Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 358.1-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 358.1-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ՏԴ/0031/01/14  

    Քրեական գործ թիվ ՏԴ/0031/01/14                   2015 թ.

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

Դատավորներ` Գ. Ավետիսյան

Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի    

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Ա. Գարոյանի

                   ամբաստանյալ                Ս. Խաչատրյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ պաշտպանության նախարարության վեցերորդ կայազորային քննչական բաժնում 2014 թվականի հունվարի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90750614 քրեական գործը:

2014 թվականի հունվարի 18-ին Սարգիս Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2014 թվականի մարտի 6-ին Ս. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

2014 թվականի ապրիլի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հունիսի 24-ի դատավճռով ամբաստանյալ Ս. Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով:

3. Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա. Անտոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 24-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ Վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 51191 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, 2014 թվականի հունվարի 13-ից 14-ն ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում, որպես ուսումնական վաշտի հերթապահ, ծառայողական դիրքով և կոչումով հանդիսանալով պետ, 2014 թվականի հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, 4-րդ գումարտակի զորանոցի լսարանում զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապված` շարքային Գագիկ Հովհաննեսի Մարդոյանի հետ կատակելուն իր ստորադրյալ, նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լադիկի Վարդանյանի կողմից միջամտելու պատճառով, վրդովվել և բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` գրպանում եղած, որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով հարվածել է շարքային Վ.Լ. Վարդանյանի որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 228):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ (...) ապացույցների համադրված վերլուծության ու գնահատման արդյունքում ամբաստանյալին մեղսագրված մեղադրանքի ծավալը ենթակա է փոփոխման այն առումով, որ ամբաստանյալը և տուժողը իրոք կատակել և միմյանց քաշքշել են, և որ ամբաստանյալը, բռնելով զորամասի խոհանոցային դանակի շեղբի ծայրամասից, թեկուզ կատակով փորձել է տուժողին ցավ պատճառել ու երբ վերջինս բացականչել է` «վախ», նա դադարել է ինչ-որ գործողություն կատարել, նկատել է տուժողի որովայնի հատվածում արյան առկայությունը և ուշագնաց եղել, ապա ոչ միայն օգնել է վիրակապել, այլև պարբերաբար հետևելով տուժողի ինքնազգացողությանը անհանգստացել ու կատարվածի մասին հայտնել է հրամանատարությանը:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, միակողմանի ծնողազուրկ է, ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ծառայական որևէ խախտում թույլ չի տվել, տուժողի հետ եղել և մնում է հաշտ փոխհարաբերության մեջ, վերջինս բողոք կամ պահանջ չունի, ինչպես նաև դեպքից հետո ամբաստանյալի դրսևորած օրինակելի վարքագիծը:

Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել:

Նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հիմք են տալիս դատարանին հանգելու այն հետևության, որ ուղղման առումով ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը նշանակելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել որոշակի ժամկետով փորձաշրջան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 78-79):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Սարգիս Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները (...) և նպատակահարմար է գտել ամբաստանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության, դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ, հետևաբար պետք է թողնել օրինական ուժի մեջ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 169, 171):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ս. Խաչատրյանի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի հիմնարար խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:

Ի հիմնավորումն իր փաստարկի` մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Ս. Խաչատրյանին վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը գնահատելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Ս. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, այսինքն` նրա արարքում առկա է հանցակազմը որակյալ դարձնող երկու հանգամանք, ինչը բարձրացնում է վերջինիս արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բացի այդ, արարքը կատարվել է դիտավորությամբ, չնչին առիթով, այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը` վերացնելով ամբաստանյալ Ս. Խաչատրյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ամբաստանյալ Ս. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`»1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով, Արմեն Շահբազյանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 գործով, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով Վճռաբեկ դատարանի որոշումները):

Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոններից մեղքի ձևի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նաև արձանագրել է. «(...) [Մ]եղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախատեսելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխությունների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխությունների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կողմից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (...)» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թջվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը):

13. ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:

Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը որպես վերոգրյալ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք, ի թիվս այլնի, նախատեսում է համապատասխան արարքի կատարումը` զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով կամ առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բնույթն ու առանձնահատկությունները, իր մի շարք որոշումներում փաստարկել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս դատարանը արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում այլ տվյալների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, տուժողի վարքագիծը (տե՛ս Հրանտ Պարանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 15-րդ կետը, Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը):

14. Վերահաստատելով և սույն որոշման 12-րդ կետում տեղ գտած դատողությունների լույսի ներքո զարգացնելով նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հատկապես կարևոր է հաշվի առնել նաև հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, պատճառված վնասի չափը, անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ: Մասնավորապես կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները կամ սարքավորումները, վնասվածքի տեղակայումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ինչպես հանցագործության, այնպես էլ հանցավորի անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին ակնհայտորեն վկայում է նաև անձի արարքում մեկից ավելի ծանրացնող հանգամանքների առկայությունը, հետևաբար այդ հանգամանքը նույնպես պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս (մանրամասն տե՛ս Գարսևան Ոսկանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13 որոշումը):

15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, ինչը վկայում է վերջինիս կողմից զինվորական ծառայության նկատմամբ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, որն էլ վերջին հաշվով բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա:

i

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Կանոնագիրք) 76-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին`

(...)

- նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատմամբ, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն և կոպտություն, բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ (...)»:

i

Նույն օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը (պետը) պարտավոր է մշտապես պահպանել զինվորական ամուր կարգապահություն և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակ` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի դրույթներով (...)»:

Վերլուծելով վերը մեջբերված նորմերը, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ մասի 6-րդ կետը` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները (տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապված, բռնություն է գործադրել իր ստորադրյալ, շարքային Վ. Վարդանյանի նկատմամբ` գրպանում եղած որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով հարվածելով վերջինիս որովայնի շրջանին, ինչի արդյունքում Վ. Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ հաշվի է առնում նաև կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, հանգել է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը նշանակելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Իր հերթին Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այն թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես`

ա) վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Ս. Խաչատրյանը տուժողի որովայնի շրջանում հարված է հասցրել որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով, ինչն օբյեկտիվորեն բարձրացնում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը,

բ) չեն գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ` գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել առողջությանը վնաս պատճառելու անխուսափելիությունը և ցանկացել դրան վնաս հասնելը: Վերոնշյալի մասին է վկայում գործում առկա այն տվյալները, որ ամբաստանյալը բռնել է դանակի շեղբի ծայրից, այնուհետև` հարված հասցրել, այսինքն` Ս. Խաչատրյանի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի առողջությանը հենց նման վնաս պատճառելուն,

գ) գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի արարքում հանցագործությունը որակյալ դարձնող երկու հանգամանքների առկայությունը` արարքի կատարումը որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ և առողջությանը թեթև վնաս պատճառելով,

դ) հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ ամբաստանյալը, լինելով ջոկի հրամանատար, կոչումով և ծառայողական դիրքով պետ, ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում որպես ուսումնական վաշտի հերթապահ, բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ:

Հետևաբար ամբաստանյալ Ս. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված դատական սխալներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում պատիժը պայմանականորեն

 

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`»1. Եթե դատարանը,

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Կանոնագիրք) 76-րդ, 77-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2015
N ՏԴ/0031/01/14
Որոշում