Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0286/02/08

    դատարանի որոշում                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0286/02/08

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

Դատավորներ` Է. Մուրադյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պավլիկ Սահակյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Պավլիկ Սահակյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հայցի Ալվարդ Արզաքանցյանի ընդդեմ Պավլիկ Սահակյանի` անշարժ գույքի նկատմամբ ժառանգության ընդունման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, ուրիշի ապօրինի տիրապետումից անշարժ գույքը հետ պահանջելու և վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Պավլիկ Սահակյանը պահանջել է Երևանի Վարդաշենի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը դրա նկատմամբ:

Դիմելով դատարան` Ալվարդ Արզաքանցյանը պահանջել է հաստատել Երևանի Վարդաշենի 4-րդ փողոցի թիվ 2 տան և հողամասի նկատմամբ ժառանգության ընդունման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը և Պավլիկ Սահակյանին ընտանիքի անդամներով վտարել վեճի առարկա տանից:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2008 թվականի որոշմամբ թիվ ԵԷԴ/0286/02/08 և թիվ ԵԷԴ/0334/02/08 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի վճռով Պավլիկ Սահակյանի դիմումը բավարարվել է, իսկ Ալվարդ Արզաքանցյանի հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2008 թվականի որոշմամբ Ալվարդ Արզաքանցյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պավլիկ Սահակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվարդ Արզաքանցյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հիմնավորված է, որ Պավլիկ Սահակյանի եղբայր Պարգև Սահակյանը դեռևս 1978 թվականից մշտապես բնակվել է այլ տեղ, իսկ հետագայում մշտական բնակության է մեկնել ՈՒկրաինայի Հանրապետություն` հրաժարվելով իր անվամբ որպես սեփականություն հաշվառված գույքից, չի հետաքրքրվել դրանով և իր գործողություններով հրաժարվել է վիճելի գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից: Պարգև Սահակյանն էլ է ընդունել այն հանգամանքը, որ վեճի առարկա տան սեփականատեր է դարձել բնակելի տան իրական գնորդի` Պավլիկ Սահակյանի կամարտահայտության արդյունքում:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել Էրեբունու թաղապետարանի թիվ 23 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հարևանների հայտարարությունները, Պավլիկ Սահակյանի կողմից բերված վկաների և Գեղարքունիքի մարզի Ծովազարդի գյուղապետարանի կողմից հաստատված գրավոր հայտարարությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հիմնավոր չեն վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունները, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել Էրեբունու թաղապետարանի թիվ 23 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հարևանների հայտարարությունները, Պավլիկ Սահակյանի կողմից բերված վկաների և Գեղարքունիքի մարզի Ծովազարդի գյուղապետարանի կողմից հաստատված գրավոր հայտարարությունները, քանի որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է դրանց` պարզելով ինչպես Պավլիկ Սահակյանի բնակության փաստը, այնպես էլ Պարգև Սահակյանի ժառանգների բնակության փաստը վեճի առարկա բնակարանում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Պավլիկ Սահակյանը 1977 թվականից իր ընտանիքով բնակվում է Երևանի Վարդաշեն 4-րդ փողոցի 2-րդ տանը:

2) Երևանի Վարդաշենի 4-րդ փողոցի թիվ 2 տան նկատմամբ գրանցված է Պավլիկ Սահակյանի եղբոր` Պարգև Սահակյանի սեփականության իրավունքը:

3) Պարգև Սահակյանը մահացել է 18.04.1998 թվականին ՈՒկրաինայում:

4) Ալվարդ Արզաքանցյանը Պարգև Սահակյանի կինն է:

5) Ալվարդ Արզաքանցյանին ՈՒկրաինայի Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաքի պետական նոտարական գրասենյակի կողմից տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական:

6) Լևոն Ալթունյանի բացատրության համաձայն` Երևանի Վարդաշեն 4-րդ փողոցի 2-րդ տունը պատկանել է վերջինիս հորը` Գրիշա Ալթունյանին, որը 1977 թվականին իր կենդանության օրոք 18.000 ռուբլով վաճառել է Պավլիկ Սահակյանին: Իրեն հայտնի չէ, թե տունն ում անվամբ է գրանցվել, բայց գումարը վճարել է Պավլիկ Սահակյանը:

7) Պարգև Սահակյանը Երևանի Վարդաշենի 4-րդ փողոցի թիվ 2 տանը չի բնակվել, ունեցել է առանձին բնակարան, որտեղ էլ բնակվել է իր ընտանիքի հետ:

8) Պավլիկ Սահակյանը իր բնակության ժամանակ վերակառուցել է տունը, ավելացրել դրա մակերեսը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն փաստարկը, որ Պարգև Սահակյանի` Երևանի Վարդաշեն 4-րդ փողոցի 2-րդ տան սեփականատեր հանդիսանալու, Պավլիկ Սահակյանի 1977 թվականից վեճի առարկա տանը բնակվելու պայմաններում գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ սեփականատիրոջ գործողություններն ակնհայտորեն վկայում են գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման որևէ իրավունք չպահպանելու մտադրության մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Պավլիկ Սահակյանը, լինելով Պարգև Սահակյանի եղբայրը, վեճի առարկա տան իրական գնորդն է և 1977 թվականից իր ընտանիքով բնակվում է այդ տանը: Վերջինս իր բնակության ժամանակ վերակառուցել է տունը, հոգացել է գույքի պահպանման ծախսերը: Պարգև Սահակյանը Երևանի Վարդաշենի 4-րդ փողոցի թիվ 2 տանը չի բնակվել, ունեցել է առանձին բնակարան, որտեղ էլ բնակվել է իր ընտանիքի հետ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նշված ապացույցները, որոնցով հաստատվում են հայցվորի կողմից վիճելի բնակարանը տասը տարի և ավելի բարեխղճորեն, անընդմեջ ու բացահայտ որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ԵԷԴ/0286/02/08
Որոշում