ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/30480/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30480/02/19 2022 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ն. Կարապետյան
Ն. Գաբրիելյան (հատուկ կարծիք)
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 8-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարո Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարո Միքայելյանի ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հաստիքի կրճատման և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամաններն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու և նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հարկադիր պարապուրդի գումարը և հատուցում վճարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարո Միքայելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի կողմից 10.07.2019 թվականին ընդունված թիվ 187, 17.07.2019 թվականին ընդունված թիվ 194Ա հրամանները, բռնագանձել 7.085.682.8 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.11.2019 թվականից սկսած մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն օրական 78.729.8 ՀՀ դրամ` որպես հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իր միջին աշխատավարձ, և վերականգնել իրեն նախկին աշխատանքում կամ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` 7.085.682.8 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.11.2019 թվականից սկսած մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն օրական 78.729,8 ՀՀ դրամ, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի` 19.839.912 ՀՀ դրամի չափով (տվյալ գումարի հաշվարկը հետևյալն է 12 X 1.653.326 = 19.839.912, որտեղ 12-ը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուցման դեպքում միջին աշխատավարձի բազմապատկման առավելագույն չափն է, իսկ 1.653.326 ՀՀ դրամը` միջին ամսական աշխատավարձը):
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 17.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Անվավեր ճանաչել «ԳՄՊ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրենի 17.07.2019թ. թիվ 194Ա հրամանները: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Կարո Ստեփանի Միքայելյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը` սկսած 17.07.2019 թվականից մինչև Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Կարո Ստեփանի Միքայելյանի բռնագանձել Հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա ամսական միջին աշխատավարձի հնգապատիկի չափով: Հայցը մնացած մասով, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.12.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցն ամբողջությամբ մերժվել է:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Գաբրիելյանը 14.06.2021 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարո Միքայելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Վազգեն Միրզոյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունն ուղղակի կախվածության մեջ է դրել «կրկին ներկայացված» արտահայտության մեջ «կրկին» բառի բառարանային պարզաբանումից, գտնելով, որ «կրկին» բառն Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում նշանակում է «երկրորդ անգամ»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից «կրկին» բառի բացատրությունը վկայակոչած նույն աղբյուրը «կրկին» բառի բովանդակության տակ արձանագրել է ոչ միայն «երկրորդ» կամ «երկակի», այլև «հաջորդող», «վերստին», «նորից» և «բազմակիություն» բնորոշող բացատրություններ: Հարկ է նշել, որ «կրկին» բառը ձևաբանական առումով թվական անուն չէ և իր բովանդակությամբ չի հանդիսանում առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ: Այն չի կարող նույնացվել ձևաբանական խոսքի մաս հանդիսացող երկրորդ դասական թվականի հետ, որը ցույց է տալիս միատեսակ առարկաների թվային կարգ` նրանց թվարկման ժամանակ, և կազմվում է բացարձակ թվականին ավելացնելով «րորդ» կամ «երորդ» վերջածանցները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «կրկին» բառը, իբրև խոսքի մաս, հանդիսանում է ոչ թե թվական, այլ մակբայ և բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ: Այդ առումով, հանդիսանալով չափ ու քանակի մակբայ, «կրկին» բառը ցույց է տալիս գործողության հաջորդականություն` կրկնության ձևով: Ընդ որում, այն կարող է գնահատվել և՛ երկրորդ անգամ, և՛ նաև երրորդ ու բազում անգամներ: Միաժամանակ, «կրկին» բառի նշանակության և գործածության վերաբերյալ պարզաբանում տալու խնդրանքին ի պատասխան ՀՀ լեզվի կոմիտեն (տեսչություն) տվել է հետևյալ պարզաբանումը.
««Կրկին» նշանակում է ոչ միայն երկրորդ անգամ, այլև ևս մեկ անգամ, նորից, դարձյալ, վերստին: Սա են փաստում հայերենի բացատրական բառարանները («Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» 1 (Երևան, 1974), Էդուարդ Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան» 2 (Երևան, 1976)):
Այսինքն` կրկին կարող է լինել այն, ինչն արդեն եղել է ոչ միայն մեկ, այլև մի քանի անգամ:
Դառնալով Ձեր հարցին` մասնավորեցնենք` «կրկին ներկայացնել»-ը կարող է գործածվել ոչ միայն երկրորդ անգամ ներկայացնելիս, այլև, օրինակ, երրորդ, չորրորդ, հինգերորդ»:
Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ վերաքննիչ ատյանի մեկնաբանության տրամաբանական հիմքը` «կրկին» բառը չի կարող սահմանափակվել տվյալ ատյանի կողմից մատնանշված բառարանի մեկ բովանդակությամբ: Ավելին, Վերաքննիչ դատարանը, եթե ցանկանում էր սահմանափակվել իրավանորմի քերականական մեկնաբանությամբ, անտեսելով իրավանորմի համակարգային մեկնաբանությունը, իրավանորմի բովանդակությունը բացահայտելու համար գոնե պարտավոր էր պարզել նշված բառի քերականական կառուցվածքը` դրա արմատի` որպես խոսքի մաս, գործածության և նախադասության մեջ շարադասական նշանակությունը, ինչը չի կատարել և հանգել է միակողմանի ու գիտական հիմնավորում չունեցող եզրակացության:
Բացի այդ, իրավանորմի մեկնաբանության համար նշանակություն ունեն առաջնահերթության կարգով համակարգային վերլուծությունը, ինչպես նաև իրավանորմի ներքին տրամաբանական կառուցվածքը:
i
Տվյալ դեպքում, վերը ներկայացված հիմնավորման արդյունքում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի իրավաչափ կիրառության համար այն իրավական գնահատման ենթարկել նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի, 125-րդ և 126-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում:
i
Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առանց նշված հոդվածների ամբողջական վերլուծության, չէին կարող իրավաչափ գնահատման ենթարկվել նաև սույն վիճելի իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառման սահմանները: Քննարկվող պարագայում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որպես հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք, ամրագրելով սահմանված կարգով հայցի հարուցումը, այդ իրավաբանական փաստի կարգավորումը վերապահել է քաղաքացիական դատավարությանը: Ուստի, սահմանված կարգով հայցի հարուցման փաստի ժամկետային հաշվարկը որոշելու համար հայցադիմումի վերադարձման ինստիտուտի նկատմամբ ամբողջությամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը, այն հաշվով, որ թերությունները սահմանված ժամկետում ուղղված և դատարանին ներկայացված հայցադիմումը ենթակա է որակման որպես սահմանված կարգով դատարան ներկայացված հայցադիմում` սկզբնապես ներկայացված ժամկետի հաշվառմամբ: Այդ հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հաշվարկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառմամբ, կհամապատասխանի սկզբնապես ներկայացված հայցադիմումը դատարան մուտքագրելու օրվան:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման պայմաններում, յուրաքանչյուր հայցադիմում դատարանում հաշվառվում է իր առաջին անգամ ներկայացված լինելու իրավական փաստի ուժով: Այդ առումով, եթե առկա են ժամկետների խախտումներ, ապա այդ ժամկետներով պայմանավորված գործողությունների կատարման անհնարինության պայմաններում կրկին ներկայացված հայցադիմումը կորակվի որպես նոր ներկայացված, իսկ վերադարձնելու որոշումներով սահմանված ժամկետների պահպանմամբ ուղղված հայցադիմումը կորակվի որպես միևնույն հայցադիմումը, որի խախտումները վերացվել են: Ուստի, այդ դեպքում, ուղղված հայցադիմումի ներկայացման սկիզբ կհամարվի այն ժամկետը, երբ հայցադիմումը ներկայացվել է առաջին անգամ: Այսինքն` տվյալ դեպքում բացակայում են մի քանի հայցադիմումներ և առկա է մեկ հայցադիմում, որի շտկման արդյունքում այն կհամարվի ներկայացված այն օրվա դրությամբ, երբ հայցադիմումը ներկայացվել է սկզբնապես:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող պահանջներով բողոք բերած անձը դատական պաշտպանության է դիմել աշխատանքից ազատելու հրամանների կայացումից հետո` երկամսյա ժամկետի սահմաններում: Ուստի դատարան դիմելու վերը նշված ժամկետները բողոք բերած անձի կողմից պահպանվել են:
i
Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վավերապայմանները բողոք բերած անձի կողմից պահպանված լինելու պայմաններում, օրենսդիրը վերջինիս լիարժեք հնարավորություն է տվել օգտվելու ՀՀ Սահմանադրությամբ վերապահված արդար և անկողմնակալ դատարանի դատական պաշտպանությանը դիմելու իրավունքից: Ուստի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի կանոնն անտեսելով և դատական պաշտպանության իրավունքից զրկելով, բողոք բերած անձի հիմնարար իրավունքների իրականացմանը խոչընդոտելով` Վերաքննիչ դատարանը խաթարել է արդարադատության բուն էությունը:
i
Վերաքննիչ դատարանը, կիրառելով հայցային վաղեմություն, բողոք բերած անձին հնարավորություն չի տվել իր պահանջի նկատմամբ այդ ինստիտուտի կիրառման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, ինչպես նաև օգտվել ժամկետի վերականգնման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված ինստիտուտից, քանի որ նման հարց առաջ չէր եկել առաջին ատյանի դատարանում, որտեղ պատասխանող կողմի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ մերժվել էր` բաց թողնված չլինելու հիմքով:
i
Քննարկվող պարագայում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը հետևյալ պատճառներով.
1. հայցադիմում կրկին չի ներկայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի առաջին որոշման մասին փոստային կապով պատշաճ ծանուցման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում,
2. հայցվորը թերությունները շտկված հայցադիմում է ներկայացրել միայն հայցադիմումի երկրորդ վերադարձից հետո, ինչի պարագայում հայցադիմումը պետք է վարույթ ընդունված համարվի երկրորդ հայցադիմումը ներկայացնելու օրը` 06.11.2020 թվականին, այսինքն` հայցային վաղեմության երկամսյա ժամկետի ավարտից հետո,
3. հայցվորը կատարել է հայցի հիմքի փոփոխություն գործի քննության ընթացքում, այսինքն` հայցային վաղեմության երկամսյա ժամկետի ավարտից հետո:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Կարո Միքայելյանի միջև 16.03.2012 թվականին կնքվել է թիվ 706 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետի համաձայն` Կարո Միքայելյանն ընդունվել է աշխատանքի որպես իրավաբան (հատոր 2-րդ, գ.թ. 35-42):
2) Ընկերության և Կարո Միքայելյանի միջև 27.06.2016 թվականին կնքվել է թիվ 706 աշխատանքային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 706-3 համաձայնագիրը, որով Կարո Միքայելյանի հաստիքը փոփոխվել և դարձել է իրավաբանական բաժնի պետ (հատոր 2-րդ, գ.թ.14):
3) Ընկերության գլխավոր տնօրենի 10.07.2019 թվականի թիվ 187 հրամանի համաձայն` 10.07.2019 թվականին կրճատվել է իրավաբանական բաժնի պետի հաստիքը (հատոր 2-րդ, գ.թ.12-13):
i
4) Համաձայն 17.07.2019 թվականի թիվ 194Ա (առաջին) հրամանի` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Ընկերության և Կարո Միքայելյանի միջև 16.03.2012 թվականին կնքված թիվ 706 աշխատանքային պայմանագիրը 17.07.2019 թվականից համարվել է լուծված (հատոր 3-րդ, գ.թ. 50-51):
i
5) Ընկերության կողմից նույն օրը` 17.07.2019 թվականին, կայացվել է թիվ 194Ա (երկրորդ) հրամանը, որի համաձայն` Ընկերության և Կարո Միքայելյանի միջև 16.03.2012 թվականին կնքված թիվ 706 աշխատանքային պայմանագիրը 17.07.2019 թվականից համարվել է լուծված: Որպես հիմք վկայակոչվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը (հատոր 2-րդ, գ.թ. 25-26):
6) Կարո Միքայելյանը 17.07.2019 թվականի թիվ 194Ա հրամաններն ստացել է էլեկտրոնային տարբերակով (հատոր 3-րդ, գ.թ. 11-12):
7) Կարո Միքայելյանը 13.09.2019 թվականին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 06-07, 10):
i
8) Դատարանը 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 03-05):
9) Դատարանի 07.10.2019 թվականի թիվ 206478/19 գրությամբ Կարո Միքայելյանին են ուղարկվել Դատարանի 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 11):
10) Կարո Միքայելյանը Դատարանի առաքանին ստացել է 31.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):
11) Կարո Միքայելյանի կողմից 04.11.2019 թվականին (երկուշաբթի) փոստային ծառայության միջոցով Դատարան է մուտքագրվել հայցադիմում` կից փաստաթղթերով (հատոր 2-րդ, գ.թ. 04-45):
i
12) Դատարանը 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 02-03):
13) Դատարանի 18.11.2019 թվականի թիվ 24185/19 գրությամբ Կարո Միքայելյանին են ուղարկվել 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը (հատոր 2-րդ, գ.թ. 46):
14) Կարո Միքայելյանը Դատարանի կողմից փոստային ծառայության միջոցով ուղարկված առաքանին ստացել է 21.11.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 47):
15) Կարո Միքայելյանի կողմից 25.11.2019 թվականին (երկուշաբթի) փոստային առաքման միջոցով Դատարան է ուղարկվել հայցադիմումը` կից փաստաթղթերով (հատոր 2-րդ, գ.թ 60-83):
16) Դատարանի 04.12.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ 56):
17) Ընկերության կողմից 21.02.2020 թվականին Դատարան է մուտքագրվել դիրքորոշում, որով պահանջվել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել` պատճառաբանելով, որ «երրորդ հայցադիմումի նկատմամբ սկզբնապես ներկայացնելու օրը ոչ թե 18.09.2019 թ.-ն է, այլ 06.11.2019 թ.-ը: Ուստի, հայցադիմումը դատարան ներկայացված պետք է դիտարկել 06.11.2019 թ.-ին» (հատոր 3-րդ, գ.թ 01-04):
18) Դատարանը 04.03.2020 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժել է (հատոր 3, գ.թ. 24-29):
19) Վերաքննիչ դատարանը 14.06.2021 թվականի որոշմամբ, գործով հայցային վաղեմության կիրառելիությանը վերաբերող մասով Ընկերության վերաքննիչ բողոքը համարելով ակնհայտորեն հիմնավորված, բավարարել է այն` բեկանել Դատարանի 17.12.2020 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
i
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
i
2) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որ խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
ինչպիսի հարաբերակցության մեջ են գտնվում հայցային վաղեմության ժամկետը և դատավարական ժամկետները,
այն դեպքում, երբ օրենսդիրը քանակական որևէ սահմանափակում չի նախատեսել հայցադիմումում առկա թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելու համար` օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ կրկին ներկայացված հայցադիմումը երբ է համարվում առաջին ատյանի դատարան ներկայացված:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` 1. Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան): 2. Պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը: 3. Վարչական կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Վարչական կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
i
Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական և արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նույն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ վերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նաև կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսևորումը, կոչված է նաև պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած` անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Ըստ օրենսդրի` հայցային վաղեմության ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(...) վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: (...):
ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն` եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե՛ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
i
Հարկ է նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը բոլոր դեպքերում չէ, որ կրում է անընդհատ բնույթ և որոշակի իրավաբանական փաստերի վրա հասնելու դեպքում կարող է ընդհատվել կամ կասեցվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով: Այդ կապակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի կիրառումը կապված է նույն օրենսգրքի 340-րդ հոդվածի` վերը նշված իրավակարգավորման հետ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով: Վերոգրյալ դատողություններից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվում, եթե հայցը ներկայացվում է ոչ այն դատարան, ուր պետք է ներկայացվի, ոչ այն պատասխանողի դեմ, ով պետք է պատասխան տա այդ հայցով և ոչ այն հայցապահանջով, որն ուղղված է անձի խախտված կոնկրետ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը (տե՛ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Զարգացնելով ներկայացված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ հայցի հարուցումը չի կարող ընդհատել հայցային վաղեմության ժամկետի հոսքը` առանձնացնելով դրանք այն դեպքերից, որոնք առաջ են բերում հայցային վաղեմության ժամկետի ընդհատում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետը, որպես հայցային վաղեմության ժամկետի ընդհատման ընդհանուր դրույթ, ամրագրել է սահմանված կարգով հայցի հարուցման պայմանը: ՀՀ սահմանադրական դատարանը, 19.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1265 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի սահմանադրականության խնդրին, արձանագրել է, որ սահմանված կարգով հայց հարուցելը փաստվում է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, և եթե դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել կամ բողոքարկվել է, սակայն չի վերացվել և ուժի մեջ է մտել, ապա դատավարական տեսանկյունից նշանակում է, որ սահմանված կարգով հայց չի հարուցվել:
Նշվածից ակնհայտ է դառնում, որ հայցադիմումի ներկայացմամբ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար կարևորվում է ոչ միայն զուտ հայցադիմում ներկայացնելը, այլև, երբ այդ հայցադիմումը ներկայացվել է քաղաքացիական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան: Ընդ որում, հայցադիմումի հարուցված լինելը սահմանված կարգին համապատասխան փաստվում է հայցադիմումը վարույթ ընդունվելու մասին որոշմամբ:
i
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը 19.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1265 որոշմամբ արձանագրել է, որ տվյալ գործով վիճարկվել է ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի «սահմանված կարգով հայց հարուցել» դրույթը, այլ բուն կարգի առանձին տարրը, ինչը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկա է և դրա սահմանադրականության հարցը դուրս է այդ գործի քննության շրջանակներից:
i
Տվյալ դեպքում, ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ տարանջատվել է հայցային վաղեմության ժամկետի ընդհատման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված նյութաիրավական դրույթը դրա իրավական կարգավորումն ապահովող քաղաքացիական դատավարական կանոնակարգումից: Դրանով իսկ սահմանազատվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ գլխում հայցային վաղեմության ժամկետներին վերաբերող նյութական իրավունքին վերաբերող կարգավորումները, մասնավորապես` նույն օրենսգրքի 332-րդ, 333-րդ և 337-րդ հոդվածները, հայցային վաղեմության կիրառման դատավարական ժամկետները կանոնակարգող դրույթներից:
Հարկ է նշել, որ սահմանված կարգով հայցի հարուցման պահանջը չի սահմանափակվում միայն հայցադիմումի ձևին և բովանդակությանը վերաբերող դրույթների պահպանմամբ, այլև ենթադրում է այնպիսի դատավարական խախտումների բացակայություն, որոնք թեև չեն առնչվում հայցադիմումի ձևին և բովանդակությանը, սակայն տվյալ հայցի հարուցման շրջանակներում չեն կարող ուղղվել և առաջ բերել հայցային վաղեմության ժամկետների ընդհատում: Այդ համատեքստում պետք է առանձնացնել հայց հարուցելիս հնարավոր դատավարական խախտումների երկու խումբ.
i
1. խախտումներ, որոնք տվյալ հայցի շրջանակում չեն կարող շտկվել և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում առաջացնել վաղեմության ժամկետի ընդհատում,
2. խախտումներ, որոնք տվյալ հայցի շրջանակներում կարող են ուղղվել և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով առաջացնել վաղեմության ժամկետի ընդհատում:
i
Առաջին կարգի խախտումների մեջ մտնում են հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցն առանց քննության թողնելու, ենթակայության կամ ընդդատության կանոնը խախտելու, վեճի լուծման արտադատական կարգը պահպանած չլինելու, այլ դատարանում կամ արբիտրաժում նույն անձանց միջև նույն հիմքով և առարկայով գործի վարույթ հարուցված լինելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի 10-12 կետերով ամրագրված դեպքերը: Բացի այդ, նշված խախտումների թվին են դասվում դատավարության կողմերի ակտիվ կամ պասիվ լեգիտիմության խախտումները, երբ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Վերջին դեպքում նկատի է ունեցվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածում սահմանված այն իրավակարգավորումը, որի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Ուստի, երբ հայցվորն օժտված չէ ակտիվ լեգիտիմությամբ, ապա բացակայում է նաև տվյալ հայցի շրջանակներում նրա խախտված իրավունքի առկայությունը, ինչը միայն կարող է հիմք հանդիսանալ հայցային վաղեմության ժամկետի հոսքը վրա հասնելու համար: Ինչ վերաբերում է ոչ պատշաճ պատասխանողի դեմ հայցի հարուցմանը (պասիվ լեգիտիմություն), ապա վերջինս, չհանդիսանալով հայցվորի կողմից վիճարկվող իրավունքով պայմանավորված իրավահարաբերության կողմ, դուրս է գտնվում այդ հարաբերությունը կարգավորող իրավական կառուցակարգից: Ուստի, նման իրավահարաբերության կողմ չհանդիսացող անձի դեմ նման հայցապահանջ ներկայացնելը չի կարող առաջ բերել հայցի հարուցմամբ պայմանավորված վաղեմության ժամկետի ընդհատում: Քննարկվող պարագայում, նշված խախտումները չեն կարող շտկվել տվյալ հայցի շրջանակներում և դրանց վերացումը կարող է իրականացվել կամ նոր հայց հարուցելով, կամ հայց հարուցելուց հետո ընկած ժամանակահատվածում վեճի կողմերին փոխարինելով:
Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ հայց հարուցելիս հնարավոր է այնպիսի դատավարական խախտումների առկայություն, որոնք.
1. չեն կարող ուղղվել տվյալ հայցի շրջանակներում,
2. խախտումների էական լինելու պատճառով հայցը չի կարող որակվել պատշաճ կարգով հարուցված,
3. այդ խախտումների վերացումը կարող է կատարվել բացառապես նոր հայց հարուցելով կամ հայց հարուցելուց հետո առանձին դատավարական գործողություններ կատարելով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է նաև հայցադիմումի այնպիսի թերություններ, որոնց շտկման համար սահմանվել են կոնկրետ դատավարական ժամկետներ, և այդ ժամանակահատվածում հայցադիմումում թույլ տրված խախտումը վերացվելու դեպքում այդ հայցը կհամարվի հարուցված` սկզբնապես ներկայացված լինելու ժամկետի հաշվառմամբ: Տվյալ դեպքում, նման հայցադիմումը կորակվի ոչ թե նոր ներկայացված, այլ սկզբնապես ներկայացված և թերություններն ուղղված հայցադիմում:
i
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից բխում է, որ հայցադիմումը վերադարձնելու հիմք հանդիսացող թերությունները կարող են լինել.
1. այնպիսի խախտումներ, որոնց վերացման դեպքում հայցադիմումը կրկին կարող է ներկայացվել նույն դատարան, և
2. նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված խախտումներ, որոնք բացառում են տվյալ հայցի շրջանակներում հայցադիմումի թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու հնարավորություն:
i
Ըստ այդմ, ամրագրվել է նաև, որ դատարանի կողմից սահմանված ժամկետում հայցադիմումում առկա թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: Ուստի, օրենսդրի կողմից ամրագրված երկու վավերապայմանների` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները շտկված լինելու, ինչպես նաև` դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետը պահպանված լինելու դեպքում, առաջին ատյանի դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահպանմամբ, պետք է որոշում կայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Դատարանի կողմից նման որոշում կայացնելով փաստվում է այն հանգամանքը, որ հայցադիմումը սկզբնապես ներկայացվել է ոչ էական, ուղղելի թերություններով, և այդ թերությունները շտկվել են:
Սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից, անհրաժեշտ է պարզաբանել և բացահայտել այն դեպքերը, երբ.
1. դատարանի կողմից վերադարձված հայցադիմումում առկա թերությունները շտկվել են, սակայն հայցադիմումը դատարան է ներկայացվել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ,
2. դատարանի կողմից վերադարձված հայցադիմումում առկա թերությունները չեն շտկվել (կամ շտկվել են մասամբ) և հայցադիմումը կրկին դատարան է ներկայացվել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ,
3. դատարանի կողմից վերադարձված հայցադիմումում առկա թերությունները չեն շտկվել (կամ շտկվել են մասամբ), սակայն հայցադիմումը կրկին դատարան է ներկայացվել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի պահպանմամբ:
Ըստ էության, վերոգրյալից ակնհայտ է, որ վերադարձված հայցադիմումում առկա թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար բոլոր դեպքերում օրենսդիրը կարևորել է հայցվորի կողմից օրենքով սահմանված ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Հետևաբար անդրադառնալով վերոգրյալ դեպքերից յուրաքանչյուրին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
i
1. ինչպես վերը նշվեց` ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի` հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայցվորի կողմից եռօրյա ժամկետը պահպանված լինելու և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները շտկած լինելու պարագայում, կրկին ներկայացված հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: Մինչդեռ, իրավիճակն այլ է այն դեպքերում, երբ դատարանի կողմից վերադարձված հայցադիմումում առկա թերությունները շտկվել են, սակայն այն դատարան է ներկայացվել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ: Նման դեպքերում, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր, ապա այնքանով, որքանով հայցվորի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, այն է` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, նոր ներկայացված հայցադիմումը դատարանի կողմից պետք է դիտարկվի որպես նոր հայցադիմում, իսկ ժամկետները դատարանի կողմից պետք է հաշվարկվեն նոր հայցադիմումի ներկայացման օրվա հաշվառմամբ:
Փաստորեն, վերոգրյալից հետևում է, որ հայցադիմումը վերադարձնելուց հետո օրենսդրի կողմից սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ ներկայացված հայցադիմումը չի կարող որակվել որպես սկզբնապես ներկայացված հայցադիմում և այն դատարանի կողմից ենթակա է գնահատման որպես նոր ներկայացված:
2. Գործնական կարևորություն է ձեռք բերում նաև այն իրավիճակը, երբ հայցադիմումը վերադարձնելուց հետո այն դատարան է ներկայացվել ոչ միայն ժամկետի խախտմամբ, այլ նաև հայցվորի կողմից չեն շտկվել որոշմամբ արձանագրված թերությունները:
i
Տվյալ դեպքում ևս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, սահմանված ժամկետի բաց թողնման հետևանքով այդ հայցադիմումը չի կարող որակվել որպես կրկին ներկայացված, քանի որ, ինչպես վերը նշվեց, դատավարական գործողությունների համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո անձը զրկվում է այդ գործողությունները կատարելու իրավունքից, քանի դեռ դատարանի կողմից ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել: Ուստի, նման հայցադիմումն առաջին ատյանի դատարանի կողմից ենթակա է որակման որպես նոր ներկայացված հայցադիմում, որում առկա են այն վերադարձնելու հիմք հանդիսացող թերություններ: Նման պայմաններում, եթե դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով որոշում կայացվի հայցադիմումը վերադարձնելու մասին, ապա սահմանված ժամկետում շտկված և կրկին ներկայացված հայցադիմումի համար սկզբնական կհամարվի ոչ թե առաջին, այլ երկրորդ անգամ ներկայացնելու օրը:
3. Հաջորդ իրավիճակը վերաբերում է այն դեպքին, երբ վերադարձված հայցադիմումում առկա թերությունները չեն շտկվել, սակայն այն ներկայացվել է դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից: Նշված իրավանորմից ակներև է, որ օրենսդիրը դատավարական որոշակի ժամկետներում կատարվելիք դատավարական գործողությունների կատարման իրավունքն ուղղակիորեն կախվածության մեջ է դրել այդ ժամկետների պահպանած լինելու հանգամանքից: Ուստի, եթե քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ դատավարական գործողությունների կատարման իրավունքից օգտվելու համար այլ սահմանափակումներ նախատեսված չեն, ապա զուտ դատավարական ժամկետի պահպանված լինելը բավարար է դատավարական գործողության կատարման իրավունքից օգտվելու համար: Այդ առումով հատկանշական են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ և 396-րդ հոդվածների իրավակարգավորումները, որոնց համաձայն` կրկին ներկայացված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Տվյալ դեպքում, օրենսդիրը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում արձանագրված խախտումները վերացնելու և վերադաս դատական ատյան ներկայացնելու համար բողոք բերած անձի իրավունքները կախվածության մեջ է դրել ոչ միայն ժամկետային, այլև քանակական սահմանափակմամբ:
i
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Տվյալ դեպքում, օրենսդիրն, ի տարբերություն հայցադիմումի վերադարձման և կրկին ներկայացման իրավակարգավորման, վերաքննիչ բողոքում առկա խախտումների վերացման համար բողոք բերած անձին տվել է ընդամենը մեկ հնարավորություն, բացառելով խախտումը վերացնելու համար կրկին նոր ժամկետ տրամադրելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում առկա խախտման վերացմանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ: Տվյալ դեպքում ևս օրենսդիրը վճռաբեկ բողոք բերած անձին տվել է վերադարձված բողոքում առկա թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու մեկ իրավական հնարավորություն: Նշվածից ակնհայտ է դառնում, որ թերությունները վերացնելու համար վերադարձված և վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները կրկին ներկայացնելու համար բողոք բերած անձի համար գործում են, ի տարբերություն հայցադիմումի վերադարձման ինստիտուտի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ինչպես ժամկետային, այնպես էլ քանակական սահմանափակումներ:
Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել հետևյալը.
1. դատավարական գործողությունների համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը զրկում է իրավունքի սուբյեկտին դատավարական գործողություններ կատարելու իրավունքից, քանի դեռ այդ ժամկետները սահմանված կարգով չեն վերականգնվել,
2. օրենքով նախատեսված դեպքերում անձի կողմից դատավարական գործողության կատարման իրավունքը, բացի ժամկետային սահմանափակումից, կարող է կախվածության մեջ դրվել օրենքով սահմանված նաև այլ պայմաններից: Մասնավորապես` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու իրավական հնարավորությունը վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում ունի ժամանակային և քանակական սահմանափակումներ, քանի որ նույն բողոքը, եթե կրկին ներկայացվել է թերություններով, վերաքննիչ ատյանում վերադարձվում է առանց կրկին ներկայացման ժամկետի սահմանման, իսկ վճռաբեկ ատյանում` թողնվում է առանց քննության: Ինչ վերաբերում է հայցադիմումին, ապա այն վերադարձնելուց հետո, բացի ժամկետային սահմանափակումից, օրենսդիրը քանակական սահմանափակում չի նախատեսել և դատավարական ժամկետը պահպանված լինելու դեպքում կրկին ներկայացված հայցադիմումը, առանց քանակական սահմանափակման, ենթակա է որակման որպես թերությունն ուղղված հայցադիմում` սկզբնապես դատարան ներկայացված ժամկետի հաշվառմամբ:
Փաստորեն, վերը նշվածից ակնհայտ է դառնում հետևյալը.
1. հայցադիմումը վերադարձնելուց հետո դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված հայցադիմումն օրենսդիրը դիտարկում է որպես նոր հայցադիմում, որի համար կիրառելի են հաշվառման նոր ժամկետներ,
2. վերադարձնելուց հետո դատարանի կողմից սահմանված ժամկետի պահպանմամբ ներկայացված հայցադիմումը (հետագայում դրանում առկա թերությունները շտկելու համար առանց քանակական սահմանափակման) օրենսդիրը համարում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը` առաջին անգամ հայցադիմումը դատարան մուտքագրելու օրը:
Վճռաբեկ դատարանի սույն հետևությունը հիմնավորվում է նաև հետևյալ փաստարկներով:
i
Հայցադիմումի վերադարձման ինստիտուտը սահմանելիս օրենսդիրը նպատակ է հետապնդել անձին հնարավորություն տալ վերացնելու ներկայացված հայցադիմումում առկա այն թերությունները, որոնց շտկման դեպքում առկա է այն կրկին դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն: Հետևաբար, նման թերություններով հայցադիմում ներկայացնելը չի կարող որակվել որպես առհասարակ հայցադիմում չներկայացնել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «սահմանված կարգով հայցը հարուցելով» պայմանը, որի հետ օրենսդիրը կապել է հայցային վաղեմության ժամկետի ընդհատումը, պետք է մեկնաբանվի այնպես, որ հայցը սահմանված կարգով ներկայացված չի կարող համարվել, եթե այն ներկայացվել է դատավարական այնպիսի խախտումներով, ինչը բացառում է նույն հայցը թերությունները շտկելով կրկին ներկայացնելու հետագա հնարավորությունը: Սակայն, եթե դատարանը հայցադիմումը վերադարձրել է թերությունները վերացնելու համար, նշանակում է, որ այն սկզբնապես ներկայացվել է այնպիսի թերություններով, որոնք հնարավոր են շտկել, ինչը չի բացառում այդ թերությունները վերացնելուց հետո սահմանված ժամկետում հայցադիմումը վերստին ներկայացնելը: Մյուս կողմից, եթե դատարանը հայց հարուցած անձին հնարավորություն է տալիս շտկելու հայցադիմումում առկա թերությունները և դրա համար սահմանում է համապատասխան ժամկետ, ապա տրված ժամկետում այդ թերությունները շտկվելու պարագայում դատարանը պարտավոր է այն որակել քաղաքացիական դատավարության օրենսդրության պահանջների պահպանմամբ ներկայացված, այսինքն` սահմանված կարգի պահպանմամբ ներկայացված հայցադիմում, և չի կարող կայացնել այլ իրավաչափ որոշում, քան հայցադիմումը վարույթ ընդունելն է: Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունում ոչ թե մեկ այլ հայցադիմում, այլ սկզբնապես ներկայացված և հետագայում թերությունները վերացված հայցադիմումը: Ուստի, սահմանված ժամկետում թերությունները վերացված և կրկին ներկայացված հայցադիմումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կիրառմամբ, հարկ է որակել որպես սահմանված կարգի պահպանմամբ սկզբնապես ներկայացված հայցադիմում:
Հայցադիմումը ներկայացնելու քանակական սահմանափակումներ սահմանված չլինելու պարագայում` ասվածը վերաբերում է և՛ առաջին անգամ, և՛ կրկին ներկայացված հայցադիմումին, և եթե դատարանն ի վերջո հայցադիմումը վարույթ է ընդունում, ապա նա վարույթ է ընդունում սկզբնապես ներկայացված և մեկ կամ մեկից ավելի անգամ թերությունները շտկված հայցադիմումը: Իրավակարգավորման հակառակ մեկնաբանության պարագայում կստացվի, որ դատարանն անտեսում է իր իսկ վերադարձի որոշմամբ հայց հարուցած անձի կողմից դատարանի պահանջները սահմանված ժամկետում շտկելու հանգամանքը, իսկ դա իր հերթին կհանգեցնի դատարանի գործողությունների անկանխատեսելիության և իրավական անորոշության: Այլ խոսքով, եթե անձը սահմանված ժամկետներում կատարել է դատարանի պահանջները, անկախ նրանից, թե քանի անգամ են ներկայացվել նման պահանջներ, ապա անձի պատշաճ դատավարական վարքագիծը պետք է հանգեցնի նրա համար օրենքով սահմանված բարենպաստ հետևանքին, այն է` հայցադիմումը վարույթ ընդունելուն, որպիսի որոշմամբ փաստվում է, որ սկզբնապես հայցադիմումը ներկայացվել է օրենսդրի նախատեսած հիմնական, էական պահանջների պահպանմամբ:
Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ գործնականում դատարանների տրամադրած ժամկետներում մեկից ավելի անգամ վերադարձված հայցադիմումները թերությունները շտկված վիճակում կրկին ներկայացնելու պարագայում դրանք դատարաններում հաշվառվում են միևնույն քաղաքացիական գործի համարի ներքո` այդպիսով հավաստելով, որ տվյալ հայցը հարուցվել է այն սկզբնապես` առաջին անգամ ներկայացնելու օրը:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: (...):
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:
Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար օրենսդիրը սահմանել է ընդհանուր վաղեմության ժամկետի համեմատությամբ ավելի կրճատ` երկամսյա վաղեմության ժամկետ: Ընդ որում, այդ ժամկետն սկսվում է հաշվարկվել այն օրվանից, երբ անձն իմացել էր կամ օբյեկտիվորեն պետք է իմացած լիներ իր խախտված իրավունքի մասին:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով որևէ դրույթ սահմանված չէ, ուստի կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանված կարգով հայցի հարուցումն ու այդ փաստական հանգամանքի ուժով դատավարական ժամկետների ընդհատումն անմիջականորեն պայմանավորված են հայցի հարուցման համար հայցադիմումի ձևին և բովանդակությանը վերաբերող դրույթների պահպանմամբ, հայցադիմումի ընդունումը մերժելու, այն վերադարձնելու, առանց քննության թողնելու հիմքերը բացառող, ինչպես նաև հայցադիմումում առկա և շտկման ենթակա խախտումները դատավարական ժամկետներում ուղղված ներկայացնելու հանգամանքով:
Սույն գործի փաստերի համաձայն` Կարո Միքայելյանը 13.09.2019 թվականին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել Դատարան:
i
Դատարանը 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար: Դատարանի 07.10.2019 թվականի թիվ 206478/19 գրությամբ Կարո Միքայելյանին է ուղարկվել Դատարանի 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը: Կարո Միքայելյանի կողմից Դատարանի ուղարկած առաքանին ստացվել է 31.10.2019 թվականին:
Կարո Միքայելյանի կողմից 04.11.2019 թվականին` սահմանված եռօրյա ժամկետում փոստային ծառայության միջոցով Դատարան է մուտքագրվել հայցադիմում` կից փաստաթղթերով: Դատարանը 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար: Դատարանի 18.11.2019 թվականի թիվ 24185/19 գրությամբ Կարո Միքայելյանին են ուղարկվել 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը: Կարո Միքայելյանը Դատարանի կողմից փոստային ծառայության միջոցով ուղարկված առաքանին ստացել է 21.11.2019 թվականին:
Կարո Միքայելյանի կողմից 25.11.2019 թվականին` սահմանված եռօրյա ժամկետում փոստային առաքման միջոցով Դատարան է ուղարկվել հայցադիմումը` կից փաստաթղթերով: Դատարանի 04.12.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Ընկերության կողմից 21.02.2020 թվականին Դատարան է մուտքագրվել դիրքորոշում, որով վերջինս պահանջել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել` պատճառաբանելով, որ «երրորդ հայցադիմումի նկատմամբ սկզբնապես ներկայացնելու օրը ոչ թե 18.09.2019 թ.-ն է, այլ 06.11.2019 թ.-ը: Ուստի, հայցադիմումը դատարան ներկայացված պետք է դիտարկել 06.11.2019 թ.-ին»:
Դատարանը 04.03.2020 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժել է: Ըստ Դատարանի պատճառաբանության` «(...) 1-ին անգամ հայցադիմում ներկայացնելիս Հայցվորի կողմից թույլ չի տրվել հայցային վաղեմության ժամկետի խախտում, քանի որ հայցադիմում ներկայացնելու ժամկետի հոսքը սկսել է 17.07.2019թ. հրամանները ստանալու հաջորդ օրից, այսինքն` 18.07.2019թ. և ավարտվել 18.09.2019թ.: Նշվածով պայմանավորված, Դատարանը գտնում է, որ առկա չէ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը բավարարելու հիմքը, քանի որ հայցային վաղեմության ժամկետը` 1-ին անգամ հայցադիմում ներկայացնելիս պահպանված լինելու և հաջորդ երկու անգամները հայցադիմումը կրկին ներկայացնելիս օրենքով սահմանված ժամկետը պահպանված լինելու փաստերը հիմք են եզրահանգելու, որ հայցադիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ: (...)»:
Վերաքննիչ դատարանը 14.06.2021 թվականի որոշմամբ, գործով հայցային վաղեմության կիրառելիությանը վերաբերող մասով Ընկերության վերաքննիչ բողոքը համարելով ակնհայտորեն հիմնավորված, բավարարել է այն` բեկանել Դատարանի 17.12.2020 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Դատարանի որոշմամբ վերադարձված հայցադիմումը թերությունները վերացվելուց և եռօրյա ժամկետում առանց թերությունների կրկին ներկայացվելու դեպքում է միայն համարվում սկզբնապես ներկայացնելու օրը ներկայացված (ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի», ք. Երևան, 1976թ.` «կրկին» բառը նշանակում է «երկրորդ անգամ»), իսկ «սկզբնապես ներկայացնելու օրը» արտահայտությունն էլ կարող է վերաբերելի լինել բացառապես կրկին ներկայացվածին անմիջականորեն նախորդած հայցադիմումի ներկայացման օրվան, ինչը նշանակում է, որ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասը, վերադարձված հայցադիմումը հերթական անգամներ ներկայացնելու քանակական սահմանափակումից զերծ լինելով հանդերձ, չի կարող մեկնաբանվել որպես երրորդ և ավելի անգամներ ներկայացված հայցադիմումն առաջին անգամ ներկայացման օրը ներկայացված համարելն արտոնող և դրանով իսկ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածով նախատեսված հիմքի իրավական իմաստը խաթարող կանոն»:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը կիրառելու պարագայում, այն պետք է մեկնաբաներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 127-րդ հոդվածների համալիր վերլուծության համատեքստում: Մասնավորապես, ինչպես վերը նշվեց, հայցադիմումը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելու դեպքում ծագում է երկու իրավիճակ, երբ.
1. վերադարձնելուց հետո հայցադիմումը ներկայացվում է դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտմամբ,
2. վերադարձնելուց հետո հայցադիմումը ներկայացվում է դատարանի կողմից սահմանված ժամկետի պահպանմամբ:
Ընդ որում, եթե առաջին դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հաշվառմամբ հայցադիմումը դիտարկվում է որպես նոր ներկայացված հայցադիմում, ապա երկրորդ դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Քննարկվող պարագայում, հայցադիմումն առաջին անգամ վերադարձնելուց հետո դրանում առկա թերությունները հայցվորի կողմից շտկվել են մասնակի, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ կրկին ներկայացրել է հայցադիմում: Դատարանը, հաշվի առնելով, որ հայցադիմումը դեռևս պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` հայցադիմումը վերադարձնելու հիմքեր, այն կրկին վերադարձրել է` կրկին սահմանելով եռօրյա ժամկետ: Հայցվորը շտկել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները, և տվյալ դեպքում ևս պահպանելով օրենսդրի կողմից սահմանված եռօրյա ժամկետը` կրկին ներկայացրել է հայցադիմում:
Փաստորեն, հայցվորի կողմից հայցադիմումը կրկին դատարան է ներկայացվել համապատասխան ժամկետների պահպանմամբ, և այնքանով, որքանով բացակայել են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը` դրա նկատմամբ Դատարանի կողմից իրավաչափորեն կիրառվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները այն է` հայցադիմումն ընդունվել է վարույթ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի մեկնաբանությանը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «կրկին» բառի վերաբերյալ, հարկ է նշել, որ ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի 1 (Երևան, 1974) «կրկին» ոչ միայն նշանակում է «երկրորդ անգամ», այլ նաև «նորից», «դարձյալ», «էլի»: Մեկ այլ` Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի 2 (Երևան, 1976) համաձայն` «կրկին» նշանում է «երկրորդ անգամ», «ևս մի անգամ», «դարձյալ», «վերստին»: Այսինքն` «կրկին» բառի բացատրությունից ակնհայտ է, որ այն ոչ միայն նշանակում է «երկրորդ անգամ», ինչպես արձանագրել է Վերաքննիչ դատարանը, այլ նաև բնորոշվում է որպես մեկից ավելի` բազմակի անգամ կատարվող գործողություն, երևույթ: Հետևաբար, անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունն ուղղակիորեն «կրկին» բառի բառարանային մեկ պարզաբանումից կախվածության մեջ դնելու վերաբերյալ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների սխալ մեկնաբանման արդյունքում սույն գործով սխալ են կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված` հայց հարուցելու հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման ինստիտուտի իրավակարգավորումները: Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և փոփոխելով` հայցը մերժելով, հանգել է ոչ իրավաչափ եզրակացության: Արդյունքում վերաքննության առարկա չեն դարձել ներկայացված վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Նոր քննությամբ անհրաժեշտ է դատական հետազոտման առարկա դարձնել ներկայացված վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները, որից հետո հանգել համապատասխան եզրակացության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Կարո Միքայելյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարո Միքայելյանի ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հաստիքի կրճատման և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամաններն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու և նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հարկադիր պարապուրդի գումարը և հատուցում վճարելու պահանջների մասին, 08.04.2022 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ս. Անտոնյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 08.04.2022 թվականին թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կարո Միքայելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի կողմից 10.07.2019 թվականին ընդունված թիվ 187, 17.07.2019 թվականին ընդունված թիվ 194Ա հրամանները, բռնագանձել 7.085.682.8 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.11.2019 թվականից սկսած մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն օրական 78.729.8 ՀՀ դրամ` որպես հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իր միջին աշխատավարձ, և վերականգնել իրեն նախկին աշխատանքում կամ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` 7.085.682.8 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.11.2019 թվականից սկսած մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն օրական 78.729,8 ՀՀ դրամ, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի` 19.839.912 ՀՀ դրամի չափով (տվյալ գումարի հաշվարկը հետևյալն է 12 X 1.653.326 = 19.839.912, որտեղ 12-ը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուցման դեպքում միջին աշխատավարձի բազմապատկման առավելագույն չափն է, իսկ 1.653.326 ՀՀ դրամը` միջին ամսական աշխատավարձը):
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 17.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Անվավեր ճանաչել «ԳՄՊ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրենի 17.07.2019թ. թիվ 194Ա հրամանները: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Կարո Ստեփանի Միքայելյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը` սկսած 17.07.2019 թվականից մինչև Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Կարո Ստեփանի Միքայելյանի բռնագանձել Հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա ամսական միջին աշխատավարձի հնգապատիկի չափով: Հայցը մնացած մասով, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.12.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցն ամբողջությամբ մերժվել է:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Գաբրիելյանը 14.06.2021 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարո Միքայելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով
Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունն ուղղակի կախվածության մեջ է դրել «կրկին ներկայացված» արտահայտության մեջ «կրկին» բառի բառարանային պարզաբանումից, գտնելով, որ «կրկին» բառն Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում նշանակում է «երկրորդ անգամ»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից «կրկին» բառի բացատրությունը վկայակոչած նույն աղբյուրը «կրկին» բառի բովանդակության տակ արձանագրել է ոչ միայն «երկրորդ» կամ «երկակի», այլև «հաջորդող», «վերստին», «նորից» և «բազմակիություն» բնորոշող բացատրություններ: Հարկ է նշել, որ «կրկին» բառը ձևաբանական առումով թվական անուն չէ և իր բովանդակությամբ չի հանդիսանում առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ: Այն չի կարող նույնացվել ձևաբանական խոսքի մաս հանդիսացող երկրորդ դասական թվականի հետ, որը ցույց է տալիս միատեսակ առարկաների թվային կարգ` նրանց թվարկման ժամանակ, և կազմվում է բացարձակ թվականին ավելացնելով «րորդ» կամ «երորդ» վերջածանցները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «կրկին» բառը, իբրև խոսքի մաս, հանդիսանում է ոչ թե թվական, այլ մակբայ և բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ: Այդ առումով, հանդիսանալով չափ ու քանակի մակբայ, «կրկին» բառը ցույց է տալիս գործողության հաջորդականություն` կրկնության ձևով: Ընդ որում, այն կարող է գնահատվել և՛ երկրորդ անգամ, և՛ նաև երրորդ ու բազում անգամներ: Միաժամանակ, «կրկին» բառի նշանակության և գործածության վերաբերյալ պարզաբանում տալու խնդրանքին ի պատասխան ՀՀ լեզվի կոմիտեն (տեսչություն) տվել է հետևյալ պարզաբանումը.
««Կրկին» նշանակում է ոչ միայն երկրորդ անգամ, այլև ևս մեկ անգամ, նորից, դարձյալ, վերստին: Սա են փաստում հայերենի բացատրական բառարանները («Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» 1 (Երևան, 1974), Էդուարդ Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան» 2 (Երևան, 1976)):
Այսինքն` կրկին կարող է լինել այն, ինչն արդեն եղել է ոչ միայն մեկ, այլև մի քանի անգամ:
Դառնալով Ձեր հարցին` մասնավորեցնենք` «կրկին ներկայացնել»-ը կարող է գործածվել ոչ միայն երկրորդ անգամ ներկայացնելիս, այլև, օրինակ, երրորդ, չորրորդ, հինգերորդ»:
Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ վերաքննիչ ատյանի մեկնաբանության տրամաբանական հիմքը` «կրկին» բառը չի կարող սահմանափակվել տվյալ ատյանի կողմից մատնանշված բառարանի մեկ բովանդակությամբ: Ավելին, Վերաքննիչ դատարանը, եթե ցանկանում էր սահմանափակվել իրավանորմի քերականական մեկնաբանությամբ, անտեսելով իրավանորմի համակարգային մեկնաբանությունը, իրավանորմի բովանդակությունը բացահայտելու համար գոնե պարտավոր էր պարզել նշված բառի քերականական կառուցվածքը` դրա արմատի` որպես խոսքի մաս, գործածության և նախադասության մեջ շարադասական նշանակությունը, ինչը չի կատարել և հանգել է միակողմանի ու գիտական հիմնավորում չունեցող եզրակացության:
Բացի այդ, իրավանորմի մեկնաբանության համար նշանակություն ունեն առաջնահերթության կարգով համակարգային վերլուծությունը, ինչպես նաև իրավանորմի ներքին տրամաբանական կառուցվածքը:
i
Տվյալ դեպքում, վերը ներկայացված հիմնավորման արդյունքում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի իրավաչափ կիրառության համար այն իրավական գնահատման ենթարկել նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի, 125-րդ և 126-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում:
i
Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առանց նշված հոդվածների ամբողջական վերլուծության, չէին կարող իրավաչափ գնահատման ենթարկվել նաև սույն վիճելի իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառման սահմանները: Քննարկվող պարագայում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որպես հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք, ամրագրելով սահմանված կարգով հայցի հարուցումը, այդ իրավաբանական փաստի կարգավորումը վերապահել է քաղաքացիական դատավարությանը: Ուստի, սահմանված կարգով հայցի հարուցման փաստի ժամկետային հաշվարկը որոշելու համար հայցադիմումի վերադարձման ինստիտուտի նկատմամբ ամբողջությամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը, այն հաշվով, որ թերությունները սահմանված ժամկետում ուղղված և դատարանին ներկայացված հայցադիմումը ենթակա է որակման որպես սահմանված կարգով դատարան ներկայացված հայցադիմում` սկզբնապես ներկայացված ժամկետի հաշվառմամբ: Այդ հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հաշվարկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառմամբ, կհամապատասխանի սկզբնապես ներկայացված հայցադիմումը դատարան մուտքագրելու օրվան:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման պայմաններում, յուրաքանչյուր հայցադիմում դատարանում հաշվառվում է իր առաջին անգամ ներկայացված լինելու իրավական փաստի ուժով: Այդ առումով, եթե առկա են ժամկետների խախտումներ, ապա այդ ժամկետներով պայմանավորված գործողությունների կատարման անհնարինության պայմաններում կրկին ներկայացված հայցադիմումը կորակվի որպես նոր ներկայացված, իսկ վերադարձնելու որոշումներով սահմանված ժամկետների պահպանմամբ ուղղված հայցադիմումը կորակվի որպես միևնույն հայցադիմումը, որի խախտումները վերացվել են: Ուստի, այդ դեպքում, ուղղված հայցադիմումի ներկայացման սկիզբ կհամարվի այն ժամկետը, երբ հայցադիմումը ներկայացվել է առաջին անգամ: Այսինքն` տվյալ դեպքում բացակայում են մի քանի հայցադիմումներ և առկա է մեկ հայցադիմում, որի շտկման արդյունքում այն կհամարվի ներկայացված այն օրվա դրությամբ, երբ հայցադիմումը ներկայացվել է սկզբնապես:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող պահանջներով բողոք բերած անձը դատական պաշտպանության է դիմել աշխատանքից ազատելու հրամանների կայացումից հետո` երկամսյա ժամկետի սահմաններում: Ուստի դատարան դիմելու վերը նշված ժամկետները բողոք բերած անձի կողմից պահպանվել են:
i
Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վավերապայմանները բողոք բերած անձի կողմից պահպանված լինելու պայմաններում, օրենսդիրը վերջինիս լիարժեք հնարավորություն է տվել օգտվելու ՀՀ Սահմանադրությամբ վերապահված արդար և անկողմնակալ դատարանի դատական պաշտպանությանը դիմելու իրավունքից: Ուստի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի կանոնն անտեսելով և դատական պաշտպանության իրավունքից զրկելով, բողոք բերած անձի հիմնարար իրավունքների իրականացմանը խոչընդոտելով` Վերաքննիչ դատարանը խաթարել է արդարադատության բուն էությունը:
i
Վերաքննիչ դատարանը, կիրառելով հայցային վաղեմություն, բողոք բերած անձին հնարավորություն չի տվել իր պահանջի նկատմամբ այդ ինստիտուտի կիրառման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, ինչպես նաև օգտվել ժամկետի վերականգնման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված ինստիտուտից, քանի որ նման հարց առաջ չէր եկել առաջին ատյանի դատարանում, որտեղ պատասխանող կողմի միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ մերժվել էր` բաց թողնված չլինելու հիմքով:
Քննարկվող պարագայում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը հետևյալ պատճառներով.
1. հայցադիմում կրկին չի ներկայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի առաջին որոշման մասին փոստային կապով պատշաճ ծանուցման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում,
2. հայցվորը թերությունները շտկված հայցադիմում է ներկայացրել միայն հայցադիմումի երկրորդ վերադարձից հետո, ինչի պարագայում հայցադիմումը պետք է վարույթ ընդունված համարվի երկրորդ հայցադիմումը ներկայացնելու օրը` 06.11.2020 թվականին, այսինքն` հայցային վաղեմության երկամսյա ժամկետի ավարտից հետո,
3. հայցվորը կատարել է հայցի հիմքի փոփոխություն գործի քննության ընթացքում, այսինքն` հայցային վաղեմության երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական են համարվել հետևյալ հանգամանքները.
1) Կարո Միքայելյանը 13.09.2019 թվականին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 06-07, 10):
2) Դատարանը 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 03-05):
3) Դատարանի 07.10.2019 թվականի թիվ 206478/19 գրությամբ Կարո Միքայելյանին են ուղարկվել Դատարանի 25.09.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 11):
4) Կարո Միքայելյանը Դատարանի առաքանին ստացել է 31.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):
5) Կարո Միքայելյանի կողմից 04.11.2019 թվականին (երկուշաբթի) փոստային ծառայության միջոցով Դատարան է մուտքագրվել հայցադիմում` կից փաստաթղթերով (հատոր 2-րդ, գ.թ. 04-45):
6) Դատարանը 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերն ու սահմանել եռօրյա ժամկետ` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 02-03):
7) Դատարանի 18.11.2019 թվականի թիվ 24185/19 գրությամբ Կարո Միքայելյանին են ուղարկվել 12.11.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը (հատոր 2-րդ, գ.թ. 46):
8) Կարո Միքայելյանը Դատարանի կողմից փոստային ծառայության միջոցով ուղարկված առաքանին ստացել է 21.11.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 47):
9) Կարո Միքայելյանի կողմից 25.11.2019 թվականին (երկուշաբթի) փոստային առաքման միջոցով Դատարան է ուղարկվել հայցադիմումը` կից փաստաթղթերով (հատոր 2-րդ, գ.թ 60-83):
10) Դատարանի 04.12.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ 56):
11) Ընկերության կողմից 21.02.2020 թվականին Դատարան է մուտքագրվել դիրքորոշում, որով պահանջվել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել` պատճառաբանելով, որ «երրորդ հայցադիմումի նկատմամբ սկզբնապես ներկայացնելու օրը ոչ թե 18.09.2019 թ.-ն է, այլ 06.11.2019 թ.-ը: Ուստի, հայցադիմումը դատարան ներկայացված պետք է դիտարկել 06.11.2019 թ.-ին» (հատոր 3-րդ, գ.թ 01-04):
12) Դատարանը 04.03.2020 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժել է (հատոր 3, գ.թ. 24-29):
19) Վերաքննիչ դատարանը 14.06.2021 թվականի որոշմամբ, գործով հայցային վաղեմության կիրառելիությանը վերաբերող մասով Ընկերության վերաքննիչ բողոքը համարելով ակնհայտորեն հիմնավորված, բավարարել է այն` բեկանել Դատարանի 17.12.2020 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որ խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
ինչպիսի հարաբերակցության մեջ են գտնվում հայցային վաղեմության ժամկետը և դատավարական ժամկետները,
այն դեպքում, երբ օրենսդիրը քանակական որևէ սահմանափակում չի նախատեսել հայցադիմումում առկա թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելու համար` օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ կրկին ներկայացված հայցադիմումը երբ է համարվում առաջին ատյանի դատարան ներկայացված:
Սույն գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, սակայն վերադարձվել է և դատարանի կողմից տրված եռօրյա ժամկետում հայցադիմումը վերադարձնելու որոշման մեջ մատնանշված թերությունները չեն շտկվել և այդ կապակցությամբ դատարանի կողմից այդ որոշմամբ տրվել է թերությունները շտկելու համար նոր` եռօրյա ժամկետ, և կրկին հայցադիմումը վերադարձվել է: Խնդիրը հասկանալու համար անդրադարձ պետք է կատարվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատավարական ժամկետների սահմանմանն ու կարգավորմանը և այդ տեսանկյունից քննարկվի «պատշաճ հարուցված հայց» իրավական եզրույթի բովանդակությունը, հայցային վաղեմության միջնորդությունը քննարկելու համար:
Ընդհանուր կանոնի համաձայն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 119-րդ հոդված) դատավարական ժամկետը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դատավարության մասնակիցը կարող է իրականացնել դատավարական նշանակության իրականացնող գործողություններ և այդ ժամկետների ավարտով զրկվում է նման հնարավորությունից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով դատարանի կողմից կարող է երկարացվել դատավարական գործողություններ կատարելու համար նախատեսված ժամկետներ սահմանվել, ինչպես նաև հարգելի ճանաչվել դատավարական ժամկետների բացթողումը:
Համաձայնվելով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արված այն դիտարկմանը, որ օրենսդիրը հայցադիմումի վերադարձման համար քանակային սահմանափակումներ չի նախատեսել, պետք է նկատենք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը չի նախատեսում հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ տրված ժամկետում կրկին թերություններով հայցադիմում ներկայացնելու դեպքում նախկին որոշմամբ տրված ժամկետը երկարացնելու հնարավորություն:
Հայցադիմումը վերադարձնելու և թերությունները շտկելու համար ժամկետ սահմանելու մասին թվով երկու որոշումներով դատարանը չի երկարացրել կամ վերականգնել առաջին անգամ ներկայացված և դատարանի կողմից հայցադիմումի վերադարձի որոշմամբ սահմանված ժամկետը` այլ յուրաքանչյուր անգամ անդրադարձել է հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններին և այն վերադարձնելիս սահմանել նոր ժամկետ, որի սկիզբը պետք սկսվեր այդ որոշման ստանալու պահից:
Հայցվորին առաջին անգամ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ սահմանված եռօրյա ժամկետը սպառվել էր այդ ժամկետում նրա կողմից նոր հայցադիմում ներկայացվելու փաստով, որի իրավական հետևանքները պետք է դրսևորվեին կամ հայցադիմումը վարույթ ընդունելով և կամ այն վերադարձնելու և թերությունները շտկելու համար կրկին ժամկետ սահմանելով: Այս դեպքում տրվել է նոր ժամկետ և ոչ թե երկարացվել նախկին որոշմամբ տրված եռօրյա ժամկետը:
i
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը հաջորդել է 12.11.2019 թվականի որոշմանը և վարույթ է ընդունել այդ որոշմամբ սահմանված ժամկետում հայցադիմումի թերությունները շտկելու արդյունքում, հետևաբար պետք է դատարանի վարույթ ընդունված համարվեր տվյալ դատավարական ժամկետ սահմանած տվյալ դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը որ օրենսդիրը թերություններով ներկայացված հայցադիմումը այդ օրվա դրությամբ դատարանում վարույթ ընդունված համարելու համար նախատեսել է դատարանի կողմից սահմանված ժամկետում թերությունները շտկված ներկայացնելու պայման և ոչ թե առհասարակ այդ ժամկետում հայցադիմում ներկայացնելը: Հակառակ դեպքում խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը պատասխանողի մասով, որի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտվել սահմանադրական դատարանի ՍԴՈ-1265 որոշմամբ:
i
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշմամբ հիշատակված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հարցին, ապա պետք է նշեմ, որ սույն գործի փաստերի վերաբերյալ կիրառելի չէ զուտ այն առումով, որ թերությունների առկայությունների դեպքում, անկախ այն հանգամանքից դատարանի կողմից սահմանված ժամկետում են ներկայացրել հայցադիմումը թե ոչ` նորից թերությունների առկայության դեպքում հայցադիմումի ընդունման մերժման հիմքերի բացակայության դեպքում, հայցադիմումը վերադարձվում է, սահմանելով եռօրյա ժամկետ թերությունները շտկելու համար: Ուղղակի յուրաքանչյուր դեպքում հայցադիմումի սկզբնական ներկայացման օր պետք է համարվի հայցադիմումը վերադարձնելու և կրկին ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու վերաբերյալ դատարանի որոշման կայացման համար հիմք հանդիսացած հայցադիմումի ներկայացման օրը:
Ինչ վերաբերում է դատական ակտերի դեմ թերություններով ներկայացված վերաքննիչ բողոքի վերադարձման և դրանք շտկելու համար ժամկետ տրամադրելու վերաբերյալ որոշումների քանակական սահմանափակմանը, ապա դա պայմանավորված է բողոքարկվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով, հաշվի առնելով նաև կայացված դատական ակտի առնչությամբ Սահմանադրական և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնվեր անփոփոխ:
Դատավոր` Ս. Անտոնյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 ապրիլի 2022 թվական: