COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 22343/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
3 դեկտեմբերի 2015 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով`
Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,
Լեդի Բիանկու [Ledi Bianku],
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Պոլ Մահոնի [Paul Mahoney],
Ալեշ Պեյչալ [Ales AlesPejchal],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ,
և Անդրե Ուամպաշ [Andre Wampach]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2015 թվականի նոյեմբերի 10-ին դռնփակ խորհրդակցությամբ`
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է 2008 թվականի մայիսի 12-ին` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կոնդրանով Ամիրխանյանի (դիմումատու) կողմից` ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատի (թիվ 22343/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ խախտվել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը:
4. 2010 թվականի հունիսի 14-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1941 թվականին և ապրում է Երևանում:
6. Երրորդ անձ Գ.-ին սեփականության իրավունքով պատկանել է հողակտոր, որի մի մասը, նրա համաձայնությամբ, առանձնացվել է ցանկապատով և օգտագործվել մեկ այլ անձի` Ջ.-ի կողմից:
7. 1998 թվականի ապրիլի 21-ին Գ.-ն Ջ.-ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, իր հողամասի մի մասը` 285 քմ մակերեսով հողակտորը, տրամադրել է նրան: Պարզվում է, որ Ջ.-ի կողմից փաստացիորեն օգտագործվող հողակտորը, որն առանձնացված էր ցանկապատով, 38.75 քմ ավելի մեծ է եղել, քան Գ.-ի կողմից տրամադրված` 285 քմ մակերեսով հողակտորը: Այդ 38.75 քմ նույնպես պատկանել է Գ.-ին: Այդ կապակցությամբ Գ.-ն և Ջ-ն կնքել են մեկ այլ պայմանագիր, որով Գ.-ն իր համաձայնությունն է տվել, որպեսզի Ջ.-ն դառնա նրա կողմից օգտագործվող ամբողջ հողակտորի սեփականատերը: Սակայն պարզվում է, որ Ջ.-ի սեփականության իրավունքները պաշտոնապես գրանցվել են միայն 285 քմ մակերեսով հողակտորի նկատմամբ:
8. 1998 թվականի ապրիլի 28-ին դիմումատուն Ջ.-ից գնել է առավել մեծ մակերեսով հողակտորը, և քանի որ ցանկապատը դեռևս տեղում էր, շարունակել օգտագործել նաև 38.75 քմ մակերեսով հողակտորը:
9. 2004 թվականին Գ.-ն հայց է ներկայացրել դիմումատուի դեմ` նպատակ հետապնդելով վերցնել դիմումատուի կողմից օգտագործվող 38.75 քմ մակերեսով հողակտորը` պնդելով, որ սեփականության իրավունքներ ունի դրա նկատմամբ:
10. 2006 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների [ընդհանուր իրավասության] դատարանը բավարարել է հայցը` կարգադրելով դիմումատուին հողամասը փոխանցել Գ-ին:
11. Չհստակեցված օրը դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել:
12. 2007 թվականի մարտի 9-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և մերժել Գ.-ի հայցը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.-ն համաձայնել էր, որ Ջ.-ն դառնար ցանկապատով առանձնացված և նրա կողմից օգտագործվող հողակտորի սեփականատերը, նա հօգուտ Ջ.-ի, հետևաբար` հօգուտ դիմումատուի, հրաժարվել էր հողակտորի նկատմամբ ունեցած իր սեփականության իրավունքներից:
13. Սույն դատական ակտը ենթակա էր բողոքարկման վճռաբեկության կարգով` այն կայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:
14. 2007 թվականի մարտի 26-ին Գ.-ն 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է բերել Վճռաբեկ դատարան` պնդելով, որ այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ: Իր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար որպես հիմք` Գ.-ն, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Քաղ. դատ. օր.) 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, նշել է, որ նյութական և դատավարական իրավունքի խախտումները կարող են ծանր հետևանքներ ունենալ, ինչպես օրինակ` իրեն` հողակտորի նկատմամբ իր սեփականության իրավունքներից զրկելը:
15. 2007 թվականի ապրիլի 7-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել է, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել (տե՛ս ստորև` 26-րդ պարբերությունը):
16. 2007 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել Գ.-ի բողոքը` ճանաչելով այն անընդունելի` հիմնավորվածության բացակայության հիմքով: Ներկայացվել են հետևյալ պատճառները.
«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը ... քննարկելով [Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտի դեմ Գ.-ի կողմից բերված բողոքը] վարույթ ընդունելու հարցը, գտել է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ`
[Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 230-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվի [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 231.2-րդ հոդվածի 1-ին մասով [պահանջվող] հիմքերից որևէ մեկը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում ներկայացված` [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 231.2-րդ հոդվածի 1-ին մասով [պահանջվող`] ընդունելիության հիմքերը բացակայում են: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներում հավանական դատական սխալի և դրա հետևանքների վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են:
...
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանել:»:
17. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից և ենթակա չէր բողոքարկման:
18. 2007 թվականի սեպտեմբերի 7-ին Գ.-ն Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտի դեմ մեկ այլ վճռաբեկ բողոք է բերել Վճռաբեկ դատարան` պնդելով, որ տեղի են ունեցել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: 2007 թվականի մարտի 26-ի բողոքում ներկայացված հիմքից բացի` Գ.-ն իր բողոքը վարույթ ընդունելու համար որպես հիմք նշել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից իր գործով կայացման ենթակա դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած դատական ակտին:
19. 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքն ընդունել վարույթ: Ներկայացվել են հետևյալ պատճառները.
«[Բողոքը] պետք է ընդունվի վարույթ, քանի որ այն բավարարում է [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:»:
20. 2007 թվականի հոկտեմբերի 8-ին դիմումատուն Վճռաբեկ դատարան Գ.-ի բողոքին պատասխան է ներկայացրել, որով, inter alia (ի թիվս այլնի), նշել է, որ Վճռաբեկ դատարանը, Գ.-ի երկրորդ բողոքը վարույթ ընդունելով խախտել է res judicata սկզբունքը և իր գույքային իրավունքները: Երբ Վճռաբեկ դատարանը 2007 թվականի ապրիլի 12-ի իր որոշմամբ վերադարձրել է Գ.-ի բողոքն առանց թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը դարձել է վերջնական և ձեռք է բերել պարտադիր ուժ:
21. 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը քննել է Գ.-ի բողոքն ըստ էության և որոշել այն մասնակիորեն բավարարել` բեկանելով Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտն այն մասով, որն առնչվում էր հողամասի վերաբերյալ Գ.-ի գույքային պահանջին, և գործն ուղարկելով նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանն իր եզրահանգումներն անելիս հաշվի չի առել գործի նյութերում առկա փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև չի նշել ներպետական օրենսդրության այն դրույթները, որոնք դրվել են վճռի հիմքում:
22. 2008 թվականի ապրիլի 1-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գ.-ի հայցով նոր քննություն է իրականացրել և բավարարել այն` ճանաչելով Գ.-ի սեփականության իրավունքները խնդրո առարկա հողամասի նկատմամբ:
23. Չհստակեցված օրը դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել:
24. 2008 թվականի հուլիսի 10-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողել համապատասխան համայնքների դատարանի վճիռը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
25. Նախքան 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխությունները գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեին հետևյալ բովանդակությունը.
ՀՈԴՎԱԾ 1. Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրությունը
«3. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով»
ՀՈԴՎԱԾ 219. Վերաքննիչ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը
«Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»
ՀՈԴՎԱԾ 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
«1. ... վերաքննիչ, ... դատարանների` օրինական ուժի մեջ մտած ... վճիռները կարող են վերանայվել վճռաբեկության կարգով ...»
ՀՈԴՎԱԾ 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա
գործունեության նպատակը
«1. ... վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած ... վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):
2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը»
ՀՈԴՎԱԾ 225. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
«Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են` ... մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը ...
ՀՈԴՎԱԾ 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»
ՀՈԴՎԱԾ 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
«1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն` ... 4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել ..., 4.1) սույն օրենսգրքի 231.2-րդ հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները ...»
ՀՈԴՎԱԾ 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին ...
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»
ՀՈԴՎԱԾ 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե` 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ 4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ»
ՀՈԴՎԱԾ 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
«1. Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի` 1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման ... 2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` ...»
ՀՈԴՎԱԾ 239. Վճռաբեկ դատարանի որոշման` օրինական ուժի մեջ մտնելը
«Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:»:
26. 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխություններով (շեղատառերով) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներն ունեին հետևյալ բովանդակությունը.
ՀՈԴՎԱԾ 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում: Նույն անձի կողմից վճռաբեկ բողոք կարող է բերվել մեկ անգամ, բացառությամբ սույն օրենսգրքի 2311-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի»
ՀՈԴՎԱԾ 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին ... կամ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել»:
Տվյալ փոփոխություններում անցումային դրույթներ չեն եղել:
Բ. Սահմանադրություն
27. 42-րդ հոդվածով նախատեսվում է, inter alia, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Գ. Իրավական ակտերի մասին օրենք
28. 78-րդ հոդվածով նախատեսվում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները և ազատությունները սահմանափակող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին չի կարող տրվել հետադարձ ուժ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
29. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը բեկանելու որոշումը կայացվել է res judicata սկզբունքի խախտմամբ: Նա հիմք է ընդունել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որը, այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները ..., ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Ա. Ընդունելիությունը
30. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
31. Կառավարությունը պնդել է, որ վճիռների վերջնական լինելու սկզբունքի խախտում տեղի չի ունեցել: Այն պնդել է, որ նախքան 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխությունները Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի համաձայն` սահմանված 6 ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարան կարող էին ներկայացվել անսահմանափակ թվով բողոքներ, եթե դրանց հիմքերը տարբեր էին: Կողմերը վճռաբեկ բողոք բերելու իրավունք են ստացել 2007 թվականի մարտի 9-ին, երբ Վերաքննիչ դատարանը կայացրել է իր վճիռը և նախքան վերոնշյալ փոփոխությունները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը պետք է կիրառեր այն օրենքը, որը գործում էր այդ ժամանակ: Ավելին, 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխությունները չէին կարող կիրառվել սույն գործի նկատմամբ, քանի որ Սահմանադրության 42-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» օրենքի 78-րդ հոդվածով արգելվում էր անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների` հետադարձ ուժով կիրառումը: Վճռաբեկ դատարան ներկայացված առաջին և երկրորդ բողոքների հիմքերը և շրջանակը տարբերվում էին, քանի որ Գ.-ն հիմնվել էր ներպետական օրենսդրության տարբեր դրույթների վրա:
32. Դիմումատուն պնդել է, որ Գ.-ի երկրորդ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելով, և այնուհետև Վերաքննիչ դատարանի` 2007 թվականի մարտի 9-ի վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտը բեկանելով` Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata սկզբունքը: 2007 թվականի ապրիլի 7-ից ուժի մեջ մտած` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 1-ին մասով և 231.1-րդ հոդվածի 4-րդ մասով հստակորեն արգելվում էր նույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնել մեկ անգամից ավելի, եթե հնարավոր թերությունները վերացնելու համար Վճռաբեկ դատարանի կողմից որևէ ժամկետ չէր սահմանվել: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Գ.-ի առաջին վճռաբեկ բողոքը 2007 թվականի ապրիլի 12-ին, երբ այդ փոփոխություններն արդեն իսկ ուժի մեջ էին, և իր որոշման մեջ հստակորեն նշել, որ նպատակահարմար չի համարում թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանել: Այդ պահից Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը դարձել է վերջնական և ձեռք է բերել պարտադիր ուժ, և Գ.-ն մեկ այլ վճռաբեկ բողոք ներկայացնելու, իսկ Վճռաբեկ դատարանը` այդ բողոքը վարույթ ընդունելու իրավունք չի ունեցել, անկախ դրա բովանդակությունից: Ցանկացած դեպքում, Գ.-ի ներկայացրած երկու բողոքները հիմնականում նույնն էին: Այն փաստը, որ իր նոր բողոքում նա հիմնվել է ներպետական այլ դրույթների վրա, չի նշանակում, որ նրա փաստարկների բուն էությունը տարբեր է եղել: Երկու բողոքում էլ հղում է կատարվել միևնույն փորձագիտական եզրակացությանը: Վերջապես, ինչ վերաբերում է օրենքի` հետադարձ ուժով կիրառման ենթադրյալ արգելքին, ապա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով ամրագրված էր քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոն, որի համաձայն, քաղաքացիական գործերի քննությունը պետք է իրականացվեր տվյալ ժամանակահատվածում գործող օրենքներին համապատասխան:
2. Դատարանի գնահատականը
33. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող` դատարանի առջև արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այլնի, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող Պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է,inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Brumarescu v. Romania [GC]], թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999-VII): Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքով ընդգծվում է, որ որևէ կողմ իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր ուժ ունեցող վճռի վերանայում` գործը պարզապես կրկին լսելու և դրա վերաբերյալ նոր որոշում կայացնելու հնարավորություն ստանալու նպատակով: Վերադաս դատարանների վերանայման լիազորությունը պետք է իրականացվի դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու նպատակով, սակայն ոչ նոր քննություն իրականացնելու համար: Վերանայումը չպետք է համարել քողարկված բողոքարկում, և հարցի վերաբերյալ պարզապես երկու տեսակետի առկայության հավանականությունը կրկին քննություն իրականացնելու հիմք չէ: Այդ սկզբունքից շեղումն արդարացվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է` էական և ծանրակշիռ հանգամանքներով պայմանավորված (տե՛ս Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի [Ryabykh v. Russia], թիվ 52854/99, § 52, ՄԻԵԴ 2003-IX):
34. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Դատարանը նշում է, որ 2007 թվականի մարտի 9-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը գույքային վեճի առնչությամբ վճիռ է կայացրել դիմումատուի օգտին: Այդ վճռի դեմ վերջին դատական ատյան հանդիսացող Վճռաբեկ դատարան բողոք է բերվել վեց ամսվա ընթացքում` համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 1-ին մասի: 2007 թվականի մարտի 26-ին դիմումատուի հակառակորդ կողմը վճռաբեկ բողոք է բերել: Միևնույն ժամանակ, 2007 թվականի ապրիլի 7-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով հստակորեն արգելվել է մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե բողոքը վերադարձնելիս Վճռաբեկ դատարանը` դրա մեջ ուղղումներ կատարելու և այն կրկին ներկայացնելու ժամկետ չի սահմանել: 2007 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել 2007 թվականի մարտի 26-ի բողոքը` իր որոշման մեջ նշելով, որ այն նպատակահարմար չի համարել այդպիսի ժամկետ սահմանել: Անկախ դրանից` դիմումատուի հակառակորդ կողմը 2007 թվականի սեպտեմբերի 7-ին մեկ այլ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը որոշել է ընդունել վարույթ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին` հետագայում բեկանելով 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը:
35. Կառավարությունը պնդել է, որ եթե նույնիսկ առաջին բողոքը վերադարձնելու ժամանակ, օրենքով արգելվում էր վճռաբեկ բողոք բերել մեկից ավելի անգամ, Վճռաբեկ դատարանը երկրորդ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացնելիս առաջնորդվել է նախքան 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխությունները գործող օրենքով: [Կառավարությունը] պնդել է, որ, նախքան այդ փոփոխությունները, սահմանված վեց ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարան կարող էր բերվել անսահմանափակ թվով վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանն առաջնորդվել է այդ կանոններով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վճիռ կայացնելու պահին գործում էին այդ կանոնները, մինչդեռ 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխություններով դիմումատուի հակառակորդ կողմի իրավիճակը վատթարացել է, և հետևաբար, դրանք չեն կիրառվել, ինչպես պահանջվում էր օրենքով: Դատարանի համար, սակայն, այդ պնդումները համոզիչ չեն հետևյալ պատճառներով:
36. Դատարանը նախ նշում է, որ նախքան 2007 թվականի ապրիլի 7-ը` Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ որևէ հստակ դրույթ նախատեսված չէր, որով քաղաքացիական վարույթի կողմին թույլատրվեր երկու անգամ, առավել ևս անսահմանափակ թվով վճռաբեկ բողոք բերել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով այդպիսի իրավունք ամրագրված չէր: Ընդհակառակը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված էր, որ Վճռաբեկ դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն: Ավելին, Կառավարությունը չի մատնանշել նաև, որ այդ իրավունքը բխել է որևէ ընդունված գործելակերպից: Ընդունելիության պահանջներին չհամապատասխանելու հիմքով բողոքները վերադարձնելու ընթացակարգը ներդրվել է 2005 թվականի նոյեմբերին (տե՛ս Բորիսենկոն և Երևանյան բազալտ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Borisenko and Yerevanyan Bazalt Ltd v. Armenia (dec.)], թիվ 18297/08, 2009 թվականի ապրիլի 14), սակայն Դատարան չի ներկայացվել որևէ նյութ, որը կվկայեր, որ Վճռաբեկ դատարանի կողմից նոր կանոնները հեղինակավոր կերպով մեկնաբանվել են այնպես, որ դրանցով կողմերին թույլատրվել է շարունակաբար բողոքներ ներկայացնել` մինչև բողոք ներկայացնելու ժամկետի ավարտը: Կառավարությունը նաև չի ներկայացրել տվյալ ժամանակահատվածին վերաբերող ներպետական որոշումների օրինակներ` ցույց տալու, որ սույն գործով տեղի ունեցածը սովորական գործելակերպ էր, այլ ոչ թե ինչ-որ բացթողման հետևանք:
37. Երկրորդ հերթին, Դատարանը նշում է, որ 2007 թվականի ապրիլի 7-ին քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնցով հստակորեն արգելվել է մեկից ավելի վճռաբեկ բողոք ներկայացնել, ինչը վկայում է, որ նախքան վճռաբեկ բողոք բերելու իրավունքի հետ կապված փոփոխությունները, կանոնները բավականաչափ հստակ չեն եղել:
38. Ճիշտ է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ընդհանուր կանոնից եղել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված մեկ բացառություն, որով վարույթի կողմին թույլատրվել է կրկին բողոք ներկայացնել, եթե Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն պարունակում է թերություններ, որոնք կարող են վերացվել, և այդ դեպքում դա կատարելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ է սահմանել: Սակայն այդ բացառությունը կիրառելի չէ սույն գործով, քանի որ Վճռաբեկ դատարանը 2007 թվականի ապրիլի 12-ի իր որոշման մեջ հստակորեն նշել է, որ այն նպատակահարմար չի համարել այդպիսի ժամկետ սահմանել (տե՛ս վերևում` 16-րդ պարբերությունը):
39. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը եզրակացնում է, որ, երբ 2007 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել դիմումատուի հակառակորդ կողմի` 2007 թվականի մարտի 26-ին բերած վճռաբեկ բողոքը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտն այլևս բողոքարկման ենթակա չէր և դարձել էր վերջնական ու պարտադիր ուժ ունեցող: Հետևաբար, միևնույն կողմի բերած մեկ այլ բողոքն ընդունելով և այնուհետև այն բավարարելով` Վճռաբեկ դատարանը բեկանել է վերջնական դատական ակտ: Դատարանն ընդունում է, որ որոշակի հանգամանքներում իրավական որոշակիությունը կարող է խախտվել` «էական թերությունը» կամ «ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն» ուղղելու նպատակով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ռյաբիխը` վերևում հիշատակված, § 52, Ռոշկան ընդդեմ Մոլդովայի [Ro?ca v. Moldova], թիվ 6267/02, § 52, 2005 թվականի մարտի 22, և Սուտյաժնիկն ընդդեմ Ռուսաստանի [Sutyazhnik v. Russia], թիվ 8269/02, § 35, 2009 թվականի հուլիսի 23,): Սակայն Կառավարությունը չի ակնարկել, որ դա տեղի է ունեցել սույն գործում: Գործի նյութերից նույնպես չի բխում, որ հետապնդվել է հենց այդ նպատակը: Ընդհակառակը, պարզվում է, որ Վճռաբեկ դատարանը այս գործով պարզապես կայացրել է նոր որոշում, ընդ որում, առանց որևէ իրավական հիմքի: Ըստ այդմ, այն խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված res judicata սկզբունքը:
40. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
41. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտը բեկանելու որոշմամբ խախտվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:
Ա. Ընդունելիությունը
42. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
43. Կառավարությունը, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով իր փաստարկները, պնդել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի որևէ խախտում տեղի չի ունեցել: [Կառավարությունն] այնուհետև, պնդել է, որ ինչ վերաբերում է դիմումատուի` գույքային վեճի էությանը, ապա նա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով որևէ «գույք» չի ունեցել:
44. Դիմումատուն պնդել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումը վերաբերում էր ոչ թե իր գույքային վեճի էությանը, այլ այն փաստին, որ վերջնական դատական ակտը, որով հաստատվել էր, որ հողակտորն իրեն է պատկանում, անօրինականորեն բեկանվել էր: Արդյունքում, նա զրկվել է իր գույքից:
2. Դատարանի գնահատականը
45. Դատարանը կրկին նշում է, որ «գույք» կարող են լինել «գոյություն ունեցող գույքը» կամ ակտիվները, այդ թվում` հստակ սահմանված որոշ դեպքերում` պահանջները: Վերջնական դատական ակտը, որով ճանաչվում է գույքի նկատմամբ որևէ անձի իրավունքը, կարող է դիտարկվել որպես «գույք»` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս Բրումարեսկուն` վերևում հիշատակված, § 70, և Վրիոնին և այլոք ընդդեմ Ալբանիայի [Vrioni and Others v. Albania], թիվ 2141/03, § 71, 2009 թվականի մարտի 24): Ավելին, այդպիսի դատական ակտը բեկանելը, երբ այն դարձել է վերջնական և այլևս ենթակա չէ բողոքարկման, կդիտարկվի որպես միջամտություն դատական ակտի շահառուի` գույքից անարգել օգտվելու իրավունքին (տե՛ս Բրումարեսկուն` վերևում հիշատակված, § 74, և Ռյաբիխը` վերևում հիշատակված, § 61):
46. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուի հակառակորդ կողմի հայցը մերժելիս Քաղաքացիական վերաքննիչ դատարանը գտել է, որ նա հրաժարվել է հողակտորի նկատմամբ իր սեփականության իրավունքներից դիմումատուի օգտին` այդպիսով հաստատելով, որ այդ հողակտորը հանդիսացել է դիմումատուի սեփականությունը: Այդ դատական ակտը վերջնական է դարձել 2007 թվականի ապրիլի 12-ին և կարող է համարվել «գույք»` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Բրումարեսկուն` վերևում հիշատակված, § 70): Հետևաբար, Վճռաբեկ դատարանի կողմից այն հետագայում բեկանելը համարժեք է միջամտության` դիմումատուի գույքից անարգել օգտվելու իրավունքին, որը երաշխավորվում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով:
47. Այդ կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն է, որ պետական մարմնի կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքին ցանկացած միջամտություն լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ թույլատրվում է գույքից զրկել միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ ճանաչվում է, որ պետություններն իրավունք ունեն գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնել` «օրենքներ» կիրառելով (տե՛ս Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Iatridis v. Greece [GC]], թիվ 31107/96, § 58, ՄԻԵԴ 1999/II): Ինչպես արդեն նշվել է, Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ ստորադաս դատարանի միևնույն դատական ակտի դեմ երկրորդ անգամ վճռաբեկ բողոք բերելու իրավունք նախատեսված չի եղել: Հետևաբար, երկրորդ վճռաբեկ բողոքը բավարարելով և Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի վերջնական դատական ակտը բեկանելով` Վճռաբեկ դատարանը չի գործել «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով»: ՈՒստի, միջամտությունը դիմումատուի գույքային իրավունքներին, թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, օրինական չի եղել:
48. Համապատասխանաբար, տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
49. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
50. Դիմումատուն պահանջել է 10, 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
51. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը` պնդելով, որ ենթադրյալ խախտումների և պահանջված հատուցման միջև որևէ պատճառական կապ չկա:
52. Դատարանը գտնում է, որ արձանագրված խախտումների հետևանքով դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, և այդ վնասի մասով նրան հատկացնում 3, 000 եվրո:
Բ. Ծախսերը և ծախքերը
53. Դիմումատուն ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
54. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` փոխառության սահմանային տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
4. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի մասով դիմումատուին պետք է վճարի 3, 000 եվրո (երեք հազար եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթի` վճարման օրվա փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պարզ տոկոսադրույք պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` փոխառության համար առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային միավոր.
5. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2015 թվականի դեկտեմբերի 3-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Անդրե Ուամպաշ Միրյանա Լազարովա
Քարտուղարի տեղակալ Տրայկովսկա` Նախագահ