր է ձևակերպված (տե՛ս վերևում` § 10): Նույնիսկ պարզ չէ, արդյոք քաղաքապետին երբևէ ներկայացվել են նշված «հավաստի և ստուգված տվյալները», կամ որոնք են այդ տվյալները կամ արդյոք այդ տվյալները գոյություն ունեցել են: Ուստի, պարզվել է, որ այս առումով քաղաքապետի եզրակացությունը հիմնավորված չէ որևէ կոնկրետ, հստակ և համոզիչ ապացույցով:

52. Վերոնշյալ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատու կազմակերպության` խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը միջամտելն «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»:

53. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը:

 

i

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

54. Դիմումատու կազմակերպությունը բողոք էր ներկայացրել առ այն, որ զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից` ի խախտումն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, համաձայն որի`

«Յուրաքանչյուր ոք, ում` Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

Ա. Ընդունելիություն

55. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

1. Կողմերի փաստարկները

56. Կառավարությունը պնդել է, որ ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգի համաձայն պետական մարմինները պարտավոր են զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու դիմումի վերաբերյալ որոշում ընդունել այնպիսի ժամկետում, որը դիմումատուին հնարավորություն կընձեռի անբարենպաստ որոշումը բողոքարկելու վարչական դատարան` նախքան ծրագրված միջոցառման օրը: Ուստի, դիմումատու կազմակերպությունն իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:

57. Դիմումատու կազմակերպությունը պնդել է, որ Կառավարությունը սահմանափակվել է միայն համապատասխան ներպետական օրենքի տեսական վերլուծությամբ` անտեսելով գործի կոնկրետ հանգամանքները և այն փաստը, որ այդ օրենսդրության կամայական կիրառման հետևանքով այն զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից: Որպեսզի դիմումատու կազմակերպությունը կարողանար ըստ էության բողոքարկել քաղաքապետի արգելքը վարչական դատարան, և որպեսզի այդ բողոքն արդյունավետ լիներ, անհրաժեշտ էր, որ քաղաքապետի որոշումը հանձնվեր իրեն ծրագրված միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ: Ծրագրված միջոցառումից հետո ստացված որոշումը բողոքարկելը ոչ միայն անարդյունավետ, այլ նաև անիմաստ կլիներ:

 

2. Դատարանի գնահատականը

58. Դատարանը կրկին նշում է, որ 13-րդ հոդվածով պահանջվում է ապահովել ներպետական իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը հնարավորություն կտա իրավասու պետական մարմնին ըստ էության քննության առնելու Կոնվենցիայի հիման վրա ներկայացված համապատասխան բողոքը և տրամադրելու համապատասխան հատուցում, թեև Պայմանավորվող պետությունները որոշակի հայեցողական իրավունք ունեն որոշելու, թե ինչպես պետք է կատարեն սույն դրույթով նախատեսված իրենց պարտավորությունները (տե՛ս Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996 թվականի նոյեմբերի 15, § 145, Վճիռների և որոշումների ժողովածու 1996/V):

59. Սույն գործում Դատարանը եզրակացրել է, որ դիմումատու կազմակերպության` 11-րդ հոդվածով սահմանված իրավունքները խախտվել են (տե՛ս վերևում` § 53): Հետևաբար, այն, Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով, ուներ հիմնավոր պահանջ, և ուստի, 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` իրավական պաշտպանության միջոցի իրավունք:

60. Դատարանը հաշվի է առնում իր եզրահանգումներն այն մասին, որ դիմումատու կազմակերպությունը գործնականում զրկված է եղել իրավական պաշտպանության միջոցից, որով հնարավոր կլիներ ստանալ բավարար և համապատասխան հատուցում` ելնելով գործի որոշակի հանգամանքներից, և որ չի ապացուցվել իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցների առկայությունը (տե՛ս վերևում` §§ 32-36): Նշվածից կարելի է եզրակացնել, որ դիմումատու կազմակերպությունը հավաքների ազատության իր իրավունքի խախտման հետ կապված բողոքի մասով չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց:

61. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը:

 

i

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

62. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

63. Դիմումատու կազմակերպությունը պահանջ չի ներկայացրել արդարացի փոխհատուցման համար:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2015 թվականի մարտի 31-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

 

Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]  Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]

 

      Քարտուղարի տեղակալ                   Նախագահող

 

 

pin
Եվրոպական դատարան
31.03.2015
N 59109/08
Վճիռ