Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08

    դատարանի որոշում                                             2010 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի          

                                              Վ. Աբելյանի            

                                              Ս. Անտոնյանի           

                                              Ա. Բարսեղյանի          

                                              Մ. Դրմեյանի            

                                              Գ. Հակոբյանի           

                                              Է. Հայրիյանի           

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սև Ջուր Ախթամար» ջրօգտագործողների ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Հարությունյանի ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Հարությունյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.500.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի վճռով Սամվել Հարությունյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.04.2010 թվականի վճռով Սամվել Հարությունյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` 3.104.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2010 թվականի որոշմամբ Դատարանի 29.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ և 611-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սամվել Հարությունյանն Ընկերության հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր չի կնքել, իսկ գործում առկա 12.04.2010 թվականի պայմանագրում բացակայում է Ընկերության տնօրենի կնիքն ու ստորագրությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 12.04.2008 թվականի «Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողին ջրի մատակարարման պայմանագրի» 4-րդ կետի «Ա» ենթակետի համաձայն` Սամվել Հարությունյանը պարտավոր էր պլան-ժամանակացույցի համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները հողամասը ոռոգելուց առնվազն 4 օր առաջ համաձայնացնել Ընկերության պատասխանատու լիազոր ներկայացուցչի հետ, ինչը Սամվել Հարությունյանը չի կատարել:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել Սամվել Հարությունյանի ներկայացրած 04.08.2008 թվականի ակտը, այսինքն` այդ ակտը կազմվել է ոչ լիազոր անձանց կողմից, առանց փորձագետ-մասնագետի մասնակցության, չի ապահովվել նաև Ընկերության ներկայացուցչի մասնակցությունը: Հետևաբար, այն չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի համար:

Բացի այդ, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ԱՐԴ/1193/02/08 որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.08.2010 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողին ջրի մատակարարման» 12.04.2008 թվականի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել Ընկերության տվյալ ենթատարածքի պատասխանատու լիազոր ներկայացուցչի հետ: Նշված պայմանագիրը ստորագրել է միայն Սամվել Հարությունյանը (հատոր առաջին, գ.թ. 10):

2) Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի կողմից Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի հետ կազմվել է պլան-ժամանակացույց (հատոր առաջին, գ.թ. 9):

3) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.11.2009 թվականի թիվ ԱՐԴ/1194/02/08 որոշմամբ արձանագրվել է, որ «Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 12.04.2008 թվականի պայմանագիրը ստորագրված է միայն Սամվել Հարությունյանի կողմից, հանգել է այն հետևության, որ սույն քաղաքացիական գործով կողմերը չեն մտել քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ», «Մինչդեռ սույն գործում առկա են Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի և Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի միջև կազմված Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար կազմված պլան-ժամանակացույցը, որով հիմնավորվում է կողմերի միջև մինչ այդ կնքված ջրամատակարարման պայմանագրի առկայությունը: Բացի այդ, Ընկերությունը, հայցադիմումի պատասխանով իր փաստարկների հիմքում դնելով պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետը, ըստ էության ընդունել է կողմերի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության փաստը» (հատոր առաջին, գ.թ. 155-159):

4) ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետի 29.07.2008 թվականի թիվ 321 տեղեկանքի համաձայն` Սամվել Հարությունյանը 2008 թվականի գարնանը Վարդանաշեն համայնքի բնակիչներից վարձակալել է 2,9 հա հողատարածք (հատոր առաջին, գ.թ. 12):

5) ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի 04.08.2008 թվականի ակտի համաձայն` Սամվել Հարությունյանին ոռոգման ջրով մատակարարումը կատարվել է ոչ պատշաճ, որի հետևանքով ձմերուկի և սորգոյի բույսերը չորացել են: Վերոնշյալ մշակաբույսերից սպասվելիք եկամուտը շուկայական գների համաձայն կկազմեր 6.490.000 ՀՀ դրամ (հատոր առաջին, գ.թ. 6):

6) Գործում առկա հայցադիմումի պատասխանով Ընկերությունն ընդունել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցի համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ (հատոր առաջին, գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս (Տես Արծրուն Հովհաննիսյանն ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Մարգարիտ Հակոբյանն ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` հողամասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0443/02/08 գործով 28.11.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը սույն գործով կայացված 06.11.2009 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 12.04.2008 թվականի պայմանագիրը ստորագրված է միայն Սամվել Հարությունյանի կողմից, հանգել է այն հետևության, որ սույն քաղաքացիական գործով կողմերը չեն մտել քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ», «Մինչդեռ սույն գործում առկա են Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի և Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի միջև կազմված Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար կազմված պլան-ժամանակացույցը, որով հիմնավորվում է կողմերի միջև մինչ այդ կնքված ջրամատակարարման պայմանագրի առկայությունը: Բացի այդ, Ընկերությունը, հայցադիմումի պատասխանով իր փաստարկների հիմքում դնելով պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետը, ըստ էության ընդունել է կողմերի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության փաստը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոք բերող անձի պատճառաբանությունն այն մասին, որ Սամվել Հարությունյանի և Ընկերության միջև Պայմանագիր չի կնքվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թ.-ի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է պատասխանող կողմը:

Սույն գործով Սամվել Հարությունյանը հայցադիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման ջուր չի մատակարարել, որի հետևանքով չի ոռոգվել 1,5 հա ձմերուկի և 1,5 հա սորգոյի (ավել) հողատարածքները, ինչի արդյունքում էլ կրել է 6.490.000 ՀՀ դրամի վնաս (հիմք` ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի 04.08.2008 թվականի ակտը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի` համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Սամվել Հարությունյանի միջև 12.04.2008 թվականին կնքվել է Պայմանագիր: Պայմանագրի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարել պլան-ժամանակացույցին համապատասխան, իսկ նույն Պայմանագրի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից առնվազն 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է նմանատիպ ջրամատակարարման պայմանագրով ջուր մատակարարելու պարտավորությանը` նշելով, որ «Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր է համարում, քանի որ կողմերի միջև կնքված ջրի մատակարարման պայմանագրով չի հիմնավորվում 2008 թվականի հուլիս, օգոստոս ամիսների համար Ընկերության կողմից ոռոգման ջուր մատակարարելու պարտավորության առկայությունը: Մասնավորապես, Ընկերության և Ալբերտ Դավթյանի միջև կնքված վերոնշյալ պայմանագրով նախատեսվում է Ընկերության ներկայացուցչի հետ հերթական ջրման պայմանների և ժամկետների համաձայնեցման պարտադիր պայման և կարգ (այն է` ջրումից առնվազն 4 օր առաջ): Մինչդեռ Ալբերտ Դավթյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ 2008 թվականի հուլիս, օգոստոս ամիսների ջրամատակարարման համար Ընկերության ներկայացուցչի հետ համաձայնեցրել է ջրման պայմանները և ժամկետները» (տես Ալբերտ Դավթյանն ընդդեմ «Սև Ջուր Ախթամար» ջրօգտագործողների ընկերության` 2.270.000 ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ընկերության և Սամվել Հարությունյանի միջև 12.04.2008 թվականին կնքված Պայմանագրով նախատեսվում է Ընկերության ներկայացուցչի հետ հերթական ջրման պայմանների և ժամկետների համաձայնեցման պարտադիր պայման և կարգ (այն է` ջրումից առնվազն 4 օր առաջ): Մինչդեռ, Սամվել Հարությունյանը բավարար և պատշաճ ապացույցներով չի ապացուցել այն հանգամանքը, որ 2008 թվականի հուլիս և օգոստոս ամիսների ջրամատակարարման համար Ընկերության ներկայացուցչի հետ համաձայնեցրել է ջրման պայմանները և ժամկետները:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ սույն քաղաքացիական գործով հայցվորն ապացուցել է, որ ավելի քան 20 օր պատասխանող ընկերության համապատասխան աշխատողներից, ինչպես նաև ղեկավարներից ջուր է խնդրել: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող քաղաքացիական գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում նշված փաստը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 19.08.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել պետական տուրքի վճարումից ազատման տեսքով արտոնությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն էլ ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

Սույն գործով հաշվի առնելով Սամվել Հարությունյանի գույքային դրությունը, որը հիմք ընդունելով` վերջինս ստորադաս դատարանների կողմից ազատվել է պետական տուրքերի վճարումներից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրան անհրաժեշտ է ազատել պետական տուրքի վճարումից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. Սամվել Հարությունյանի հայցը մերժել:

2. Սամվել Հարությունյանին ազատել պետական տուրքի վճարումից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ԱՐԴ/1194/02/08
Որոշում