Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԿԱՏԱՐՄԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԱՔԴ/0753/06/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0753/06/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2018 թվականի նոյեմբերի 15-ին               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 92214317 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Էդգար Ռոբերտի Սերոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Է.Սերոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Է.Սերոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:

3. Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գ.Գասպարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը:

5. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Նախաքննության մարմնի որոշմամբ Է.Սերոբյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա «(...) 2013 թվականի փետրվարի 15-ին կցագրված լինելով ՀՀ ՊՆ Կենտրոնականի զինկոմիսարիատում, ենթակա է եղել զորակոչման 2015 թվականի ձմեռային զորակոչին, որի ընթացքում որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող ստացել է տարկետում մինչև 2017 թվականի ամառային զորակոչը, սակայն սահմանված ժամկետում չի ներկայացել զինկոմիսարիատ և չունենալով զինվորական ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքեր, խախտել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 2017 թվականի ամառային հերթական զորակոչից»1:

______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 34:

 

7. Զորակոչիկի քարտի համաձայն` Է.Սերոբյանին ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը2:

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 9-12:

 

8. Կենտրոնական զինկոմիսարիատից ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ուղարկված` 2017 թվականի օգոստոսի 11-ի գրությամբ հայտնվել է, որ 2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկ Է.Սերոբյանը զինկոմիսարիատ չի ներկայացել, իսկ Է.Սերոբյանին զորակոչային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով զինկոմիսարիատի և ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել3:

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 6:

 

9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 04/05-1/13901-17 գրությունը, համաձայն որի` Է.Սերոբյանի ուսման ավարտը նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին, և ավարտական աշխատանքի պաշտպանությունը տեղափոխվել է 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակ, և Է.Սերոբյանի ուսման ավարտի ժամկետների փոփոխության և ավարտական աշխատանքի պաշտպանության տեղափոխման պատճառների վերաբերյալ հարցում է կատարվել «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան, ինչին ի պատասխան` բարձրագույն ուսումնական հաստատությունից տեղեկացվել է, որ Է.Սերոբյանին տրվել է իրավունք սովորելու ուսուցման անհատական պլանով` ավարտական աշխատանքի պաշտպանության ժամկետի փոփոխության պատճառով, պաշտպանությունը նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ ուսման ավարտը` 31.12.2017 թվականը, ինչի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առարկություններ չունի:

Բացի այդ, 2017 թվականի հուլիսի 24-ի Ռուսաստանի Դաշնության «Բարձրագույն էկոնոմիկայի դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Բիզնեսի և Մենեջմենտի» ֆակուլտետի ղեկավարի կողմից տրված թիվ Ու-6357 տեղեկանքով հիմնավորվել է, որ Է.Սերոբյանն առկա ուսուցման մեջ է գտնվում և պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն էկոնոմիկայի դպրոց» «Բիզնես և Մենեջմենտի» Ֆակուլտետում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վերը նշված[ի (...) ուժով Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ Է.Սերոբյանին մեղսագրվող արարքին վերջինիս առնչությունը չի հիմնավորվել, հետևաբար և բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Էդգար Ռոբերտի Սերոբյանը խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից (...)»4:

______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-44:

 

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն, որ մեղադրյալ Է. Սերոբյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալ փաստարկներով.

(...)

- ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` 2017 թվականի ամառային զորակոչին, ի թիվս այլոց, զորակոչման են ենթակա եղել այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ,

- Է.Սերոբյանին նախկինում տրված է եղել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք` մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Այսինքն` մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ Է.Սերոբյանին տրված տարկետման իրավունքը դադարած չի եղել:

(...)

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Է.Սերոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, կայացրել է գործը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն սխալ է պատճառաբանել այն, քանի որ հիմնավոր կասկածի բացակայության հիմքում դրել է ոչ թե Է.Սերոբյանի` մինչև 2017 թվականի հունիսի 30-ը տրված տարկետման իրավունքը, այլ Է.Սերոբյանի ուսման ավարտի ժամկետի փոփոխությունը: (...)»5:

___________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 75-83:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, այն է` սխալ է մեկնաբանել կիրառման ենթակա օրենքը` կայացնելով անօրինական դատական ակտ:

11.1. Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` Սամվել Աբրահամյանի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, նշել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ մեղադրյալ Է.Սերոբյանին տրված տարկետման իրավունքը դադարած չի եղել: Բողոքաբերի համոզմամբ Է.Սերոբյանին տրված տարկետման իրավունքի պայմաններում վերջինս ենթակա էր ընդգրկվելու զորակոչման ենթակա անձանց շրջանակում, ուստի 2017 թվականի ամառային զորակոչին նրա չներկայանալը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայության մասին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ըստ բողոք բերած անձի, սխալ է մեկնաբանել քրեական օրենքը և անընդունելի է համարել հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ դատախազի փաստարկները` այլևս չանդրադառնալով կալանավորման հիմքերի հարցին:

12. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

i

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Է.Սերոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման հիմնավոր կասկածը բացակայում է:

i

14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: (...)»:

15. Հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Վահրամ Գևորգյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (...):

(...) Յուրաքանչյուր դեպքում հանցանք կատարած լինելու կասկածը պետք է լինի ողջամիտ:

(...) «Հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (...) Կասկածը հիմնավոր կհամարվի (...) ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

i

(...) Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»6:

______________________

6) Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը:

 

i

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» վերաբերյալ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է հետևյալ հանգամանքները.

«(...) -հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, (...)»7:

______________________

7) Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) մեղադրյալ Է.Սերոբյանին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք մինչև 2017 թվականի հունիսի 30-ը8,

______________________

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

բ) 2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկ Է.Սերոբյանը զինկոմիսարիատ չի ներկայացել, իսկ Է.Սերոբյանին զորակոչային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով զինկոմիսարիատի և ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել9,

______________________

9) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

գ) Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Է.Սերոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժելիս Է.Սերոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հիմնավոր կասկածի բացակայության մասին դատողությունը պատճառաբանել է բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջինիս ուսումնառության ավարտի ժամկետի փոփոխության հանգամանքով10,

______________________

10) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

դ) Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Է.Սերոբյանին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը բացակայում է ոչ թե վերջինիս ուսումնառության ավարտի ժամկետի փոփոխության պատճառով, ինչպես նշել է Առաջին ատյանի դատարանը, այլ` պայմանավորված այն հանգամանքով, որ մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ Է.Սերոբյանին տրված տարկետման իրավունքը դադարած չի եղել11:

______________________

11) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել Է.Սերոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը:

Մասնավորապես, «2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի` 2017 թվականի մայիսի 15-ի հրամանագրի 1-ին մասի համաձայն` 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչին զորակոչման են ենթակա եղել արական սեռի այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Է.Սերոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրված է եղել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ուստի նրա` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի գործողության ժամկետը լրացել է նույն օրը` 2017 թվականի հունիսի 30-ին: Այսինքն` նշված օրը Է.Սերոբյանի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է: Հետևաբար ՀՀ նախագահի` 2017 թվականի մայիսի 15-ի հրամանագրի 1-ին մասի ուժով Է.Սերոբյանը ենթակա է եղել զորակոչման 2017 թվականի մայիս-հուլիս ամիսների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչին:

Մեղադրյալ է.Սերոբյանի կողմից 2017 թվականի ամառային զորակոչին չներկայանալու պայմաններում վերոնշյալը բավարար է ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալ Է.Սերոբյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը:

Թեև Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Է.Սերոբյանի արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը սխալ է պատճառաբանել` տարկետման իրավունքի ավարտը պայմանավորելով մեղադրյալի ուսման ժամկետի փոփոխությամբ, սակայն, իր հերթին, գտնելով, որ բացակայում է վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը, սխալ է մեկնաբանել Է.Սերոբյանի` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի գործողության ժամկետի ավարտման պահը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Է.Սերոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման հիմնավոր կասկածը բացակայում է, հիմնավոր չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է քննարկման առարկա դարձնի նախաքննական մարմնի միջնորդության մեջ մատնանշված` մեղադրյալ Է.Սերոբյանի նկատմամբ կալանավորման հիմքերի առկայության հարցը և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Էդգար Ռոբերտի Սերոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2018
N ԵԱՔԴ/0753/06/17
Որոշում