Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0681/02/08

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0681/02/08

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՏԳ Սթոուն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 3.220.720 դրամ, որից 2.484.000 դրամ` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 673.560 դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսների գումար, ինչպես նաև հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 3.005.640 ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետը:

Սույն գործով դատարանը հայցապահանջը բավարարել է այն հիմքով, որ պատասխանողը չի ապացուցել Ընկերության կողմից ծառայությունը չմատուցելու հանգամանքը, մինչդեռ, ծառայությունը մատուցված լինելու հանգամանքն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը:

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցները փաստում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պատասխանողի կողմից հայցվորին վճարում կատարելու պարտավորություն առկա չէ, քանի որ քննարկվող ժամանակահատվածի համար Ընկերության կողմից կատարված աշխատանքների հանձնման մասին ապացույցներ չկան, և եթե անգամ պայմանականորեն ընդունվի, որ ծառայություն մատուցվել է, ապա գործում առկա ապացույցների և շարադրվածի հաշվառմամբ այն պայմանագրի պահանջներին համապատասխան չի մատուցվել: Այսպես` 17.04.2006 թվականի պահպանության պայմանագրի լուծման մասին 2007 թվականի հունվարին Ընկերությանն ուղարկած գրության 1-ին և 2-րդ կետերով Կազմակերպությունը հստակ նշել է, որ հաստատման նպատակով իրեն չի ներկայացվել պայմանագրի 8-րդ հոդվածում նշված պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող «Ծառայության վայրի հրահանգացուցակը» և որ Ընկերությունը 01.07.2006 թվականից չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Բացի այդ, Ընկերությունը ժամանակին և պատշաճ չի կատարել իր պայմանագրային պարտականությունները` ի սկզբանե չի մշակել և չի ներկայացրել պատվիրատուի հաստատմանը կամ համաձայնեցմանը պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված պահպանության ծառայության հրահանգների նախագծերը, տարածքի պահպանության վերաբերյալ պատվիրատուին չի մատուցել ամբողջական խորհրդատվություն, չի կազմել արտակարգ իրավիճակներում անվտանգության և գործողությունների պլանի վերաբերյալ նախնական զեկույց, չի սահմանել և ներդրել անցագրային ռեժիմ և այլն:

Ավելին, գործում առկա չէ ըստ պահպանության պայմանագրի պահանջվող պահպանության ենթակա ապրանքանյութական արժեքների, մեքենաների, սարքավորումների, կնիքների և այլ գույքի ընդունման-հանձնման որևէ ակտ, պահպանության պայմանագրի բաղկացուցիչ մաս կազմող «Պահպանության ծառայության հրահանգ»-ը, ինչը վկայում է, որ Ընկերությունը պահպանության պայմանագրային ծառայությունները պատշաճ, ժամանակին չի կատարել և չէր էլ կարող կատարել, քանի որ ընդհանրապես չի ունեցել պատվիրատուի հետ համաձայնեցված և պայմանագրով նախատեսված այլ պարտադիր փաստաթղթեր, որոնցով պետք է ղեկավարվեին պահպանության անմիջական ծառայություն մատուցողները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության` որպես կապալառուի, և Կազմակերպության` որպես պատվիրատուի, միջև 17.04.2006 թվականին կնքվել է պահպանության պայմանագիր, որի համաձայն` կապալառուն պարտավորվել է իրականացնել պատվիրատուի տարածքում շուրջօրյա պահպանություն, իսկ պատվիրատուն պարտավորվել է մատուցված ծառայությունների դիմաց, մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա, կապալառուին վճարել 540.000 դրամ, եթե մատուցված ծառայությունների ծավալները չեն գերազանցում պայմանագրում նշված ծավալները: Նշված պայմանագիրը կնքվել է 20.04.2006 թ. - 20.04.2007 թ. ժամանակահատվածի համար:

2. Կազմակերպության կողմից Ընկերությանը վճարվել է 1.080.000 դրամ` համաձայն Ընկերության մուտքի դրամարկղային թվով չորս օրդերների, որոնց (ըստ օրդերների վրա առկա գրառումների) կցվել են համապատասխան հաշիվ-ապրանքագրերը:

3. 24.01.2007 թվականին փոստային եղանակով Ընկերությանն առաքված գրությամբ Կազմակերպությունը հայտնել է, որ կողմերի միջև կնքված պահպանության պայմանագիրը 03.07.2006 թվականից համարում է լուծված, քանի որ կապալառուի կողմից «չի ներկայացվել պայմանագրի 8-րդ հոդվածում նշված պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող «Ծառայության վայրի հրահանգացուցակը» հաստատման նպատակով», ինչպես նաև 2006 թվականի հուլիսի մեկից կապալառուի կողմից չի կատարվում պայմանագրային պարտականությունները:

4. Ընկերության կողմից 08.06.2007 թվականին փոստային եղանակով առաքված գրությամբ Կազմակերպությունը տեղեկացվել է, որ պայմանագրային պարտականությունները կատարել է պայմանագրի կնքման օրվանից մինչև 13.11.2006 թվականը, այնինչ պատվիրատուն չի վճարել 01.07.2006 թ. - 13.11.2006 թ. ժամանակահատվածում մատուցված ծառայությունների վճարի գումարը 2.484.000 դրամի չափով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ և 779-րդ հոդվածների համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ պատվիրատուի վճարման պարտականությունը ծագում է միայն ծառայությունը պատշաճ (պայմանագրում նշված ժամկետներում և կարգով) մատուցված լինելու պարագայում:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության և Կազմակերպության միջև 17.04.2006 թվականին կնքված պահպանության պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է 12 ամիս ժամկետում Կազմակերպության տարածքում իրականացնել շուրջօրյա պահպանություն, իսկ Կազմակերպությունը պարտավորվել է մատուցված ծառայությունների դիմաց, մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա, կատարողին վճարել 540.000 դրամ: Պատվիրատուն 2006 թվականի մայիս, հունիս ամիսների համար կատարողին վճարել է 1.080.000 դրամ գումար:

Այսինքն` կողմերի միջև կնքված պահպանության մասին պայմանագրի հիմքով կողմերը ծառայության մատուցման հաշվարկային ժամանակահատված նախատեսել են մեկ ամիսը և որպես պատվիրատուի վճարման պարտավորության ծագման հիմք սահմանել են կարգ այն մասին, որ յուրաքանչյուր ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց պատվիրատուն վճարում է կատարողին մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, այսինքն` յուրաքանչյուր մասնակից կրում է իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը, ընդ որում, այդ և վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկություններ պարունակող ապացույցներով:

Սույն գործով Ընկերությունն է վկայակոչել 01.07.2006 թ. - 13.11.2006 թ. ժամանակահատվածում մատուցված ծառայությունների համար Կազմակերպության կողմից 2.484.000 դրամ գումար վճարված չլինելու հանգամանքը, հետևաբար, նա է կրում ծառայության մատուցված լինելու և այն հանձնված լինելու հանգամանքների ապացուցման բեռը, որը չի կատարվել: Մասնավորապես, գործում առկա չէ 01.07.2006 թ. - 13.11.2006 թ. ժամանակահատվածում ծառայությունների մատուցված լինելու և այդ կապակցությամբ պատվիրատուին հաշվարկային ամսվա համար հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու հանգամանքները հիմնավորող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ծառայության պատշաճ մատուցված լինելու և այն սահմանված կարգով և ժամկետներում կատարված լինելու հանգամանքների ապացուցման բեռին` արձանագրելով, որ ծառայության մատուցված լինելու հանգամանքի ապացուցման բեռն ամբողջությամբ կրում է կատարողը:

i

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ աշխատանքները պատշաճ որակով և ծավալով կատարված լինելու և այն հանձնված լինելու հանգամանքներն ապացուցելը Կատարողի պարտականությունն է (տես` «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի Արաբկիրի թաղապետարանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ 3-299(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը ծառայության պատշաճ մատուցված չլինելու հանգամանքի ապացուցման պարտականությունը դրել է Կազմակերպության վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2008 թվականի որոշման` «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ԵՇԴ/0681/02/08
Որոշում