Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/0807/02/10

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0807/02/10             2014 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Հակոբյան   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Անտոնյանի  

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Խլղաթյանի ներկայացուցիչ Համլետ Խլղաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ Հովհաննես Սուլախյանի, Սոնա Բագոյան-Սուլախյանի հայցի ընդդեմ Գայանե Խլղաթյանի, Աշոտ Գրիգորյանի` գումարի բռնագանձման, 14.08.2008 թվականի նախավճարի պայմանագրի «Հետագա գնորդ քաղ. Աշոտ Սենիկի Գրիգորյան» հատվածը շինծու համարելով և գործարքը Գայանե

Խլղաթյանի` որպես «Հետագա վաճառող» և Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի` որպես «Հետագա գնորդ» միջև կնքված համարելու պահանջների մասին, և ըստ Գայանե Խլղաթյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հովհաննես Սուլախյանի, Սոնա Բագոյան-Սուլախյանի, Աշոտ Գրիգորյանի` էական խախտման հիմքով պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Սուլախյանը պահանջել է Գայանե Խլղաթյանից և Աշոտ Գրիգորյանից բռնագանձել 60.000.000 ՀՀ դրամ, որից 24.000.000 ՀՀ դրամը` որպես նախավճարի պայմանագրով վճարված նախավճարի գումար, 24.000.000 ՀՀ դրամը` որպես նախավճարի գումարի կրկնապատիկ, 12.000.000 ՀՀ դրամը` որպես վերանորոգման վրա ծախսված գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 14.10.2008 թվականից մինչև պարտավորության կատարման օրը (թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործ): Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Խլղաթյանը պահանջել է լուծել «Նախավճարի պայմանագիրը»` իրեն թողնելով նախավճարի վճարված մասը, ինչպես նաև անբարեխիղճ տիրապետման ընթացքում կատարված անբաժանելի բարելավումների գումարը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Գայանե Խլղաթյանից բռնագանձվել է 36.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 36.000.000 ՀՀ դրամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 14.10.2008 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, իսկ մնացած մասով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ Գայանե Խլղաթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2011 թվականի վճիռը բեկանվել է` հայցը մասնակիորեն բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով, և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.07.2012 թվականի որոշմամբ Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Դիմելով դատարան` Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյանը պահանջել են 14.08.2008 թվականի նախավճարի պայմանագրով «Հետագա գնորդ քաղ. Աշոտ Սենիկի Գրիգորյան» հատվածը համարել շինծու և գործարքը կնքված համարել Գայանե Խլղաթյանի` որպես «Հետագա Վաճառող» և Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի` որպես «Հետագա Գնորդ» միջև (թիվ ԵԿԴ/0262/02/13 քաղաքացիական գործ):

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2013 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0262/02/13 քաղաքացիական գործը միացվել է թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործին և միացված քաղաքացիական գործերի վարույթը շարունակվել է ԵԿԴ/0807/02/10 համարով:

Գործի նոր քննության արդյունքում Դատարանի 24.09.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 14.08.2008 թվականի պայմանագիրը կնքված է համարվել Գայանե Խլղաթյանի` որպես «Հետագա Վաճառող» և Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի` որպես «Հետագա Գնորդ» միջև, Գայանե Խլղաթյանից հօգուտ Հովհաննես Սուլախյանի, Սոնա Բագոյան-Սուլախյանի բռնագանձվել է 36.000.000 ՀՀ դրամ, հայցը` մնացած մասով, մերժվել է, իսկ Գայանե Խլղաթյանի հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2014 թվականի որոշմամբ Գայանե Խլղաթյանի, ինչպես նաև Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի վերաքննիչ բողոքները մերժվել են և Դատարանի 24.09.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Խլղաթյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ 47-48-րդ հոդվածները, 51-րդ 53-րդ 210-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռով Գայանե Խլղաթյանից անհիմն կերպով բռնագանձվել է 36.000.000 ՀՀ դրամ, որից 24.000.000 ՀՀ դրամը` որպես նախավճարի պայմանագրով վճարված գումար, իսկ 12.000.000 ՀՀ դրամը` որպես բնակարանի վերանորոգման վրա ծախսված գումար: Մինչդեռ 14.08.2008 թվականի կնքված նախավճարի պայմանագրով նախատեսված 24.000.000 ՀՀ դրամի կամ 80.000 ԱՄՆ դոլարի փոխարեն Գայանե Խլղաթյանն Աշոտ Գրիգորյանից ստացել է ընդամենը 21.000.000 ՀՀ դրամ կամ 70.000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աշոտ Գրիգորյանի կողմից վիճելի բնակարանում կատարված շինարարական աշխատանքների իրական գինը կազմում է 8.700.000 ՀՀ դրամ կամ 29.000 ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12.000.000 ՀՀ դրամ կամ 40.000 ԱՄՆ դոլար, ինչպես պնդում են Հովհաննես Սուլախյանը ու Սոնա Բագոյան-Սուլախյանը: Ավելին, այդ շինարարական աշխատանքները կատարվել են առանց Գայանե Խլղաթյանի համաձայնության, իսկ առանց սեփականատիրոջ համաձայնության կատարված անբաժանելի բարելավումները համարվում են վերջինիս սեփականությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նախավճարի պայմանագրի հիման վրա մինչև 14.10.2008 թվականը հիմնական պայմանագիր չի կնքվել, և կողմերից որևէ մեկը այդպիսի առաջարկ չի ներկայացրել, հետևաբար նախավճարի պայմանագիրը ենթակա է լուծման:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հանգամանքին, որ նախավճարի պայմանագրում «Հետագա Գնորդ» հատվածի փոփոխությունը բերում է մի շարք հակասությունների, որոնք պայմանագիրը դարձնում են ապօրինի:

Նշված հանգամանքները հիմնավորվում են գործում առկա բազմաթիվ ապացույցներով, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն արժանացել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի խախտում, քանի որ Գայանե Խլղաթյանը Դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել ԱՄՆ դոլարի և ՀՀ դրամի փոխարժեքի վերաբերյալ, իսկ «ՎՏԲ-Հայաստան» բանկի 07.10.2013 թվականի տեղեկանքը չի կարող համարվել այնպիսի ապացույց, որը չի ներկայացվել Դատարանին Գայանե Խլղաթյանի կամքից անկախ հանգամանքներով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից Հովհաննես Սուլախյանի ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն անհետևանք թողնելու մասին 28.12.2009 թվականի եզրակացության` Աշոտ Գրիգորյանն իր բացատրությամբ հայտնել է, որ Սոնա Բագոյան-Սուլախյանը ցանկություն է հայտնել 120.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերելու Գայանե Խլղաթյանի կողմից վաճառվող ինքնակամ կառուցված 128,9 քմ մակերեսով ձեղնահարկը և 6,1 քմ մակերեսով կցակառույցը: Սոնա Բագոյան-Սուլախյանի ամուսինը` Հովհաննես Սուլախյանը, 01.08.2008 թվականին ԱՄՆ-ից Աշոտ Գրիգորյանին փոխանցել է 100.000 ԱՄՆ դոլար: Այդ գումարից Աշոտ Գրիգորյանը, Սուլախյան ամուսինների ցուցումով, 70.000 ԱՄՆ դոլարը վճարել է Գայանե Խլղաթյանին, 29.000 ԱՄՆ դոլարով իրականացրել է ձեղնահարկի վերանորոգման աշխատանքներ, իսկ 1.000 ԱՄՆ դոլարը վերադարձրել է: Աշոտ Գրիգորյանը նշել է, որ Երևանի Մաշտոցի պողոտա թիվ 37 շենքի թիվ 44 ա բնակարանի ձեղնահարկի ձեռքբերման նպատակով նախավճարը վճարվել է Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի կողմից, իսկ ինքը միայն փոխանցել է գումարը Գայանե Խլղաթյանին և որպես վստահելի անձ` Սոնա Բագոյան-Սուլախյանի համաձայնությամբ իր անվամբ կնքել է նախավճարի պայմանագիր: Նույնն իր բացատրությամբ հայտնել է նաև Գայանե Խլղաթյանը (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

2) Բանկային փոխանցման ձևաթղթից հետևում է, որ Հովհաննես Սուլախյանը 01.08.2008 թվականին ԱՄՆ-ից Աշոտ Գրիգորյանին է փոխանցել 100.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 31):

3) Գայանե Խլղաթյանի` հետագա վաճառող և Աշոտ Գրիգորյանի` հետագա գնորդ, միջև 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագրի համաձայն` հետագա վաճառողը պարտավորվում է մինչև 14.10.2008 թվականն օրինականացնել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Մաշտոցի պողոտա թիվ 37 շենքի թիվ 44 ա հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 128,9 քմ մակերեսով ձեղնահարկը և 6,1 քմ մակերեսով կցակառույցը, ստանալ նոր հասցե, սեփականաշնորհել և ստանալ սեփականության իրավունքի նոր վկայական, ամբողջ անշարժ գույքը բաժանել առանձին գույքային միավորների, ստանալ վերը նշված վաճառվող անշարժ գույքի (ձեղնահարկի և կցակառույցի) նոր սեփականության իրավունքի վկայականները և միասնական տեղեկանքը, կնքել առուվաճառքի հիմնական պայմանագիր: Պայմանագրում նշվել է նաև, որ անշարժ գույքի վաճառքի արժեքը երկկողմ պայմանավորվածությամբ կազմում է 36.000.000 ՀՀ դրամ, որից 24.000.000 ՀՀ դրամը` որպես նախավճար, արդեն գնորդի կողմից վճարված է վաճառողին, իսկ մնացած 12.000.000 ՀՀ դրամը գնորդը պարտավոր է վճարել մինչև 14.10.2008 թվականը, երբ վաճառողը կկատարի իր պարտավորությունները, և կվավերացվի հիմնական առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

4) Աշոտ Գրիգորյանի կողմից 27.09.2009 թվականին կազմված պարտավորագրի համաձայն` ի կատարումն 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագրի Աշոտ Գրիգորյանը Գայանե Խլղաթյանին վճարել է 24.000.000 ՀՀ դրամ կամ 80.000 ԱՄՆ դոլար` որպես նախավճար (հատոր 1-ին, գ.թ. 29-30)0

5) Աշոտ Գրիգորյանը 09.09.2008 թվականի գրությամբ նշել է, որ իրականում Գայանե Խլղաթյանին տվել է 70.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 48)0

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը, կարող է արդյոք դատարանն ամբողջությամբ բավարարել գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջն այդ դրամական գումարի` հայցվորի կողմից մատնանշված չափը հիմնավորող փաստական հանգամանքների բացակայության պայմաններում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը: Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, ըստ Ռազմիկ Մարությանի հայցի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27,03,2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ապացույցների արժանահավատության խնդրին, գտել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունն ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29,02,2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը պարտավոր է գործն ըստ էության լուծող դատական ակտով պատճառաբանել յուրաքանչյուր հայցապահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ իր եզրահանգումը, ինչը պետք է հիմնված լինի միայն արժանահավատ ապացույցների վրա: Դատարանը չի կարող բավարարել հայցապահանջը, եթե այն հիմնավորող որևէ իրավական կամ փաստական հանգամանք առկա չէ, իսկ գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջը կարող է ամբողջությամբ բավարարվել միայն այն դեպքում, երբ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով քննվող գործի ապացույցները, հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից մատնանշված բռնագանձման ենթակա գումարի չափը հիմնավոր է:

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմելով դատարան` Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանը պահանջել են Գայանե Խլղաթյանից բռնագանձել 36.000.000 ՀՀ դրամ: Ըստ սույն գործով հայցվորների` այդ գումարի մեջ են մտնում Գայանե Խլղաթյանի և Աշոտ Գրիգորյանի միջև 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված 24.000.000 ՀՀ դրամը և վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված 12.000.000 ՀՀ դրամը: Դատարանը 24.09.2013 թվականի վճռով բավարարել է Գայանե Խլղաթյանից 36.0. 000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, հիմնավոր և իրավաչափ է համարել Դատարանի այդ եզրահանգումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի իրական չափի կապակցությամբ սույն գործում առկա են հակասական ապացույցներ: Մասնավորապես` Գայանե Խլղաթյանի և Աշոտ Գրիգորյանի միջև 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագրով ամրագրված է, որ «պայմանագիրը ստորագրելու պահին Վաճառողը որպես նախավճար ստացավ 24,000,000 (քսանչորս միլիոն) ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 32-33), իսկ 09.09.2008 թվականին Աշոտ Գրիգորյանի կողմից կազմված գրությամբ վերջինս հայտնել է, որ «իրականում ինքը Գայանե Խլղաթյանին տվել է 70,000 (յոթանասուն հազար) ԱՄՆ դոլար» (հատոր 1-ին, գ.թ. 48): Ավելին, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ «(...) գործում առկա Աշոտ Գրիգորյանի կողմից տրված հակասական փաստաթղթերով չի հիմնավորվել հակընդդեմ հայցվորի կողմից վկայակոչած այն հանգամանքը, որ վերջինս վիճելի գումարից ստացել է միայն 70,000 ԱՄՆ դոլար, այլ ոչ թե` 80,000 ԱՄՆ դոլար մինչդեռ վերը նշված հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջների համաձայն, կրում է նշված փաստը վկայակոչող, ավալ դեպքում հակընդդեմ հայցվոր կողմը («,)»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի իրական չափը պարզելու համար որպես արժանահավատ ապացույց պետք է դիտել Գայանե Խլղաթյանի և Աշոտ Գրիգորյանի միջև 14.08.2008 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված նախավճարի պայմանագիրը, որի 2.1 կետով ամրագրված է, որ «պայմանագիրը ստորագրելու պահին Վաճառողը որպես նախավճար ստացավ 24,000,000 (քսանչորս միլիոն) ՀՀ դրամ»: Ինչ վերաբերում է 09.09.2008 թվականին Աշոտ Գրիգորյանի կողմից կազմված գրությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա հակասական ապացույցների պայմաններում այդ գրությունն ունի նվազ ապացուցողական նշանակություն և չի կարող հիմք հանդիսանալ նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի իրական չափի որոշման համար: Տվյալ դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել Գայանե Խլղաթյանի և Աշոտ Գրիգորյանի միջև 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագրով, որը ստորագրվել է թե` Գայանե Խլղաթյանի և թե` Աշոտ Գրիգորյանի կողմից, արտահայտում է վերջիններիս կամահայտնությունը և վավերացված է նոտարական կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի իրական չափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից արված եզրահանգման վիճարկման մասով վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն հետևության, որ նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի չափն իրականում կազմում է 24.000.000 ՀՀ դրամ: Անդրադառնալով նախավճարի պայմանագրում Հովհաննես Սուլախյանին և Սոնա Բագոյան-Սուլախյանին որպես «Հետագա գնորդ» ճանաչելը մերժելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պահանջին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, իրավացիորեն եզրահանգել է, որ նախավճարի պայմանագիր կնքելիս կողմերն իրականում նկատի են ունեցել, որ դրանով իրավունքներ և պարտականություններ են ծագում Հովհաննես Սուլախյանի, Սոնա Բագոյան-Սուլախյանի և Գայանե Խլղաթյանի միջև: Հետևաբար պայմանագիրը պետք է կնքված համարել Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի` որպես «Հետագա գնորդ» և Գայանե Խլղաթյանի` որպես «Հետագա վաճառող» միջև:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի իրական չափի մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր է` հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել այն հանգամանքը, որ Դատարանն իր վճռում որևէ կերպ չի անդրադարձել վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի իրական չափը պարզելու հարցին և հիմնվելով միայն Հովհաննես Սուլախյանի և Սոնա Բագոյան-Սուլախյանի ներկայացրած հայցադիմումում նշված տվյալների վրա` անհիմն կերպով գտել է, որ այդ շինարարական աշխատանքների գինը կազմում է 12.000.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, իր հերթին, Գայանե Խլղաթյանից 36.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջն ամբողջությամբ հիմնավոր համարելով, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված 36.000.000 ՀՀ դրամն իրենից ներկայացնում է նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված և վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված դրամական միջոցների հանրագումար, ուստի սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի թե` նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի իրական չափի, թե` վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների գնի իրական չափի հարցի պարզումը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է միայն նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի չափի որոշման հարցին, սակայն որևէ կերպ չի անդրադարձել վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված դրամական միջոցների իրական չափի պարզման հարցին, չի պատճառաբանել, թե քննարկվող շինարարական աշխատանքների գնի իրական չափը 12.000.000 ՀՀ դրամ համարելիս իր կողմից հաստատված ինչ փաստական հանգամանքների կամ ինչ ապացույցների վրա է հիմնվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման մեջ սույն գործով հաստատված փաստերի շարքում, ի թիվս այլոց, նշվել է նաև, որ «(«,) Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից Հովհաննես Սուլախյանի ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն անհետևանք թողնելու մասին 28.12.2009 թվականի եզրակացության Աշոտ Գրիգորյանն իր բացատրությամբ հայտնել է, որ (»,) Սոնա Բագոյան Սուլախյանի ամուսինը Հովհաննես Սուլախյանը 01,08,2008 թվականին ԱՄՆ-ից Աշոտ Գրիգորյանին փոխանցել է 100,000 ԱՄՆ դոլար, որից Աշոտ Գրիգորյանը Սուլախյան ամուսինների ցուցումով (»,) 29.000 ԱՄՆ դոլարով իրականացրել է ձեղնահարկի վերանորոգման աշխատանքներ (»,)»:

Ասվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք, հաստատված է համարել, որ Աշոտ Գրիգորյանի տված բացատրության համաձայն` վերջինիս կողմից իրականացված վերանորոգման աշխատանքների գինը կազմել է 29.000 ԱՄՆ դոլար` մոտ 8.700.000 ՀՀ դրամ: Սակայն Վերաքննիչ դատարանը, անտեսելով իր իսկ կողմից հաստատված փաստական հանգամանքները, որոշել է, որ վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման իրական գինը կազմում է 12.000.000 ՀՀ դրամ:

Իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման խնդրին` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, ըստ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Դևոնյանի հայցի ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանն են կրում նախավճարի պայմանագրով Գայանե Խլղաթյանի կողմից ստացված գումարի և վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի չափն ապացուցելու պարտականությունը:

Մինչդեռ սույն գործում բացակայում է վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի իրական չափը հավաստող որևէ ապացույց: Այլ կերպ ասած` Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանը սույն գործի քննության ընթացքում չեն ներկայացրել վիճելի բնակարանի շինարարական աշխատանքներն իրենց կողմից մատնանշված գնով կատարված լինելը հիմնավորող որևէ ապացույց: Հետևաբար, նշված շինարարական աշխատանքների իրականացման գնի` 12.000.000 ՀՀ դրամ կազմելու փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով պետք է կրեն Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումը մասամբ չի համապատասխանում դատական ակտերին առաջադրվող իրավական հիմնավորվածության չափանիշներին, քանի որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցին, թե վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար Աշոտ Գրիգորյանի կողմից իրականում որքան գումար է ծախսվել, և անհիմն կերպով համարել է, որ այդ շինարարական աշխատանքների գինը կազմում է 12.000.000 ՀՀ դրամ:

Անդրադառնալով հակընդդեմ հայցը բավարարելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պահանջին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Խլղաթյանը պահանջել է լուծել Գայանե Խլղաթյանի և Աշոտ Գրիգորյանի միջև 14.08.2008 թվականին կնքված նախավճարի պայմանագիրը` իրեն թողնելով նախավճարի վճարված մասը, ինչպես նաև անբարեխիղճ տիրապետման ընթացքում կատարված անբաժանելի բարելավումների գումարը` վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը: Պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է նաև մյուս կողմին հատուցել վնասները` նախավճարի գումարի հաշվանցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ սույն գործով վիճելի 24.000.000 ՀՀ դրամ նախավճարի գումարը կարող է մնալ նախավճար ստացած կողմին` Գայանե Խլղաթյանին, այն դեպքում, երբ գործի քննությամբ հաստատվի, որ պայմանագրի չկատարման համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այսինքն` Հովհաննես Սուլախյանը և Սոնա Բագոյան-Սուլախյանը: Մինչդեռ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում իրավացիորեն հանգել են այն եզրակացության, որ սույն գործի քննության արդյունքում չի ապացուցվել այն հանգամանքը, թե նախավճարի պայմանագրի կողմերից որ մեկի կետանցող գործողությունների արդյունքում է թույլ տրվել պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտում: Նշված հանգամանքի ապացուցված չլինելու բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, այսինքն` Գայանե Խլղաթյանը, որը գործի քննության ընթացքում չի ապացուցել, որ նախավճարի պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտումը տեղի է ունեցել մյուս կողմի գործողությունների արդյունքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե` Դատարանը և թե` Վերաքննիչ դատարանն իրավացիորեն են եզրահանգել, որ Գայանե Խլղաթյանի հակընդդեմ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման գնի իրական չափը պարզելու հարցի մասով, չունի իրավաչափ փաստական և իրավական հիմնավորում, ուստի նշված մասով այն չի կարող համարվել պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա ապացույցները և փաստերը գնահատելու համար սույն գործը` վիճելի բնակարանի շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2014 թվականի որոշումը մասնակիորեն` 12.000.000 ՀՀ դրամ շինարարական աշխատանքների գումարի բռնագանձման պահանջի և այդ պահանջի մասով դատական ծախսերի բռնագանձման մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Գայանե Խլղաթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 760.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի մերժված մասի համար բռնագանձման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Շինարարական աշխատանքների իրականացման գումարի բռնագանձման պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԵԿԴ/0807/02/10
Որոշում