Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՐԱՎՈՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԼԴ/0039/04/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0039/04/14  
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
                   Դատավորներ` Ս. Միքայելյան
                                                 Ն. Բարսեղյան  

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ն. Տավարացյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Խ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 29.10.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 29.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում չի իրականացրել: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելիս Բանկը որպես անվիճելի վճարային պարտավորության երկու ինքնուրույն հիմքեր ներկայացրել է թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ինչպես նաև Բանկի և Ընկերության միջև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը, որից հստակ երևում է, որ առկա է վճարային պարտավորություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 30.07.2012 թվականի համաձայնագիրը ևս հանդիսանում է անվիճելի վճարային պարտավորության լիարժեք և ինքնուրույն իրավական նշանակություն ունեցող հիմք: Այսպես, այն կնքվել է 30.07.2012 թվականին, իսկ դրանով պարտավորության կատարման վերջնաժամկետ է սահմանվել 23.07.2018 թվականը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված համաձայնագրին, այն քննության առարկա չի դարձրել և չի պատճառաբանել, թե ինչու նշված ապացույցով չի հաստատվում պարտավորության անվիճելիությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.10.2014 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բանկի կողմից վարկային պարտավորության վաղաժամկետ կատարման պահանջի սուբյեկտիվ իրավունքը ծագել է թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռից, սակայն դիմումատուի սուբյեկտիվ իրավունքի իրականացման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտով ավարտվել է նաև այդ իրավունքների իրականացման իրավական հնարավորությունը, որը հանգեցրել է տվյալ սուբյեկտիվ իրավունքի դադարման: Այսինքն` համապարտ պարտապաններից գումար պահանջելու և հետագայում նաև սնանկ ճանաչելու Բանկի իրավունքը ծագել է թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով 08.08.2012 թվականին հրապարակված և 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ընթացքում կատարման չներկայացնելով, ինչպես նաև 30.04.2014 թվականին թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ Բանկի միջնորդությունը` կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու վերաբերյալ, մերժելու պայմաններում Բանկը զրկվել է իր իրավունքի իրականացման հնարավորությունից: Հետևաբար օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով անվիճելի վճարային պարտավորությունը բացակայում է, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բացակայում է Ընկերությանը սնանկ ճանաչելու իրավական հիմքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Բանկի և Ընկերության միջև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի համաձայն` վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման համաձայնագրով սահմանված գրաֆիկով` մինչև 23.07.2018 թվականը: Նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` վարկի առկա մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 14% տոկոսադրույք: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից և կազմել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 34-36):

2. Ըստ Բանկի հայցի ընդդեմ Ընկերության, «Ղազումյանի Գուգար» ՍՊԸ-ի, Ալբերտ Շամիրյանի և Կարինե Օհանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.08.2012 թվականին կայացված և 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Նշված վճռով հաստատված հաշտության համաձայնության 4-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է կատարել 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարում` համաձայն ներկայացված գրաֆիկի` յուրաքանչյուր ամսվա 21-ին, մինչև 21.07.2018 թվականը: Հաշտության համաձայնության 8-րդ կետի համաձայն` Ընկերության կողմից համաձայնության 4-րդ կետով սահմանված ժամանակացույցով, ինչպես նաև վարկի և տոկոսագումարների ամսական մարման ժամկետներից որևիցե մեկը 5 բանկային օրվանից ավելի խախտելը Բանկի համար հիմք կհանդիսանա Ընկերությունից պահանջելու տվյալ պահին առկա պարտավորությունների վաղաժամկետ և ամբողջական կատարում: Հաշտության համաձայնության 10-րդ կետի համաձայն` Ընկերության կողմից հաշտության համաձայնության 4-րդ կետում նախատեսված պարտավորություններից որևէ մեկը խախտելու հանգամանքը հիմք է նույն հաշտության համաձայնության հիման վրա տրված կատարողական թերթը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 93-96):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտով պարտապան հանդիսացող անձի մոտ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հաստատված համարելու և պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք կողմերի միջև կնքված գրավոր համաձայնագիրը կարող է շարունակել համարվել պարտավորության կատարման ինքնուրույն հիմք այն պարագայում, երբ միևնույն պարտավորության չափի և կատարման պայմանների վերաբերյալ կողմերի միջև դատական վեճի շրջանակներում կնքվել է հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատարանի կողմից,

2. պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտը կարող է արդյո՞ք հիմք հանդիսանալ անձի մոտ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հաստատելու համար, եթե այդ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը,

3. արդյո՞ք պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման միայն ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտով պարբերական վճարումների համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (...):

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...):

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և 74-րդ հոդվածով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը) (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` (...) եթե լրացել է [կատարողական թերթը] կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (...) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում է վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «ա» և «բ» ենթակետերի համատեքստում: Մասնավորապես` վկայակոչված ենթակետերով որպես վճարային պարտավորության անվիճելիության երկու տարբեր, ինքնուրույն հիմքեր դիտարկվում են` օրինական ուժի մեջ մտած վճիռը (դատավճիռը) և գրավոր գործարքը` հաշվանցի հնարավորության բացակայության պայմանով:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Բանկի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ` Ընկերության մոտ առկա վճարային պարտավորության անվիճելիությունը հիմնավորելով ստորև նշված ապացույցներով.

1) Բանկի և Ընկերության միջև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը,

2) թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2012 թվականի վճիռը, որն օրինական ուժի մեջ է մտել 10.09.2012 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի և Ընկերության միջև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրով կողմերը որոշել են, որ վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման համաձայնագրով սահմանված գրաֆիկով` յուրաքանչյուր ամսվա 23-ին, մինչև 23.07.2018 թվականը: Նշված համաձայնագրով որոշակի փոփոխության է ենթարկվել կողմերի միջև 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագիրը, մասնավորապես` սահմանվել է վարկի առկա մնացորդը` 84.137,72 ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա մարման ժամկետները և կարգը: Այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից և կազմել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի անբաժանելի մասը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև 30.07.2012 թվականին կնքված համաձայնագիրը, հանդիսանալով 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի անբաժանելի մասը, չի կարող դիտարկվել որպես կողմերի միջև առկա պարտավորության ինքնուրույն հիմք:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.08.2012 թվականին կայացված և 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Ընկերությունը պարտավորվել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարում` համաձայն ներկայացված գրաֆիկի` յուրաքանչյուր ամսվա 21-ին, մինչև 21.07.2018 թվականը: Այսինքն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կազմելիս կողմերը 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագիրը հիմք են ընդունել դրանում 30.07.2012 թվականին կնքված համաձայնագրով կատարված փոփոխություններով հանդերձ, մասնավորապես` նշված հաշտության համաձայնությամբ ևս վարկի առկա մնացորդը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար, իսկ մարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի հուլիս ամիսը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման:

Այսպիսով, թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է Բանկի և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, հանդիսանում է Ընկերության մոտ վճարային պարտավորության անվիճելիության միակ հիմքը, քանի որ այդ հաշտության համաձայնությամբ Բանկը և Ընկերությունը 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով (30.07.2012 թվականին կնքված համաձայնագրով կատարված փոփոխություններով) նախատեսված պարտավորական հարաբերությունները փոխարինել են նոր իրավահարաբերությամբ: Նշված հաշտության համաձայնությամբ սահմանվել է Բանկի կողմից Ընկերությանը տրամադրված վարկի պարտքի առկա մնացորդը, այդ գումարի մարման կարգը` պարբերաբար վճարման եղանակով, ինչպես նաև պարտքի մարման վերջնաժամկետը` 21.07.2018 թվականը: Հետևաբար վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ անվիճելի պարտավորության առկայությունը հաստատվում է նաև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրով, անհիմն է:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարային պարտավորության անվիճելիության հաստատման համար կարող է հիմք հանդիսանալ միայն վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և կատարելիության հատկանիշը պահպանած վճիռը: Այլ կերպ ասած` վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (վճիռը) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով կարող է հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար միայն այն դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտի (վճռի) հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, կամ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, սակայն առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը: Հակառակ պարագայում, այսինքն` այն դեպքում, երբ լրացել է վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը, ապա այդ վճիռը չի կարող հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի` դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: ՈՒստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս BՍRDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (Nօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

i

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե՛ս ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումը առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո:

Գործող օրենսդրության պայմաններում նման դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը ևս պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից, միաժամանակ բացառելով պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման որևէ հնարավորությունն առանց վարչական հարկադրանքի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը` այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած, օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը:

Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

Սույն գործով Դատարանը, Բանկի դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում ապացուցվել է Ընկերության սնանկության հիմքերի առկայությունը: Մասնավորապես` Դատարանն արձանագրել է, որ «Ընկերության մոտ 60 օրից ավելի ժամկետով կետանցված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտապանի վարկային պարտավորության առկայությունը պայմանավորված է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով, 20.03.2009 թվականին կնքված վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրով և 30.07.2012 թվականին կնքված 21.07.2008 թվականի թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրով ծագած, ինչպես նաև թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2012 թվականին հրապարակված և 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքով, ինչի արդյունքում Ընկերության ընդհանուր պարտավորությունները Բանկի նկատմամբ կազմել է ընդամենը 86.319,09 ԱՄՆ դոլար»:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ թեև Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Բանկը դրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, այնուամենայնիվ, վերոհիշյալ վճռից ակնհայտ է, որ բաց է թողնվել վերջինիս հիման վրա կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու` օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը պետք է պարզեր` արդյո՞ք այդ ընթացքում վճիռը ներկայացվել է հարկադիր կատարման, արդյո՞ք բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչվել է դատական կարգով, թե` ոչ, և միմիայն այդ երկու հանգամանքների պարզումից հետո հնարավոր կլիներ արձանագրել, որ պահանջատերը պահպանել է հարկադիր կարգով պահանջների բռնագանձման իրավունքի իրականացման իրավական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության մոտ վճարային պարտավորության առկայությունը հավաստող միակ հիմքը (վերը նշված դատողությունների լույսի ներքո)` թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, վերաբերում է Ընկերության կողմից Բանկի օգտին կատարվելիք պարբերական վճարումների բռնագանձմանը: Մինչդեռ սույն գործով Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով Բանկը դատարան է դիմել 26.04.2014 թվականին, այսինքն` թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Հետևաբար Բանկը բաց է թողել թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.09.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործը նոր քննության ուղարկելով, իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում պետք է պարզել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցը, թե արդյո՞ք թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը դատական կարգով վերականգնվել է, թե` ոչ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.04.2014 թվականի թիվ ԼԴ/0604/02/10 որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը, համակողմանիորեն վերլուծելով վկայակոչված քաղաքացիադատավարական իրավանորմերը, արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են ապացույցները ներկայացնել առաջին ատյանի դատարանում գործի վարույթի շրջանակներում, մինչև դատաքննությունը սկսվելը: Օրենսդիրը վերը նշված ընդհանուր կանոնից բացառություն նախատեսել է այն դեպքի համար, երբ գործին մասնակցող անձը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Անդրադառնալով վերադաս ատյաններում ապացույցներ ներկայացնելու հնարավորության հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Ինչ վերաբերում է վճռաբեկ վարույթին, ապա դատավարության այս փուլում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես նոր ապացույց ներկայացնելու հնարավորություն չի նախատեսել, ինչը պայմանավորված է դատական այս ատյանին 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթով:

Սույն գործով Ընկերությունը թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.04.2014 թվականի որոշումը ներկայացրել է վերաքննիչ բողոքին կից: Վերաքննիչ դատարանի կողմից նշված որոշումը որևէ գնահատման չի արժանացել, իսկ Դատարանում այն ընդհանրապես ներկայացված չի էլ եղել, որպիսի պայմաններում վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանն այդ որոշմանը չի անդրադառնում:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանի մյուս փաստարկները:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ գործի քննության ներկա փուլում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2014 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Վճռաբեկ բողոքի կապակցությամբ դատական ծախսի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ն. Տավարացյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԼԴ/0039/04/14
Որոշում